Աշխատանքային ճամբարը՝ կրթության միջոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ճամբարը ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մասն է: Այն կարող է լինել ամառային, ձմեռային և, իհարկե, աշխատանքային:

Այսպես, 2012-2013 ուսումնական տարվա ամառային ճամբարին հաջորդեցին ուսումնական բազմաբնույթ ճամփորդություններ, հուլիսի 1-5-ը՝ «Բյուրական», 10-15-ը՝ «Անդրանիկ» ճամբարները, իսկ հուլիսի 9-19-ը՝ աշխատանքային ճամբարը հենց Երևանում:
Կրթահամալիրի աշխատանքային ճամբարը գործեց ու առայժմ կգործի Գեղարվեստի դպրոցում, ուր իրականացվում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Դրանք աննկարագրելի մեծ են. տեսնել է հարկավոր: Ծրագրերն այնքան հեռուն են տանում, որ դպրոցս անճանաչելիորեն պիտի գեղեցկանա, մեծանա, բարձրանա (տանիքի հետ կապված մեծ ծրագրեր կան): Իսկ դպրոցի նկուղի ընդարձակ տարածքը կդառնա ժամանակակից արվեստի ցուցասրահ-կենտրոն: Այսքան աշխատանքը լուրջ ուսումնական ծրագիր է դառնում, եթե խնդրին մոտենում ենք մանկավարժի հոգածությամբ։
Արդեն երրորդ ամառն է, որ գործեց աշխատանքային ճամբարը: Այն կայացավ ու, կարծում եմ, արդյունավետ աշխատեց: Ծրագիրը բաժանվեց մասերի՝ առանձին օրերի համար: Աշխատանքի ամբողջ ընթացքը պարբերաբար ֆիլմերի տեսքով ներկայացրինք կրթահամալիրի կայքում:
Արդյունավետ օգտագործեցինք ժամանակը. աշխատանքային օրը սկսում էինք առավոտյան ժամը 8:00-ին, որպեսզի ճիշտ օգտվենք զովից ու արևից:
Մեր սովորողները, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում էին լուծել առաջացած խնդիրները՝ բահի ճանապարհին հայտնված ասֆալտի կտորը, մեծ քարը, ծանրությունը, որ հարկավոր էր տեղափոխել. մեծ մարդու պես օգտվում էին գործիքներից՝ իմանալով՝ որը որտեղ և ինչպես օգտագործել: Աշխատանքի կազմակերպիչ վարպետ Օնիկի հսկողությամբ երեխաները նույնիսկ պերֆերատորը օգտագործեցին:
Այսպես, աշխատանքը կատարելու ընթացքում սովորողները ճանաչեցին աշխատանքային գործիքները, հմտացան դրանց կիրառության մեջ։ Ամառային աշխատանքային ճամբարը 14-16 տարեկանների համար նաև կամքի դրսևորման քննություն էր։ Երեխաները իհարկե հոգնում էին, իհարկե ցանկանում էին միանալ իրենց խաղացող կամ ճամփորդող ընկերներին։ Բայց իրենց ընտրած գործունեությունը նպատակ ուներ, և դրան հասնելու համար աշխատում էին իրենք իրենց հաղթահարելով։
Աշխատանքային ճամբարը հնարավորություն է նաև միմյանց հետ համագործակցելու հմտություններ մշակելու համար։ Եթե առաջադրված խնդիրը (օրինակ՝ ասֆալտը քանդել և պատրաստել տեղափոխելու) հարկավոր է կարճ ու սահմանված ժամանակում կատարել, ստիպված են միասին աշխատել, ժամանակն արդյունավետ օգտագործելու համար ստիպված են լինում աշխատանքի բաժանում անել։ Եթե ուսուցիչ-կազմակերպիչը կարողանա հնարավորինս չմիջամտել, առաջ կգան նաև լիդերները, ովքեր իրենց վրա կվերցնեն նաև կազմակերպման խնդիրը։
Այսպիսով՝ աշխատանքային ճամբարի գործունեությունը ստեղծական աշխատանքի երանգներից մեկն է։
Ծրագիրն իրականացրինք յուրահատուկ համերաշխ մթնոլորտում, անհրաժեշտը ժամանակին կատարած սովորողները սովորեցին, մեծացան…

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский