Ես այսուհետ Սեբաստացի եմ

Ցանկացած աշխատանք ունի իր դժվարությունները, որքան էլ դու լինես գործիդ մասնագետը։ Կարևոր է տիրապետել աշխատանքի տեխնիկական հմտություններին, ընտելանալ միջավայրին և ծանոթանալ աշխատանքին բնորոշ այլ կարևոր տարրերի։ Աշխարհում կա «մենթոր» անվամբ կարևորագույն մասնագետ, որն օգնում է սկսնակ աշխատողներին հաջողության հասնել գործում և հասկանալ իրենց  դերակատարումը։ Ասում են` փորձը ցույց է տալիս, որ աշխատանքը հաջող է լինում, երբ ուսուցիչը կարողանում է ընտրել իր մենթորին․  մենթորի հետ աշխատելն ինձ համար եղել է  գերարդյունավետ աշխատանք։ Մենթորի աշխատանքն ինձ համար աշխատանքի միայն տեխնիկական մասին ծանոթացնելը չէ, կարևոր է նաև ծանոթանալ աշխատանքային միջավայրի մշակույթին՝ շփմանը, խոսքին, վարքին ․․․․Իսկ ես, կարողանալով մենթորի հետ հաստատել նաև ընկերական հարաբերություններ, ազատորեն հասցրել եմ այն ամենն, ինչն առաջին հայացքից գուցե տարօրինակ թվար․ ես պետք է իմանայի աշխատանքի ամեն նրբություն, որպեսզի կարողանայի տիրապետել ոչ միայն գործնական գիտելիքներին, այլ ունենայի աշխատանքային միջավայրին համապատասխան աշխատանքային ոճ։

Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սկսնակ աշխատող եմ, Միջին և Ավագ դպրոցներում թուրքերեն և իրավագիտություն եմ  դասավանդում։ Կրաթահամալիր մուտքս եղել է 24․08․2020թ-ին։ Մուտքի ճամբարն անցնելուց հետո ընդունվեցի կրթահամալիր, սկզբում՝ որպես կամավոր, ապա՝ որպես հիմնական աշխատող։ Աշխատանքն սկսելու համար, ըստ կրթահամալիրի կանոնադրության, նոր աշխատողներին կցվում են մենթոր ուսուցիչներ։  

Սկզբում ինձ համար դժվար էր նախագծային ուսուցումը, անգամ՝ անհասկանալի․ ես չէի հասկանում՝ ինչպես նախագիծ կազմել, այն ինչ բովանդակություն պետք է ունենար, և, չնայած նրան, որ ես գիտեի տարանջատել խնդիրները և նպատակները, նախագծում ես դրանք շփոթում էի։ Ճիշտ է, մենք մուտքի հնգօրյա ճամբարում սովորում ենք բլոգավարություն, բայց այն շատ քիչ է մեդիագրագետ դպրոցի ողջ գործիքակազմին տիրապետելու համար։ Արդեն շուրջ 9 ամիս է, ինչ ծավալվում է մենթոր-մոնթ աշխատանքը, և ես էլի ու էլի սովորում եմ նոր բաներ։ Օրինակ, որպես թուրքերենի մասնագետ, ես պետք է գրեի հանրակրթական ծրագիր երրորդ օտար լեզու սովորել ցանկացող Ավագ և Միջին դպրոցների սովորողների համար։ Այն ինձ համար բավականին պատասխանատու աշխատանք էր, մի քանի տարբերակ գրելով՝ ես, միևնույն է, չէի ստանում այն, ինչն իրոք պետք էր․ դա իմ առաջին և պատասխանատու ծրագիրն էր։ Դիմելով մենթորին՝ մենք կարողացանք թե՛ տեխնիկապես, թե՛ գաղափարապես ստանալ այն, ինչը կարող էր համարվել «պատշաճ աշխատանք»։

Ուրախ եմ, որ կրթահամալիրը մենթորի հետ ամիսներ շարունակ աշխատելու հնարավորություն է տվել, քանի որ իսկապես մի քանի ամիսը բավական չէ աշխատանքային միջավայրին ամբողջությամբ հմտանալու համար։ Արդեն նշել եմ և ևս մեկ անգամ ուզում եմ շեշտադրել, որ կարևոր են ոչ միայն տեխնիկական հմտությունները, այլև՝ գաղափարական․ մեդիագրագետ դպրոցում ողջ գործիքակազմին տիրապետելը դեռ չի նշանակում, որ կարող ես ստանալ լիովին ներկայանալի աշխատանք։

Մենթորական աշխատանքն  ընթացել է ըստ ամենամսյա պլանի, ինչը ես շատ կարևոր եմ համարում և ներկայացնում եմ իմ այս հոդվածով, իսկ աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։ Վերջնական արդյունքը տեղ է գտել մենթորի կողմից ստեղծված կարգում ։

Մեդիագրագետ դպրոցում, իհարկե, կարևոր է տիրապետել աշխատանքային գործիքին բնորոշ առանձնահատկություններին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ բլոգավարությանը, կայքերի սպասարկմանը՝ գրագետ բլոգներ ստեղծել, բլոգի գործիքները ճիշտ օգտագործել, ներկայանալի և կոկիկ աշխատանքներ ստեղծել․․․Ինձ կցված մենթորը մշակութաբան է, օգնում է նաև ստանալ գեղեցիկ և աչքի ընկնող էջեր։ Աշխատանքի ողջ ընթացքում մենթորը ևս շատ ոգևորված էր և ինձ  հետ հավասար ուրախանում էր իմ հաջողություններով։

Սկսնակ ուսուցիչը, իհարկե, կարող է սխալվել, բայց մարդիկ սխալը ծանր են տանում, այն էլ՝ ես․ իսկ նա  բացատրում էր, թե դրական արդյունքի համար ինչ է պետք։

Ցանկացած աշխատանքում կարևորում եմ անելիքներիս հաջորդականությունը նշելը, նախապես պատրաստվելը որոշակի  աշխատանքների։ Մենթորական աշխատանքը ևս բացառություն չէր․  մենթորական աշխատանքից առաջ և՛ մենթորը, և՛ ես նախապես գրել ենք մեր աշխատանքային պլանը, նշել մեր անելիքները, ապա, ավարտից հետո, ամփոփել փաստերով։

Մենթորական աշխատանքը մեկնարկել է որոշակի փուլերով․

Նախ՝ քննարկվում են այն կետերը, որոնցից թույլ է ուսուցիչը, և որոշվում են սկզբնական անելիքները՝ ինչի վրա նախ պետք է աշխատի մենթորը՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ զարգացնի աշխատանքը։

Ես գրում եմ նախագիծ, այն ունի մի քանի նպատակ։ Ակտուալության համար քննարկում ենք մեկ նախագծով մի քանի նպատակի հասնելու ուղիները։ Մենթորն օգնում է, նախագիծը մշակում ենք, գտնում ենք խնդիրները, որոնք սկզբում ես նույնիսկ նմանեցնում էի նպատակին, և այդպիսով ստանում նախագծի կարևորագույն բաղկացուցիչների ճիշտ ձևը․․․Ես շարունակում եմ գրել նախագիծն արդեն նոր ոճով, այն ոճով, որը պետք էր․․․

Մարդկային ռեսուրսների, կարիերայի խորհրդատվության և պրակտիկայի գծով խորհրդատվության 20 տարվա փորձ ունեցող Պեննի Լորետտոն ներկայացնում է մենթորի անհրաժեշտ 8 որակներ․

1․ Մենթորները պետք է պատրաստակամ լինեն իրենց գործում։

Դուք այնպես պետք է զգաք նրանց անկեղծությունը, ինչքան իրենք են ներկայացնում Ձեզ օգնելու իրենց ցանկությունը։

2․Մենթորը պետք է համապատասխանի Ձեզ։

Առաջին հայացքից այս արտահայտությունը կարող է ոչ գործնական թվալ, բայց այն շատ կարևոր է համատեղ աշխատանքում հաջողության հասնելու համար։ Կարող են լինել մենթորներ, ովքեր, չհասկանալով Ձեզ, այդ աշխատանքում Ձեզ հետ հաջողության չհասնեն։ Լավ մենթորը կստեղծի ռազմավարություն, որը կհամապատասխանի Ձեր կարիքներին, տաղանդներին, հմտություններին և ցանկություններին և Ձեզ կոգևորի․․․

3․Մենթորները պետք է պատրաստակամ լինեն սովորել․․․

Լավ մենթորները կյանքի ընթացքում սովորողներ են և պետք է ցանկանան այդ որակները փոխանցել բոլորին, ում հետ շփվում են: Նրանք պետք է գիտակցեն, որ չնայած իրենք փորձառու են, բայց չեն կարող ամեն ինչ իմանալ:

4․Մենթորները խրախուսում են Ձեզ դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց։

Բոլոր մարդիկ ունեն մի գոտի, որտեղ նրանք աշխատում են և ապրում: Նրանք հանգիստ են այնտեղ և ունակ են իրենք իրենց գերազանցել: Սա կոչվում է հարմարավետության գոտի: Աճելու համար հարկավոր է դուրս գալ հարմարավետության գոտուց, որպեսզի կարողանաք նորից փորձել և սովորել: Լավ մենթորն ի վիճակի է ստեղծել Ձեր հարմարավետության գոտին և նպատակներին հասնելու համար քայլեր և գործողություններ ձեռնարկել, որոնք կստիպեն Ձեզ հարմարավետ զգալ անգամ Ձեր հարմարավետության գոտուց դուրս:

5․Նրանք ակտիվ ունկնդիրներ են։

Մենթորները պետք է կարողանան լսել Ձեզ: Նրանք պետք է մասնակցեն խոսակցությանը՝ Ձեզ ինքնավստահություն ներշնչելով կամ ավելի շատ գիտելիք փոխանցելով: Նրանք չպետք է շեղվեն, երբ Դուք խոսում եք իրենց հետ: Մի անձ, որը միշտ թույլ է տալիս, որ իրեն շեղեն հեռախոսները, էլ․փոստերը կամ կողքից քայլող մարդիկ, ակտիվ ունկնդիր չէ։ Լավ մենթորը չի շեղվի, երբ Դուք խոսում եք նրա հետ, կկենտրոնանա Ձեզ վրա և կմասնակցի զրույցին: Նրանք հարցեր կտան, կանդրադառնան Ձեր պատասխաններին և նույնիսկ «լռություն կպարգևեն», որ մտածեք:

6․Մենթորները գիտեն՝ ինչպես պահպանել հետադարձ կապ կամ, ինչպես ընդունված է ասել ՝ ֆիդբեկ։

Ֆիդբեկից բոլորը կարող են օգտվել: Նույնիսկ ամենահմուտ և բանիմաց անձնավորությունն ինչ-որ բանում սկսնակ է և ֆիդբեկից օգտվելով՝ կարող է շարունակել աճել, նոր հմտություններ ձեռք բերել: Հետադարձ կապը կարևոր է աշխատանքի բարելավման համար: Մենթորը պետք է Ձեզ համար «ստեղծի երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներ»՝ օգնելու Ձեզ դառնալ այն փորձագետը, որը ցանկանում եք լինել: Հետադարձ կապը պետք է պահպանվի՝ յուրաքանչյուր դասընթացից հետո: Այն չպետք է նվաստացուցիչ լինի․ Դուք պարզապես պետք է տեղեկանաք Ձեր թերության մասին, և մենթորը պետք է միջոցներ առաջարկի սխալներն ուղղելու։ Այս ամենը պետք է օգնի հաջորդ անգամ առավել լավ արդյունքի հասնելու համար։

7․Նրանք հարգալից են վերաբերվում ուրիշներին։

Դուք պետք է հարգեք մենթորին, բայց նաև պետք է պահանջեք, որ մենթորը Ձեզ հարգի: Մենթորները պետք է իմանան խոսակցության ընթացքում նրբանկատ լինելու հմտությունները և լինեն և՛ զգացմունքային, և՛ խելացի: «Զգացմունքային խելացիությունը» ուրիշների և սեփական զգացմունքներին ծանոթ լինելու ունակությունը,  որոշումներ ընդունելու և ուրիշների վրա ազդելու հմտությունն է՝ միաժամանակ վերահսկելով զգացմունքները և կարեկցելով նրան, ում հետ գործ ունեն:

8․Նրանք իրենց ոլորտի մասնագետներ են։

Մենթորները պարզապես հարգալից, խանդավառ մարդիկ չեն: Նրանք պետք է համարվեն իրենց ոլորտի փորձագետ և լինեն այն նույն ոլորտում, որում Դուք եք ակնկալում փորձագետ դառնալ:

Անցե՞լ ենք մենք այս փուլերը, թե՞՝ ոչ։ Այո՛, անցել ենք։ Կրթահամալիրում ունենալով մենթոր՝ 9 ամիսների ընթացքում անցա վերոնշյալ բոլոր փուլերով՝ յուրացնելով աշխատանքիս տեխնիկական, բովանդակային, մշակութային տարրերը ․․․․

Ես այլևս չեմ ասում դպրոց, ասում եմ՝ մեր դպրոցը, քանի որ ես արդեն Սեբաստացի եմ, ինչում իր ուրույն դերն ունեցավ իմ սիրելի օգնականը՝ ՄԵՆԹՈՐԸ։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский