Առավոտյան ծեսը նախակրթարանում

Նախակրթարանում սաների գործունեության որոշ տեսակներ սովորույթի, հետո նաև  ծեսի են վերածվում: Դրա շնորհիվ կուլտուրա է ձևավորվում: Սաները սովորում են կազմակերպել իրենց  գործունեությունը, նախատեսել քայլերը, նախապատրաստել դրանք, կազմակերպել միջավայրը, խնամել այն:   Սովորում են նաև հետևել  հիգիենայի   կանոններին: Օրվա առաջին ծեսը առավոտյան ծեսն է՝ իսկական ծես՝ իր գործողություններով:   

Առավոտյան ծես 1 Ծեսը նախակրթարանում չի սկսվում: Շատ սաներ   առավոտյան   սպասում են կրթահամալիրի երթուղայինին: Հենց երթուղայինում էլ սկսվում է նրանց ուսումնական գործունեությունը՝ երթուղու պատասխանատուի, վարորդի  հետ: Պատասխանատուները ոչ միայն անվտանգությունն են ապահովում, այլև ուսումնական  աշխատանք են իրականացնում.  երեխաները սովորում են  ողջունել իրար, տարբերել մեքենաների գույները, հաշվում են, ծանոթանում են երթևեկության կանոններին, նշում ծննդյան տոները, երգում-արտասանում են և այլն: Օրեր անց երթուղայինը վերածվում է իսկական ուսումնական միջավայրի:

Արդեն պարտեզում երեխաները   փոխում են կոշիկները, հանում և կախիչից կախում բաճկոնը: Ես հետևում եմ, որ նրանք ինքնուրույն անեն ամեն ինչ: Փոխվելուց հետո բացում են խմբասենյակի պատուհանները: Հետո միասին բնում ենք սրահ՝   մասնակցելու ընդհանուր պարապմունքին: Ընդհանուր  պարապմունքի ակտիվ մասնակիցներն ենք: Ընդհանուր պարապմունքի ժամանակ մենք դպրոցի հետ իրականացնում են ուսումնական օրացույցը՝ սովորելով բոլոր այն երգերը, պարերը, ոտանավորները, որոնք նախատեսված են ծրագրով:Սաները յուրացնում են այնքան, որքան թույլ են տալիս նրանց հնարավորությունները:  

Առավոտյան պարապմունքից հետո սաները զբաղվում են միջավայրի խնամքով: Ես իրենց հետ անում եմ ամեն ինչ: Երբեմն մեզ միանում են նաև ծնողները:  Միջավայրի խնամքը ոչ միայն խմբում, այլև բակում են իրականացնում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը՝ ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են քամու բերած թղթերը և հետևում են բույսերի աճին:
Այս ամենից հետո ինքնուրույն միացնում են նեթբուքը և դիտում նախորդ օրվա մասին պատմող ֆիլմը կամ ֆոտոպատումը: Երեխաները լսում են իրենց ձայնը, խոսքը , զրուցում են, պատմում, կարծիք հայտնում, հիշում…: Հետո   պատմում են, թե ինչ են արել նախորդ օրը, ճանապարհին ինչ են արել, ինչ են տեսել:  Զրուցում ենք նաև օրվա, եղանակի մասին:
Այս պատումները նպաստում են լսելու ունակությանը, անկաշկանդ ինքնադրսևորմանը, ազատ մտածողության, բանավոր խոսքի զարգացմանը:
Ուրախ մարմնամարզությունը իրականացվում է կրթահամալիրի երաժշտության ծրագրի պարեղանակների՝ հատկապես խրոխտ երաժշտության տակ, բակում՝ մաքուր օդում,  շատ օգտակար է առողջությանը և ապահովում է բարձր տրամադրություն: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում:  Երեխաները առույգ, ուրախ գալիս են խմբասենյակ լվացվելու:

Առավոտյան ծես 2 Հաջորդ գործողությունը մրգի սեղանադրումն է: Միրգ ուտելուց հետո մի քիչ վազվզում են, խաղում կամ մուլտֆիլմ են դիտում, մինչև իրենց ընկերնեը նախաճաշի սեղանն են պատրաստում:

Ամենօրյա այս գործունեությունը նպաստում է երեխայի երևակայության, ուշադրության, խոսքի, մտածողության, առողջ ապրելակերպի զարգացմանը:
Ողջունելի է նաև, որ այս ամենը իրականացվում է տանը:

Ընդհանուր պարապմունք տանը

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский