«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրակրթության նոր պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի դիտանկյունից

ԿԳՄՍ նախարարության «Կրթության բարելավում ծրագրի» շրջանակում վերջերս (օգոստոսի 12-14) մասնակցեցի եռօրյա առցանց սեմինարին: Չեմ կարող ասել, որ սեմինարի ընթացքում ներկայացվող նյութերը լիովին նոր բացահայտումներ էին ինձ համար, բայց օգտակարն այն եղավ, որ երեք օրերի ընթացքում՝ 9 ժամ շարունակ, ընթերցել ու քննարկել ենք այն ամենակարևոր դրույթները, որոնք ներկայացված են 29 էջից բաղկացած պետական չափորոշիչում և 320 էջից բաղկացած օտար լեզու բնագավառի նոր չափորոշիչներում ու առարկայական ծրագրերում: Կարծում եմ, որ մեր կրթահամալիրի դասավանդողների համար էլ օգտակար կլինի վերապատրաստման սեմինարի իմ այս լուսաբանումը: Դասավանդողը պետք է իմանա, թե կրթական ինչ նոր ռազմավարություն է մշակվել մեր երկրում, որի մեկնարկը տրվելու է 2023 թվականին:

Լուսաբանման ընթացքում ես աշխատելու եմ վեր հանել ու նշել հանրակրթության կազմակերպման մեջ որպես նորը ներկայացվող այն դրույթները, որոնք մեր կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչներից են եղել տարիներ շարունակ: Դա կարող է մեր ամենօրյա աշխատանքի նկատմամբ ինքնավստահության բարձրացման և Հայաստանի հանրակրթության նոր ռազմավարության մեջ ինքնաճանաչման քայլ լինել:

Սեմինարի առաջին օրը. պետական չափորոշիչ, կարողունակություն, վերջնարդյունք, կրթության բովանդակություն:

Հանրակրթության նոր պետական չափորոշչում առանցքային տեղ է գրավում կարողունակություն նոր տերմինը: Այս տերմինը բացակայում է Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»: Տերմինը հնարավոր չէ գտնել նաև «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում». նոր չափորոշիչների հեղինակները այսպես են թարգմանել անգլերեն «competence» բառը, որը ըստ Հասմիկ Ասմանգուլյանի «Անգլերեն-հայերեն բառարանի»՝ հայերենում մի քանի մեկնություն ունի՝ կարողություն, ունակություն, ձեռնհասություն, իրազեկություն:

Ընդունված է, որ միջնակարգ դպրոցի եռաստիճան համակարգով կրթության կազմակերպմամբ (տարրական, հիմնական, միջնակարգ) սովորողի մոտ պետք է ձևավորվեն հետևյալ 8 կարողունակությունները՝ 

  1. Լեզվական կարողունակություն և գրագիտություն

Այս կարողունակության կրթահամալիրայինը. բլոգային ուսուցումը սովորողի համար հնարավորություն է ստեղծում մայրենի և օտար լեզուներով ձեռք բերել ընդհանուր գրագիտություն ոչ միայն մայրենի և օտար լեզուների լեզվական նյութերով, այլ նաև անել հրապարակումներ ուսումնական տարբեր բնագավառներին համապատասխան՝ հետազոտելով, քննելով, մեկնաբանելով, կարծիքներ արտահայտելով, եզրահանգումներ անելով: 

  • Սովորել սովորելու կարողունակություն

Այս կարողունակության կրթահամալիրայինը. թիմային կամ անհատական աշխատանքով նախագծային ուսումնառությունը, նախ և առաջ, նպաստում է սովորել սովորելուն: Նախագծային ուսուցում-ուսումնառության գործընթացում սովորողը մի որևէ ուսումնական առարկայի դասագրքից մի որևէ տեքստ տանը չի սովորում, որպեսզի դպրոցում այն վերապատմի ու ստանա իր ընթացիկ գնահատականը: Նախագծային ուսուցում-ուսումնառությամբ հիմք է դրվում ամբողջ գիտակցական կյանքում անընդհատ սովորելու արժեհամակարգի ստեղծմանը:

  • Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն        

Անհատական ուսումնական պլանով սովորողի ուսումնառությունը հնարավորություն է տալիս սովորողին ճանաչելու իր ներքին ունակությունները և կատարելու ճիշտ մասնագիտական կողմնորոշում, իսկ թիմային նախագծային աշխատանքն էլ օգնում է, որպեսզի սովորողը իր հետագա կյանքում ուղղորդվի կառուցողական ու համերաշխ սոցիալական հարաբերություններով:

  • Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություններ

Կարելի է սահմանադրության դրույթները սովորել որպես դաս, պատմել այդ դասը ու թվանշանային գնահատական ստանալ, բայց ժողովրդավարությունը և քաղաքացիականությունը այդպես էլ կենսակերպ չդառնան:   

Կրթահամալիրի սովորողները ժողովրդավարության հիմունքների հետ առնչվում են իրենց ամենօրյա ուսումնառության ընթացքում: Դրա սկիզբը դրվում է ուսումնական պայմանագրի կնքումով: Սովորողը կարդում ու ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ նշված են իր իրավունքները և պարտականությունները, ու դառնում է իր ուսումնառության պատասխանատուն: Դրա սկիզբը դրվում է նաև անհատական ուսումնական պլանի ստեղծմամբ, երբ սովորողն ունի ուսումնառության ուղղվածության ընտրության իրավունք: Նախագծային ուսումնառությունը սովորողներին հնարավորություն է տալիս նույնիսկ կրթության բովանդակություն ստեղծել՝ ըստ իր ձեռք բերած կարողունակությունների, դիրքորոշման և արժեհամակարգի:

  • Թվային և մեդիա կարողունակություն

2010 թվականին կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարեց՝ «Կա մեդիա՝ կա կրթություն, չկա մեդիա՝ չկա կրթություն»: Կրթահամալիրի դպրոցների սովորողները և դասավանդողները դպրոց են գալիս իրենց անհատական թվային միջոցներով: Սովորողի և ուսուցչի ուսումնական աշխատանքով ստեղծվում և սպասարկվում են բազմալեզու mskh.am կայք, մեդիագրադարան, ուսումնական TV և ռադիո, մանկավարժական քառալեզու և պատանեկան, մանկական էլեկտրոնային պարբերականներ: Լաբորատորիաների, ուսումնական կենտրոնների, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներում յուրաքանչյուր օր մեդիա արտադրանք է ստեղծվում:

  • Մշակութային կարողունակություն

Կրթահամալիրում սովորողներն այս կարողունակությունը ձեռք են բերում կրթական երեք աստիճաններում անընդհատ՝ ոչ այնքան տեսականորեն, որքան գործնականորեն՝ իրենց անմիջական մասնակցությամբ: Մի բան է պատմության դասագրքի մշակույթ բաժնում կարդալ Կոմիտասի մշակութային մեծ ժառանգության մասին, միանգամայն այլ՝ ուսումնական ծրագրի մեջ ներառել այն ու սովորեցնել սովորողներին երգել այդ երգերը, իմանալ հայկական տարբեր պարերգերի խոսքերն ու շարժումները, եկեղեցում մասնակցել ժամերգությանը, իրական մասնակցությամբ զգալ հայկական հինավուրց ծեսերի էությունն ու բերկրանքը: Կրթահամալիրում սովորողը 7 օտար լեզու և այդ երկրների մշակույթն ուսումնասիրելու հնարավորություն ունի: Կրթահամալիրը Հայաստանում միակ հանրակրթական հաստատությունն է, որտեղ վրացերեն է դասավանդվում, և տարիներ շարունակ կրթական փոխանակումներ են կազմակերպվում Վրաստանի դպրոցների և կրթահամալիրի միջև:

  • Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն  

Շնորհիվ շրջապատող տարածքների չափումներ, նախնական հաշվարկներ և խանութներում ու շուկաներում իրական առևտուր պարունակող նախագծերի՝ մեր դպրոց-պարտեզների սովորողների համար մաթեմատիկան հասանելի ու կենցաղում կիրառելի է դառնում: Միջին դպրոցում արդեն սովորողները ինքնուրույն մաթեմատիկական առաջադրանքներ են կազմում մաթեմատիկական ֆլեշմոբների համար, իսկ Ավագ դպրոցի սովորողները ՏՀՏ լաբորատորիայում մաթեմատիկական մոդելավորում են սովորում:

  • Տնտեսական կարողունակություն

Դժվար է ասել, թե այս կարողունակությունն ինչպես է ձևավորվում հանրակրթական դպրոցում, երբ պետական չափորոշչում կարդում ենք այս տողերը. «Աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները և արժևորում են առողջ ու անվտանգ կենսակերպը»: Կարծում եմ, որ հնարավոր չէ նման կարողունակություն զարգացնել միայն դասագիրք ընթերցելով: Տնտեսական կարողունակությունը ձեռք են բերում մեր Քոլեջի սովորողները, ովքեր միջին մասնագիտական կրթություն են ստանում տնտեսության տարբեր ճյուղերի մասնագիտություններ սովորելով: Օրինակ, «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունն ընտրած սովորողները նախագիծ են իրականացնում՝ իրենց առաջ խնդիր դնելով, թե ինչպես է կարելի հիմնել և աշխատեցնել իրենց մասնավոր զբոսաշրջային ծառայությունը: Իսկ Խաղողի և գինու դպրոցում ուսանողները սովորում են, թե ինչպես խաղողի այգի հիմնել ու զբաղվել գինեգործությամբ:

Սեմինարի առաջին օրվա ընթացքում խոսեցինք նաև կրթական տարբեր աստիճանների վերջում սովորողների կողմից ձեռք բերվող վերջնարդյունքներից, որոնց մասին այս հոդված-լուսաբանման մեջ չեմ ուզում խոսել, քանի որ ամեն ինչ հստակ գրված է չափորոշչում, որը պարտադիր է համարվում բոլոր դպրոցների համար: Այստեղ միայն պետք է ընդունել, որ սովորողները տարբեր են իրենց ակադեմիական ընդունակություններով, նյութը ընկալելու կարողությամբ և հմտություններ ձեռք բերելու ունակություններով: Ամեն ինչ քարացած չէ, ու ամեն ինչ չէ, որ չափելի է:

Երկրորդ օրվա ամենակարևոր քննարկումը նախագծային գործունեությանն էր նվիրված: Սեմինարավարը ներկայացրեց նախագծային գործունեության արդիականությունը նոր չափորոշչի և ծրագրերի համատեքստում: Ներկայացվեցին նաև նախագծի իրականացման փուլերը, որոնց մեջ առանձնակի ուշադրության է արժանի անդրադարձի՝ վերջին փուլը, երբ սովորողները, դասավանդողները, ծնողները ամփոփում են նախագիծը՝ ինչպես հարկն է արժևորելով այն: Ամփոփելով սեմինարի նյութերը, ինչպես նաև՝ վերընթերցելով կրթահամալիրի «Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը, ու տարիներ առաջ իմ կատարած այլոց փորձի ուսումնասիրությունը` առաջարկում եմ ուսումնական նախագծի մշակման և իրականացման այս ձևը, որը պարզ ու հասանելի կարող է լինել նաև երբևէ նախագիծ չիրականացրած դասավանդողի համար:

Ուսումնական նախագծի կառուցվածքը

  • Նախագծի վերնագիրը
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
  • Նախագծի իրականացման ժամկետները
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում

Երրորդ օրվա կարևոր քննարկումը սովորողների գնահատմանն էր նվիրված: Միշտ էլ դեմ եմ եղել ընթացիկ թվանշանային գնահատմանը, ու լավ է, որ մեր կրթահամալիրում ընթացիկ գնահատումը ձևավորողն է, երբ սովորողի բլոգում հրապարակված աշխատանքին դասավանդողը բնութագրիչ գնահատականներ է տալիս, իսկ թվանշանայինը միայն ամփոփիչն է՝ ուսումնական շրջանի ավարտին, երբ գնահատվում է սովորողի գործունեությունը, կատարած աշխատանքը ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում:

Կարծում եմ, որ հետաքրքրության են արժանի նախագծային աշխատանքների գնահատման այս ձևավորող չափանիշները.

  • նախագծի վրա աշխատանքի ինքնուրույնությունը,
  • նախագծի թեմայի արդիականությունը և կարևորությունը,
  • որոնողական, հետազոտական աշխատանքի արդյունքի առկայությունը
  • առաջարկվող լուծումների ինքնատիպությունը,
  • սովորողների նպատակային գիտելիքների և հմտությունների ձեռք բերումը
  • վերջնական արդյունքի համոզիչ ներկայացումը, նախագծի բովանդակության բացահայտումը:

Աղբյուրներ`

Սեմինարավար Էմմա Ռևազյանի ներկայացրած նյութերը    

Պետական չափորոշիչ

«Օտար լեզու» բնագավառի նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը

Կրթահամալիրի կայքը

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский