Խոհեր 9-րդ դասարանի գրականության ստուգատես-ամփոփումից հետո

Սովորողների ավագ տարիքը ինձ միշտ է հետաքրքրել։ Երկար տարիներ դասավանդել եմ կրթահամալիրի քոլեջում։ Իսկական հաճույք է հասուն մարդկանց հետ տարբեր գրական ստեղծագործությունների քննարկումը, լեզվական տարբեր խնդիրների լուծումը։ Սակայն խուսափել եմ ավագ դպրոցի 9֊րդ և 12֊րդ դասարաններում դասավանդելուց։ Եվ պատճառը ավարտական քննություններն են եղել։ Խնդիրն այն չէ, որ խուսափում եմ պատասխանատվությունից. չէ, իմ ընկալմամբ, մանկավարժությունը ամբողջությամբ պատասխանատվություն է` և՛ ի սկզբանե, և՛ ի վերջո։ Խնդիրը նույնիսկ քննություններն էլ չեն։ Կարծում եմ, կարևոր է արած֊չարածի, ձեռքբերումների ու բացթողումների համար հաշվետու լինելը։ Հաշվետվություն ներկայացնելու հմտությունը միշտ է անհրաժեշտ լինելու, և նրա զարգացումը պակաս կարևոր չեմ համարում։ Ինձ այլ բան է ետ պահում։

Խնդիրը քննությունների ձևն ու բովանդակությունն են։ Այստեղ բախվում են պետական հանրակրթական և պետական հեղինակային ծրագրերը։ Թվում է՝ հակադրություն պիտի որ չլիներ։ Ի վերջո հանրակրթական բոլոր ծրագրերը՝ պետական հանրակրթական, թե պետական հեղինակային-հանրակրթական, պարտավոր են բավարարել նույն՝ հանրակրթական չափորոշիչների պահանջները, և քննությունները, որոնք ուղղված են այդ չափորոշիչների իրականացումը և արդյունքները ստուգելուն, էականորեն չպիտի խնդիր առաջացնեին նաև հեղինակային, այլընտրանքային ծրագրեր իրականացնող հաստատությունների համար։ Սակայն, ցավոք, այդպես չէ։ Այդ հարցին ես անդրադարձել եմ իմ «Երբ չափորոշիչները մնում են որպես գեղեցիկ ձևակերպումներ» հոդվածում։

Բայց այս տարի որոշեցի դասավանդել 9-րդ դասարանում և ներսից՝ «խոհանոցից» առնչվել այն հիմնահարցերին, որ ամեն տարի ստիպված են լինում լուծել 9-րդ դասարանում դասավանդող գործընկերներս։
Այս հարցի ամենապարզ լուծումն իհարկե այն կլինի, որ հեղինակային ծրագրերին թույլատրվի ամփոփման իրենց նախագծերն առաջարկել, ներկայացնել։ Սա բոլոր հարցերը կլուծեր։ Թե ինչ արդյունք տվեցին նախարարություն ներկայացված մեր հիմնավորումներն ու փաստարկները, կերևա մյուս ուստարի։ Իսկ այս՝ 2020-2021 ուստարում հանձնեցինք հիմնական կրթության ավարտական քննությունները, գրականությունը՝ նաև ստուգատեսային ամփոփմամբ, հայոց լեզուն՝ կենտրոնացված քննությամբ։

Գրականության ստուգատեսային ամփոփման մեր տարբերակը հեղինակային ծրագրի մշակում էր՝ բաց, հանրայնացված, բոլորին տեսանելի և հասանելի։ 1-ին փուլում սովորողը ներկայացնում էր իր ձեռքբերումները՝ հայ և արտասահմանյան գրականության իր ընթերցումները՝ ոչ միայն հանձնարարված, այլև իր նախասիրությամբ կարդացած, վերլուծություններ, ձայնագրություն-ընթերցումներ, գրաբար փոխադրություններ․․․ Ահա հաշվետվության մի քանի օրինակ․

Նարե Ազարյան
Արթենի Ջանիկյան
Սաթինե Տեր-Պետրոսյան

Ներկայացնեմ նաև մի նմուշ-տեսագրություն, որտեղ 9-3 դասարանի սովորող Միլենա Հարությունյանը ներկայացնում է իր հաշվետվությունը։

Սա գրականության ստուգատես էր, որին սովորողները բավականին մանրամասնորեն պատրաստվել էին՝ հիմնականում օգտագործելով ներկայացման Power-point ծրագիրը։

Գրականության ստուգատեսին մասնակցեցին ծնողներ, ուսուցիչներ, տնօրեններ, կրտսեր և միջին դպրոցներում դասավանդած ուսուցիչներ։

2-րդ փուլը մի ստեղծագործության վերլուծություն էր՝ առաջադրված հարցերով։ Ստեղծագործությունը փոքր էր, և սովորողը քննասենյակում, իրեն հատկացված ժամանակահատվածում կարդում և կատարում էր առաջադրանքները։
Առաջարկվող ստեղծագործությունները և առաջադրանքերը։

2-րդ փուլի ներկայացման օրինակ։ Շառլ Բոդլերի «Օտարականն» է ներկայացնում 9-1 դասարանի սովորող Կարինե Գոմցյանը։

Սա էլ գրականության ստուգատեսի մասին իրենց տպավորություններն են գրում սովորողները։

Գրականության հեղինակային ծրագրի հետաքրքիր ամփոփումը. Շուշան Փաշինյան
Գրականության ստուգատես․ամփոփում. Կարինե Գոմցյան

Գրականության ամփոփման ստուգատեսի 1-ին փուլը հաջողված եմ համարում։ Սովորողներն ամփոփեցին իրենց գրականության դասընթացը, ներկայացրին հաշվետվություն՝ բաց, թափանցիկ, հրապարակային։
Իսկ, այ, 2-րդ փուլի հետ կապված մի դիտարկում։ Երբ սովորողը 1-ին փուլում ընկերների, ուսուցիչների, ծնողների ներկայությամբ ներկայացնում էր իր տարեկան հաշվետվությունը, ինքը բնական վիճակում էր, խաղաղ էր, հանգիստ էր։ Տարբեր նախագծերի հաճախ է մասնակցել, կամ ինքն է ներկայացրել տարբեր լսարաններում։ Բայց երբ մտնում է քննասենյակ, վերցնում է տոմսը, միանգամից լարումը մեծանում է՝ անկախ ստեղծված բարյացակամ մթնոլորտից, անկախ այն բանից, որ իր ուսուցիչն է նստած սեղանի մյուս կողմում։ Այս զգացումը ծանոթ է բոլորիս։ Քննություն-երևութը առանց լարման չի լինում։ Ականջներումս մնացին իմ մի սովորողի՝ տղայի խոսքերը․
- Տիկի՛ն Մարիետ, տեսեք՝ ձեռքերս ոնց են դողում։

Ես այս սովորողների հետ աշխատում եմ չորս տարի։ Յուրայնացրել ենք իրար, յուրայիններ ենք։ Բայց նույնիսկ այս դեպքում քննություն-երևույթը վախ, անհանգստություն, աններդաշնակ վիճակ էր առաջացնում։

Պատկերացնում եմ նրանց հայոց լեզվի կենտրոնացված քննության ժամանակ, անծանոթ ուսուցիչների ներկայությամբ։ Ի՜նչ ապրումներ են ունեցել։
Դիմավորեցի քննությունից դուրս եկած սովորողներիս։ Այս տարիների ընթացքում նրանց երբեք այսքան շփոթված, հուզված չէի տեսել։

Ուսումնասիրվա՞ծ է սովորողի հոգեկան, հուզական վիճակը քննություններից առաջ, քննությունների ընթացքում, դրանից հետո։ Այս լարումի օգուտը ո՞րն է։ Վնասը ակնհայտ է՝ 14-15 տարեկանի դողացող ձեռքերը։
Ձեռք բերված հմտությունների ստուգման տասնյակ հետաքրքիր ձևեր կարելի է առաջարկել՝ թեթև, խաղաղ, հանգիստ, ստեղծական, հետաքրքիր, բայց ոչ երբեք քննության տեսքով։ Սա անարդյունավետ, հակամարդկային, ոչինչ չտվող ձև է։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский