Հրապարակի ուսումնական գործառույթները
Primary tabs
Հրապարակը, պարիսպը, փողոցը և քաղաքային միջավայրին բնորոշ մի շարք հատկանիշներ, միշտ էլ եղել են տարբեր հետազոտությունների ուշադրության կենտրոնում: Սրանք հետաքրքիր են ինչպես գործառութային, այնպես էլ ծիսական առումներով: Այս խնդիրներին անդրադարձել են Լևոն Աբրահամյանը, Մխիթար Գաբրիելյանը, Արտակ Գնունին, Արտակ Դաբաղյանը և մի շարք այլ հեղինակներ:
Սակայն հրապարակի ուսումնական գործառույթները մեզանում դեռևս ուսումնասիրված չեն և ունեն խորքային վերլուծության և ուսումնասիրության կարիք: Խորքային վերլուծության այս հակիրճ հոդվածում չենք կարող ենթարկել, բայց մասնակի ուսումնասիություն տեղ կգտնի, որը կանդրադառնա հատկապես սովորողների գործունեության խնդիրներին և հատկապես այն հարցադրումներին, թե ինչ կարող է տալ «հրապարակը» բարձր դասարանների սովորողներին:
Հրապարակ
Իրավական։ Այս առումով հրապարակը վայր է, որտեղ սովորողը կարող է ծանոթանալ իր որոշ իրավունքների կամ կիրառել դրանք, զարգացնել իր իմացած քաղաքացիական իրավունքների և ազատությունների, ինչու՞ չէ, նաև պարտականությունների հորիզոնը:
Քաղաքական։ Հասարակագիտություն առարկայի ծրագրով ուսումնասիրվող որոշ խնդիրներ, որոնք կապ ունեն այս ոլորտի հետ, խիստ սահմանափակ տեղեկությամբ են ներկայացվում և սովորողին համապարփակ գիտելիքներ կամ հմտություններ չեն տալիս: Դրանք ընդամենը կոչված են տեսական բնույթի փոքր խնդիրներ լուծելու: Այնիննչ շատ հազվադեպ է, որ հայկական միջավայրում տեսությունը դառնում է կիրառելի: Ուստի վերոնշյալ հրապարակի առկայությունը հնարավորություն է տալիս սովորողին ստանալու դաշտային գիտելիքներ նաև այս առումով:
Ազգագրական։ Հրապարակը լավագույնս արտացոլում է այնտեղ հավաքվածների ինչպես նմանությունները, այնպես էլ հակադրությունները: Այս առումով, ուշադիր սովորողն իր համար կարող է անել արդյունավետ բացահայտումներ՝ ինչպես հասարակական միասնական զանգվածի, այնպես էլ տարասեռության՝ սոցիալական շերտավորման, քաղաք-գյուղ հակադրության և այլ հարցերի վերաբերյալ: 80-ականների վերջերի հրապարակային գործընթացների ժամանակ տարածվել էր մի անեկդոտ, որը լավագույնս էր բնութագրում ստեղծված հասարակական վիճակը. մայրը նախատում է որդուն, որ վերջինս չի ամուսնանում, որդին էլ արդարանում է, թե ում հետ ամուսնանա, չէ՞ որ հրապարակում բոլորը միմյանց քույր և եղբայր են:
Հռետորական։ Հռետորական արվեստ ուսումնասիրող սովորողներին և ոչ միայն նրանց, խիստ անհրաժեշտ է տիրապետել գործնական տարրերի: Այդ տարրերն առկա են որոշ քաղաքական գործիչների ելույթներում և ոճում: Այս համատեքստում է դիտարկվում նաև հաջորդ կետը:
Խոսքի մշակույթ։ Նույն գրագետ գործիչների առկայությունն ու նրանց ելույթները, անկախ խոսքի քաղաքական բովանդակությունից, բավականին ուսուցողական են դարձնում հրապարակը, խոսքային մշակույթի առումով: Բառերի արտաբերումը, նախադասությունների ճիշտ դասավորությունը, ասելիքի հստակությունը, դարձվածքների, ասույթների, ոճային հնարների կիրառումը և այլն, դառնում են քննարկման, որոշ դեպքերում ընդօրինակման առարկա:
Թվային գործիքների կիրառում։ Կան սովորողներ, որ ընտրել են լրագրությունը կամ զբաղվում են բլոգավարությամբ, օպերատորական աշխատանքով: Այս առումով հրապարակը հրաշալի միջավայր է բոլոր այդ հմտությունները զարգացնելու, ձևավորելու, արտահայտելու համար: Տարատեսակ ռեպորտաժների, հարցազրույցների, վերլուծությունների ստեղծում և դրանց հրապարակում: Այս բոլոր հնարավորություններն ընձեռում է հրապարակը: Այն դառնում է իրական լրագրողական հետաքննությունների վայր:
Մշակութային դիտանկյուն։ Այս առումով ևս հրապարակն իր մեջ ներառում է հսկայական դիդակտիկ նյութ: Այստեղ պարզապես պետք չէ ընկալել մշակույթ բառի նեղ իմաստը: Հրապարակն իր շերտերով խտացնում է հասարակության մշակութային միջավայրը՝ սկսած սոցիոնորմատիվ գործոններից վերջացրած կենսապահովման մշակույթի նորմերով:
- Բացվել է 2130 անգամ