Մեթոդական առաջարկություններ

Պատմության դասի բովանդակային և կառուցվածքային    փոփոխությունների հարացույցը միջին դպրոցում

( մեթոդական առաջարկություններ)

1.      Տեղեկատվական հասարակությունում (նույնիսկ նրա նախնական փուլում, որում մենք գտնվում ենք) սովորողներին փաստերի հաղորդումը կամ իրադարձությունների նկարագրությունը իրենց առաջնայնությունը պետք է զիջեն հասկացությունների էության բացահայտմանը, օրինաչափությունների պարզաբանմանը, տեսակետների, վարկածների, այլընտրանքների ներկայացմանը, պատմական զուգահեռների անցկացմանը, օր՝ Դավիթ Բեկի ղեկավարած ապստամբության ժամանակաշրջանն ուսումնասիրելիս պատմիչների երկերի, մասնագետների տեսակետների, պատմավեպերի, գեղարվեստական ֆիլմերի, այլ ապստամբությունների հետ զուգահեռների, այլընտրանքային պատմության տարբերակների  զուգակցումը մեզ (ինձ և աշակերտներիս) հնարավորություն տվեց կազմակերպել բազմակողմանի քննարկում, որի արդյունքում սովորողները ևս մի քայլ կատարեցին պատմության դասերի յուրացման արահետով;

2.      Առաջադրանքների համակարգը (օրինակները տրված են սույն հոդվածի առաջին մասում) պետք է հնարավորություն տա սովորողին ցուցաբերել իր անհատական մոտեցումը, հիմնավորել և պաշտպանել այն, ինչպես նաև դրդի մյուս սովորողներին բանավիճել, գտնել հակընդդեմ փաստարկներ: Առաջադրանքները հաճախ պետք է զարմացնեն սովորողներին, իրենց կառուցվածքով և բովանդակությամբ հետաքրքրություն շարժող անակնկալ լինեն;

3.      Դասի գիտականության և զգացմունքայնության միասնականության ապահովումն առարկայի յուրացման և արժեքային համակարգի ձևավորման կարևոր գործոն է: Զգացմունքայնությունը դասի ժամանակ երեք կրող ունի` ուսուցիչը, սովորողները և օգտագործվող նյութը: Կրողներից մեկի բացակայությունը բացառում է գործոնի արդյունավետությունը: Օրինակ` Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն ուսումնասիրելիս միայն գիտականության կամ միայն զգացմունքայնության շեշտադրումը չի ծառայի դասի նպատակներին` ողբերգության իրական պատճառների ըմբռնմանը, մարդկության դեմ հանցագործությունների կանխման ռազմավարության և մարտավարության յուրացմանը, մյուս էթնոսների դեմ իրականացված և իրականացվող ցեղասպանությունների համարժեք դատապարտմանը, մարդկային վշտի ապրումակցմանը;

4.      Գնահատման մրցակցային, միավորային, վարկանիշային համակարգի և սովորողների նախաձեռնողականության համադրումը  նպաստում է սովորողների ուսումնական գործունեության արդյունավետությանը: Օրինակ` հայդուկային շարժումն ուսումնասիրելիս, սովորողներն ավելի շատ միավորներ ստանալու ակնկալիքով, ուսումնական ճամփորդությունն օգտագործեցին Արաբոյի մասին հեղինակային փոքրիկ ֆոտոֆիլմեր ստեղծելու համար, ծանոթացան այլ աղբյուրների հետ, սովորեցին և կատարեցին ֆիդայական երգեր, արեցին մանրապատումային բեմականացումներ, գրեցին նոր երգ: Միաժամանակ հարկ է չմոռանալ, որ նույնիսկ մրցակցային գնահատման ժամանակ համեմատվում է ոչ թե սովորողը սովորողի, այլ սովորողն ինքն իր հետ, այսինքն` եթե նույն առաջադրանքը կատարելը մեկ քայլ առաջ է Պողոսի  համար, բայց տեղապտույտ է Մաքսիմի (անունները մտացածին են) համար, ապա առաջինը ստանում է պայմանական 100 միավոր, իսկ երկրորդը` 75;

5.      Պատմության դասը նաև մայրենի լեզվի դաս է, հետևաբար  սովորողի բանավոր և գրավոր խոսքի զարգացումն իմ կարևորագույն խնդիրներից առաջնագույնն է: Այս նպատակին հասնելու բազմաթիվ ուղիներից  նշեմ երկուսը` ինքնաբուժմամբ բացառել «Մանկավարժական շատախոսություն» հիվանդությունը և սովորողների լեզվական վրիպումներն ուղղելիս մանրամասն բացատրել, թե որն է սխալը;

6.      Օտար լեզուների օգտագործումը  և´ լեզվուսուցման բաղկացուցիչ է, և´ ուսումնառության աղբյուրների բազմազանեցման միջոց: Սովորողները թարգմանել են տեղեկատվական և վերլուծական բնույթի հոդվածներ և փաստագրական ֆիլմեր (որոնք նաև մոնտաժել են): Նրանց աշխատանքները տեղադրվել են իրենց ուսումնական բլոգներում,  կրթահամալիրի կայքում և միջին դպրոցի ենթակայքում;

7.      Կարևորելով նախագծային աշխատանքը՝ որպես սովորողի հետազոտական–ստեղծագործական հմտությունների կիրառման ու զարգացման ասպարեզ, հաշվի առնելով «Ճանաչենք Նժդեհին» մեգանախագծի փորձը և «Բռնադատվածներ» նախագծի հաջողված մեկնարկը, ձգտելով կայունացնել և բարձրացնել սովորողների հետ համագործակցության ներկա մակարդակը՝ հրապարակում եմ իմ երկու առաջարկությունները, որոնց մանրամասնություններն այլ քննարկման նյութ են`

7.1.            «Իրականություն» նախագիծ (մեկ դասարանի համար այն կարող է դառնալ դասընթաց), որը միավորում է բոլոր հասարակական և բնական գիտությունները՝ որպես աշխարհայացքի ձևավորման հիմնաքար: Սա նախատեսված է 9-րդ դասարանցիների համար: Սույն նախագծի առաջին քննարկումները սովորողների հետ արդեն տեղի են ունեցել, իսկ ձևակերպումն իրականացվելու է 8–11–րդ դասարանների աշակերտների հետ կազմած աշխատանքային խմբով;

7.2.            9–րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասընթացը կառուցել հինգ նախագծերի` «Պետություն», «Համաշխարհային պատերազմ», «Անհատականություններ», «Հասարակություն», «Այլընտրանքային պատմություն»՝  համաժամանակյա, հինգ խմբերով իրականացման և փոխուսուցման վրա:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский