Նոր միջավայր - նախագիծ
Primary tabs
Տեխնոլոգիայի հիմնական խնդիրն է սովորողին տալ այնպիսի հմտություններ, որ նա կարողանա իր միջավայրի վրա ազդել, փոխել այն: Եվ դա պետք է սկսվի հենց ուսումնական միջավայրի փոփոխությունից, սովորողների հետ նախագծեր անելուց և միասին իրականացնելուց: Ի՞նչ քայլերից է կազմված այդ նախագծերի իրականացումը, ինչ դժվարություններ ու զարգացումներ կարող է ունենալ:
Տեխնոլոգիայի ժամերին սովորողներն անընդհատ աշխատում են տարբեր նախագծերի և գաղափարների իրագործման ուղղությամբ: Այդ առումով ուսումնական օրացույցը լավագույն ուղեցույցն է: Սովորողների հետ նախ քննարկվում է նախագիծը, ապա լուծման ուղիներ գտնելու եղանակներ են առաջարկվում: Այդ աշխատանքում բավական մեծ է համացանցի դերը` ցանկացած նոր բան սկսելիս նախ փորձում ենք համացանցում առկա լուծումներն ուսումնասիրել՝ Ստեղծական գաղափարներ, «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան», Հեղինակային դիզայն, Ստեղծագործական ոգևորություն: Կայքերում բավական լուրջ էքսկուրս ենք անցկացնում: Ծանոթանում ենք հայտնի դիզայներների աշխատանքներին, որոնք էլ նոր, հետաքրքիր գաղափարով են տալիս:
Դասերին պրոյեկտորի միջոցով դիտումներ և քննարկումներ ենք անցկացնում, որի արդյունքում յուրաքանչյուրն իր համար ճշտում է իր անելիքը: Սովորողները սկսում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները. առաջինը էսքիզների կատարումն է:
Խրախուսվում է թե մեդիա, թե ձեռքով արված տարբերակները. Կարևորում ենք գաղափարի թարմությունն ու իրագործելիությունը: Քանի որ տեխնոլոգիան անմիջականորեն կապված է նաև նյութի հետ,այդ առումով կարևոր է նյութի ճիշտ ընտրությունը, նյութածախսը և էլի շատ բաներ:
Աշխատանքային պրոցեսը բավականին հետաքրքիր է իր զարգացումներով, սակայն հաճախ տարբեր նախագծեր, տեխնոլոգիական խնդիրներ պահանջում են միաժամանակյա լուծում:
Ընդունելով միջավայրի բարերար ազդեցությունը մարդու վրա՝ չենք կարող անտեսել ուսումնական տարածքներում այդ միջավայրի ստեղծման և պահպանման գործի կարևորությունը:
Միջավայրի նորացման, թարմացման, այն ավելի գրավիչ վիճակի բերելը մնում է քննարկման արդիական թեմա: Այդ ուղությամբ բազմաթիվ ջանքեր են ներդրվում, բայց կարծես էլի քիչ է, արածը՝ չնչին, անելիքը՝ բազմապատիկ ավելի շատ:
Միջավայրի հետ կապված խնդիրների լուծումը շատ կուզենայի, որ կախված լիներ ցանկությունից և այն իրականացնելու կարողությունից, սակայն իրականում այն շատ ավելի խորն է. առաջ են գալիս ֆունկցիոնալ, կրթական միջավայրի համապատասխանելիության, ներդրված ջանքերի և արդյունքի ճշգրտման, ակտուալության և շատ այլ խնդիրներ:
Միջին դպրոցում միջավայրի խնդիրները հստակեցնելու հետ կապված եղան առցանց քննարկումներhttp://mijin.mskh.am/7500: Որոշ սովորողներ կարծիքներից բացի հանդես եկան կոնկրետ առաջարկներով՝ էսքիզների տեսքով: Խնդիրը քննարկվեց, իրար լսեցինք, բայց չգտանք այն կայծը, որով կոգևորվեինք: Չեմ ընկճվում, ստեղծագործական պրոցես է, որ չգիտես, թե որ պահին կբռնկվի և կվարարի:
Մեկ այլ նախագծի մասին:
Մենք բոլոր դպրոցներում ունենք մեծ, տպագրված ցուցանակներ, որոնք ժամանակին իրոք ցուցանակ էին, հիմա խունացած և ոչինչ չասող, նշանակությունը կորցրած, շրջանակի վրա ձգված բաներներ են: Հայտարարվել է էսքիզների մրցույթ, որի արդյունքում կընտրվեն և կառանձնացվեն լավագույն օրինակները: Դրանք, վերջնական մշակումից հետո, սովորողների խմբի հետ կփորձենք իրականացնել:
Նախագիծը իրականացնելու համար հարկավոր կլինի ամբողջությամբ սպիտակեցնել /գրունտ/ և գունավոր բաներից ստանալ մաքուր կտավ, որի վրա գունավոր ներկերի՝ յուղաներկի, սփրեյի, կոլաժի և այլ միջոցներով ստանալ էսքիզին համապատասխան արդյունք: Աշխատանքի ընթացքում մենք կօգտագործենք համակարգիչ (էսքիզները, հիմնականում կարվեն համակարգչային ծրագրերի կիրառմամբ), պրոյեկտոր, որով պատրաստի էսքիզը կպրոյեկտենք, ֆոտոխցիկ (ընթացքը լուսաբանելու, կոնկրետ էսքիզը, կոնկրետ վայրում պատկերացնելու նպատակով): Այս նախագիծը ուղղված կլինի ինտերերի և էքստերերի ձևավորմանը, միջավայրին նոր գույն և ոճ հաղորդելուն:
Նախագիծը նախատեսել ենք ավարտին հասցնել ամառային ուսումնական ճամբարի ընթացքում: Հաջողության դեպքում այն կլինի շարունակական և անընդհատ զարգացող: Մեզ կմիանան նաև կրթահամալիրի մյուս դպրոցները, այլ խմբեր: Վճռականությամբ, ստեղծագործելու ցանկությամբ լի սովորողները կդառնան այս նախագծի իրականացնողները:
- Բացվել է 1844 անգամ