Հեղինակային կրթական ծրագիրը Կրտսեր դպրոցում

Ամեն ինչ ավելի պարզ է դառնում, երբ հղում ես անում օրենքին՝ ՀՀօրենք հանրակրթության մասին․ հոդված 3․6-ա․ բ․։ Մեջբերում՝
Հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի (առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները,) տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից։
Օրենքով որոշված ունենք պետական ծրագիր և պետական հեղինակային ծրագիր՝ իր սահմանումներով։ Կրթական աշխարհը կարող էր հարուստ լինել հեղինակային ծրագրերի բազմազանությամբ, բայց, ցավոք, այս պահին ունենք միակը, որն իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ու , բարեբախտաբար, որպես կրթական-կամուրջ ցանց՝ Բլեյան բաց ցանցը տարածվում է․․․
«Մայիսյան 16-րդ հեղինակային հավաքը» հուշեց հավաքել-առանձնացնել հեղինակայինը, փորձել ցույց տալ դրանք իր մանկավարժական լուծումներով, վերլուծություններով, մշակումներով․․․
Եվ այսպես՝ հեղինակայինը Կրտսեր դպրոց-պարտեզում, որը, որպես հաստատություն, հե՛նց հեղինակային է․․․

1Դպրոց-պարտեզ հաստատություն, որ ծնվել, մշակվել ու կյանքով հաստատել է իր գործունեությունը։
2․Դպրոց-պարտեզի կառուցվածքը՝
2-5 տարեկանների խնամքի խմբեր
5 տարեկանների՝ Իմացումի հրճվանք ծրագրի առաջին տարի
1-3-րդ դասարաններ
4-5-րդ դասարաններ
երկարացված օրվա ծրագիր
3․ Դպրոց-պարտեզի բաց միջավայր, մանկավարժական մեկանաբանությամբ
Սկսենք պարզ հարցից՝ ի՞նչ է կրթությունը, նույնքան պարզ պատասխան՝ կյանքն է: Կրթության կազմակերպիչների գործն է ստեղծել սովորողի համար այդ պարզ ու բաց միջավայրը, որը պիտի համապատասխանի սովորողի  կյանքին, որտեղ նա պարզ քայլերով գտնի իր ճանապարհը:
Երեխայի համար կրթությունը սկսվում է ընտանիքից, դպրոցը պիտի շարունակի ընտանեկան կրթությունը, իրականում սա հնարավոր է կրթական բաց համակարգում, երբ ծնողը կրթական ծրագրի պատվիրատու ու մասնակից է:
4․Անզանգ դպրոց
Երբ 20-25րոպե կրթության պատվիրատուի հետ քայլում ես դպրոց-պարտեզում, հարցը չի ուշանում՝ զանգ չլսեցի՞նք․․․ Այո, զանգ չկա, զանգ էլ, բոլոր տեսակի պատերն էլ ավանդական դպրոցն իր հետ տարել է․․․
Հեղինակային կրթական ծրագրում բոլոր մշակումները՝ սկսած ամենափոքրից մինչև ամենամեծը, արվել են կյանքով՝ այսօրվա կյանքով, քայլ առ քայլ, առանց շտապելու, կրթությունը շտապել, հետ ընկնել չի սիրում, դրանց թվում է նաև զանգը․․․ Սկսենք դպրոց-պարտեզ հաստատության մոդելով, երբ 2-5 տարեկանների խմբում կա հանգստի ժամը, հետո՝ երբ ուսումնական ճամբարների ժամանակ փորձարկվեց անզանգ գործունեություն, սովորողներն էլ, դասավանդողներն էլ արձանագրեցին առավելությունը, ու անզանգ դպրոցն սկսեց իր գործունեությունը։ Կրթամալիրի բոլոր դպրոցներն աշխատում են միասնական աշխատաժամանակով ու ժամանակացույցով, իսկ որպես միասնական ժամացույց՝ կայքի ժամացույցն է։ Ժամով աշխատանքը և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ դասավանդողին ավելի կարգապահ պիտի դարձնի, որն ազատ մարդու կարևոր ցուցանիշ է․․․

5․Ընդհանուր պարապմունք՝ առավոտյան, ուրբաթ-համերգ, ժամերգություն
Կրթահամալիրում ուսումնական օրն սկսվում է դպրոցական կանգառից, երբ սովորողը նստում ուսումնական ավտոբուս, որտեղ իրեն սպասում են կրթահամալիրի տարբեր դպրոցների տարատարիք սովորողներ։ Տրանսպորտում լինելն էլ ուսումնական աշխատանք․ ո՞ր փողոցներով են անցնում, քանի՞ հուշարձան տեսան, միասնական ընթերցումներ, երգերի ուսուցում, ծննդյան օրերի շնորհավորանքներ․․․Սոցիալական դաստիարակությունը խոսքերով ու կանոններով չէ, այլ՝ կյանքով, որտեղ ստեղծված է այդ միջավայրը․․․
Կրթահամալիրի միասնական կանգառում սովորողներն իջնում են, քայլքով, զրույցով ուսուցիչների հետ կամ հայացքի ուղեկցությամբ դեպի դպրոցներ քայլում, հիմա արդեն մեկ ուրիշ խմբով՝ մեկի համար ինքը պատասխանատու, մեկ՝ իր․․․ այսպես քայլեցի՜ն, քայլեցի՜ն․․․ mskh-ի ժամացույցով՝ 09։00, կրթամալիրի 7 դպրոց-ցանցի սրահներում, բակերում միաժամանակ սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքները, որին մասնակցում են դպրոցի բոլոր սովորողները, ուսուցիչները, նաև՝ աշխատանքի շտապող ծնողներ։ Բաց հրապարակ, որտեղ բոլորին միավորում է միասնական երգը, պարը, ընթերցումը․․․ Օրը միասին սկսելը` իրար բարևելը, միասին երգելը, կարևոր լուրեր փոխանակելը, ծննդյան շնորհավորանքները  առավոտյան դրական լիցքեր ու տրամադրություն են ապահովում, որը կարևոր է թե´ սովորողների, թե´  դասավանդողների  համար: Դժվար է պատկերացնել կամ գրել, թե ինչ է զգում 6-10 տարեկանը, երբ իր կողքին ոգևորված երգում է մայրիկը, ուսուցիչը, հայրիկը ղեկավարում է պարը կամ մարմնամարզությունը, սրան են ասում մանկավարժություն, երբ երեխայի համար ստեղծված միջավայրում գոհ, ուրախ հայացքներ են․․․
Ընդհանուր պարապմունքի ծրագրի մշակումը ևս ուսումնական աշխատանք է, որը դասավանդողն ու սովորողները մշակում են ու հրապարակում։ Առավոտյան ընդհանուր պարապմունքի մշակումն էլ ուսումնական ճամբարային գործունեության ընթացքում մշակվեց, հետո՝ բերվեց ուսումնական պլան ու դարձավ հեղինակային հանրակրթության բաղկացուցիչ։
Հեղինակային կրթական ծրագրում այս տարիների ընթացում ընդհանուր պարապմունքի երկու-երեք տասնյակի հասնող ձևեր ու միջավայր է մշակվել, մի տեսակ «դասարան»-ը պայմանական է, քանի որ օրվա ընթացքում, եթե մեկ սովորողի օրինակով նայեք, կարող ենք ասել-հաշվել, այսպես ասած, քանի դասարան ու ուսուցիչ է փոխում՝ տրանսպորտ-դասարան, քայլք-դասարան, ընդհանուր պարապմունք- դասարան, ընտրությամբ գործունեություն-դասարան, երկարացված օր-դասարան, կլոր սեղաններ, համերգային ծրագրեր, ճամփորդություններ․․․ կարելի է անվերջ թվել, իսկ ուսումնական բաց, թափանցիկ միջավայրը՝ ներսով ու դրսով, ջնջել է բոլոր բաժանումներն ու պատերը, որոնք կարող են մարդուն մեկուսացնել կամ բաժանել, իսկ սա էլ բերում է նրան, որ բոլորը ճանաչում են բոլորին։

Ուրբաթ-համերգը ընդհանուր պարապմունքի ձևերից մեկն է, որի օրն ու ժամը անփոփոխ է․ յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 15։15, կրթահամալիրի Մարմայա սրահ։ Սա արդեն կրթական ավազան է, որը լցվում է Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, Հարավից․․․(կրթահամալիրի դպրոցներն են, իսկ անվանումներն աշխարհագրական խաղ է, որով սովորողները սովորում են աշխարհի չորս կողմերը)։ Ամեն անգամ որևէ դպրոց, որպես ուսումնական նախագիծ, համակարգում է ուրբաթ-համերգի ծրագիրը։
Ընդհանուր պարապմունքի հաջորդ ձևը ուսումնական ժամերգությունն է, որն իրականացվում է յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 09։00, Ս․ Երրորդություն եկեղեցում, արդեն հոգևոր երգերի ու շարականների ընթերցմամբ։ Ուսուցման կազմակերպման հեղինակային այս ձևը պատասխանն է պետական ծրագրում Եկեղեցու պատմություն դասընթացի։ Կազմակերպման փոքր ազդեցություններ, որոնք դժվար էլ կլինի պատկերացնել և՛ սովորողի, և՛ դասավանդողի համար ի՜նչ մշակութային հաճույք է միասին շարական կարդալը կամ հոգևոր երգեր երգելը, իսկ երաժշտության ուսուցչի կարտարմամբ Պատարագից հատվածների կատարումը՝ պիտի խոստովանել՝ այլ է դարձնում բոլորիս։ Հայոց աշխարհում միշտ է եկեղեցին ուսումնական կենտրոնում եղել, ինչպես Ուրբաթ-համերգը, Ուսումնական ժամերգությունն էլ ամեն շաբաթ կրթահամալիրի դպրոցներից մեկն է համակարգում, մասնակցում են Բլեյան ցանցի բոլոր դպրոցներից խմբեր, հյուրեր, ծնողներ․․․

6Սովորողի ընտրությամբ գործունեություն
Հեղինակային կրթական ծրագրի մշակումների պսակը ուսումնական պլանն է, որն ամեն տարի փոփոխվում ու հաստատվում է կրթահամալիրի խորհրդի կողմից։ Ուսումնական պլանում ներառված է երեք ուղղություն՝ ընդհանուր կրթություն, սովորողի ընտրությամբ գործունեություն, լրացուցիչ կրթություն (ի դեպ այս կազմակերպումը նոր պետական չափորոշիչներով արդեն կա)։
Ընտրությունն սկսվում է մարդու ծննդյան օրից, հասկանալի է սկզբում հայացքով, ձայնով, շարժումով․․․Հեղինակային կրթական ծրագրի ընտրությունն էլ սովորողինն է։ Ճիշտ է՝ ծնողն ընտրում է, բայց գործընթացը կազմակերպված է այնպես, որ սովորողի ընտրությունը լինի։ Շատ դեպքեր ենք ունեցել, երբ ծնողն ընտրել է դասվարին, բայց մուտքի ճամբարից հետո սովորողը փոխել է, և ծնողն համաձայնվել է։ Ընտրությունը մշակույթ է, որը մինչև վերջ պիտի անհատականցվի, ուսուցում, որի համար պետք է ընտրելու միջավայր ու պայմաններ ստեղծել։
Սովորողի ընտրությամբ գործունեությունը կրթահամալիրում սկսվում է առաջին դասարանից։ 1-3-րդ դասարաններում շաբաթական 2-ական ժամով․ սովորողը տրված ցանկից առանձնացնում է իր նախասիրությունը, իհարկե, հնարավորություն ունի փոխելու տվյալ ուսումնական շրջանն ավարտելուց հետո։ Սովորողի ընտրությամբ գործունեությունը այն բազում կրթական արահետներն են, որ բոլորով գնա ու գտի իրենը։ 4-5-րդ դասարաններում արդեն և՛ ժամերն են ավելանում (4ժամ), և՛ ցանկը, և այսպես մինչև Ավագ դպրոց, Քոլեջ․․․

7․Ուսումնական օրացույց
Կրթահամալիրի Ուսումնական օրացույցը Հեղինակային կրթական ծրագրի հիմնական գործիքներից է։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար այն նորացվում է ու հրապարակվում, որով ստեղծվում են կրթահամալիրյան նախագծերը, ծրագրերը։ Ինչպես սովորողի ու ընտանիքի, պետության, եկեղեցու կյանքում կան օրացույցներ, այդպես էլ ուսումնական օրացույցն է, որով կարգավորվում են կրթահամալիրի ամենամյա հավաքները, ստուգատեսները, ճամբարները, տոները, այլ ուսումնական նախագծերը՝ կրթահամալիրի սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների համար կարևոր նույնքան, ինչքան իրենց, հարազատ-բարեկամների համար կարևորված իրադարձությունները։ Դրանք իրականացվող հեղինակային կրթական ծրագրի առօրյան ամփոփելու ու գնահատելու հնարավորություն են տալիս։
Ուսումնական օրացույցը հիշեցնում է կրթահամալիրի աշխատողներին, սովորողներին և ծնողներին մոտակա աշխատանքի մասին, ցույց է տալիս նախագծերն ավարտուն տեսքի բերելու ժամանակը, հնարավորություն է տալիս կրթահամալիրի գործընկերներին, բարեկամներին, հետաքրքրվողներին, ցանկացողներին մասնակից դառնալու մեր ուսումնական աշխատանքներին ու տոներին: 
Ուսումնական օրացույցով որոշվածը միջացառումների պլան չէ, այլ անմիջապես կապվում է ուսումնական աշխատանքի հետ, դառնում ծրագիր, որին մասնակից են և՛ սովորողները, և՛ դասավանդողները, և՛ ծնողները։
Կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա «Իմացումի հրճվանք» ծրագրի դասարանները, խմբերը, անհատները մշակում են իրենց ուսումնական օրացույցները, որտեղ նշում են արդեն հատուկ գործեր և ամսաթվեր, որ առնչվում են իրենց ուսումնական աշխատանքին։ Այդ ուսումնակա օրացույցների ստեղծումը ևս ուսումնական աշխատանք է, որով զբաղվում են դրան առնչվողները՝ դասավանդողների խմբեր, սովորողներ։  

8․ Երկարացված օր
Երկարացված օրվա ծրագիրը լրացուցիչ կրթություն է։ Պետական ծրագրի երկարօրյայի այլընտանքն է՝ իր կազմակերպմամբ ու բովանդակությամբ։ Կրտսեր դպրոցում երկարացված օր ընտրում են որպես լրացուցիչ կրթություն, կնքում լրացուցիչ պայմանագիր։ Հանրակրթական պարապմունքերից հետո՝ 13։30-ից սկսվում է և 17։00 ավարտվում է երկակացված օրվա ծրագիրը, որը ղեկավարում է երկարացված օրվա կազմակերպիչը, ով ունի բլոգ և հրապարակում է շաբաթվա նախագծերը։ Երկարացված օրվա ծառայության ընթացքում սովորողը կարող է օգտվել կրթահամալիրում գործող ամենատարբեր լրացուցիչ կրթության պարապմունքներից։ Այսպիսի կազմակերպումը հեշտացնում է ընտանիքի, ծնողի գործը․ սովորողին ծնողը մի տեղից կամ մեկ ուսումնական հաստատությունից չի տեղափոխում այլ հաստատություն։ Սովորողը երկարացված օրվա ընթացքում օգտվում է իր նախասիրած լրացուցիչ կրթությունից՝ առանց ծնողի ֆիզիկական մասնակցության։ Կազմակերպիչն իր բլոգում ունի սովորողի երկարացված օրվա անհատական պլանը՝ գիտի որ ժամին է գնում, որ ժամին վերադառնում։ Սովորողի անհատական աշխատակարգում կարող է նախատեսվել մինչև 45 րոպե աշխատանք, որ ինքնուրույն կարող է շարունակել։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ, որի կազմակերպումը նույնպես հեղինակային է, ուսումնական։
Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն է ընձեռում:

9 Ընտանեկան դպրոցներ
Երեխայի առաջին դպրոցն ընտանեկանն է, որտեղ գործում է ավագների ու կրտսերների ներդաշնակ դպրոց, որտեղ սովորողների ու սովորեցնողների միություն է (թե երբ ու որտեղից առաջացավ միատարիք ուսուցումը)։ ՀՀ Հանրակրթության մասին օրենքը, լինելով հանրային, բաց է թողել ընտանեկան դպրոցների կարևորությունն երեխայի կրթության գործում, նախակրթարանն ու դպրոցը պիտի շարունակեն, լրացնեն ընտանեկան դպրոցների ցանցի համակարգումը։ Սա շատ հստակ ցույց տվեց կորոնավիրուսը, երբ սովորողը մեկուսացվեց տանը, պետական ծրագրի դեպքում դժվարություննները միանգամից երևացին, քանի որ ընտանեկան-հանրակրթական դպրոց-միությունը չկար․․․
Հեղինակային կրթական ծրագիրն իր բոլոր դրսևորումներում կարևորում է ընտանեկան դպրոցները՝ սկսած ընդունելությունից, երբ ընտանիքն է ընտրում ծրագիրը, այո՛, դառնում նաև ծրագրի հեղինակ, քանի որ հեղինակային ծրագիրը հարգանքով կարևորում է ընտանեկան դպրոցի հեղինակների կրթական ծրագրերը, որոնք տարբեր դրսևորումներով արտացոլված են սովորողի(ների) գործունեության մեջ։ Այս կազմակերպումն էր, որ կորոնավիրուսը չշփոթեցրեց, չխառնեց հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը ընտանեկան դպրոցներում, քանի որ այս փորձը սովորողը կիրառում է ուսումնական արձակուրդի, տարբեր պատճառով դպրոց չհաճախող, բայց ուսումնական գործընթացից դուրս չմնացած սովորողին, միշտ կարող է փոխվել կրթության կազմակերպման վայրը, դրանից չպետք է խառնվել․․․
Այս միությունը՝ ընտանեկան- հեղինակային հանրակրթական դպրոցների, նոր որակ ու կազմնակերպում բերեց պարտադրված մեկուսացման օրերին. Teams հարթակի ամենօրյա պարապմունքներն ու տեսադասերը, առցանց քննարկումները ընտանեկան դպրոցների իրական ցանց ստեղծեց, կրթահամալիրի «Դպիր» մանկավարժական ամսագրում սկսվեցին ընտանեկան դպրոցների ղեկավարների մանկավարժական հրապարակումները։ Այս կազմակերպումը չընդհատվեց նաև ֆիզիկական միջավայրում, քանի որ դեռ ապրում ենք կորոնավիրուսի հետ, կան սովորողներ, ովքեր տարբեր պատճառներով այսօր էլ շարունակոււմ են իրենց կրթությունը ընտանեկան դպրոցներում՝ առաջադրանքները կամ էլեկտոնային հասցեին են ստանում կամ ուսուցիչների բլոգներից են օգտվում։ Այսպես առաջացավ ընտանեկան դպրոցների ցանցը։

10 Գնահատում միավորային, որակական, (խրախուսական գնահատում)
«Գնահատել նշանակում է ստեղծագործել» Գյոթե․․․
Եթե ուզում ենք, որ կրթությունը զարգացում ունենա պետք է կիրառել գնահատման խրախուսման մեթոդնեը, իսկ գնահատանիշը գնահատման համակարգում միշտ էլ եղել է «զենք» ուսուցչի ձեռքին, որը չի պահանջում ստեղծագործական աշխատանք։ Ներքոհիշյալ հրապարակումները գնահատման խրախուսման գործիքների հեղինակային մշակումների մասին է՝
Քնարիկ Ներսիսյան․ Նաիրա Նիկողոսյան

11 Ընդունելություն․ մուտքի ճամբարներ, հայտագրում. առցանց հարցազրույց դպրոցի ղեկավարի հետ
Հեղինակային հանրակրթության ընդունելության կազմակերպման գործիքներն էլ օր օրի հանրային են դառնում, քանի որ ընտանիքի ընտրությունն է կրթական ծրագիրը։

Շարունակելի...

 

Էջի նկարը՝ Մերի Գրիգորյանի

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский