Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը
Primary tabs
«Հայկական ժամանակի» պատվերով
Ուզում եմ խոսել տպագրի և մեդիագրի հանրակրթական` պետական թե մասնավոր, դպրոցների մասին։ Ի՞նչ են գրում, կարդում տպագրի դպրոցի սովորողը, ուսուցիչը: Սովորողի կարդացածը հիմնական, միջնակարգ կրթության առարկայական ծրագրերով որոշված պարտադիր ընթերցանության նյութն է, որն արտացոլված է տվյալ առարկայի դասագրքում։ Դասագիրքը, որից այսօր միայն ծույլը չի դժգոհում, պետական թե դրա այլընտրանքի ձևով, ներկայանում է որպես մեկ առարկա - մեկ գիրք։ Լավն է համարվում տպագրի այն դպրոցը, որ ապահովում է տրվածի յուրացումը (սերտումը), այն սովորողը` ով անգիր է անում: Այստեղից էլ` տպագրի (անգիրի, զուբրիտի) դպրոցի պահանջով ծնված առարկայական շտեմարանները` որպես միջին և ավագ դպրոցների դասագրքերի «համահավաք»։ Ի˜նչ տխուր է...
Ինչպե՞ս պիտի կարդա սովորողը տպագիր նյութը։ Մեթոդը, որն է առարկայական շտեմարանը, ապահովում է, որ սովորողը մտապահի և վերարտադրի նյութը թեսթերի պահանջներով առավելագույն միավոր հավաքելու համար: Զրո ընտրություն, նախաձեռնողականություն, ստեղծականություն և անհատականացում. հիերարխիկ հնազանդություն, հնազանդություն և հնազանդություն։
Ի՞նչ պիտի կարդա-կարդում է այս դպրոցի ուսուցիչը: Լավագույն դեպքում` նույնը, սովորողից մի օր առաջ: Եվ վերջ: Ի՞նչ է գրում, թեմատիկ պլանավորումից, սովորողի տետրում կամ օրագրում (գործո՞ւմ են դրանք) անառարկելի ու կարճ (ստանդարտ) ցուցում-բողոք գրանցելուց բացի:
Ինչպե՞ս են ստուգում–վերահսկում ծնողը, ԿԳ նախարարը, պետական կառավարման այլ մարմինը, լայն հասարակությունը: Հավատում են ընթացիկ կամ քննական գնահատականների՞ն, անցկացնում են միջանկյալ քննություննե՞ր, իրենց գիտելիքների հե՞տ են համեմատում իրենց ձեռքն ընկած սովորողի գիտելիքները….
Այսպիսով պետական հանրակրթական ծրագրի կազմակերպումը պահանջում է սոսկ վերարտադրություն` պարտադիր նյութի (դասագրքի, շտեմարանի)։ Այստեղից` դաս-դասարանային կոչված մոդելը` որպես տպագիր դպրոցի ֆետիշ, որը հենց տպագրի դպրոցի ռեպրեսիվ իրականության արտացոլումն է։ Ու սրա հետևանքով `սովորողազուրկ թանգարաններ, համերգային դահլիճներ, բնության ու պատմության հուշարձաններ, տպագիր ու էլեկտրոնային գրադարաններ, խաղահրապարակներ, այգիներ, ոչ ֆորմալ ուսուցման դասընթացներ, փախուստ դպրոցական ֆիզիկական հասարակությունից դեպի վիրտուալ` օդնոկլասսիկ ու խաղեր, հասարակության մեջ փոխընբռնման պակաս։ Պարտադիր առաջադրանքներից բացի` ոչինչ: Սովորողի տնային և դասարանական պարտադիր աշխատանքի տետրերը սովորողին, առարկայի ուսուցչին և առավելագույնը` ծնողին ու տեսուչին են հասանելի. փակ տարածքներ են հասարակության համար:
Ինչի՞ վրա են ծախսվում սովորողի ուժը, ժամանակը, տաղանդը: Ի՞նչ հասարակական արժեքներ են արտադրում ամեն օր տնային, դասարանական աշխատանք կատարողները… Ի՞նչ է շրջանառվում` որպես ուսումնական գործունեություն։ Ամեն ինչ թողնվում է հետոյին. սովորիր՝ պետք կգա… սովորիր՝ վնաս չկա…. սովորելուց ի՞նչ վնաս: Իսկ հետո գալիս է մոռացումը ու դրանից բխող անզորությունը. իրականում անգիրի դպրոցը մոռացումի դպրոցն է։ Հասարակությունը, որ տպագրի (զուբրիտի) դպրոցի պատվիրատուն է, սրա դեմ, բնականաբար, կազմակերպված չի ընդվզում ու մեկ էլ հարայ-հրոցով հարձակվում է շտեմարանների վրա, որ հայոց լեզվով գրականության բեսթսելլերներն են դարձել և տպագրի դպրոցի վախճանը, նրա տապանաքարը։
Մենք` որպես փորձարարական-հետազոտական միավորում, կրթահամալիրի ստեղծմամբ հեղինակում ենք անգիրի դպրոցի այլընտրանքը` որպես ազատ անհատի և բաց հասարակության կրթական պատվեր, ստեղծողի և ստեղծական աշխատանքի դպրոց։ Այսօր նա «մեդիակրթություն» անունը ունի, մեդիագրի դպրոցն է, այլընտրանք տպագրի դպրոցին։ Եվ անընդհատ է ու մոբիլ այս բաց կրթության պատվիրատուն անհատն է` սովորողն ու իր ծնողը, բաց հասարակությունը` ի դեմս ակտիվ անհատների, մեր գործընկերների, և պետությունը` ի դեմս ԿԳ նախարարության, որ աջակցում է։
Իսկ մեդիան, ստեղծականությունը, անհատի կրթական պատվերի կազմակերպումը կարող են այլ դարձնել ուսուցումը` որպես բաց համակարգ: Դրանց շնորհիվ կարող ենք ունենալ, ունենք, կարդացող, գրող, մտածող, քննարկող սովորող և ուսուցիչ, ավելին՝ հասարակությունը կարող է մասնակցել նրանց քննարկմանը:
Ուսուցման մեջ նոր գործիքներ` թվային միջոցները, և դրանք ստեղծական ուսումնական աշխատանքում կիրառելու անհատական ազատություն. ահա և մեդիակրթությունը: Երբ ուսումնական բլոգը մտավ մեր հեղինակած հանրակթությունը, դարձավ դասվար-դաստիարակինը, նախադպրոցական խմբինը, 1-4-րդ դասարանինը, բոլոր տարիքի անհատ սովորողներինը, ակումբինը, դարձավ ամսագիր, առցանց TV ու ռադիո, գրադարան, դարձավ առցանց քննարկում, շուրջտարյա մեդիաօլիմպիադա` որպես ուսումնական նախագծեր, դարձավ անընդհատ ուսուցման վայր` տանը թե դպրոցում… Տեքստը, այդ թվում`դասական ու ժամանակակից, հայտնի և անհայտ հեղինակի, այդ թվում` սովորողի, ուսուցչի հեղինակած, թարգմանած, նրա ընտրած, տեքստի քննարկումը, հեղինակի ասելիքի յուրացումը, մեկնաբանությունը դարձան առօրյա ուսումնական աշխատանք` բաց, ամենահաս, անընդհատ, ինտերակտիվ… Մեդիակրթությունը ոչնչացնում է դաս-դասարանային ֆետիշը, հանրակրթական տարածքը դարձնում ֆեյսբուքային։ Հիմա բլոգավար սովորողները և ուսուցիչներն ավելի ու ավելի շատ են թելադրում. ինձ համար` որպես տնօրենի, երբեք այսքան դժվար ու հետաքրքիր չի եղել։ Դժվար, որովհետև ֆիզիկական իմ ծանրաբեռնվածությանը, որպես կրթության կազմակերպիչ, անընդհատ ավելանում են հարյուրավոր բլոգերների տեքստերի ընթերցումը, դրա արձագանքը։ Չնայած այս խնդրի առաջ է կրթահամալիրի ամեն մի ուսուցիչ և սովորող, ավելի և ավելի մեծ թվով բարեխիղճ ծնողներ, որոնք պիտի ծանոթանան ոչ միայն իրենց երեխայի բլոգին, այլ նաև նրա ընկերների, ուսուցիչների, դպրոցի, ակումբի։ Մեդիագրի մեր դպրոցի մեթոդը դառնում է ուսումնասիրությունը, ուսումնական պարապմունքի վայրեր են դառնում ոչ միայն կրթահամալիրի լաբորատոր-հետազոտական գործունեության միջավայրը, այլև երևանյան, հայաստանյան ու վիրտուալ թանգարանները, համերգային դահլիճներն ու ցուցասրահները, հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդության միջոցով ձեռք բերվող հայրենագիտությունը, ոչ ֆորմալ կրթության տարածքները, սովորողի` խրախուսվող ուսումնատենչությունը, նրա ինքնակրթության կազմակերպումը… Եվ սովորողի և ուսուցչի համատեղ բազմաբնույթ ուսումնական գործունեությամբ ձեռք է բերվում զորացող կարողություն, որն ի զորու է փոխել մարդու, հասարակության կյանքը։ Ինչի՞ համար է կրթությունը, եթե մարդուն չի դարձնում ավելի կարող, դրանով հայտնի։
Ես ուզում եմ ընդհատել խոսակցությունը, որովհետև ինչո՞ւ նոր տպագիր տեքստ ստեղծեմ` որպես պարտադիր ընթերցանության նյութ` փոխարինելով սովորող և ուսուցիչ բլոգերների, մեդիագիր տեքստերին։ Հեշտացնելու համար ձեր գործը ես թողնում եմ իմ ընտրությամբ հղումներ, առաջարկում եմ ծանոթանալ ու շարունակել` ուզում եք թերթում, ուզում եք` մեդիայում։
- Կրթահամալիրի կայքը
- «Դպիր» մանկավարժական հանդես
- «Լուսաստղ» պատանեկան ամսագիր
- «Պարտեզ»
- «Հեռադիտակ»
- Ակումբի բլոգ
- Դաստիարակի բլոգ
- Դասվարի բլոգ
- Հայոց լեզվի ուսուցչի բլոգ
- Մաթեմատիկայի ուսուցչի բլոգ
- 6-րդ դասարանցու բլոգ
- 8-րդ դասարանցու բլոգ