Ռոդարիական հեքիաթների նախագիծ. ուղղորդված ընթերցանություն

Ընթերցանության  հմտությունների զարգացումը շատ կարևոր է կրտսեր դպրոցում, եթե չասենք՝ ամենակարևորը։ Չէ՞ որ հետագա ողջ կյանքում մարդն իր գործունեության բոլոր բնագավառների համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ձեռք է բերում գրավոր տեքստերի հետ շփման, այսինքն՝ընթերցանության  միջոցով։

Ընթերցելու կարողությունը , ինչպես գիտենք, ընդգրկում է երկու կողմ՝ ընթերցանության տեխնիկան և ընթերցածի բովանդակության ընկալումը։
Ընթերցանության տեխնիկան գիտելիքի, ինչպես նաև հետագա ուսումնական կարողությունների հիմքն է, քանի որ բովանդակության լիարժեք ընկալում հնարավոր է տեխնիկապես վարժ ընթերցելու դեպքում միայն։ Եթե երեխան վատ է կարդում, բնականաբար չի ցանկանում զբաղվել ընթերցանությամբ: Մյուս կողմից՝ քիչ կարդալու պարագայում չի կարող լավ կարդալ, քանի որ կարողությունը զարգացնելու հնարավորություններն են սահմանափակ:
Բացի այդ, ընթերցանության բովանդակության ընկալումն էլ իր հերթին կարող է խթանող դեր կատարել (հետաքրքի՜ր է), մղել ընթերցանության, ինչի արդյունքում էլ բարելավվում է տեխնիկան։
Խնդրի լուծման համար անհրաժեշտ են այնպիսի մեթոդներ և գործիքներ, որոնք երեխայի մոտ կարդալու ցանկություն կառաջացնեն, կմղեն նրան ինքնուրույն ընթերցանության:
Կարդալու կարողության զարգացման հիմքը դրվում է կրտսեր դպրոցից, և այն սերտորեն կապված է մյուս առարկաների յուրացման գործընթացին : Շատ կարևոր է նաև այն, որ երեխան լավ կարդալու հետ համատեղ տրված նյութը հասկանալով կարդա, ոչ թե մեխանիկորեն:
Տարվա ընթացքում ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն խթանող մի շարք մեթոդներ ենք կիրառել երկրորդ դասարաններում։
Մասնավորապես հետաքրքիր էր «Ուղղորդվող (կամ ընդհատումներով) ընթերցա­նության» մեթոդը, որը  կիրառել ենք երկրորդ դասարաններում՝ նույն մոդելով ընթերցելով Ջ.Ռոդարիի մի շարք հեքիաթներ, և բավականին լավ արդյունքներ ենք գրանցել:

Մեթոդի նկարագրություն

«Ուղղորդվող (կամ ընդհատումներով) ընթերցա­նության» մեթոդը  հնարավորություն է տալիս երեխաների մեջ հետաքրքրություն արթնացնել ընթերցանության բուն գործընթացի նկատմամբ։  Մեթոդի հիմքում ընկած է ընթերցանության գործընթացի դիտարկումը։ Ի վերջո, ինչպե՞ս են կարդում հմուտ, ընթերցողական կուլտուրային տիրապետող մարդիկ։ Կարդում են տեքստի մի հատված, դադար են տալիս՝ մտքում ծանրութեթև անելու, իրենք իրենց հարցեր տալու, պատասխաններ որոնելու, շարունակության մասին կանխատեսումներ անելու նպատակով։
Այս կարողությունը, սակայն, հնարավոր է զարգացնել՝ օգնելով երեխային տեքստն ընկալել քայլ առ քայլ։  Հենց սա էլ անում է «Ուղղորդվող ընթերցա­նության» մեթոդը։ Այն հնարավորություն է տալիս մոդելավորել ընկալումը խթանող ընթերցանության գործընթաց՝ երեխաների հետ քայլ առ քայլ առաջ գնալով տեքստի հատվածներով, վերլուծելով և եզրահանգումներ անելով։
Ընդհատված ընթերցանության մեթոդով աշխատելու համար շատ կարևոր է ընտրել այնպիսի տեքստ, հեքիաթ կամ պատմություն, որին երեխաները ծանոթ չեն:
Տեքստը պետք է բաժանել տրամաբանական մի քանի մասերի։ Յուրաքանչյուր մասից հետո դադար է տրվում, որի ժամանակ պետք է որոշակի հարցադրումներով խթանել քննարկումը։
Կարևոր է, թե որտեղ կընդհատվի հեքիաթը, որպեսզի սովորողը կարողանա հետաքրքիր ընթացք հորինել և հետաքրքրությամբ ու անհամբերությամբ սպասել հաջորդ հատվածին: Իր գրածը և բնագիրը համեմատելու ցանկությունը սովորողի մոտ հեքիաթի շարունակությունը ընթերցելու լրացուցիչ խթան է հանդիսանում:
Կարևոր է նաև նախապես մտածել այն հարցերը, առաջադրանքները, որոնք պետք է տրվեն  դադարների ժամանակ։

Ռոդարիական հեքիաթներ

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ռոդարիական օրերի ընթացքում սկսեցինք ռոդարիական հեքիաթների նախագիծ: Ջանի Ռոդարիի հեքիաթները շատ հետաքրքիր են, անսպասելի և երևակայությունը խթանող:
Առաջին հեքիաթը, որն ընտրեցինք, «Ալիսա-գլորիկ» հեքիաթն էր: Հեքիաթը բաժանեցինք երեք մասի: Դասարանում կարդացինք հեքիաթի առաջին մասը: Ընթերցելուց հետո սովորողներին տվեցինք այդ հատվածին վերաբերող հարցեր, որով պարզեցինք, թե սովորողները որքանով են յուրացրել նյութը:
Հետո սովորողներին առաջարկեցինք հորինել հեքիաթի շարունակության իրենց տարբե­րակները: Նման առաջադրանքների դեպքում հաճախ հնարավոր չի լինում լսել բոլորի հորինած պատմությունները և դա երեխաներին տխրեցնում է: Եվ որպեսզի բոլորի հեքիաթները ընթերցենք, գտանք խնդրի լուծման շատ հետաքրքիր ձև` առցանց ուսուցման կազմակերպում: Հեքիաթի առաջին հատվածը տեղադրեցիք Դպրոց-պարտեզի ենթակայքում և սովորողներին առաջարկեցինք իրենց հորինածները տեղադրել կայքի մեր էջում, որպեսզի բոլորն էլ կարողանան կարդալ: Պարզվեց, որ սովորողները իրենց հորինածները կայքում տեղադրելուց հետո հետաքրքրությամբ կարդացել էին նաև ընկերների գրածները և նույնիսկ կարծիք էին գրել: Սրանով մենք կարողացանք սովորողին մղել լրացուցիչ ընթերցանության:
Հաջորդ օրը սովորողներն անհամբերությամբ սպասում էին հեքիաթի հաջորդ հատվածի ընթերցմանը (կային սովորողներ, ովքեր փորձել էին համացանցից գտնել հեքիաթը և կարդալ): Հաջորդ հատվածն ընթերցելուց հետո համեմատեցին իրենց հորինածի հետ:
Հատվածը քննարկելուց հետո այս անգամ շարունակությունը  բանավոր հորինեցինք, որից հետո ընթերցեցինք հեքիաթի ավարտը:
Ռոդարիական հեքիաթների նախագծի ընթացքում այս մեթոդը կիրառել ենք մի քանի հեքիաթների ուսուցման ընթացքում:

2-2 դասարան

Ալիսա-գլորիկը
Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկար. հեքիաթի նոր ավարտ

2-3 դասարան

Ալիսա-գլորիկը
Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա. հեքիաթի նոր ավարտ

Այս մեթոդը կիրառելով լուծեցինք հետևյալ խնդիրները՝

  • —  ուշադրության կենտրոնացում.
  • —  հետաքրքրության խթանում.
  • —  շարունակությունը կարդալու լրացուցիչ մոտիվացիա.
  • —  տեքստի ոճը, հերոսների բնավորությունը ընկալելու և դրան համապատասխան շարունակություն հորինելու կարողության ձևավորում.
  • —  երևակայության զարգացում:
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский