Թարգմանական ուսումնական նախագիծ, թարգմանությունների փաթեթներ. լեզվական գործունեության կազմակերպումը
Primary tabs
Մի փոքր պատմությունից կամ ներածություն
Թարգմանական գործը հայ իրականության մեջ ունի խոր հնություն: Գրերի գյուտից հետո Մ.Մաշտոցը, Ս. Պարթևը և նրանց աշակերտներն սկսեցին ջանադրաբար թարգմանել հունական և ասորական գրականության արժեքավոր ստեղծագործությունները: Իրականացվեց «Աստվածաշնչի» թարգմանությունը, որը կոչվում է «թարգմանությունների թագուհի»: Թարգմանական գործն արժեքավոր էր ոչ միայն նրանով, որ նրա միջոցով հայ միտքը շփվում էր համաշխարհային մշակույթի հետ և յուրացնում դրա արժեքները, այլև այլալեզու շատ արժեքավոր ստեղծագործություններ պատմության մեջ մնացել են հայերեն թարգմանությունների շնորհիվ: Թարգմանված աշխատությունները նշանակալից դեր են խաղացել հայկական ինքնուրույն մատենագրության զարգացման, հայ ընթերցողի մտահորիզոնի ընդլայնման և հայոց լեզվի հարստացման գործում։ Թարգմանության միջոցով հայ հասարակության սեփականությունն են դարձել անտիկ փիլիսոփայության ու բնագիտության, քրիստոնեական աստվածաբանության, միջնադարյան գեղարվեստական գրականության և արևելյան բժշկագիտության բոլոր կարևոր նվաճումները, որոնք հիմք են հանդիսացել սեփական արժեքների ստեղծման համար։
Մեր օրերում Հայաստանում նշում են Թարգմանչաց տոնը, և թարգմանական գործը շարունակվում է:
Թարգմանական գործը շատ կարևոր այլ նշանակություն ունի ուսուցման մեջ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում թարգմանական ուսումնական աշխատանքներ` որպես մայրենի խոսքի մշակում, կազմակերպվում են սկսած 5-րդ դասարանից: Օտար լեզուներից (հիմնականում՝ ռուսերեն և անգլերեն) սովորողները թարգմանություններ են անում, որի ընթացքում ուսուցիչը հնարավորություն է ունենում լուծելու խոսքի մշակման մի շարք խնդիրներ: Սովորողն առաջարկված նյութերից (ուսուցիչը նախապես երեխաներին տրամադրում է տվյալ տարիքին համապատասխան նյութեր, երբեմն, ինչո՞ւ չէ, սովորողներն են լինում նյութեր գտնելու նախաձեռնողները) ընտրում է և սկսում թարգմանել:Նյութերի ընտրությունը պայմանավորված է լինում կա´մ կրթահամալիրի ուսումնական տոնացույցով, կա´մ սովորողի ընտրության գործունեությամբ, կա´մ որևէ ուսումնական առարկայի ծրագրով որոշված թեմայով: Թարգմանությունը նպաստում է, որ սովորողը մեկ անգամ ևս փորփրի հայերենի բառապաշարը, թերթի բառարաններ՝ հոմանիշների, դարձվածքների` գտնելու այն համապատասխան բառը, որն անհրաժեշտ է իմաստը ճիշտ թարգմանելու համար: Թարգմանության ժամանակ յուրաքանչյուր բառ արժանանում է առանձնահատուկ ուշադրության թե՛ համատեքստում, թե՛դրանից դուրս, քանի որ բառերն ունեն ուղիղ իմաստ, փոխաբերական իմաստ, տեխնիկական իմաստ և այլն։ Այստեղ է, որ սովորողն սկսում է տարբերակել բառային և խոսքային հոմանիշներն ու հականիշները, բառի ուղիղ և փոխաբերական իմաստները: Մի խոսքով՝ սովորողը գիտի, որ թարգմանել չի նշանակում միայն բառերի ճիշտ, բառացի թարգմանություն անել: Մյուս խնդիրը, որին առնչվում է սովորողը, օտարալեզու կաղապարներն են ու կառույցները, օտարաբանությունները: Թարգմանելիս հանդիպելով նման կառույցների` նա սովորում է միտքը ճիշտ արտահայտել: Թարգմանության ժամանակ սովորողներն ուշադրություն են դարձնում նախադասության շարադասությանը: Մի խոսքով՝ կրթահամալիրում կարևորվում է թարգմանական ուսումնական նախագիծը. այդ թեմայով կարդացեք նաև Հասմիկ Ղազարյանի հոդվածը:
Ի մի բերելով 2012-2013թթ. կրթահամալիրում կատարված աշխատանքները՝ տեսանք, որ թարգմանությունների զգալի պաշար է կուտակվել: Թարգմանությունների միջոցով խոսքի մշակման աշխատանք անելով` հետո նյութն օգտագործում ենք ուսումնական այլ աշխատանքի համար: Այսպես՝ ձմեռային ճամբարի ժամանակ Նոր դպրոցի 5-րդ դասարանցիները որոշեցին իրենց թարգմանած առակները ձայնագրել և ստեղծել հաղորդաշար՝ «Օրվա առակը» խորագրով: Ամեն օր կայքում տեղադրվում էր հերթական առակը: Մյուս սովորողները լսում էին, ապա էջում գրում թե՛ թարգմանության, թե՛ նյութի իմաստի հետ կապված իրենց տպավորությունները: Ստացվում էին առցանց ուսումնական աշխատանքի դիտարժան էջեր, որոնց ընթերցումը հետաքրքիր է ոչ միայն ուսուցչին և սովորողների ծնողներին։
Ուսումնական օրացույցով նշված ռոդարիական օրերին որոշեցինք սովորողների հետ թարգմանել Ռոդարիի «Ինչպիսի սխալներ են լինում» գրքից պատմվածքներ և ստեղծել մեդիափաթեթ. այն կարող է մյուս սովորողների համար ընթերցելու հրաշալի նյութ լինել։ Ահա, Դպրոց-պարտեզի 6-րդ դասարանցի Մարիամ Մանսուրյանը Մայիսյան հավաքին ներկայացնում է իր թարգմանությունները Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսազանգով» գրքից, ընդ որում համակարգչային ծրագրով կենդանացրած պատմությունները Մարիամը պատրաստել է իր կրտսեր ընկերների համար:
7-9-րդ դասարանցիները Նունե Մովսիսյանի ղեկավարությամբ թարգմանել են Աշխարհի «խելացի» տեսահոլովակները՝ստեղծելով հրաշալի շարք:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում էլ ուսուցիչներն իրենց սաների հետ թարգմանությունների միջոցով կատարելով խոսքի մշակման աշխատանքներ՝ ստեղծում են ուսումնական նյութեր:
- Բացվել է 2321 անգամ