Երեխայի տունը
Primary tabs
Մեթոդի կիրառումը
Փորձը մեզ սովորեցնում է հսկել այդ երևույթները և հասնել նրան, որ երեխան որքան հնարավոր է հանգիստ ձեռք բերի նոր պարգևը: Երեխաները տեսնում են իրենց հասակակիցներին գրելիս, արագ գրել սովորելու համար դա նրանց ընդօրինակելու ցանկությունն ավելի է ուժեղացնում: Երբ երեխան առաջին անգամ գրում է, դեռ ամբողջ այբուբենը չգիտի, և բառեր գրելու նրա կարողությունները սահմանափակ են, բառերի թիվը, որ նա ի վիճակի է գրելու, սահմանափակ է: Նա նույնիսկ իրեն ծանոթ տառերը չի կարողանում ճիշտ դասավորել, որ բառ կազմի:
Նա շարունակում է առաջին բառերը գրելուց հաճույք ստանալ, բայց դա այն մեծ զարմանքը չէ, քանի որ նրա աչքի առաջ նման հրաշքներ ամեն օր են պատահում, և նա գիտի, որ վաղ թե ուշ բոլոր երեխաներն են տիրապետելու այդ պարգևին: Այս ամենը ստեղծում է խաղաղ և հանգիստ մթնոլորտ: Այդ հանգստության մեջ էլ շատ զարմանալի և հրաշալի բան կա:
Այցելելով նորաբաց «Երեխայի տուն»՝ նոր անակնկալների հանդիպեցի: Այսպես օրինակ՝ երկու փոքրիկ, որ հանգիստ գրում էին, ուրախությունից և հպարտությունից փայլում էին: Չէ՞ որ այդ փոքրիկերը դեռ երեկ գրելու մասին չէին էլ մտածում:
Տնօրենն ինձ ասաց, որ նրանցից մեկը երեկ առավոտյան ժամը 11-ին է սկսել գրել, իսկ մյուսը՝ ժամը երեքին: Այդ երևույթին մենք հանգիստ վերաբերվեցինք՝ լռելյայն ընդունելով որպես երեխայի զարգացման բնական արտահայտություն:
Ուսուցչուհին ինքն է որոշում՝ խրախուսել երեխայի գրելը, թե ոչ: Դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ նա կատարելագործովել է ինքնաբուխ վարժությունների երեք փուլերով, սակայն դեռ ինքնակամ չի գրում: Պետք է զգուշանալ, որ հետագա հապաղման դեպքում, չհանդիպելով բնական արգելքների և տիրապետելով գրելուն անհրաժեշտ բոլոր հմտություններին, երեխան, ի վերջո, կսկսի իր համար վտանգավոր բուռն ջանքեր գործադրել:
Նշանները, որոնք ուսուցչուհուն հնարավորություն կընձեռեն երեխայի հասունությունը փորձել, սրանք են՝
- երկրաչափական պատկերները լրացնող ուրվագծերի ճշտությունն ու զուգահեռությունը.
- հարթաթղթե տառերի ճանաչումը շոշափելով, փակ աչքերով.
- բառերի ինքնավստահ և արագ կազմելը:
Գրել առաջարկելուց առաջ պետք է ամենաքիչը մի շաբաթ սպասել. գուցե երեխան ինքը սկսի գրել, այդ դեպքում ուսուցիչն ընդամենը պետք է երեխային օգնի գիրը զարգացնելու:
Առաջին բանը, որ նա պիտի անի՝ գրատախտակին գծեր քաշելն է, որ երեխան ճիշտ գծի տառը և պահպանի դրա ճիշտ չափը:
Երկրորդ՝ նա անհամարձակ գրող երեխային կառաջարկի կրկին շոշափել հղկաթղթե տառը: Ավելի ճիշտ կլինի այդպես վարվել, քան գիրն ուղղել. երեխան ավելի հեշտ կգրի ոչ թե գրելով, այլ գրելուն նախապատրաստող գործողությունը կրկնելով: Հիշում եմ, թե ինչպես մի երեխա որոշեց իր գիրն ուղղել գրատախտակի վրա, մինչ գրելը մոտ բերեց բոլոր անհրաժեշտ տառերը, շոշափեց դրանք երկու-երեք անգամ: Եթե տառը չէր գոհացնում նրան, ջնջում էր, գրելուց առաջ մատներով կրկին շոշափում էր դրա հղկաթղթե օրինակը:
Մեր երխաները մի տարի դեռ շարունակում էին կրկնել այն երեք վարժությունները, որոնք սովորեցնում են գրել, մշակում էին գրաֆիկական լեզուն, հետևաբար մեր երեխաները կատարելագործում էին իրենց գիրը առանց գրելու: Գրելը դառնում էր ստուգման միջոց, այն ներքին պահանջից էր գալիս, բարձր մտավոր գործունեությունից ելք գտնելու ձգտումից:
Իմ կարծիքով, ինչ-որ բան փորձելուց առաջ նախապատրաստվելը, և շարունակելուց առաջ կատարելագործվելը մանկավարժական կարևոր նշանակություն ունի: Երեխան, որ առանց վարանելու սկսում է ցանկացած գործ, առանց ետ նայելու առաջ է գնում` ինչ-որ կերպ ուղղելով իր սխալները, ամեն ինչ վատ է անում, որովհետև իր ուժից վեր բան է անում, նման երեխան իր սխալների նկատմամբ անտարբեր է լինում:
Գրի նախապատրաստման իմ մեթոդը մանկավարժական է. այն երեխային մղում է սխալները կանխելուն, խելամտություն է ներշնչում, արժանապատվություն, որը բերում է բարու հիմքին: Իմ մեթոդը վերացնում է այն կարծիքը, թե պատահական հաջողությունը բավական է սկսած գործը շարունակելու համար:
Այն փաստը, որ բոլոր երեխաները (և՛ նրանք, որ սկսում են վարժությունների երրորդ փուլը, և՛ նրանք, որ առաջին ամիսը չէ, որ գրում են) ամեն օր կրկնում են նույն վարժությունը, մտերմացնում է նրանց, ընդհանուր գործով հանդիպելու առիթ է տալիս: Այստեղ փորձառուներ և սկսնակներ չկան: Բոլորը ուրվագծում են պատկերները, շոշափում են հղկաթղթե տառերը և շարժուն տառերով բառեր են կազմում. բոլորը հավասար են՝ մեծ ու փոքր: Բոլորն անցնում են նույն ճանապարհը՝ և՛ նա, ով պատրաստվում է աշխատանքի, և՛ նա, ով հմտանում է այդ աշխատանքում: Դա կյանքի ճանապարհն է, քանի որ բոլոր սոցիալական տարբերությունների խորքում հավասարությունն է, որի համար բոլոր մարդիկ եղբայրներ են:
Գրելը արագ է յուրացվում, որովհետև մենք գրել սովորեցնում ենք միայն այն երեխաներին, որոնք իրենք են ուզում սովորել, ուշադիր լսում են ուսուցչի դասը ուրիշ երեխաների հետ և ուշադիր հետևում են այդ երեխաների աշխատանքին: Որոշ երեխաներ գրել սովորում են անգամ առանց դասեր ստանալու, միայն ուրիշների դասերը լսելով:
Ընդհանրապես՝ բոլոր 4 տարեկաններին հետաքրքրում է գրելը, մեր մի քանի փոքրիկներ գրել սկսել են երեք ու կես տարեկանից: Երեխաները հատկապես սիրում են հղկաթղթե տառերը շոշափել։
Իմ փորձարկումների առաջին փուլում, երբ երեխաները նոր էին տառերը տեսնում, ես տնօրենին՝ տիկին Բետինիին, խնդրեցի իր պատրաստած տառերը հանել կտուր, որտեղ խաղում էին երեխաները: Երեխանրը հենց տեսան, պարզեցին մատները՝ տառերը շոշափելու համար:
Քարտեր ստացած երեխաները չէին կարողանում դրանցով զբաղվել, նրանց խանգարում էին մյուս երեխաները՝ ձեռքներից քարտերը խլելով: Հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էին երեխաները, քարտերը գլխից վեր պահելով, հպարտ քայլում մյուսների ուղեկցությամբ, որոնք ծափ էին տալիս, ուրախ բացականչում: Խումբն անցավ մեր մոտով, բոլորը՝ մեծ ու փոքր, ուրախ ծիծաղում էին, իսկ մայրերը, աղմուկով տարված, նայում էին այդ տեսարանին:
Գրելուն պատրաստվելու համար չորս տարեկաններին միջին հաշվով մեկից մեկ ու կես ամիս պահանջվեց:
5 տարեկաններին մեկ ամսից էլ պակաս պետք եկավ, իսկ մեր սաներից մեկը այբուբենի բոլոր տառերը սովորեց գրել 20 օրում: 4 տարեկանները երկու - երկուս ու կես ամիս դպրոցում անցկացնելուց հետո թելադրանքով գրում են ցանկացած բառ և պատրաստ են տետրում թանաքով գրելուն: Մեր փոքրիկները գրելուն լիովին պատրաստ են լինում 3 ամիս անց, իսկ վեց ամիս անց արդեն գրում են երրորդ դասարանի աշակերտների նման: Գրավորը երեխայի ամենահաճելի և հեշտ հաղթանակներից մեկն է:
Եթե մեծերը մինչև 6 տարեկանների նման հեշտությամբ կարողանային գրել սովորել, հեշտ կլիներ անգրագիտությունը վերացնելը: Բայց մեծերին ուսուցանելիս, ամենայն հավանականությամբ, մենք երկու կարևոր արգելքի կհանդիպեինք` մկանային զգացողության թուլություն և բանավոր խոսքի անուղղելի թերություններ, որոնք արտահայտվում են նրանց գրավոր խոսքում: Ես չեմ փորձել, բայց կարծում եմ, որ մի տարում անգրագետ մարդիկ ոչ միայն կկարողանան գրել սովորել, այլև սեփական մտքերը գրաֆիկական լեզվով արտահայտել (նամակագրություն):
Ահա թե մեր երեխաները ինչպիսի արագությամբ են սովորում, իսկ ինչ վերաբերում է գրավորի որակին, ապա նրանք հենց սկզբից լավ են գրում: Տառերի ձևը՝ գեղեցիկ կլորացված և ճիշտ, զարմանալիորեն նման է հղկաթղթե օրինակին: Տարրական դպրոցի սովորողները ձեռագրի գեղեցկությամբ չեն կարող մեր երեխաների հետ համեմատվել, եթե նրանք հատուկ գեղագրություն չեն պարապել:
Ես շատ եմ ուսումնասիրել գեղագրությունը և գիտեմ, թե տասնեկու-տասներեք տարեկան երեխան ինչ դժվարությամբ է բառ գրում՝ առանց գրիչը թղթից կտրելու, եթե չհաշվենք մի քանի տառերը, որոնք դա պահանջում են: Որվագծերն ու ուղղահայաց գծիկները, որոնցով աշակերտները լցնում են տետրերը, արգելքներ են դրա համար: Այն դեպքում, երբ մեր փոքրիկները ինքնուրույն և զարմանալի ինքնավստահությամբ գրում են ամբողջական բառեր՝ գրիչն առանց թղթից կտրելու, պահպանելով տառերի իդեալական համաչափություն և միջանկյալ տարածություն: Մեր այցելուներից շատերն են ասել. «Երբեք չէի հավատա սրան, եթե իմ աչքով չտեսնեի»:
Իրոք, գեղագրությունը ուսուցման կարևորագույն առարկան է, որն անհրաժեշտ է արդեն ձեռք բերված և հաստատված թերություններն ուղղելու համար: Այս աշխատանքը դժվար է ու երկար, քանի որ երեխան, տեսնելով օրինակը, պետք է հետևի դրա վերարատադրության շարժումներին, իսկ այս դեպքում տեսողական զգացումները բավարար չեն:
Մենք երեխային անմիջականորեն նախապատրաստում ենք ոչ միայն գրելուն, այլև գեղագրությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով օրինակի գեղեցկությանը (երեխաները շոշափում են գեղագրական տառեր) և գրի սահունությանը (դրան նպաստում են տառերի ուրվագծման վարժությունները)։
Թարգմանություն ռուսերենից
- Բացվել է 3018 անգամ