Ինչ է նշանակում սիրել

Հեղինակ: 

Եկեք ամեն ինչ պարզաբանենք վերջնականապես. նկարագրելիս ես չեմ փորձում այդ երեխային ներկայացնել որպես անխելք, արհամարհված սիբարիտի, մյուս կողմից էլ, ես ոչ մի կերպ չեմ պահանջում վերադառնալ «մայրիկի սվիտերներին», թիթեղյա խաղալիքներին, գուլպաներին, ընտանեկան խնդիրների լռությանը, Օգինոյի մեթոդին և այն ամենին, ինչը ստիպում է այսօրվա երիտասարդությանը մեր երիտասարդությունը ընկալել որպես սև ու սպիտակ կինոնկար: Ո՛չ, ես պարզապես ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչպիսի ծույլիկ կլինեի, եթե զուտ պատահականորեն ծնվեի ասենք մի տասնհինգ տարի առաջ:
Ոչ մի կասկած. ես հաստատ ծույլիկ սպառող կդառնայի: Մտավոր հասունության պակասը կլցնեի սպառման հասունությամբ, ինչը պատանու ցանկությունները նույնքան օրինական է դարձնում, որքան ծնողներինը: Ես դա ինձ համար սկզբունքային կդարձնեի: Այսպիսով՝ լսում եմ ինքս ինձ. «Դուք համակարգիչ ունեք: Ես էլ եմ ուզում, դրա իրավունքն ունեմ: Հատկապես, եթե չեք ցանկանում, որ դիպչեմ ձերին »: Եվ ինձ կզիջեին: Սիրուց դրդված:
Այլասերված սեր:
Հեշտ է ասել: Յուրաքանչյուր դարաշրջան ունի իր լեզուն ծնողական և որդիական սերն արտահայտելու համար: Մերը նախընտրում է իրերի լեզուն: Մի մոռացեք տատիկ Մարկետինգի ախտորոշումը. «Սրանում է առանձնահատկությունը»:
Շատ տղաների և պատանիների նման, որոնց մասին լսում եմ բոլոր կողմերից, ես կարող էի մայրիկիս համոզել, որ ինչ-որ խմբի իմ համապատասխանությունը և, հետևաբար, իմ հոգեկան հավասարակշռությունը, կախված է այս կամ այն ​​գնումից.
-Մայրի՛կ, ինձ հարկավոր է, պարզապես անհրաժեշտ է գնել վերջին NNN մոդելը:
Մայրիկս կուզե՞ր , որ ինձ պարիա զգայի: Ինչ է, դպրոցական խղճուկ արդյունքներս ինձ հերիք չէի՞ն: Պե՞ տք էր, որ դրանց թիվը ավելանար:
-Մայրի՛կ, անկեղծ ասած, առանց սրա ես լրիվ հիմարի տեսք կունենամ: Մի փոքր շտկում. «հիմարը» հնացած բառ է. «Ես անկապ տեսք կունենամ»: Միշել Օդիարը իր ժամանակին խոսել է նկուղի մասին:
-Մայրի՛կ ,եթե չվճարես, ինձ նկուղ կտանեն:
Եվ սիրող մայրս հաստատ տեղի կտար:
Միայն՝ արդյո՞ք ես տասնհինգ տարի առաջ չորս եղբայրներից ամենակրտսերը կլինեի: Կցանկանայի՞ն արդյոք ինձ: Ծնվելուս վիզան կխփեի՞ն:
Ընտանեկան բյուջեի հարցը, ինչպես մնացած բոլոր բաները:

11
«Դա» -ի այն տարրերից մեկը, որին ներկայիս երիտասարդ ուսուցիչը պատրաստ չէ, հանդիպումն է երեխա հաճախորդների մի ամբողջ դասարանի հետ: Իհարկե, նա ինքն էր այդպիսին, ինչպես նաև իր երեխաները, բայց այս դասարանում նա ուսուցիչ է: Եվ, լինելով ուսուցիչ, նա չի լսում հայրական սրտում հնչող ծնողական սիրո և պարտքի ձայնը իր երեխայի հանդեպ: Աշակերտը ցանկալի երեխան չէ, որպեսզի վերջինիս հանդեպ սերը հալեցնի ուսուցչական կազմի սրտերը: Այստեղ դպրոց է, քոլեջ, ճեմարան, այստեղ մենք տանը չենք, ոչ էլ խանութում. այստեղ տեղի չեն տալիս ամենաչնչին ցանկություններին` նվերներ տալով, այլ պարզապես բավարարում են միայն հիմնական կարիքները: Կրթության կարիքը, շատ ավելի դժվար է բավարարել, քանի որ նախևառաջ հարկավոր է նաև այն արթնացնել: Ուսուցիչի համար դժվար կլինի գլուխ հանել այս քմահաճույքներից և կարիքներից: Իսկ երիտասարդ հաճախորդի համար` ցավոտ առաջընթաց. զբաղվել կարիքների բավարարմամբ՝ ի վնաս քմահաճույքների. դատարկել գլուխը ՝միտքը մարզելու, ազատվել հագուստից, գիտելիք ձեռք բերելու համար, փոխել շողշողացող խաղալիքները անտեսանելի աբստրակցիաների հետ: Ինչպես նաև վճարել այդ դպրոցական գիտելիքների համար, մինչդեռ քմահաճույքների բավարարումը նրան ոչ մի բան չի պարտավորեցնում: Քանի որ Ժյուլ Ֆերիից ժառանգած անվճար կրթության պարադոքսը` հանրային դպրոցը, շարունակում է մնալ շուկայական հասարակության այն վերջին տեղը, որտեղ երեխա-հաճախորդը ստիպված է անձամբ վճարել ամեն բանի համար բարենբար. իմացություն աշխատանքի դիմաց, գիտելիքներ ջանքերի դիմաց, անկախ մտորումներ համաշխարհային մտավոր արժեքներին հասնելու դիմաց, լսարանում մշտական ​​ներկայություն անորոշ ապագայի դիմաց. ահա թե ինչ է դպրոցը պահանջում նրանից:
Եթե ​​լավ սովորող աշակերտը ուժեղ է, հանգամանքները հաշվի առնելու ունակությամբ և գոհ է այդ իրավիճակից, ապա ինչո՞ւ պետք է ծույլիկը նրան ընդունի այդպիսին: Ինչո՞ւ նա պետք է հրաժարվի իր առևտրային հասունության կարգավիճակից հանուն հնազանդ ուսանողի անկայուն դիրքի, վիճակ, որը, նրա կարծիքով, իրեն ինֆանտիլացնում է: Ինչո՞ւ նա պետք է ինչ-որ բան վճարի դպրոցին, երբ հասարակությունը, որում ապրում է, առավոտից երեկո, նրան առաջարկում է անվճար անիրական գիտելիքներ ՝զգացողությունների և փոխանակման հարաբերությունների տեսքով: Անկախ նրանից, թե որքան վատ սովորող է իրեն զգում դասարանում, մի՞թե նա չի դառնում տիեզերքի տիրակալը իր սենյակում փակված՝ խաղային վահանակը ձեռքին: Եվ երբ նա մինչ լուսաբաց «չաթում» է, նրան չի՞ թվում, թե ինքը շփվում է ամբողջ աշխարհի հետ: Արդյո՞ք ստեղնաշարը չի խոստանում նրան թույլ տալ մուտք գործելու իր ցանկացած գիտելիքների աշխարհը:
Իսկ վիրտուալ բանակի հետ մարտերը նրան լիարժեք կյանք չե՞ն պարգևում: Ուրեմն ինչու՞ է նա այս ամենը փոխելու դասարանում ինչ-որ աթոռի հետ: Ինչո՞ւ համակերպվել իր եռամսյակի ամփոփիչ գնահատականներին վերաբերող մեծահասակների դժգոհ մեկնաբանություններին, երբ նա իր սենյակում փակված` ընտանիքից և դպրոցից հեռու իրեն թագավոր է զգում:
Անկասկած, եթե այն ծույլիկը, որը ես եմ եղել,տասնհինգ տարի առաջ ծնվեր, և եթե նրա մայրը տեղի չտար ամենաչնչին քմահաճույքներին, ապա նա նույնպես ընտանեկան գանձարանը կբացեր, բայց այս անգամ արդեն ինքն իրեն նվեր անելու համար: Նա իրեն բոլորից փախչելու վերջին ճիչի հնարավորություն է ընձեռում. թույլ է տալիս, որ էկրանն իրեն կլանի, լուծվում է նրա մեջ, սահում է տարածության և ժամանակի մեջ, առանց սահմանների և սահմանափակումների, առանց ժամանակացույցի և հորիզոնների, շփվում է «չաթում» անդադար և անիմաստ՝ հենց իր նմանների հետ: Նա հավանաբար պաշտելու էր այս դարաշրջանը, որը, իր վատ սովորող աշակերտներին ոչ մի ապագա չերաշխավորելով, տալիս էր նրանց մի տեխնիկա, որն օգնում է ոչնչացնել ներկան: Եվ դա կլինի իդեալական որս այն հասարակության համար, ում հաջողվում է այդ հերոսությունը՝ բուծել գեր երիտասարդներ` անդեմ ու անմարմին:

12.
-Ի՞նչ է, ես գեր, անմարմին երիտասա՞րդ եմ: (Տե՛ր: Դարձյալ նա ...)
-Ո՞վ թույլ տվեց քեզ խոսել իմ փոխարեն:
Գրողը տանի, ինչո՞ւ հիշեցի նրան` այն ծույլիկին, որը ժամանակին եղել եմ, ինչո՞ւ վեր հանեցի իմ մասին այդ անխորտակելի հիշողությունը: Ես արդեն հասնում եմ վերջին էջերին, և նա ինձ չէր անհանգստացնում Մաքսիմիլիանի մասին հենց այն խոսակցությունից ի վեր, և ահա ես նորից հիշեցի:
— Պատասխանի՛ր: Ո՞վ քեզ թույլ տվեց մտածել, որ եթե ես տասնհինգ տարի առաջ ծնված լինեի, ես կդառնայի այն հիպեր ծույլիկ սպառողի տեսակը, որի մասին խոսում ես:
Անկասկած, հենց նա է: Եվ, ինչպես միշտ, բացատրություններ է պահանջում ՝ արդյունքները ցույց տալու փոխարեն: Լավ, եկեք խոսենք.
- Եվ երբվանի՞ց է ինձ պետք քո թույլտվությունը ինչ-որ բան գրելու համար:
- Այն ժամանակից, ինչ շատախոսում ես ծույլիկների մասին: Ես, ես այս թեմայի հիմնական փորձագետն եմ, ինձ այդպես է թվում:
Հնարավո՞ր է արդյոք փորձառու լինել մի բանում, ինչից տառապում ես: Հնարավո՞ր է՝ հիվանդները փոխարինեն իրենց բուժող բժիշկներին, իսկ վատ սովորողները՝ ուսուցիչներին: Պարզապես թույլ մի՛ տուր, որ նա տարածվի այս թեմայի շուրջ. դա ինձ կստիպի շատ էջեր սևացնել: Եկեք հնարավորինս արագ ավարտենք:
-Ընդունենք: Ըստ քեզ դու ինչպիսի՞ ծույլիկ կլինեիր այսօր:
- Եթե դա պատահեր այսօր, ես ամեն ինչից հիանալի գլուխ կհանեի: Կյանքում դպրոցից բացի էլի բաներ կան, պատկերացնո՞ւմ ես: Դու հենց սկզբից գլուխներս տանում ես քո այդ դպրոցով, բայց չէ՞ որ կան նաև այլ լուծումներ: Դու ունես մի խումբ ընկերներ, որոնք հաջողության են հասել դպրոցից դուրս: Հարկավոր է նաև սա ասել, չէ՞: Նայեք ՝ Բերտրանը, Ռոբերտը, Մայքը, Ֆրանսուազը: Նրանք դադարեցին դպրոց գնալը և ապրում են ինքնուրույն: Չէ՞ որ նրանք շատ էլ լավ են ապրում, չէ: Օրինակ՝ ես էլ այսօր կարող էի դառնալ էլեկտրոնիկայի չեմպիոն, իսկ ինչո՞ւ ոչ:
— Ո՞չ. քեզ դուր չի գալիս այս հեռանկարը: Իհարկե, չէ՞ որ դու, դու ինքդ չես կարողանում գլուխ հանել ամենապարզ համակարգչից: Ուզո՞ւմ ես, որ ես հենց այդպիսի բացարձակ ծույլիկ սովորող մնամ: Չհրկիզվող պահարան կոտրող: Որպեսզի ինձ որպես օրինա՞կ ցուցադրես: Լավ, համաձայն եմ, եթե նույնիսկ ես տասնհինգ տարի առաջ ծնվեի, ես էլի ծույլիկ կլինեի, դասարանիդ ամենավատ աշակերտը, և դու այսպես կծավալվեիր. «Ինձ դա չեն սովորեցրել, ինձ դրա համար չեն սովորեցրել»։ ի՞նչ կասես, այսպես հարմա՞ր է:
- Ամեն դեպքում, ով էլ լինեմ կամ չլինեմ, բանն այդ չէ:
— Իսկ ո՞րն է:
- Ի՞նչ է այդ « դա »-ն, որի համար, ինչպես ասում են երիտասարդ ուսուցիչները, իրենց չեն կրթել, ահա այն միակ ու գլխավոր հարցը, որ ինքդ քիչ առաջ տվեցիր:
- Ուրեմն ո՞րն է պատասխանը:
- Ամեն ինչ այնքան հին է, որքան աշխարհը. ուսուցիչները պատրաստ չեն գիտելիքների և տգիտության բախմանը, ու՝ վերջ:
- Խոսիր տեսնեմ ...
- Իհարկե, բոլոր այս պատմությունները կողմնորոշման կորստի, բռնության, սպառման մասին հենց այսօրվա բացատրությունն են: Վաղը կարող է բոլորովին այլ բան լինել: Եվ հետո ինքնդ էլ ասացիր՝ հնարվոր չէ այդ «դա» -ի իրական բնույթը ներկայացնել բաղկացուցիչ տարրերի օբյեկտիվ քանակով:
- Ինչն էլ ամենևին այն հասկանալի չի դարձնում:
- Դա հենց այն է, ինչ ես ասացի քիչ առաջ` գիտելիքի և տգիտության բախում: Չափազանց ծանր բան է : Ահա «դա» -ի իրական բնույթը: Լսո՞ւմ ես:
-Լսում եմ, լսում եմ:
Ես լսում եմ նրան, իսկ նա, բարձրանալով ամբիոն, ինքնավստահ ինչպես երբևէ, սկսում է ինձ դասախոսություն կարդալ, որից հետևում է, եթե ճիշտ եմ հասկանում, որ «դա»-ի իրական բնույթը կայանում է գիտելիքի, ինչպես հասկացվում է, և տգիտության, ինչպես իրականում կա, հավերժական բախման մեջ, ուսուցիչների բացարձակ անկարողության մեջ` հասկանալու կատարյալ տգիտության վիճակը, որում գտնվում են իրենց ծույլիկները։ Չէ՞ որ իրենք էլ լավ են սովորել, գոնե հենց այն առարկան, որը դասավանդում են: Ըստ ամենայնի, ուսուցիչների հիմնական դժվարությունն այն է, որ ունակ չեն պատկերացնելու, թե չգիտեն իրենց իմացածը:
Անկախ նրանից, թե ուսման ընթացքում ինչ դժվարությունների են հանդիպել, դրա արդյունքում ստացված գիտելիքները դառնում են նրանցից անբաժան և ընկալվում են որպես ակնհայտ մի բան («Բայց չէ՞ որ դա ակնհայտ է»), նրանք ի վիճակի չեն պատկերացնելու, որ նրանց համար, ովքեր այդ պահին գտնվում են կատարյալ անտեղյակության մեջ, այդ գիտելիքները կարող են բոլորովին խորթ լինել:
- Օրինակ ՝ դու, ում մեկ տարի է պահանջվել «ա» տառը սովորելու համար ... Կարո՞ ղ ես այսօր պատկերացնել, որ չգիտես ոչ կարդալ, ոչ էլ գրել: Ո՛չ: Ինչպես մաթեմատիկայի ուսուցիչը ունակ չէ պատկերացնելու, որ ինքը չգիտի, որ երկու անգամ երկուսը չորս է: Բայց կար մի ժամանակ, երբ դու չգիտեիր կարդալ: Դու այբուբենի մեջ թավալ էիր գալիս, ինչպես ջրփոսում: Խղճուկ տեսք ունեիր, պետք է ասեմ: Հիշո՞ւմ ես Ջիբութին: Իսկ հիմա հիշեցնեմ ձեզ ավելի մոտ ժամանակների մասին, երբ մտածում էիր, որ Ալիսը՝ դուստրդ, որն այսօր քեզանից ավելի շատ է կարդում, դիտմամբ չէր ցանկանում կարդալ առաջին դպրոցական տեքստերը: Հիմարի մեկը: Անարժան հայրիկ:
Եվ ինքն էլ ինչքա՞ն է տառապել: Մոռացե՞լ ես, ինչ է, որ ընթերցանության այդ դժվարությունը հենց քեզ էր բնորոշ և որ քեզ շատ ավելի երկար ժամանակ պահանջվեց, քան աղջկադ, այդ խնդիրը հաղթահարելու համար: Բայց ահա Պարոնը դարձել է չափահաս, ընդ որում ՝ բանիմաց չափահաս, և նրան արդեն նյարդայնացնում է իր սեփական դուստրը, որը չի սովորում: Ուսուցչի գիտելիքդ և ծնողի անհանգստությունդ լիովին զրկել են քեզ այս տգիտության զգացումից:
Ես լսում եմ, լսում եմ: Վերջ, սկսվեց, հիմա չես կարող կանգնեցնել նրան:
- Դուք բոլորդ՝ ուսուցիչներդ նույնն եք: Այն, ինչը ձեզ իսկապես պակասում է, անգրագիտության հատուկ կուրսն է: Դուք մի շարք քննություններ եք հանձնում ձեռք բերված գիտելիքների վերաբերյալ, մասնակցում եք տարբեր մրցույթների, բայց առաջին բանը, որ դուք պետք է սովորեք, այն մարդու վիճակն ընկալելու ունակությունն է, ով չգիտի այն, ինչ դուք գիտեք: Երազում եմ, որ ինչ-որ հեղինակավոր լիցեյի քննության ժամանակ նշանակալից պաշտոնի թեկնածուին խնդրեին խոսել դպրոցում իր ամենավատ ձախողման մասին, օրինակ լիակատար ձախողում մաթեմատիկայից երրորդ կամ երկրորդ դասարանում, և փորձել հասկանալ այդ երևույթների պատճառը:
- Հավանաբար կմեղադրեր իր ուսուցչին:
- Բավարար չէ: Ուսուցիչը մեղավոր է, ես էլ եմ փորձել այս տարբերակը, անցանք սա: Ոչ, թող մի փոքր ավելի խորը փորփրի թող իսկապես պարզի, թե ինչու էր այդ տարի այդքան ընկել:
Թող նա փնտրի պատճառը իր մեջ, իր շուրջը, իր գլխում, հոգու մեջ, մարմնի մեջ, նեյրոնների մեջ, հորմոնների մեջ` ամենուր: Եվ թող նաև հիշի, թե ինչպես դուրս եկավ դրանից: Ի՞նչ միջոցներ էր գործածել դրա համար: Թող նա ձեզ պատմի այդ ներքին ռեսուրսների մասին: Այնտեղ որտե՞ղ էին ապրում այդ ռեսուրսները: Ավելին կասեմ. անհրաժեշտ կլիներ սկսնակ ուսուցիչներին հարցնել, թե ինչու են ընտրել այս առարկան, այլ ոչ թե այլ: Ինչո՞ւ դասավանդել անգլերեն, այլ ոչ թե մաթեմատիկա կամ պատմություն: Այն պատճառով, որ նախընտրո՞ւմ եք առարկան: Լավ, ուրեմն թող փորփրեն իրենց չսիրած առարարկաների մեջ: Թող հիշեն ֆիզիկայի հետ կապված իրենց դժվարությունները, փիլիսոփայությունից իրենց լիակատար անկարողությունը, ֆիզիկական դաստիարակությունից կեղծ ազատումների մասին: Մի խոսքով, նրանք, ովքեր պատրաստվում են դասավանդել, չպետք է պատրանքներ ունենան իրենց դպրոցական անցյալի վերաբերյալ: Նրանք պետք է մի փոքր զգան անտեղյակության վիճակը, եթե ուզում են գոնե մի փոքր օգնել մեզ դուրս գալու դրանից:
- Եթե ես ձեզ ճիշտ եմ հասկանում, կարծում եք, որ հարկավոր է աշխատանքի ընդունել այն ուսուցիչներին, ովքեր նախկին ծույլիկներ են եղել, այլ ոչ թե գերազանցիկներ:
- Ինչո՞ւ ոչ, եթե ​​նրանք դուրս են եկել այդ վիճակից և հիշում են, թե ինչպիսին են եղել ժամանակին: Ի վերջո, դու ինձ շատ բանով ես պարտական:
- Այդպե՞ս չէ:
- Ոչ: Բայց ես կարծում եմ, որ դու պարզապես ահավոր պարտական ես ինձ դասավանդման տեսանկյունից: Ի վերջո, դու ուսուցիչ դարձար միայն այն պատճառով, որ նախկինում ծույլիկ աշակերտ ես եղել: Այսպես չէ՞:
Ազնիվ եղիր. Եթե ​​փայլեիր դասարանում, ապա այլ բանով կզբաղվեիր: Իրականում, դու վերադարձար Ջիբութիի աղբարկղի մոտ, բայց այս անգամ արդեն ուսուցչի հանդերձանքով, որպեսզի այնտեղից այլ ծույլիկ աշակերտների օգնես դուրս գալու: Եվ այս ամենին դու հասար իմ շնորհիվ: Քանի որ դու գիտեիր, թե ինչ եմ զգում: Սա էլ է գիտելիք , չե՞ս կարծում: (Եթե նա կարծում է, որ ես իրեն նման հաճույք կպատճառեմ, սխալվում է… )
- Կարծում եմ, որ դու ինձ արդեն զզվեցրել ես կարեկցանքովդ և որ այն ցանկացած ուսուցչի հաստատ կկատաղեցնի: Եթե ​​ժամանակին խելքդ գլուխդ հավաքեիր, ինքդ էլ դուրս կգայիր աղբարկղից:
Այստեղ նա սկսում է բարկանալ: Նախ, քանի որ չի հասկանում «կարեկցանք» բառը, և երկրորդ, քանի որ մի անգամ բացատրելուց հետո իմաստը շատ էլ լավ հասկանում է:
- Ոչ մի կարեկցանք: Թքած ունեն այդ ձեր կարեկցանքի վրա: Այն մեզ կփչացնի: Ոչ ոք չի խնդրում ձեզ մեր տեղը դնել: Ձեզանից պահանջվում է փրկել այն տղաներին, որոնք չգիտեն, թե ինչպես ձեզ հարցնեն այդ մասին, հասկանու՞մ եք, թե ոչ: Ձեզանից պահանջվում է ձեր ողջ գիտելիքին ավելացնել ինտուիցիա` հասկանալու, թե ինչ է տգիտությունը, այնուհետև գնացեք ինքներդ ծույլիկներ որսալու. դա է ձեր գործը: Վատ ոսովորողն ինքն էլ կարող է իրեն հավաքել, պարզապես սովորեցրեք նրան դա: Միայն սա է ձեզնից պահանջվում անել:
- Ո՞վ է պահանջում:
- Ես։
- Օ, դո՜ւ ... Դե, դու` մասնագետդ, ինքդ ի՞նչ կարող ես ասել այս տգիտության վիճակի մասին:
- Ես կասեի, որ սա ամենևին էլ այդքան մեծ սև անցք չէ, որքան պատկերացնում եք: Ընդհակառակը: Սա նման է մանր –մունր իրերի շուկայի, որտեղ դուք կարող եք գտնել յուրաքանչյուր ցանկալի բան, բացի դպրոցում ձեզ դասավանդածը սովորելու ցանկությունից: Վատ սովորողն իրեն երբեք տգետ չի համարում: Ես էլ, իհարկե, ինձ այդպիսին չէի համարում, այլ գտնում էի, որ ապուշ էի և սրանք բոլորովին այլ բաներ են: Վատ սովորողն իրեն համարում է կա՛մ անարժան, կա՛մ աննորմալ, կա՛մ ըմբոստ,կա՛մ ամեն ինչի վրա թքած ունեցող ինչ-որ մեկը, ով ապրում է՝ համոզված լինելով, որ ինքը շատ բաներ գիտի, բացի այն ամենից, ինչ դուք պատրաստվում եք սովորեցնել իրեն, բայց միևնույն ժամանակ, ամենևին չի համարում, որ չգիտի այն, ինչ դու գիտես: Եվ շատ շուտով նա այլևս բնավ ոչ մի գիտելիք չի ուզում ձեզանից: Նա խաչ է քաշում դրանց վրա:
Երբեմն դա շատ ցավոտ է լինում, բայց ... ինչպե՞ս ասել: Նրան շատ ավելի դուր է գալիս ցավը լուռ տանելը, քան դրանից ազատվելու փորձ անելը, դժվար է հասկանալ այս ամենը, բայց այդպես է: Նա սկսում է ներկայացնել սեփական տգիտությունը՝ որպես իր ամենախոր էություն: Նա մաթեմատիկայի մասնագետ չէ, այլ ընդհակառակը՝ լրիվ զրո, ահա այսպես: Եվ քանի որ նրան հարկավոր էր ինչ-որ բանով փոխհատուցել, նա սկսում է փայլել այլ ոլորտներում: Ինչպես օրինակ՝ իմ դեպքում՝ սեյֆեր բացող: Եվ մի փոքր էլ բերան ջարդող: Եվ երբ նա հայտնվում է ոստիկանությունում, և սոցիալական աշխատողը հարցնում է, թե ինչու չի աշխատում դպրոցում, գիտե՞ք ինչ է ասում:
– Նույն բանը, ինչ ուսուցիչը, այսինքն նույն `« դա »-ն, « դա »-ն: Դպրոցն ինձ համար չէ, ես ստեղծված չեմ «դրա» համար. ահա թե ինչ է նա պատասխանում: Եվ առանց գիտակցելու խոսում է նաև տգիտության և գիտելիքների ահավոր բախման մասին: Նրա «դա» -ն նման է ուսուցչի «դա»-ին: Ուսուցիչները կարծում են, որ իրենց չեն պատրաստել, որպեսզի դասարանում գտնեն այնպիսի սովորողներ, որոնք վստահ են, որ չեն ծնվել այնտեղ նստելու համար: Երկու կողմերից էլ՝ միևնույն «դա»-ն:
- Դե, ինչպե՞ս հաղթահարել «դա», եթե այստեղ կարեկցանքը հակացուցված է:
Նա սկսում է վարանել:
Եվ ես պետք է պնդեմ.
- Դե, ի՞նչ: Դուք գիտեք ամեն ինչ՝ առանց ինչ-որ բան սովորելու: Կարո՞ղ ես միջոց առաջարկել՝ ինչպես դասավանդել՝ չպատրաստվելով «դրան»: Որևէ մեթոդ ունե՞ս:
- Մեթոդների պակաս չկա, կան միայն մեթոդներ: Դուք ձեր ժամանակն անցկացնում եք` թաքնվելով տարբեր մեթոդների հետևում, չնայած հոգու խորքում հիանալի գիտեք, որ այստեղ ոչ մի մեթոդ բավարար չէ օգնելու համար: Քանի որ նրան ինչ-որ բան պակասում է:
- Դե, ի՞նչն է նրան պակասում:
- Չեմ կարող ասել:
- Ինչո՞ւ։
- Անպարկեշտ բառ է:
- «Էմպատիայից» էլ վա՞տ:
- Միանշանակ: Բառ, որը բացարձակապես չի կարող արտասանվել ո՛չ դպրոցում, ո՛չ ճեմարանում, ո՛չ համալսարանում, ո՛չ էլ մեկ այլ նմանատիպ վայրում:
- Եվ միևնույն է, պետք է, չէ՞, իմանանք:
- Ոչ, ես իսկապես չեմ կարող ...
- Արի, արի՛:
-Ես ասում եմ քեզ, չեմ կարող: Եթե ​​դու պարզապես կրթության մասին խոսելիս այս բառն օգտագործես քեզ տեղում կլինչահարեն:
- Սեր:

13
Ճիշտ է, մեզ մոտ անպարկեշտ է համարվում սիրո մասին ակնարկելն անգամ դասավանդման մասին խոսելիս: Նույն բանն է, ինչ կախվածի տանը պարանից խոսես:
Ավելի լավ է դիմել փոխաբերությանը, որպեսզի նկարագրեմ այն սիրո տեսակը, որը տածում են օրիորդ Գ.-ն, Նիկոլ Հ.-ն, և այն ուսուցիչները, որոնց մասին խոսել եմ այս էջերում, որոնց մեծ մասը ինձ իրենց դասարան են հրավիրում, և բոլոր այն անխոնջ աշխատողները, որոնց անգամ չեմ էլ ճանաչում:
Ուրեմն փոխաբերություն:
Այս դեպքում արդեն թևավոր փոխաբերություն:
Կրկին Վերկոր։ Առավոտ, անցած տարվա սեպտեմբեր:
Սեպտեմբերի հենց սկիզբ:
Ես շատ ուշ քնեցի այս գրքի էջերից մեկի վրա: Արթնանում եմ` շտապելով շարունակել այն: Պատրաստվում եմ վեր թռչել անկողնուցս, բայց ինչ-որ հանգիստ աղմուկ ինձ կանգնեցնում է: Ինչ -որ բան ձայն է հանում տան շուրջը: Անթիվ ծղրտոցներ` բարակ և միևնույն ժամանակ ուժեղ: Օ՜, այո: Ծիծեռնակները պատրաստվում են թռչել: Ամեն տարի մոտավորապես նույն ժամին նրանք միմյանց հանդիպում են էլեկտրական լարերի վրա: Դաշտերն ու ճանապարհները ծածկվում են նրանց բաժանարար գծերով: Նրանք պատրաստվում են թռիչքի: Եվ այս աղմուկը հանդիպման ուրախությունից է: Նրանք, որոնք դեռ պտտվում են օդում, թույլտվություն են խնդրում միանալու նրանց, որոնք արդեն նստած են լարերի վրա՝ դողալով հորիզոն թռչելու անհամբերությունից: Շտապե՛ք, շտապե՛ք: Մենք թռչում ենք, մենք թռչում ենք: Նրանք թռչում են, թռչում հյուսիսից հարավ՝ հիչքոկյան գումարտակներով: Հենց այդ կողմն են նայում մեր ննջասենյակի պատուհանները` հյուսիս, հարավ: Մեծը` դեպի հարավ, իսկ փոքրը` հյուսիս: Եվ ամեն տարի նույն դրաման է կրկնվում. որոշ ծիծեռնակներ, խաբվելով իրենց դիմաց տեղակայված պատուհանների թափանցիկությանը, գլուխներն են կոտրում` հարվածելով փոքրիկ պատուհանի ապակուն: Այնպես որ, այս առավոտ ոչ մի բան էլ չգրվեց:
Ես բացում եմ հյուսիսային պատուհանը, այնուհետև` հարավայինը, կրկին պառկում եմ մեր անկողնում և ամբողջ առավոտ նայում ենք, թե ինչպես են ծիծեռնակների ջոկատները թռչում մեր սենյակով `անսպասելիորեն լուռ, գուցե վախեցած այս երկու պառկած էակներից, որոնք հետևում են իրենց շքերթին: Մեծ պատուհանների միայն երկու նեղ փեղկներն են փակ մնում : Նրանց միջև բավական բաց տարածք կա. այդտեղով երկնքի բոլոր թռչունները կարող են թռչել: Այնուամենայնիվ, երբեք անախորժություններից հեռու չենք մնում . երկու կամ երեք ապուշներ անպայման բախվում են այդ պատուհաններին:
Մոտավորապես հենց այսպիսին է մեր ծույլիկների քանակը : Մեր շեղվածները: Շարքից դուրս մնացածները:Ճիշտ ճանապարհով չգնացողները:Լուսանցքում մնացողները: Արդյունքը` հարված ապակուն:Գմփ: Եվ փռվում են գորգի վրա: Այնուհետև մեզանից մեկը վեր է կենում, վերցնում ուշագնաց ծիծեռնակին ափի մեջ (այն չափազանց թեթև է, քամով լցված ոսկորներ), սպասում է, այնքան, մինչև որ վերջինս արթնանա, և բաց է թողնում, որպեսզի պատուհանից դուրս գա և իր ընկերներին հասնի: Վերակենդանացած թռչունը սկզբում մի փոքր ցրված թռչում է, զիգզագներ է անում երկնքում, այնուհետև ուղղություն է վերցնում ուղիղ դեպի հարավ և անհետանում իր ապագայի մեջ:
Ահա այսպիսի փոխաբերություն. գուցե ոչ լավագույնը, բայց սա հենց այն մանկավարժական սերն է, երբ մեր աշակերտները թռչում են խենթ թռչունների պես: Ահա թե ինչով են զբաղվելու օրիորդ Գ.-ն կամ Նիկոլ Ա.-ն իրենց ողջ կյանքի ընթացքում. դպրոցական կոմայից դուրս են բերելու իրենց հանգած ծիծեռնակներին: Նրանց ջանքերը ոչ միշտ են հաջողությամբ պսակվելու, լինելու են անհաջողություններ, ոմանք երբեք ուշքի չեն գա, և կմնան գորգի վրա կամ էլ գլուխները կջարդեն` հարվածելով հաջորդ ապակուն: Այսպիսով՝ վերջիններս մեր գիտակցության մեջ կմնան որպես զղջման փոսեր, ինչպես օրինակ մեր պարտեզի խորքում գտնվողները, որում հանգչում են մահացած ծիծեռնակները: Բայց միևնույն է, մենք նորից ու նորից կփորձենք օգնել նրանց, և դա մեզ կհաջողվի: Նրանք մեր սաներն են: Մեր համակրանքնի ու հակակրանքնի խնդիրները նրանցից մեկի կամ մյուսի նկատմամբ (միանգամայն իրական խնդիրներ, այնուամենայնիվ պետք է ասեմ) հաշիվ չեն: Ով կարող է կռահել, թե որքան ենք մենք սիրում նրանցից որ մեկին: Խոսքը այդ սիրո մասին չէ: Ուշագնած ծիծեռնակը պետք է կյանքի կոչվի:
Եվ վերջ:

 

Թարգմանիչ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский