«Աստղագիտություն» դասընթացը 9-րդ դասարաններում

Այս ուսումնական տարում՝  նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, 9-րդ դասարանցիների համար  2 ամիս տևողությամբ կազմակերպվեց «Աստղագիտություն» դասընթացը:

Դասընթացի նպատակն էր սովորողներին հաղորդել աստղագիտական համապարփակ գիտելիքներ, ինչպես նաև նրանց ներկայացնել աստղագիտության արդի խնդիրներն ու գիտական վերջին ձեռքբերումները:

Դասընթացի  յուրահատկությունն այն էր, որ աստղագիտությունը սովորողներին ներկայացվում էր 4 հիմնական միջոցներով.

  1. աստղագիտական երևույթների քննարկումը՝  «ֆիզիկա» առարկայից նրանց արդեն իսկ ձեռք բերած գիտելիքների միջոցով
  2. աստղագիտական երևույթների մատուցումը առօրյայից բերվող օրինակներով` դրանց ու աստղագիտական երևույթների միջև զուգահեռներ անցկացնելով
  3. արդեն իսկ բացատրված նյութին վերաբերող ֆիլմ-դասընթացի օգնությամբ` աստղացուցարանում, ինչպես նաև հարթ էկրանին ցուցադրվող ֆիլմերով
  4. սովորողները հանձնարարված թեմաներով իրենք են պատրաստում ֆիլմեր, պրեզենտացիաներ, որոնք ներկայացնում և քննարկում են:

Դասընթացի անցկացման ասյպիսի ձևը հնարավորություն է տվել երկու ամսվա ընթացքում ուսումնասիրել աստղագիտական թեմաների լայն տիրույթ` տիեզերքի առաջացման վարկածներից մինչև հնարավոր կյանքն այլ մոլորակներում , ինչպես նաև կյանքի համար անհրաժեշտ պայմանները:

Աստղացուցարանի և ֆիլմերի ցուցադրման շնորհիվ հնարավոր է եղել ամբողջ դասարանի ուշադրությունը սևեռել ուսումնասիրվող նյութի վրա (անկախ նախկինում «Ֆիզիկա» առարկայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից  կամ առաջադիմությունից) և տեսողական հիշողության շնորհիվ բացատրված նյութն ամրապնդել: Բացի այդ՝ բոլոր սովորողները փոքր խմբերով ստացել կամ ընտրել են աստղագիտական թեմաներ, պատրաստել ու ներկայացրել են դրանց վերաբերող իրենց պատրաստած նյութը: Սա հնարավորություն է տվել սովորողների մոտ զարգացնել համագործակցությունը և խորացնել սովորած նյութը սեփական մտքերով վերաձևակերպելու կարողությունը:

Բացի այդ՝ «Տիեզերք» ակումբի հետ համատեղ ստեղծվել է աստղագիտական ֆիլմերի հարուստ տեսադարան, որը  հնարավորություն է տվել աստղագիտությամբ հետաքրքրվող սովորողներին ինքնուրույն ստանալ նոր գիտելիքներ, իսկ առաջացած հարցերի դեպքում՝ դիմել և ստանալ ամբողջական պատասխան:

Հետաքրքրությունն աստղագիտության նկատմամբ այնքան մեծ է եղել, որ որոշ դեպքերում սովորողները կատարել են նաև մյուս խմբերին տրված հանձնարարությունները:

Դատելով աշակերտների կողմից այս դասընթացի մասին եղած արձագանքներից ` կարծում եմ, որ այս փորձը կարելի է համարել հաջողված և կարելի է փորձել նոր զարգացումներ գտնել: Այդպիսի զարգացում  կարող է լինել ավելի ցածր դասարաններից սկսած «Աստղագիտության» տարբեր դասընթացների՝ աստղացուցարանում անցկացվող դասաժամերի կազմակերպումը,  ինչը կարող է սովորողների վրա մեծ տպավորություն թողնել:

Հաշվի առնելով, որ աստղացուցարանում ցուցադրվող ֆիլմերը սովորողների համար ամենատպավորիչն էին, նոր ֆիլմերի  ձեռքբերման դեպքում հնարավոր է նաև բնագիտական այլ առարկաների դասավանդման մեջ ներառել համապատասխան ֆիլմերի ցուցադրումն աստղացուցարանում:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский