Անգլերենի գործունեության կազմակերպումը բլոգի միջոցով
Primary tabs
Դեռ մի քանի տարի առաջ բլոգի կիրառումը ուսումնական գործընթացում թվում էր ոչ իրատեսական: Սակայն այսօր այն ոչ միայն կիրառելի է, այլև անհրաժեշտություն: Ուսումնական բլոգն իր կայուն տեղն է զբաղեցնում ուսումնական գործընթացում և տեղափոխում է այն մեկ այլ հարթության վրա, որտեղ հստակ երևում և առանձնանում է ստեղծագործ սովորողը:
2012-2013 ուսումնական տարում անգլերենի ընտրությամբ գործունեության դասընթացն իրականացվել է բլոգի կիրառությամբ: Այն իրենից ներկայացնում է մի տարածք, որտեղ ամփոփ երևում է սովորողների կատարած տարատեսակ գործունեությունները՝ համաձայն 2012-2013 ուսումնական ծրագրի:
Ուսումնական բլոգի շնորհիվ մեկ վիրտուալ տարածքում զետեղված են սովորողների կատարած աշխատանքները, որոնք իրականացվել են հետևյալ գործունեության ձևերով` թարգմանություն, պատումներ, էսսե, նախագիծ, ինտերակտիվ դաս, զանազան առաջադրանքներ և այլ ակտիվ գործունեություններ:
Բլոգը հրաշալի հնարավորություն է տալիս կազմակերպել առցանց քննարկումներ, որտեղ սովորողները կարող են իրենց կարծիքը հայտնել այս կամ այն թեմայի շուրջ, ինչպես նաև ընթերցել մյուսներինը: Այն արդյունավետ տարածք է կատարած նախագծի արդյունքները ներկայացնելու և ամփոփելու համար: Այսպիսով` ուսումնական բլոգն անգլերենի ընտրությամբ գործունեության ժամանակ կիրառում ենք հետևյալ գործունեություններն իրականացնելու համար`
Սովորողները կատարում են զանազան թարգմանություններ, որոնք կարող են լինել թեմատիկ` նվիրված որևէ գրողի ստեղծագործություններին: Դրա արդյունքում ունենում ենք մի ամբողջ ուսումնական փաթեթ: Թարգմանությունները ներկայացվում են տեքստի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով:
Նախագծերի համար բլոգը կիրառվում է որպես մի տարածք, որտեղ հստակ երևում է նախագծերի իրականացման ընթացքն ու արդյունքները: Սովորողները հնարավորություն ունեն ժամանակ առ ժամանակ հաշվետվություն ներկայացնելու իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ։
Անհրաժեշտ վեբկայքերի հավաքագրում
Այն հնարավորություն է տալիս դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական կայքերը զետեղել մեկ տեղում, որը հեշտացնում է և խթանում սովորողների ուսումնական գործընթացը: Նրանք կարող են անգլերեն լեզվի` կարողությունների, հմտությունների և գիտելիքների զարգացման համար անհրաժեշտ տեղեկատվություններ գտնել տվյալ կայքէջերից, որոնք նախօրոք ուսումնասիրվում են:
Այս գործունեությունն իրականացվում է համացանցից հղումների միջոցով, որոնք ուղղորդում են սովորողներին, թե ինչ կարդալ: Սրա առանձնահատկությունն այն է, որ սովորողը հնարավորություն ունի գրավոր տեքստով իր կարծիքն արտահայտելու ընթերցած նյութի վերաբերյալ, որը հասանելի է դառնում մյուսներին:
Տեսանյութի պատրաստման գործընթացը բավականին աշխատատար է, և մինչ բլոգում ներկայացվում է արդյունքը` սովորողները երկարատև աշխատանք են կատարում: Տեսանյութերի թեմաները հիմնականում համաձայնեցված են կրթահամալիրի տոնացույցի, մեդիաօլիմպիադաների հետ:
Առաջադրանքները կարող են լինել թեստերի, շարադրությունների կամ էսսեների տեսքով, ինչպես նաև կատարում ենք նկարի վերլուծություններ: Սովորողները իրենց աշխատանքները տեղադրում են բլոգում՝ մեկնաբանության բաժնում, որը հնարավորություն է տալիս տեսնել իրենց դասընկերների կատարած աշխատանքները ևս:
Այսպիսով՝ 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում բլոգի միջոցով կատարած աշխատանքը ցույց է տալիս, որ ուսումնական բլոգը կարող է օգտակար հավելում լինել ուսումնական գործընթացի իրականացմանը։ Այն հնարավորություն է տալիս վիրտուալ և բոլորին տեսանելի տարածքում ապահովել ոչ միայն սովորողների ընդգրկվածությունը, այլև՝ այլ անձանց, ում հետաքրքրում է տվյալ նյութը կամ թեման։ Կարծում եմ, որ դեռ անհրաժեշտ է ուսումնասիրել, բացահայտել և զարգացնել բլոգի միջոցով ուսումնական գործունեության ձևերը։
- Բացվել է 3197 անգամ