Չդատապարտենք մեզ ժամանակավրեպ լինելուն

Զրույցս 9-րդ դասարանցիների հետ հանպատրաստից ստացվեց։ Զրույցի թեման մեր գրականության ծրագիրն էր։ Ինձ միշտ է հետաքրքրել սովորողների կարծիքը հայոց լեզու, գրականության ծրագրերի մասին։ Սովորություն ունեմ կրթական ծրագիր կազմելիս և իրականացնելիս ձեռքս պահել սովորողների զարկերակի վրա։ Ի՞նչն են հաճույքով անում, ի՞նչ նախագծեր են նախընտրում, ինչպիսի՞ լեզվական, գրական տեքստերի հետ են սիրում աշխատել, ի՞նչ են կարդում, հիմա ի՞նչ գրականություն է «մոդայիկ» և այլն։ Ես մնում եմ հավատարիմ մանկավարժական իմ սկզբունքին․ սովորողը անշուշտ պիտի ունենա պարտականություններ, և պարտաճանաչ լինելը նույնպես կարևոր հատկանիշ է, որ պիտի ձևավորվի, զարգանա սովորողի մոտ։ Բայց դա պիտի արվի սովորողների հնարավորությունների, նախասիրությունների, հետաքրքրությունների շրջանակներում։ Էնտեղ, որտեղ ավելորդ ճիգ ու պարտադրանք կա, որտեղ սովորողների կողմից դիմադրություն է լինում՝ ներքին կամ արտաքին, իմ համոզված, ինչ֊որ բան սխալ է կազմակերպված։ Դա էլ հիմնականում հանգեցնում է սովորողների անհաջողություններին, չառաջադիմելուն, ուսման նկատմամբ հետաքրքրությունը կորցնելուն:

Միշտ հիշել եմ Փոքրիկ իշխանի զրուցակից Թագավորի խոսքերը․«․․Եթե ես որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի, կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը նա՞, թե՞ ես․․․ Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ․․․»։
Եվ ուսումնական ծրագրեր, նախագծեր կազմելիս և իրականացնելիս փորձում եմ հետևել Թագավորի խորհրդին և կարծես թե հաջողում եմ։ Ես իրավունք ունեմ պարտաճանաճ ուսումնական աշխատանք պահանջելու, որովհետև իմ առաջարկած ուսումնական աշխատանքները սովորողի հետաքրքրություններով և նախասիրություններով են պայմանավորված լինում, և ինչպես «Փոքրիկ իշխանի» հերոս Թագավորն է ասում՝ իմ հրամանները խելացի են։

Սովորողների այս խմբով արդեն չորրորդ տարին ենք աշխատում։ Թվում է՝ արդեն անսպասելի ոչինչ լինել չի կարող։ Թվում է՝ գիտեմ՝ ինչ և ինչպես են մտածում։ Բայց այս անգամ նորից անակնկալի եկա։ Ահա, թե ինչպես եմ մտածում մեր 13-14 տարեկանները: Վերապատմեմ մեր զրույցը:

Խոսում ենք մեր ընթերցած-քննարկած գրականությունից՝ հայ գրականությունից մինչև արտասահմանյան ամենատարբեր հեղինակների գրած գործեր, «Սասնա ծռեր» էպոսից մինչև «Հազարան հավք» հեքիաթը, Հերման Հեսսեից մինչև Ֆրանց Կաֆկա։ Տարիների ընթացքում կարդացել ենք, քննարկել, բանավիճել, համաձայնել-չհամաձայնել։ Այսօր՝ 9-րդ դասարանի ավարտման շեմին, խոսում ենք ձեռքբերումների մասին։ Ի՞նչ են տվել սովորողներին գրականության այսպիսի բազմատեսակ ստեղծագործությունների բազմակողմանի քննարկումները։ Ի՞նչ կուզեին փոխել գրական ստեղծագործությունների ընտրության մոտեցման մեջ, գրականության ուսուցման մեթոդում։ Զարմացրին ինձ սովորողների դիտարկումները։
Նախ՝ խոսեցինք ընտրված նյութերի մասին (ծանոթացեք, սա մեր կիրակնօրյա ընթերցարանն է): Ասեմ, որ ընթերցարանի նյութերը բծախնդրորեն եմ ընտրում: Հասկանալի է, որ նյութերն ընտրելիս հաշվի եմ առնում ստեղծագործության գեղարվեստականությունը, սովորողի տարիքին համապատասխան լինելը, անպայման նաև գաղափարը՝ հեղինակի ասելիքը:

— Այն գրականությունը, որ մենք կարդում և քննարկում ենք, աշխարհայացք է փոխում,-ասում է սովորողներից մեկը:-Մենք այդ ընթերցանությունից ավելի հասուն ենք դառնում: Դրանք մեզ խորհելու տեղիք են տալիս: Մենք մեր կյանքին, երևույթներին, իրադարձություններին սկսում ենք տարբեր տեսանկյուններից նայել:
Ընկերները համաձայն են ձևակերպման հետ: Փաստորեն գրականության ուսուցումը անմիջական ազդեցություն ունի նրանց աշխարհայացքի ձևավորման վրա: Եվ դա սովորողների համար կարևոր է, իրենք դա գնահատում են: 
Բայց սովորողների խումբը ափսոսանքով խոսում է իրենց այն ընկերների մասին, ովքեր գեղարվեստական գրականություն այնքան էլ կարդալ չեն սիրում, բայց նրանք էլ են հետաքրքիր մտածում և եթե տեղյալ լինեին ստեղծագործությանը, քննարկումը առավել արդյունավետ կլիներ, կլսեին նաև իրենց այդ ընկերների կարծիքը, և բանավեճ-քննարկումը առավել բուռն կլիներ: 

Այո՛, հասուն եմ մեր սովորողները: Դժվար է նրանց հետ չհամաձայնելը: Քննարկումը շարունակվում է: 
— Իսկ ո՞րն է լուծումը,- հարցնում եմ ես:
Պատասխանն անսպասելի էր, անակնկալ ինձ համար:
— Իսկ ինչո՞ւ աուդիոգրքեր չստեղծենք: Դա մեզ համար կլինի ուսումնական նախագիծ: Կաշխատենք լավ, հասկանալի, տպավորիչ ընթերցել: Մեր ընկերներն էլ կլսեն: Գրական ստեղծագործությունը կարելի է նաև լսել, պարտադիր չէ կարդալը: Մենք հիմա շատ ենք լսում ամենատարբեր բաներ: Էդպես հարմար է: Կարևորը գործի մասին խոսելն է, քնարկելը, արտահայտվելը։

Ես իհարկե կարդալու կողմնակից եմ, ընդ որում՝ ընդգծումներով, դուրսգրումներով կարդալու: Բայց լսում եմ ուշադիր: Մենք՝ ես ու սովորողները, տարբեր սերնդային հարթակներում ենք: Մեր հայացքները կյանքին, երևույթներին, տարբեր նորմերին կարող են էապես տարբերվել: Ես բավականին զգուշորեն եմ մոտենում արդ հարցերին: Սովորողների դիտարկումներին տարբեր հարցերի մասին լուրջ եմ մոտենում: Աշխատում եմ արագ չարձագանքել այն դեպքերում, երբ առաջին հայացքից թվում է՝ ոչ մի տրամաբանության չենթարկվող միտք է հնչում: Սովորաբար լռում եմ, մտածում: Այս անգամ էլ մի պահ լռեցի:
Սովորողները շարունակեցին.
— Եթե կարևոր է գրական ստեղծագործության քննարկումը, ի՞նչ կարևոր է՝ կարդացել ես, թե՝ լսել: Կարևորը, որ կարողանաս խոսել սյուժեի, գաղափարի մասին։ Մեր ընկերների մեծ մասը սիրով կլսի։ Իրենք ուղղակի կարդալ չեն սիրում։
Գոմցյան Կարինեն արդեն դրա փորձը ուներ։ Կարդացել և ձայնագրել էր Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից հատվածներ.
Բերդը։
Առաքելոց եկեղեցին
Երկաթուղագիծը։

Մնում էր առաջարկել ընկերներին լսել դրանք։
Այսպես մենք փորձել էինք նաև աուդիո-հատվածներ անել նաև էպոսից։
Հատվածներ էպոսից

Ես հիմա մտածում եմ այդ մասին. ուսումնական նյութը, գրական ստեղծագործությունները աուդիո-ընթերցանությամբ ստեղծելը հեռանկարային է: Ինչո՞ւ ոչ: Հնարավորություն տանք բոլոր սովորողներին ծանոթանալ գրական լավ ստեղծագործություններին՝ կարդալով կամ լսելով: Դասարանում քննարկել մի բան, որին չեն կարող մասնակցել չկարդացած սովորողները, արդեն ձախողում է: Սովորողների առաջարկած տարբերակը լուծում էր, և ես շնորհակալ եմ դրա համար:

Գրականության հետ կապված մի փորձություն արդեն անցել էի։ Կան սովորողներ, ովքեր կարդում են կամ ռուսերեն, կամ անգլերեն։ Տարբեր պատճառներով՝ այդ լեզուներով ընթերցանությունը նրանց ավելի հեշտ է տրվում։ «Կարո՞ղ ենք մենք դրանք քննարկել, -հարցնում են սովորողները,- գրականությունը գրականություն է, ի՞նչ տարբերություն՝ որ լեզվով ենք կարդացել, եթե կարողանում ենք քննարկել»: Այո՛, ես դա հիմա արդեն ընդունելի եմ համարում: Կարևորը կարդացած ստեղծագործության մասին խոսելն է: Իսկ թե ի՞նչ լեզվով է կարդացել սովորողը, չեմ կարևորում:

Զրույցը ծավալվեց և հասավ կրթության բովանդակությանը: 
- Մեր ինչի՞ն են պետք քիմիայի բանաձևերը, ի՞նչ ենք անելու դա կյանքում: Դուք չեք հիշո՞ւմ, չէ՞, դրանք,- ինձ է դիմում Փաշինյան Շուշանը: 
- Մենք 11-րդ դասարանի Իլոնայի հետ նոր նախագիծ ենք սկսել,- ասում է Կարինե Գոմցյանը,- «Կրթական հեղափոխություն»:
Կարդացեք Կարինե Գոմցյանի արած թարգմանությունը այդ նախագծի շրջանակում՝ «Ինչի՞ համար են դպրոցները»:

Ահա այդ թարգմանությունից մի հատված, որն հատկապես քննարկում էին սովորողները և որի հետ դժվար էր չհամաձայնել.«Իսկական կրթությունը պետք է սովորեցնի՝ ինչպես բռնել ձուկը։ Իսկ այսօրվա դպրոցը ասում է․ «Այո՛, դու բռնեցիր ձուկը, բայց դու ցույց չտվեցիր քո աշխատանքը, դրա համար դա չի գնահատվում։ Ե՛տ գցիր այն»։ Ես ուղղակի հարցնում եմ՝ ինչի՞ համար են դպրոցները։ Սա կրթություն չէ։ Էսպես ուղղակի չի կարելի: Կրթությունը գալիս է լատինատառ «educe» արմատից, որը նշանակում է՝ բացահայտել։ Այն պետք է բացահայտի մարդու ունակությունները և սովորեցնի դրանք օգտագործել կյանքում։ Բայց դպրոցը դա չի անում։ Նա ընդամենը փաստեր է լցնում ուղեղիդ մեջ»։

Տեսեք՝ այսօր արդեն ինչ են քննարկում սովորողները: Մնում է, որ մենք՝ ուսուցիչներս, ետ չմնանք մեր սովորողներից: Այս հարցադրումները հենց մեզ են ուղղված, մեզ ու մեր կազմած ծրագրերին: Չդատապարտենք մեզ ժամանակավրեպ լինելուն:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский