Ազգային ծեսերի իրականացումը հինգ տարեկանների նախապատրաստական խմբում և դրանց տարածումը

Ազգային ծեսերը, տոները, ավանդույթներն ու սովորություններն ուսումնասիրելը ազգային մտածողության ձևավորման կարևորագույն տարրերից է։ Դրանք ունեն իրենց տևական պատմությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս հայ ժողովրդի պատմությունը, նրանց անցած ուղին։ Դարերով փոխանցվելով սերունդներին` շատ քչերն են պահպանվել մեր կենցաղում կամ պահպանել իրենց բովանդակությունը։ Որոշները՝ մոռացվել, որոշները փոփոխությունների են ենթարկվել քաղաքական և հասարակական ազդակների ներքո։ 

Դպրոցը ազգայինը փոխանցելու և պահպանելու կարևորագույն օջախներից է։ Եվ էլ ովքեր, եթե ոչ 5 տարեկանները, կկարողանան իրականացնել և, ինչու չէ, նաև տարածել այն։ Այս շրջանում  երեխան սկսում է ինքնուրույն դատել, ձևավորել սեփական կարծիքը։ Կյանքի 5-րդ տարին աշխարհճանաչման և անհատի ձևավորման ինտենսիվ շրջան է, որին  նպաստում են ոչ միայն հասարակական հարաբերությունները, այլև պատմության, մշակույթի և մարդկության կուտակած փորձը։ Եվ հենց դա է պատճառը, որ ավագ սերնդի մոտ պետք է ձևավորվի առավել պատասխանատու վերաբերմունք` այս ամենը ճիշտ, մատչելի և նպատակային մատուցելու համար։ 

Ծրագրի նպատակն է հինգ տարեկանների նախապատրաստական խմբում իրականացնել ծիսական նախագծային ուսուցում, խթանել ազգային մտածողության ձևավորումը։ 

Նպատակից ելնելով` առանձնացրել ենք հետևյալ խնդիրները. 

  1. Ազգային ծեսերի, տոների, ավանդույթների տեսական ուսումնասիրություն 

  1. Ծեսերի իրականացում հինգ տարեկանների նախապատրաստական խմբում՝ համապատասխանեցնելով տարիքային առանձնահատկություններին 

  1. Ծրագրի մշակում և տարածում, համագործակցություններ 

  1. Ճամփորդություններով և վարպետաց դասերով ուսուցում 

  1. Ազգային երգերի, պարերգերի ուսուցանում 

  1. Արդյունքների ամփոփում 

Ծրագրի իրականացման արդյունքում սովորողները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, կձևավորվի ազգային մտածողություն, աշխարհայացք, արժեքային համակարգ, կծանոթանան պատմամշակութային բազմաթիվ տարրերի։ Ինչպես նաև կձևավորվեն բազմաթիվ միջդպրոցական կապեր, կրթական փոխանակություններ։ 

Աշխատանքի իրականացման պլան 

  • Ուսումնասիրել ազգային ծեսերի և տոների մասին տեսական գրականություն 

  • Առանձնացնել ծեսեր, որոնք պետք է իրականացվեն 5 տարեկանների նախապատրաստական խմբում 

  • Մշակել սովորողներին մատուցվող նյութը՝ առավել մատչելի դարձնելով տվյալ տարիքային փուլի համար 

  • Դասարանական օրացույցում նշել բոլոր ընտրված ծեսերի համար սահմանված ժամանակահատվածը 

  • Նախապես կազմել ուսումնական նախագծերը, որոշել ճամփորդության վայրերը, վարպետության դասեր կազմակերպելու դեպքում՝ ձեռք բերել պայմանավորվածություններ 

  • Իրականացված բոլոր ծեսերը ամփոփել և ներկայացնել անհատական ուսումնական բլոգում՝ պատումի, նկարաշարի, ֆիլմի տեսքով։ 

Աշխատանքի ընդհանուր նկարագիրը՝ 

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծեսը և ծիսական միջավայրը վաղուց արդեն կրթության, հանրակրթության մաս են դարձել։ Գերխնդիրն այստեղ այն է, որ երեխան ոչ միայն սովորի, այլ ապրի ծեսերն ու ավանդույթները, դրանք մանկապարտեզի ու դպրոցական տարիներից դառնան նրա կյանքի ու կենցաղի անբաժանելի մասը, երգն ու պարը դառնան ոչ թե սոսկ դաս, այլ իր հույզերն ու զգացմունքները դրսևորելու բնական միջոց, որ տոնը ոչ թե բեմադրվի, այլ ապրվի, որ ինքը դառնա տոնի, ծեսի, ծիսակատարության ոչ թե հանդիսատեսը, այլ մասնակիցը, կրողը և փոխանցողը (հեղ․՝ Մարինե Մկրտչյան)։  

Հինգ տարեկանների հետ աշխատանքի ընթացքում ուսումնասիրել և իրականացրել ենք մի շարք ծեսեր, որոնցից ստորև կներկայացնեմ հետևյալները․ 

«Լավաշթխիկ» նախագծի նպատակն է ծեսի ներկայացումը և կազմակերպումը հինգ տարեկանների խմբում, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերումը, պատմության ուսումնասիրումը։ 

Աշխատանքի իրականացման համար հատկացրել ենք 1 շաբաթ, որի ընթացքում լուծել ենք մեր առջև դրված հետևյալ խնդիրները․ 

  • Լավաշի մասին պատմության ընթերցում (գիտելիքների հարստացում, պատմության ուսումնասիրում) 

  • «Կախարդական լավաշը» մուլտֆիլմի դիտում (ամրապնդում) 

  • նախապես խոսում, պատմում ենք լավաշի թխման գործընթացի մասին․ բաղադրություն, պատրաստման ընթացք (հմտության ձեռքբերում) 

  • բուն թխիկի ծեսի իրականացում 

Լավաշթխիկի ծեսը ամփոփել ենք Էջմիածին քաղաքում գտնվող «Մաչանենց տուն» զբոսաշրջության կենտրոնում, որտեղ մասնակցեցինք լավաշթխիկի վարպետության դասի, երեխաները մասնակցեցին թխիկի ընթացքին․ գունդ բացեցին, բատատին խփեցին, թոնիր դրեցին և վերջում էլ համտեսեցին։ Այսպիսի կենդանի դասով և գործունեությամբ առավել լավ է ամրապնդվում ուսուցանվող նյութը։ Չէ՞ որ այս տարիքային փուլում առավել զարգացած է ակնառու-գործնական և պատկերավոր մտածողության ձևը։  

Թթուդրիկ ծես․ նախագծի նպատակն է թթվի պատրաստման հմտության ձեռքբերումը, բանջարեղենի մասին գիտելիքների հարստացումը, խմբային աշխատանքի, մաթեմատիկական հմտությունների զարգացումը։  

Ծեսը անցկացվում է դասարանում, սովորողների՝ նախապես ծնողների հետ գնած բանջարեղենով։ Ընթացքը ուղեկցվում է ազգային երգով։ Նշեմ նաև, որ այս ծեսին հաջորդում է ևս մի հետաքրքիր տոն՝ ծիսական հարիսահամտեսը։ 

Աշխատանքի ընթացքը՝ 

  • Թթու դեմքեր- նկարաշար 

  • Ծանոթանում ենք թթվի բաղադրիչներին 

  • Թթվի բաղադրիչներով կատարում ենք մաթեմատիկական ուրախ հաշվարկ 

  • Պատրաստում ենք թթու 

  • Paint ծրագրով նկարում ենք թթվի բաղադրիչները 

  • Հետևում ենք թթվելու ընթացքին, հաշվում, թե քանի օրում է պատրաստվում թթուն։  

Խնոցի-հարոցի ծես․ նախագծի նպատակն է ազգային մշակույթի յուրացումը, ազգային ծեսի պահպանումը, խաղի միջոցով երգի ուսուցումը, խաղով շարժում, ռիթմուսուցումը։ 

Նախագծի ընթացքը իրականացվում է երեք փուլով՝  

  • Խաղերգերի, ասիկների ուսուցում 

  • Կաթից մածուն մերելու գործընթաց 

  • Մածունը խնոցիով հարելու, ստացված թանը համտեսելու գործընթաց 

Սովորողները խաղի միջոցով ծանոթանում են գործողությունների ընթացքին՝ կաթ կթել, քամել, եռացնել: Միասին գոլացնում ենք կաթը, ապա յուրաքաչյուրն իմանում է, թե որքան պետք է լինի կաթի տաքությունը, որ այն լավ մածուն դառնա: Միասին դասարանում կաթից մածուն ենք մերում, թողնում, որ երկու օր մնա սառնարանում, հետո այն լցնում ենք խնոցու մեջ և հարում` մինչ ջուր ավելացնելը: Հարելով երգում ենք ազգային երգ-խաղ-պար, խնոցուն գովում, հետո համտեսում ենք մեր թանը: Թանը պատրաստում ենք ուսումնական ագարակում՝ խնոցու լվացման և թանի պատրաստման ուրախ ծեսով (վերջինիս մասնակցել են նաև Արցախի մեր ընկերները)։ 

Հայաստանը համարվում է խաղողագործության հնագույն երկրներից մեկը։ Իսկ հայկական գինու մասին գիտեն ողջ աշխարհում։  

Խաղողածես նախագծի նպատակն է ծեսի կազմակերպումը ազգային ասիկ-խաղերով և պարերգերով, գինու պատրաստումը։ 

Խնդիրները․ սովորողները ձեռք են բերում  նոր գիտելիքներ և հմտություններ, ծանոթանում են ազգային խաղերին (խաղում): Եվ այս ամենը ուղեկցվում է ազգային պարերգերով։ 

Աշխատանքի ընթացքը` 

  • Խաղողը տեղավորում ենք համապատասխան տարրաների մեջ, սովորողները ձեռքերով, մի քանի հոգի` ոտքերով, սկսում են տրորել խաղողը (քաղցուն), հանել խաղողահյութը։ 

  • Ընթացքում զրուցում ենք խաղողի և գինու մասին, որը ուղեկցվում է ազգային երգերով, ասիկներով 

  • Խաղում ենք «Մամի, մամի» 

  • Մեկ ամիս շարունակ հետևում ենք գինու պատրաստման ընթացքին, իսկ արդյունքում ստացած գինին շշալցնում ենք, ստեղծում մեր դասարանական գինու պիտակները (իսկ այս կարևորագույն գործում մեզ օգնում են ծնողները)։ 

Հարսանիքի ծեսի նպատակն է սաներին տեղեկացնել, թե ինչ է ազգային հարսանիքը, ինչ ավանդույթներ կան, ինչպիսի ուտեստներ են պատրաստում, ինչ երգ ու պար է հնչում ընթացքում։  

Երգում ենք ազգային ծիսական երգեր` «Պսակ, պսակ», «Այլի հո», «Այֆոռկա», «Զնգլիկ օրոճ», «Ծափիկ, ծափիկ», «Գովենք, գովենք», «Թաքվորի մեր»։ 

Ծեսի նախապատրաստական փուլում կարում ենք հարսի և փեսայի ծիսական զգեստ, պատրաստում ենք գաթա և տարոսիկներ, փեսայի թուրը և այլ անհրաժեշտ պարագաներ։ Ծեսը կազմակերպել ենք ինչպես նախակրթարանում, այնպես էլ համագործակցել և իրականացրել ենք Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի մանկապարտեզի ավագ խմբի հետ։ 

Ծառզարդար տոնը խորհրդանշել է գարնան գալուստը: Տոնի ընթացքը իրականացվում է մեկ ամբողջ շաբաթվա ընթացքում, որի յուրաքանչյուր օրը ունի իր խորհուրդը։ Երկուշաբթին ջրաղացպանների օրն է, երեքշաբթին՝ վիճակ քաշելու, չորեքշաբթին չիք-չիքի օրն է, հինգշաբթին՝ այգեգործի օրը, իսկ ուրբաթը՝ բուն ծառզարդարը։ 

Համբարձում ազգային ծեսի նպատակն է քրիստոնեական տոնի ուսումնասիրությունը և իրականացումը նախադպրոցական կրթական հաստատությունում։ 

Նախագիծը ամփոփել ենք ճամփորդությամբ՝ բացօթյա ծիսական-երաժշտական ներկայացմամբ։ 

Նախապատրաստական փուլում սովորել ենք ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր, սովորել ենք պատրաստել Վիճակի տիկնիկ , պսակ հյուսելու տարբերակներ։ 

Վերոնշյալ բոլոր ծեսերը իրականացվել են ըստ նախապես մշակված նախագծերի (տե՛ս ծեսերի հղումները), իսկ արդյունքները ամփոփվել են ուսումնական բլոգում՝ պատումի, ֆիլմի, նկարաշարերի տեսքով։ 

Ներկայացնում եմ կատարված աշխատանքների ամփոփումները․ 

Ծրագիրը միտված է շարունակականության՝ ինչպես կրտսեր, միջին, ավագ դպրոցներում  գիտելիքների և հմտությունների անընդհատ հարստացման և զարգացման ուղղությամբ, այնպես էլ նոր համագործակցությունների, կրթական փոխանակումների և ճամփորդությունների միջոցով՝ ազգայինի տարածման։ 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский