Բացահայտումներ գյուղական ճամբարից

Հեղինակ: 

Կրթության մասին խոսելիս շատերը հիմնականում պատկերացնում են գրել, կարդալ, թուղթ, գրիչ ու նման հասկացություններ: Այո՜, գրել-կարդալ կսովորեն, իսկ մնացա՞ծը՝ այն ամենը, ինչը հարկավոր է երեխային կայանալու համար, ազատ մտածելակերպ ձեռք բերելու համար, անհատականություն դառնալու համար, հմտություններ, որոնք կօգտագործի նաև հետագայում… Տարիների գործունեությունը կրթահամալիրում ապացուցեց, որ կա իրական կյանքի դպրոց՝ ճամփորդությամբ ուսուցում: Համոզված եմ, որ հայրենագիտական, բնապահպանական,  համակեցության հիմքերով ճամփորդությունները կարող են իսկապես դաստիարակել երեխային, դարձնել նրան ինքնուրույն, կազմակերպված, ազատ անհատ: Ես սիրում եմ ճամփորդել իմ հայրենի աշխարհում: Մասնակցել եմ շատ ուսումնական ճամփորդությունների, բարձունքների հաղթահարման, համատեղ սկաուտական, վրանային-դաշտային հնգօրյա, տասնօրյա ճամբարների, նաև միջազգային ուսումնական ծրագրերով ճամբարների և այլն: Վերադառնալիս մշտապես գոհ եմ եղել և փաստել, որ շատ ուրիշ աշխարհայացք ենք ձեռք բերել, ավելին ենք տեսել, սովորել նաև ավելի հասուն ենք դարձել:

Վերջերս ենք վերադարձել  գյուղական տասնօրյա ճամբարից: Այն կազմակերպվել էր  «Գագարին» պրոյեկտի  շրջանակում՝ որպես համայնքների զարգացման և փորձի փոխանակման ծրագիր:  Իմ ճամբարը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում էր: Ճամբարի հիմնական ուղղություններն էին՝ համակեցությունը, բնապահպանությունը, մարզումները, «Գետը՝ համայնքում» ուսումնահետազոտական նախագիծը, գյուղական առօրյան: Այս ճամբարը տարբերվում էր իր պայմաններով. կրթահամալիրի սովորող- ճամբարականները հյուրընկալվելու էին գյուղացիների տներում: Այսպիսի նախապայմանը փոքր-ինչ անհանգստացրեց ինձ և ոչ միայն… Ինքս սիրում եմ գյուղը, բայց քաղաքի այսօրվա 10-15 տարեկան սովորողը՝ իր այֆոնով անքուն գիշերներ թվային խաղերի դիմաց անցկացնող, չիպս ու ֆաստֆուդ նախընտրող պատանին, պետք է 10 օր անցկացնի գյուղական հոգսերով ու կենցաղով ապրող տա՞նը: Չեմ հավատում: Ամեն դեպքում, ծրագիրը պետք է իրականացնել բոլոր նախապայմաններով, կարգով, սիրով:

Ճամբարի մեկնարկից մեկ ամիս առաջ սկսեցինք նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքները: Առաջին քայլը Ծաղկունք համայնքի հյուրընկալման հայտերն էին, ինչն արդեն ճամբարի կազմակերպման նախադրյալ էր: Հրապարակվեցին ճամբարի հայտարարությունները, տարածեցինք նաև սոցցանցով: Այնուհետև լուծվեցին մնացած կազմակերպչական հարցերը՝ ճամբարի ուղղությունները, հյուրընկալվողների թիվը, հյուրընկալողների թիվը, աշխատակազմը, մասնագետները, ճամբարային օրակարգը, սնունդը և այլն: Երկու կողմից էլ հայտագրվել էին շատ տարատարիք սովորողներ՝ 4-րդից մինչև 8-րդ դասարանցիներ: Իսկ «աղջիկ-տղա հարցը» մնաց անհավասար և անփոփոխ. կրթահամալիրի ճամբարականների կազմում ընդամենը մեկ աղջիկ էր՝ Անիելա Հավանճեանը:

Լավ, մեկնում ենք: Ճանապարհն անցնելու էինք Հրազդան գետի ուղեկցությամբ: Ըստ ճամբարային ծրագրի՝ «Գետը՝ համայնքում» նախագծի ուսումնասիրությամբ պետք է ճամբարականները դիտարկեին Սևանից դուրս եկող միակ՝ Հրազդան գետը, որը մինչև Երևան հասնելն անցնում է Նոր Հաճն-Քարաշամբ-Արգել-Քարաշամբ(Արա և Հրազդան վտակների միախառնումով)-Բջնի-Հրազդանի ջրամբար-Ծաղկունքն ճանապարհով:

Արդեն Ծաղկունքում ենք: Մեզ դիմավորեցին գյուղի ճամբարականները, ճամբարի պետը և մեր աշխատանքային թիմը: Հետաքրքիր էր ճամբարականների տեղավորումը ընտանիքներում: Անհավատալի էր, բայց այնքան սահուն ու խառը ստացվեց, որ ոչ ոք չնկատեց իր ընկերոջ տարիքը, աղջիկ-տղա լինելը… Տեղավորվեցին անհամաչափ, և այսպես շատ հետաքրքիր ստացվեց: Կողքից ուղղակի նայում էի, չէի խառնվում: Ծաղկունքցի մանկավարժ-ջոկատավարներն իրենց գործը լավ գիտեին: Ոգևորիչ սկիզբ էր: Օրը թռչում էր: Արդեն երեկո է: Պետք է տեղավորվել տներում: Ընկերներով, միմյանց օգնելով, շալակեցին ծանր-ծանր իրերը, ու ամեն մեկը մի կողմ՝ բաժանվեցին: Իմ հերթն է: Քայլում եմ դեպի ինձ հյուընկալող ընտանիք. դպրոցից քիչ է հեռու: Մտքով հիշեցի իմ կարդացած պատմվածքներից, երբ քաղաքից մի նորավարտ մանկավարժի կամ բժշկի ուղարկում են ինչ-որ գյուղում աշխատելու: Գլխավոր հերոսի զգացողություններն էի ապրում: Անծանոթ բարքեր, անծանոթ միջավայր, անծանոթ դեմքեր՝ չնայած այնպես ուշադիր են քեզ նայում, որ պարտադիր բարևում ես. կարգն էդպես է: Հետաքրքիր է, որ ես ժամանակին սիրել եմ հայ գրականության այսպիսի ժանրի պատմվածքներ, սիրել եմ գյուղական կյանքին հետևել. ինձ  դուր է եկել: Հիմա էլ վերցրել եմ քաղաքի սովորողներիս ու ինչ-որ սպասելիքներով բերել գյուղ: Չգիտեմ՝ ինչպես է լինելու, բայց արդեն անհանգիստ եմ: Մտքերս գնացին երեխաների ետևից. իսկ եթե նոր ընտանիքում իրենց լավ չզգա՞ն… Կամ հնարավոր է գիշերը մեկը զուգարան ուզենա, իսկ այն դրսում է, մութ է, անհարմար կզգա ընկերոջն արթնացնել: Իսկ գուցե մեկի պապիկը քնելուց խռացնո՞ւմ է, տանն էլ մութ է, ինչպե՞ս կքնի խեղճը, կհիշի մայրիկին, կնեղվի հանկարծ… Այսպիսի բազմաթիվ մտքեր պատեցին գլուխս: Հիմա ի՞նչ անեմ: Իրերս հասցրի ինձ հյուրընկալած տուն, տեղավորվեցի իմ հրաշք ընտանիքում ու դուրս եկա: Պետք է տեսնել բոլորի ընտանիքները, տեսնել՝ ինչով են զբաղված, թե չէ՝ առավոտ չի լինի: Երեկոյան այստեղ ցուրտ է: Քիթս կարմրած՝ հասա գյուղամեջ: Անհանգիստ հայացքով մի ծանոթ մարդ եմ փնտրում. գտա. «Բոլորն իջել են դպրոցի դաշտ, ֆուտբոլ են խաղում»,-լսում եմ՝ կարծես երազում: Հասնում եմ դպրոց ու ի՛նչ տեսնեմ. աղջիկ, տղա գնդակ են խաղում՝ ձեռքի դինամիկով երգ միացրած, գյուղը թնդում է, իրենք էլ ուրա՜խ վազում են… Հավաքվեցին շուրջս: Բոլորից հարցնում եմ՝ ամեն ինչ լա՞վ է, ընտանիքներն ինչպիսի՞ն են, հարմա՞ր է… Կարծես բոլորը գոհ են, ուրախ են: Դեռ մի բան էլ ինձ համար են անհանգիստ, որ ես անհանգիստ եմ, ասում են՝ գնացե՜ք տուն, կմրսեք, եղանակը ցուրտ է: Ծիծաղելի էի իհարկե: Դե՜, վերադարձա: Մի՞թե այսքան հասուն էին մեր ճամբարականները, այսքան պատրաստված, բայց ախր փոքր էին: Առաջին գիշերը վախեցած մտքերով անցկացրի: Առավոտյան հասնում եմ դպրոց, բակում արդեն շարված են. մարզական ժամ է: Կարծես բոլորը տեղում են: Ողջույնիս այնքան ուրախ արձագանքեցին, որ սիրտս միանգամից տեղն ընկավ: Վերջ: Առաջին աստիճանը հաջող անցավ. ի՛նչ զուգարան, ի՛նչ խռացնող պապիկ. ամեն ինչ կարծես լավ է: Գյուղամթերքով նախաճաշել են՝ թարմ ձուն ու կարագը կերել, եկել են: Ամեն օր՝ մարզական ժամից հետո, ճամբարականների հետ ամփոփում էինք օրը: Բոլորիս համար սիրելի հանդիպում էր դա: Խոսում էին՝ անցած երեկոն ինչպես են անցկացրել, ինչ դժվարություններ են եղել, ինչպես են օգնել ընտանիքներին, ինչ են կերել, գյուղական ինչ աշխատանքներ են տեսել կամ մասնակցել, հետո քննարկում էինք տվյալ օրվա անելիքները և այլն: 34 ճամբարական էին, բայց շատ լուռ լսում էին միմյանց: Բոլորին հետաքրքրում էր իր ընկերոջ օրը, առօրյան: Երկրորդ, երրորդ օրն արդեն բոլորը բոլորի տների եռուզեռից տեղյակ էին: Միմյանց միջամտում էին: Բոլորս էլ հասկացանք, որ սա մեր քաղաքը չէ, որ միմյանցից հեռու լինենք ապրելատեղով, այլ հակառակը՝ երեկոյան զանգում են, թե մեր կովը չի եկել, գնում ենք փնտրելու, ու ընկերներով գնում են: Կամ միմյանց կանչում են խաղալու, Արսենն ասում է՝ մենք չենք կարող գալ, խոտը բերել են, պիտի օգնենք դատարկել: Հավաքվում են, գալիս Արսենի ընտանիքին օգնելու, հետո միասին իջնում խաղալու: Այսպիսի խոսակցություններ եմ լսում ամեն օր, և դրանք շատ տարբեր են լինում: Խառնվում եմ՝ ասելով, թե պետք է լուսաբանել, նկարել, պատմել, դրանք հետաքրքիր են և այլն, բայց հասկանում եմ, որ իրենք իրենց առօրյայի մեջ են, ուղղակի ձուլվել են գյուղի կյանքին և դրա մեջ զարմանալու ու առանձնացնելու բան այլևս չեն տեսնում, պատմում են ինչպես սովորական օրվա կենցաղ: Գժվելու բան է: Դարձել են գործունյա, հասուն: Ալենը և Սամվելը ճամբար էին եկել հնգօրյա նախապայմանով: Չորրորդ օրն է, Սամվելը պատմում է, որ վաղը պետք է Ալենենց բալը հավաքեն, որ մայրիկը կոմպոտ պետք է պատրաստի: Ձայն չեմ հանում, միայն ուրախանում եմ: Հասկացա, որ չի էլ հիշում, որ պետք է վերադառնա: Լավ է, ուրեմն սիրել է ճամբարը: Սամվելը մեր ճաշացանկի կոմպոտն այնքան էր հավանել, որ բոլորն իրենց երկրորդ բաժակը սիրով նվիրում էին նրան: Սամվելը երջանիկ էր: Բարձունքի հաղթահարումը շատ տպավորիչ էր: Պուպուի քարափը, որտեղ քարանձավ կար, մի մենավոր է ապրել և սնվել է պուպույի հացով (ուտելի բույս է): Մենք էլ փորձեցինք: Դրանից քարափներում շատ են հանդիպել, բայց այս գյուղում անունը կապված էր բարձունքի նախապատմության հետ՝ Պուպուի հաց: Քայլարշավների, Սևան այցելությունների և այստեղի սուր արևի պատճառով բոլորն այնպես էին կարմրել, սևացել, որ բոլորի մաշկը պլոկվում էր՝ մեկի քիթը, մյուսի ականջները, պարանոցը. դարձել էին իսկական գյուղի տղաներ: Ավետի հայրիկն անհանգիստ էր. ասում է՝ մեզ հետ տեսակապով չի ուզում խոսել, ի՞նչ պատճառ կարող է լինել, հո՞ կռվի մեջ չի ընկել: Հասկացանք, որ իր խայտաբղետ գույնից է ամաչում: Նույնիսկ գյուղի երեխաներն էին սևացել, ասում էին՝ մենք այսքան ոչ քայլել էինք, ոչ էլ այսքան հաճախ Սևանում լողացել: Շատ հավես էին ձուլվել երեխաները: Միմյանց շալակած քայլում էին, իրենց երգերը միացրած խենթություններ էին անում, միասին կիսում իրենց բրդուճը, կատակում միասին… Իսկական ընկերություն էր: Մեր նախագծային ուսումնասիրությունը տեղում վերաբերում էր Սևանա լճին, Հրազդան գետին, որը հոսում էր գյուղի միջով: Գյուղի երեխաները զարմանում էին՝ ի՞նչ խնդիր ունի իրենց գետը, ո՞րն է խնդիրը, ի՞նչ խնդիր… Սեբաստացիների հետ նախապես շատ էինք աշխատել, և տեղյակ էին գետում թափվող կոյուղաջրերի մասին, տարածաշրջանում ջրի խնդրի մասին: Միասին քայլեցինք, տեսանք այդ զարհուրելի տեսարանները, թե որտեղից էին կեղտոտ ջրերը լցվում գետը: Հասկացան, թե ինչու երեխաները երբեք չեն լողացել իրենց Զանգվում, ինչու են ծնողները արգելել նրանց: Սարգիսը երկար մտածում էր, հարցուփորձ էր արել իրենց մեծերից ու նեղացել էր բոլորից, որ այսպիսի կարևոր հարցը երբեք իրենց գյուղում չի բարձրացվել, ինքը չի լսել: Որոշել էր այսուհետ շատ ուշադիր հետևել հարցին:

Գյուղում անհնար է չմասնակցել կենցաղային գործերին, որովհետև դրանք հենց այն աշխատանքներն են, որոնցով ստեղծվում է գյուղացու եկամուտը, ապրելակերպը, ընտանիքի հացը և այլն: Մեր ճամբարականները, իրենց ընտանիքների հետ, մասնակցեցին օրվա աշխատանքներին և սիրով էին ներառվում: Իր հոգսն է, ինքն այդտեղ ապրում է, ուրիշ կերպ չէր կարող լինել: Բայց կարևորն այն էր, որ գործին միանում էին ինքնաբուխ՝՝ հասկանալով դրա անհրաժեշտությունը, շատ ժամանակ չնկատելով այդ անցումը: Օրվա երկրորդ կեսին իրենվ շատ չէի հետապնդում, որպեսզի արհեստական չդառնար, շոուի չվերածվեր, ցուցադրական չլիներ:  Նյութերը հավաքագրում էի հաջորդ օրվա իրենց զրույցներից, գյուղամիջում հանկարծակի հանդիպելիս, երբ որևէ գործունեությամբ էին զբաղված, կամ իրենց կատարած նկարահանումներից էի օգտվում: Եվ դա ավելի անկաշկանդ էր դարձնում նրանց, նկարում էին այն, ինչն իրենք կուզեին ցույց տալ ու վերջ: Ուրեմն այդպես է պետք: Արսենն ասում է՝ իրենց հորթերին պետք է անպայման ուղեկցենք մինչև գետը, թե չէ չեն գնում, դրա համար մի քիչ հոգնում եմ: Այս խոսքից իմացա, որ Արսենը, Արմենը և իր ընկերը ճամբար են հասնում արդեն առավոտյան վազքի պլանը կատարած: Փիլիպոսյան Հայկն իր խոսքի մեջ ասում է, որ հասկացել է, որ եթե քաղաքում աշխատող մարդը մեկ օր չներկայանա աշխատանքի, նրան ոչինչ չի լինի, բայց գյուղացին չի կարող մեկ օր չաշխատել, որովհետև կովը կմնա, կաթը կմնա, խոտը կմնա, հավը կմնա, ու էդպես ամեն ինչ կխախտվի: Քաղաքն առանց գյուղի չի կարող լինել: «Չէ՜, գյուղացու գործը դժվար է»,-ասում է: Գյուղամիջի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ Հայկը հանդիպեց իր տան տատիկին ու միանգամից խառնվեց. «Ա՜յ տատ, ինչո՞ւ ես շոգին կանգնել»: Տատն ասում է. «Մի հորթը բարձրացավ ուրիշ կողմ»: Հայկը տատի ձեռքից փայտը վերցրեց: «Ես կբերեմ, դու գնա տուն»: Տատն էլ պաչում է Հայկին ու խելոք գնում: 4 օր է դեռ, Հայկն արդեն տան տղան է, տատն էլ ընդունում է: Շատ կարևոր պահեր են, որ պարտադիր է տեսնել, աչքդ թարթեցիր, բաց կթողնես, ափսոս «կադրեր» են, հենց այսպիսի որակներն են կարևոր, ինքնատիպ դրսևորումները, անհատի ստեղծվող կերպարը: Վերջին օրերին խոսելիս, պատմելիս կիսվում էին, որ այսպիսի համակեցության շնորհիվ շատ բան հասկացան, որ նոր բարեկամություն ստեղծվեց, որ նոր ընկերներ ձեռք բերեցին՝ մի ամբողջ գյուղի ընկերություն: Ավետն ասում է՝ մենք էլ միմյանց լավ չէինք ճանաչում: Բացի ճամբարականներից՝ բարեկամություն ստեղծվեց նաև քաղաքի, գյուղի ընտանիքների միջև: Վերջին օրերին գրեթե ամեն օր ծնողներն այցելում էին գյուղ՝ ծանոթանալու իրենց երեխային հյուրընկալած ընտանիքին, դպրոցին, բոլորին: Տեսնեիք՝ ինչ պատրաստված էին, ինչ ոգևորված: Անիելայի և Ռալֆի ծնողները նույնիսկ գիշերեցին իրենց հյուրընկալած տանը: Ոչ մի դեպքում չհամաձայնեցին, որ հյուրատնից օգտվեին: Հաջորդ օրը մեր հացթխիկի ծեսն էր: Համլետենց հացատանը պետք է թխեինք: Ամբողջ բակը եռուզեռ էր: Քաղաքից եկած ծնողներ, ճամբարականներ…Բոլորն ուզում են հաց թխել, գաթան պատրաստել. դե՜, թոնիրը վառած է, բա գաթա չուտե՞ն հացթուխները…Իհարկե: Մեկը մտել գոմից աղավնի է բռնում, մյուսը հավերի ճտերին է բռնում, բմբուլները օդ է բարձրացրել, մյուսները տուկի դեզի վրա են…Տանտերերը՝ այնքա՛ն բարեհամբյուր, այնքա՛ն բարի, հանգիստ, բացսիրտ մարդիկ… Ուղղակի շշմելու է: Դե՜ արի, ու մի սովորիր: Հացն ու պանիրը կերանք, ծնողները սիրով գնեցին գյուղացիների արդար բնամթերքից ու կեսօրին հեռացան: Երեխաները ասում էին՝ հազիվ մնացինք մերոնցով:

Օրերն ուղղակի թռան: Վաղը պետք է մեկնենք: Արդեն անհասկանալի զգացողություններ է բոլորի մոտ: Ամեն ինչ այնքան լավ էր, որ կարծես չէին ուզում վերադառնալ: Ռալֆն ասում էր՝ նորից հեռախոսների մեջ պիտի մտնենք, երեկոները չկարողանանք հավաքվել, դա ինչ կյանք է: Հաստատ որոշել է, որ իր գյուղական անկյունն է ստեղծելու հայրիկի հետ:

Վերջին օրը հանդիպում կազմակերպեցին գյուղի ընտանիքների հետ: Հավաքվեցինք բոլորս՝ մեծով, փոքրով: Հաստատեցինք մեր ընկերություն-բարեկամությունը: Անկասկած այն լինելու է շարունակական՝ կրթական փոխանակումներով և ընկերական կապերով: «Գագարին» պրոյեկտի շրջանակում ընդգրկված բոլոր նախագծերը, վստահ եմ, որ հաջողություն են ունենալու, որովհետև այն կրթության զարգացմանն է ուղղված, վրիպել չի կարելի: «Դար» հիմնադրամի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աջակցությամբ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Շատ կարևոր են այսպիսի պայմաններ ստեղծել կրթության համար, միջավայր կառուցել, որպիսի անհատը բացահայտվի, կարողանա դրսևորել իրեն, կարողանա ինքն իրեն բացահայտել վերջապես: Երբեմն չենք վստահում երեխային, մտածելով`փոքր է, դե, չի կարող, դեռ կհասցնի, իրեն կվնասի, կմրսի…Այդպես չէ: Ցանկացած դեպքում պետք է հնարավորություն ստեղծել ինքնակազմակերպվելու: Իմ պատմությունը անվերջ է, կարող եմ երկար շարունակել իմ մանկավարժական դիտարկումները, բացահայտել ձևավորվող որակները, որոնք բխում են միջավայրի պայմաններից, տեղանքից, ստեղծված իրավիճակից: Այս պատմությունը թարմ էր և իմ մտորումները կապվեցին գյուղական այս անմոռանալի օրերի հետ, սակայն ամեն անգամ տարբեր ճամփորդությունների և ճամբարների ընթացքում այսպիսի դիտարկումների և բացահայտումների աշխարհ է հավաքվում՝ արժանի գրանցումների և վերլուծությունների: Կյանքի դպրոցը պետք է զարգացում ապրի ցանկացած պայմաններում:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский