Օրհնության խորհրդանիշ. Խաղողի և գինու դպրոցի պատմությունը

Սա իրական հեքիաթ է Խաղողի ու Գինու դպրոցի մասին` ծնված անապատում երեք տարի առաջ, հասցեն՝ ՀԱԹ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Կրթահամալիրը նույնպես երիտասարդ է՝ ընդամենը 33 տարեկան, ճիշտ Հիսուսի երկրային տարիքին: Ասում են` մի օր կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը երազ տեսավ… Զարթնեց, իր երկրագործ ոգով երկնեց Խաղողի և գինու դպրոցը Բանգլադեշ կոչվող անապատի սրտում, զարկ տվեց խաղողագործությանն ու գինեգործությանը, որն ինչպես սրբազան հեղուկ՝ մղվեց կրթահամալիրի զարկերակային համակարգ և ինչպես արյան հոսքն անոթներում՝ ապահովեց մի նոր շարժում, նոր ուղի՝ խաղողի նման կենարար, փաթաթվող, տարածվող ու գգվող: Ստեղծվեց ռիթմիկ աշխատանքային ցիկլ՝ մի քանի փուլերով, յուրաքանչյուրն իր առանձնահատուկ զարգացման ճյուղերով: Առաջին փուլում հետազոտական աշխատանքն էր՝ Խաղողագործությունը. գիտություն խաղողի մշակման և խաղողազգիների աճեցման մասին: Մի ոտքով համացանցում, մյուսով՝ Հայաստանի խաղողագործների ու գինեգործների այգիներում ու գործարաններում, սեբաստացի գինեգործներն ուսումնասիրեցին թե՛ նրանց, թե՛ համաշխարհային փորձը, ծանոթացան ոլորտի լավագույն մասնագետների ու գիտնականների հետ, համագործակցեցին և սովորեցին նրանցից՝ փոխարենը տալով այն հույսն ու հավատը, որ իրենց գործը շարունակող կա՛: Կա՛ իրենց գործը շարունակող:

Երկրորդ փուլում ուսումնասիրեցինք Գինեգործությունը՝ Էնոլոգիան, որը խաղողից գինի ստանալու գործընթացների ամբողջությունն է: Սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։ Երկու տարեկան սեբաստացիներից սկսած բոլորս գինեգործներ դարձանք, զբաղվեցինք գինեգործությամբ՝ առաջնային, երկրորդային, երրորդային, պարտիզապուրակային, մշակութային, ծիսական, ավանդական, ազգագրական և այլ դերակատարմամբ՝ այս մեծ հնձանում կազմելով փազլի մի մասնիկը: Գինու դպրոցն իր նվիրյալ ղեկավարն ունի՝ Արտակ Ռշտունին, ում տեսնում ես ամենուր՝ այգիներում հողը փորելիս, խաղող մշակելիս, ջրելիս, մուրճն ու մեխը ձեռքին ցուցանակ տեղադրելիս, գինի պատրաստելիս, շշալցնելիս, սովորողների հետ դասընթացներ ու ճամփորդություններ կազմակերպելիս: Մի Արտակ Ռշտունի ու մի Խաղողի ու Գինու աշխարհ․ աշխատանք, ի՜նչ էներգիա և ի՜նչ կամքի ուժ, որ երբեք չի խմում իր պատրաստած գինին: Անկեղծորեն զարմանում եմ, ես երևի չդիմանայի։

Երրորդ փուլով ուսումնասիրեցինք խաղողագործությունը և գինեգործությունը՝ որպես մշակույթ: Հայաստանը որպես 6600 տարվա գինեգործական ավանդույթներ ունեցող երկիր, որպես խաղողի հայրենիք պե’տք է ուսումնասիրի ու զարգացնի այս մշակույթը, ներկայացնի աշխարհին Հայաստանի տարածքում հայտնաբերված և վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձանների, գինու անոթների ու կարասների, խաղողի ածխացած կորիզների, բազմաթիվ սեպագիր արձանագրությունների, քանդակների և այլ վավերագրերի մասին, որոնք վկայում են վայրի խաղողի ընտելացման և խաղողի մշակմամբ զբաղվող հայի մասին: Այս ամենը եթե ունենար մեկ այլ ժողովուրդ, կնվաճեր գինու աշխարհը, այն աշխարհը, որը, հոգնելով եվրոպական գինիներից, փնտրեց և գտավ էկզոտիկ երկրների` Չիլիի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի խաղողը, աշխարհ, որ հիմա փնտրում է նոր համ ու նոր որակ՝ կարծես թե կենտրոնանալով խաղողի ծննդավայրի վրա: Եվ այստեղ է, որ պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով և գինով, որի մասին ասել է ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը։ Դե ինչ, գնացինք նաև աբորիգեն սորտերի հետքերով, և մինչ հնագետների և ազգայնագետների հետ սեբաստացի գինեգործները պեղում էինք Դալմայի այգիները, ոգևորված գտնում խաղողի հնամյա վազեր, էտում, մշակում, հոգ տանում նրանց համար, մյուս կողմից՝ հեղինակային իրավունքով, հովիվներն անհոգ արածացնում էին իրենց կովերին: Այս պատմական սրբավայրն այսուհետ մասնատված ու սեփականաշնորհված է, որտեղ սեփականատերը տան տիրոջ իրավունքով պղծում է սրբազան ժառանգություն։ Եթե փորձես խանգարել, կարող ես ոստիկանությունում հայտնվել: Չե՞ք հավատում: Դալմայի այգիներին հասնելուց առաջ սեբաստացիները անտարբեր չեն թողել ՀԱԹ-ի անխնամ խաղողի վազերը և SOS նախագծային խմբեր կազմամած շտապ օգնություն ցուցաբերել մեռնող խաղողներին, որոնցից մեկի ժամանակ հերթը հասել է նրան, որ 195 էջանոց քրեական գործ է հարուցվել: Կարծո՞ւմ եք՝ հարուցվել է խաղողին սպանողի՞ վրա. ճիշտ հակառակը: Բայց դա ուրիշ՝ Մի թառմայի պատմություն է:

Որտեղ դպրություն և մշակույթ, այնտեղ ծես՝ ավանդական, կրոնական արարողություն, որն ունի խորհրդավոր, մոգական հատկություններ: Ծիսակատարության մեջ գլխավոր դեր է խաղում հոգևորականությունը: Ծեսն ուղեկցվում է աղոթքներով, խմբերգերով, պար-երաժշտությամբ: Հայ Առաքելական Եկեղեցու Տիրամորը նվիրված խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը ամենահինն է: Տոնի խորհրդի համաձայն՝ Խաղողի և գինու դպրոցը երեք տարի նշել է իր ձեռքով աճեցրած խաղողի օրհնության և ճաշակման ծեսը: Այս ծեսը ժամանակին կատարվել է Հայոց արքայի կամ քրմապետի կողմից և կապվել է պտղաբերության աստվածուհի Անահիտի և սիրո դիցուհի Աստղիկի պաշտամունքի հետ:  Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակաթույր փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղից քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում, որոնց թերթիկները դիցուհին թափում էր Հայոց աշխարհի վրա՝ օժտելով հայ աղջիկներին աստվածային գեղեցկությամբ։ Ըստ ժամանակակից տվյալների՝ Աստղիկը հիմնադիր Աշոտ Բլեյանի մոտ երեք տարեկան կրտսեր դուստրն է՝ կրթահամալիրյան ծեսերի դիցուհին, մի իսկական Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն գեղեցկուհի: Աստղիկ Բլեյանի հայտնությունը հեքիաթի է նման, համարենք այն հեքիաթ՝ հրաշապատում, թե իրապատում, ճշմարիտ կլինի, քանի որ հեքիաթն ինքը ծնվում է, երբ լինում են նվիրական երազանքներ և ձգտումներ: Աստղիկի ու Խաղողի և Գինու դպրոցի ծննդյան առեղծվածը համարենք բացահայտված և անցում կատարենք չորրորդ փուլին կամ ճյուղին՝ Երկրագործությանը:

Հայկական լեռնաշխարհում երկրագործությամբ զբաղվել են դեռևս քարե դարից։ Այն ունեցել է երկու գլխավոր փուլ՝ բրիչային և արորագութանային։ Ստեղծվել են ոռոգման լայն համակարգեր՝ Մենուայի ջրանցք, Շամիրամի ջրատար, որտեղ գործածվել են երկաթե կատարյալ խոփեր, գործիքներ, իսկ մեր օրերում Աշոտ Երկաթ Բլեյանը ստեղծեց կրթահամալիրի ոռոգման համակարգը: Հողի բերրիության աճը, լավ բերք ստանալը երկրագործության առաջնային օրենքն է: Այդ օրենքի էությունն այն է, որ հողի որակական հատկությունները փոխվում են, ուստի չօգտագործել, չմշակել հատկացված հողը, նշանակում է վնաս հասցնել բնությանը: Սրա քաջ գիտակցումով է, որ սեբաստացին չի գծում սահմաններ, չի ցանկապատում կադաստրով իրեն հատկացված հողատարածքը և չի հասկանում հարևանի սահմանազատումը: Սեբաստացին տեր է կանգնում անտեր հողին, քարափին, աղբավայրից անգամ բերքատու այգի է ստեղծում: Սարալանջ կոչվող տարածքը դրա վառ ապացույցներից է, որը սեբաստացին վերածեց ոչ միայն խաղողի այգու, այլ նաև բարեկարգ ճանապարհի, խաղահրապարակի, ճեմուղու, հեծանվաուղու և մշակութային պուրակի՝ հայ ժողովրդի ազգային «Սասնա Ծռեր» էպոսի քանդակներով: «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է չորս մասերից կամ ճյուղերից՝ ինչպես Խաղողի և Գինու դպրոցը։ Էպոսում յուրաքանչյուրը կրում է իր հերոսի անունը, իսկ հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով…

Հեքիաթի ամբողջական խճանկարը տեսնելու համար կքայլենք Խաղողի և Գինու դպրոցի աճեցրած, խնամած խաղողի վազերի կողքով, կանցնենք դպրոցից դպրոց, բակից բակ և կբացահայտենք «Ես որթատունկ եմ» Հիսուս Քրիստոսի խորհրդանշանակ հայտարարությունը։

Աստղիկ Իսրայելյանի ֆիլմը Խաղողի և Գինու դպրոցի մասին՝

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский