Նախագծերը ուսուցման արդյունավետ միջոց

«Միակ բանը, որն անհրաժեշտ է չարին   իր  հաղթանակը տոնելու համար, լավ մարդկանց անգործությունն է»:

Էդմունդ Բուրկե, իռլանդացի փիլիսոփա

ՀՀ կրթական համակարգում արմատական բարեփոխումները վկայում են, որ ուսուցման պահանջվող որակի ապահովման հիմնախնդիրների լուծումը պայմանավորված է ուսուցման նորագույն մեթոդների կիրառումով: Գաղտնիք չէ, որ ուսուցման ավանդական մեթոդները, ավելի ճիշտ` գիտելիքներ սերտել տալու մեթոդներն այսօր չեն կարող ապահովել ուսման որակ և ստեղծարար կարողությունների զարգացում: Դասավանդողներն այսօր ուսուցման մեթոդների ընտրության մեծ հնարավորություններ ունեն: Խնդիրն այն է, թե մենք որքանով  ենք տիրապետում ուսուցման ժամանակակից մեթոդներին, ուսուցման նպատակով մեր կողմից ընտրված կամ արդեն կիրառվող մեթոդները որքանով են համապատասխանում մեր դասավանդած առարկաների ուսումնական նպատակներին:

Նախագծերի մեթոդը (Project methods) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները  գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք բերում աստիճանաբար բարդացող գործնական նախագծերի պլանավորման և իրագործման ընթացքում: Համաշխարհային մանկավարժության մեջ այս մեթոդը նոր երևույթ չէ. Այն առաջին անգամ նկարագրվել է  20-րդ դարի 20-ական թվականներին ԱՄՆ-ում  կրթական բարեփոխումների շրջանում, ինչի արդյունքում կրթությունը դարձավ աշակերտակենտրոն: Հետագայում այն լայն տարածում ստացավ եվրոպական երկրներում: Մեթոդի ի հայտ գալը կապվում է Ջոն Դյուիի անվան հետ, երբեմն անվանում են նաև հիմնախնդիրների մեթոդ:

Նախագծերի մեթոդն իր նշանակությամբ կարևոր տեղ է զբաղեցնում ուսուցման ժամանակակից մեթոդների շարքում,  21-րդ դարի նորագույն  մանկավարժական տեխնոլոգիաներից է, որը թույլ է տալիս անհատականացնելու ուսումնական գործունեությունը, սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն իրենց գործունեության պլանավորման հարցում, տեխնոլոգիա է, որը ներառում է բազմաթիվ այլ մեթոդներ: Նախագծային մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ուսուցումը կազմակերպվում է սովորողների նպատակային գործունեության միջոցով, ընդգծվում է կապը սովորողների կյանքի և առօրյայի հետ, ուսումնասիրության հիմնախնդիրները բխում են իրական կյանքից: Այս դեպքում անպայման կապահովվեն սովորողների հմտությունների, կարողությունների զարգացումը, տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու, քննադատական մտածողության զարգացումը: Փորձն ապացուցում է, որ նախագիծ մշակող և իրագործող սովորողները կարողանում են աշխատել խմբում, համագործակցել ընկերների հետ,  կոնկրետ այս կամ այն խնդիրը լուծելու համար կիրառել տարբեր ոլորտներից  ձեռք բերած իրենց գիտելիքները:

Ուսումնական նախագիծն ունի իր իրականացման փուլերը.

  1. հիմնահարցի ձևակերպում
  2. աշխատանքային խմբի (խմբերի) ձևավորում
  3. աշխատանքի բաժանում
  4. խմբերի, անհատների ինքնուրույն աշխատանք
  5. հետազոտություն
  6. ստացված արդյունքների ընթացիկ  քննարկումներ
  7. կատարված աշխատանքների ներկայացում
    - նախօրոք որոշվում է ներկայացման ձևը` տեսանյութ, ֆոտոշարք, հոդված
  8. սովորողների և խմբի աշխատանքների գնահատում
    - գնահատումը կատարվում է և՛ դասավանդողի, և՛ սովորողների կողմից
    - գնահատվում է յուրաքանչյուր սովորող
    - գնահատվում է ամբողջ խումբը
  9. հետագա աշխատանքի ուղիների նախանշում

Յուրաքանչյուր մեթոդ, որը կարող է նպաստել սովորողի կողմից գիտելիքներ յուրացնելուն, հմտություններ ձևավորելուն, ինքնին արժեքավոր է: Այս առումով հայրենագիտական և ուսումնական ճամփորդությունները ևս կարևոր ու տպավորիչ նախագծեր են` որպես ուսուցման մեթոդ` իրենց փուլերով,  օրինաչափություններով։ 

Այստեղ նախագծի բուն նպատակներից մեկը սովորողի մեջ ուսումնասիրվող նյութի վերաբերյալ հետաքրքրություն առաջ բերելը և դրան գնահատական տալն է: Ճամփորդությունը պետք լինի նպատակաուղղված, զարգացնի սովորողի ճանաչողական ունակությունները, նպաստի բարոյական հատկանիշների ձևավորմանը, առաջացնի սեր հայրենիքի, նրա մշակույթի, պատմության, ինչպես նաև հարգանք հարևան ժողովուրդների նկատմամբ:

Նախագծի իրականացման ժամանակ անպայման աշխատում ենք կիրառել սովորողների` տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները: Այս խնդիրը հեշտ է լուծվում, եթե աշխատանքի բաժանումը կատարելիս ուղղորդվում ենք տարբեր առարկաներից սովորողների պատրաստվածության հաշվառմամբ:

Իհարկե, միայն նախագծային աշխատանքներով չեն լուծվում մայրենի լեզվի ուսուցման հետ կապված խնդիրները, ուղղակի այն, ինչ չի կարելի անել այս մեթոդով, ըստ իս, հնարավոր չէ անել ուսուցման գործընթացում կիրառվող մյուս մեթոդների միջոցով:

Նախագիծ «Երևանն իմ տունն է»

Աշնանային արձակուրդն առավել հետաքրքիր, արդյունավետ կազմակերպելու նպատակով 12-րդ դասարանի սովորողների  աշխատանքային խմբի հետ իրականացրինք ստեղծագործական- հետազոտական նախագիծ` նվիրված Երևան քաղաքին:

Նպատակը` ստեղծել ուսումնական փաթեթ «Հին ու նոր Երևանը»:

Ընթացքը

նյութերի ձեռքբերում, համակարգում
ուսումնական ճամփորդություն Երևան քաղաքի թանգարան
«Երևան» բառի ծագումը
Հայաստանի մայրաքաղաքները
20-րդ դարի Երևանը լուսանկարներում
վարչական բաժանումը, տարեգրությունը
տոները
հուշարձանները
մշակութային օջախները
Երևանն այսօր
աշխատանքի արդյունքների լուսաբանում

 Նախագիծ «Գրական անկյուն»

Ուսումնական նախագիծը մշակել և իրականացնում ենք  12-րդ դասարանցիների հետ:
Հեղինակային կրթական ծրագրի աշնանային բաց հավաքի շրջանակում «Գրական անկյուն» ուսումնական նախագծով ստեղծեցինք ուսումնական էլեկտրոնային փաթեթ` նվիրված Պարույր Սևակին:

Ուսումնական փաթեթի ստեղծումը սովորողների և ուսուցչի ուսումնական-ստեղծագործական աշխատանքն է, որը ենթադրում է.

ա) նյութերի, հոդվածների, տեսանյութերի հայթայթում և ստեղծում
բ) խմբագրական աշխատանք
գ) ուսումնական և հայրենագիտական ճամփորդություններ
դ) համագործակցային աշխատանք օտար լեզուների խմբերի հետ
ե) քննարկումներ
զ) կատարված աշխատանքների լուսաբանում կայքում և «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագրում
է) ֆոտոշարքեր

Աշխատանքի ընթացքը այնքան գրավիչ և արդյունքը ոգևորող էր, որ համերաշխ-համատեղ աշխատանքով ստեղծվեցին նոր փաթեթներ` նվիրված` 

Պարույր Սևակի անկյունը վերածվեց գրադարակի։ Ստեղծված ուսումնական փաթեթները օգտակար կլինեն և՛ սովորողներին, և՛ դասավանդողներին, և՛ գրականություն սիրողներին: Դրանով շատ ոգևորված են պետական քննություններին պատրաստվող 12-րդ դասարանցիները: Աշխատանքը  շարունակվում է:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский