Վերադարձ-մուտք կրթահամալիր

Երբ 2020-ի օգոստոսին ֆիզիոլոգիական արձակուրդից հետո վերադարձա հարազատ կրթահամալիր, պարզվեց, որ նոր ընդունվող մանկավարժների հետ պետք է մասնակցեմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական քառօրյա դասընթացներին: Սկզբում անակնկալի եկա. կրթահամալիրում աշխատանքային 13 տարվա փորձ ունեի: Այնուամենայնիվ, երբ սկսվեցին դասընթացները, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է արվում: Մեր կրթահամալիրը անշարժ ճահիճ չէ, այն նման է անընդհատ փոփոխվող լեռնային արագահոս գետի, ու պետք է  միշտ պատրաստ լինել այդ փոփոխություններին: Փոխվել էին սովորողի և դասավանդողի ուսումնական բլոգներին ներկայացվող պահանջները, նոր ուսումնական ակումբներ էին կազմավորվել, և ամենակարևորը՝ պետք էր հեռավար-առցանց ուսուցման նոր հմտություններ ձեռք բերեի: Սովորեցի, պահանջվող նոր հմտություններն էլ ձեռք բերեցի, ու սկսվեց 2020-2021 ուսումնական տարին, որն ամենաբեղմնավորը եղավ կրթահամալիրում իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում` իմ երեք կարևոր ձեռքբերումներով.

  • Աշխատանքային աուդիո գիրք-տետր-դասագիրք՝ նախատեսված 2-րդ դասարանի սովորողների համար`«My First Steps in English»
  • Ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծի իրականացում՝ «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը»
  • Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում:

 Երկրորդ դասարանի անգլերենի աուդիո գիրք-տետր-դասագրքի ստեղծման շարժառիթը

Ըստ անգլերենի դասավանդման ընդունված մեթոդաբանության՝ որպես օտար լեզու դասավանդվող անգլերենի ընդհանուր դասընթացը պետք է սկսվի բանավոր ներածական դասընթացով, որը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում տարիներ շարունակ իրականացրել և իրականացնում ենք առաջին դասարանում: Սովորեցնում ենք հաղորդակցական առաջին արտահայտությունները, կենցաղում և ուսումնական գործընթացում հանդիպող առարկաների անունները, գույները, 1-10 թվերը, որոշ ընտանի և վայրի կենդանիների, մրգերի և բանջարեղենների անունները՝ աշխույժ և ուրախ երկխոսություններով ու երգերով՝ լսելով բնագիր ձայնագրություններ: Երկրորդ դասարանում, երբ սկսվում էր տառուսուցումը, մաքուր օդ շնչելու անհրաժեշտության նման պահանջ էր դառնում տառերը, կարդալն ու գրելը սովորեցնելը՝ հիմնվելով առաջին դասարանի բանավոր ներածական դասընթացի լեզվական կարողությունների վրա:

Մի ժողովրդական ասացվածք կա՝ «Չկա չարիք՝ առանց բարիք»: 2020-ի գարնանային և ամառային համատարած ինքնամեկուսացումը լավ պայմաններ ստեղծեց ստեղծագործական աշխատանքի համար: Օգոստոսի 12-ին արդեն հրապարակեցի դասագիրքը`  բոլոր դասերի ձայնագրություններով: Այս դասագրքով ես միշտ իմ սովորողի հետ եմ: Բոլորովին անպայման չէ, որ երկրորդ դասարանի սովորողի ծնողը անգլերեն իմանա, առավել ևս՝ ճիշտ արտասանությամբ: Դասագրքի թվային տարբերակը հասանելի է մեր մյուս դպրոց-պարտեզների սովորողների և անգլերեն դասավանդողների համար:   

Մանկական մեդիահանրագիտարանի ստեղծումը

2020-2021 ուսումնական տարին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների և ինձ համար նշանավորվեց մի հետաքրքիր ու երկարատև ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծով, որի վերջնարդյունքի՝ ուսումնական բլոգի անունն է «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը», ինչն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է:  Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:

Նախագծի շարժառիթն ու դրանով ստեղծվող նյութերը    

Մեր դպրոց-պարտեզների 5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 5-րդ դասարանում են սովորողները սկսում ուսումնասիրել «բնագիտություն» ուսումնական առարկան:  Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին  հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս գիտելիքի միակ աղբյուրը լինելու ուսուցչի մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և կստանաս պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցը անգլերեն ձևակերպել:

Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝  «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:

Օրինակ՝ բնագիտության դասագրքում գրված է, որ Արեգակի շուրջը պտտվում է 8 երկնային մարմին՝ 8 մոլորակ: Տրվում են այդ 8 մոլորակների անունները, բայց դրանցից միայն երկրի մասին է առանձին դաս առաջարկվում: Իսկ ինչպիսի՞ն են Վեներան և Մերկուրին: Այս հարցերն են հետաքրքրել հայուհի մոր և արաբ հոր հետ Բեյրութից Հայաստան ներգաղթած 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլային: Երկու տեսաֆիլմերի թարգմանություններով ստեղծվեցին մեր մանկական հանրագիտարանի «Գիտություն» բաժնի առաջին նյութերը՝ Վեներա և Մերկուրի մոլորակների մասին:

Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ Բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն՝ Բրեյք դանսը:

Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ»:

Երկրորդ ուսումնական շրջանի ձմեռային ճամբարի ընթացքում այս նախագծով փորձի փոխանակման պարապմունքներ անցկացրեցի Արևմտյան դպրոցում անգլերեն դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի և իր 5-րդ դասարանցիների խմբի հետ: Արդյունքը եղավ այն, որ Հայկուհի Հովհաննիսյանը և իր սաները նույնպես սկսեցին իրականացնել այս նախագիծը:

Մայիսի սկզբներին նամակագրական կապ հաստատեցի Արարատի մարզի Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի անգլերեն դասավանդող Սյուզաննա Մկրոյանի հետ, առաջարկեցի համագործակցել այս նույն նախագծով, իսկ բոլորովին վերջերս՝ մայիսի 17-ին Արբաթ գյուղի միջնակարգ գյուղում ամփոփեցինք մեր կրթական փոխանակումների նախագծի արդյունքները:

Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր 4-րդ դասարանցիների հետ.

1.«Հարցազրույց հայտնի մարդկանց հետ»

2. «Մարդկանց նկարագրումը»

3.Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

Հաղորդակցական ընտանեկան նախագիծ 5-րդ դասարանցիների հետ՝ «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

4-րդ և 5-րդ դասարանցիները ընթերցում և քննարկում են Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

Ուսումնական գարուն. 3-րդ դասարանցիները ներկայացնում են նույն հեքիաթները տարբեր մեկնաբանություններով:

3-րդ դասարանցիների հետ իրականացրած ուսումնական նախագծեր.

1.Մեր բնակարանը/Our Flat

2.Իմ օրը/My Day

Առաջին դասարանցիների հաղորդակցական նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը»

5-րդ դասարանցիները Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացնում են անգլերեն

4-րդ դասարանցիները ներկայացնում են «Ընտանեկան հեքիաթապատումներ»: 

 

Բաժին: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский