Էքսպրես դաս կամ «ստուգողական» աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրապետության այն կրթօջախներից է, որը կարողանում է ստեղծել իր սովորողների և ուսուցիչների համար աննախադեպ զարգացման պայմաններ: Ունենալով կյանքի բազմապիսի փորձ և հմտություններ, ինչպես նաև աշխատանքային փորձ (սկսած 19 տարեկանից)`որպես մանկավարժ «վառ» զարգացում ապրեցի հենց այս կրթահամալիրում:

Կրթահամալիրը որպես հեղինակային դպրոց ստեղծում է հնարավոր բոլոր հարմարավետ պայմանները մանկավարժի ինքնադրսևորման, ինքնազարգազման համար: Եվ այն մանկավարժը, ով մոտիվացված է, նորարար, լիարժեք հնարավորություն ունի ինքնարտահայտվելու և արդյունքում ունենալու իր երազած հեղինակային դպրոցը: Իհարկե, կարևոր նախապայմաններ կան, դրանք են ներքին կորպորատիվ էթիկայի և կարգուձևի խորը հասկացությունը և համառ նպատակասլացությունը:

Իմ կողմից ստեղծված «Ոսկեգործական դպրոցը» ի սկզբանե կառուցվել է՝ ունենալով պատկերացում դպրոցի «ավարտուն տեսքի-վիճակի» և բազում նպատակների շարունակ իրագործման մասին: Արդեն 3-րդ տարին է, ներառյալ հայրենիքի պաշտպանությանը նվիրած 44-օրյա պատերազմը, ինչ ոսկեգործական դպրոցը գործում է՝ իր ամենօրյա հետևողական և բծախնդիր՝ անընդհատ փոփոխական(խնդիրների առումով) աշխատանքային ընթացքով…

Դպրոցի գործառույթների մասին.

Ի սկզբանե իմ բոլոր կազմակերպչական, մասնագիտական հմտություններն սկսեցի օգտագործել սովորողներին հետաքրքրելու և հետաքրքրաշարժ ուսումնական գործընթաց կազմակերպելու ուղղությամբ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցների, ինչպես նաև միջին և ավագ դպրոցների սովորողներից ինձ հաջողվեց ձևավորել-ստեղծել ոսկեգործություն ընտրությամբ գոծունեության խմբեր: Կարողացա սովորողների հետ անհատական աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ նույնիսկ կրտսերից տեղափոխվելով միջին կամ միջինից՝ ավագ, սովորողներն ընտրեն ոսկեգործություն առարկան:

2020թ.-ի նոյեմբերի վերջին՝ 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո, սկսվեց իմ դպրոցի մոդեռնիզացման աշխատանքները: Կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի անմիջական աջակցության արդյունքում կրթահամալիրում ստեղծվեց ևս երկու լաբորատորիա: Ոսկեգործական լաբորատորիան ունեցավ «ձուլագործական-պիրոքիմիական», որից հետո նաև՝ մեխանիկական լաբորատորիա՝

«գեղարվեստական դարբնոցը»: Այժմ ոսկեգործական դպրոցը բաղկացած է երեք՝ կողք կողքի գտնվող ժամանակակից հաստոցներով, գործիքներով կահավորված լաբորատորիաներից: Դրանք թույլ են տալիս իրագործել ցանկացած հանդուգն երևակայության հետևանքով առաջացած ոսկեգործական, ստեղծագործական, մետաղագործական նախագիծ: Շատ կարևորում եմ դրանց գործուն գոյությունը, քանի որ հենց ոսկեգործություն գաղափարի ամբողջ թե՛ գեղագիտական, թե՛ տեխնոլոգիական պնակը հնարավոր է դառնում դասավանդել և ուսումնասիրել սովորողների հետ միասին: Դա իրենց շատ ոգևորում է, քանի որ զբաղվածության բազմազանությունը և աշխարհագրությունը շատ մեծ է: Խոսքը գնում է հենց «լաբորատորիա» եզրույթի մասին: Այսինքն՝ մեր սովորողը գիտակցում է, որ ինքը հետազոտող է իր ուսուցչի հետ միասին: Առաջանում է մի հետաքրքիր հոգեբանական մտերմություն, քանի որ հնարավորություն կա ինչ-որ հարցում սխալվել, և դա չի դիտարկվի որպես վատ արարք կամ թերացում, այլ կդիտարկվի որպես չհաջողված էքսպերիմենտ, որը, իմ կարծիքով-համոզմամբ, շատ ավելի կարևոր է: Սխալը սովորեցնում է: Դրա արդյունքում բարձրանում է ուսուցման արտադրողականությունը և հնարավոր է դառնում ունենալ աննախադեպ արդյունքներ:

Մի հետաքրքիր էքսպերիմենտի, ստուգարքի մասին.

Վերջերս մի հետաքրքրիր էքպերիմենտ, ստուգարք անցկացրեցի սովորողների հետ, պարզելու համար, թե ինչքանով համապատասխանում են ստացված արդյունքները իմ պատեկրացումներին, իմ դասավանդման և դրա արդյունավետության մակարդակի վերաբերյալ: Կարևոր էր, որ դրա պահանջը ունեին նաև սովորողները:

էքսպրես ստուգարքի ընթացքում մեկ դասաժամում կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի սովորողների նախագծային խումբը ստեղծեց նոր ոսկեգործական իր, և դրա բովանդակության և իրենց զգացողությունների վերաբերյալ կիսվեցին տեսախցիկի առաջ՝ ներկայացնելով իրենց մտքերը:

Որպես մանկավարժ կարող եմ ընդգծել իմ հաջողությունը: Ստեղծելով «էքստրեմալ» պայմաններ սովորողների համար՝ կարողացա բացահայտել հետևյալը. նախ նշեմ, որ փորձը կատարվեց ինքնաբերաբար և տեսաձայնագրվեց հենց Հյուսիսային դպրոցի սովորողների հետ, չնայած մյուս դպրոցների հետ նման «ստուգողական» աշխատանք իրականացրել էի: Իմ ամենակարևոր նպատակն է սովորեցնել ստեղծագործական պրոցեսների հետևանքով առաջացած երևակայական օբյեկտները նյութականացնել ֆիզիկականների: Այս փորձը նախատեսված էր ինձ համար՝ որպես ստուգարք: Արդյո՞ք ես բավարարում եմ իմ պահանջները: Արդյո՞ք ես կարողանում եմ արհեստագործական հմտություններ փոխանցել ամենակրտսերներին: Կարծես հաջողել եմ: Ահա տեսանյութը, որը վկայում է իմ հաջողությունն այս հարցում:

 

Ինչո՞ւ եմ ուզում սովորեցնել ստեղծագործել, այնուհետև դա կարողանալ իրագործել, հասցնել ֆիզիկական օբյեկտի, վիճակի: Ոսկեգործության հմտությունները, որպես գործիք օգտագործելով ինչ-որ խաղի մեջ, մրցակցության վերածելով ստանում ենք արդյունքներ, որոնք ոգևորում են մեզ, այսինքն՝ արագ արդյունք ենք տեսնում,որն ինձ շատ է օգնում, ոգևորում :

Այդ հմտությունը երբ դառնում է սովորողի սեփականությունը, նա կարողանում է նույն հմտությունը օգտագործել ցանկացած բնագավառում: Ապագայում դառնալով ցանկացած բնագավառի մասնագետ՝ սովորողը զինված է լինելու հատուկ գիտելիքներով, որն իրեն թույլ կտա ցանկացած աշխատանքային օբյեկտի նկատմամբ կիրառել այդ ունակությունները և հմտությունները: Եվ ինչպես հայտնի է, ամենաարժեքավորները համարվում են այն մասնագետները, աշխատակիցները, որոնք ստեղծագործական մոտեցումներ են ցուցաբերում իրենց ամենօրյա աշխատանքի կատարելագործման մեջ: Արդյունքում աշխատանքի արդյունավետությունը մեծանում է, աշխատանքը դառնում է հետաքրքիր, չձանձրացնող: Աշխատանքի արդյունքները դառնում են ցանկալի, սպասված և գնահատելի: Դա սովորում ենք հենց դպրոցում:

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский