Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով
Primary tabs
Ինչպես նշել ենք նախորդ հոդվածում, «Քաղաքագիտություն» առարկայի հայերեն գրականության մեջ առկա են մի շարք բացթողումներ: Այն հիմանակում ուղղված չէ այսօրվա բարդ և հարափոփոխ աշխարհում ապրող մարդուն: Այդ գրականությունը հնարավորություն չի ընձեռնում հասկանալու ժամանակակից աշխարհաքաղաքական փոփոխություններն ու գործընթացները, որոնք իրենց վրա կրում են անցյալում տեղի ունեցած գործընթացների կնիքը, և շատ հաճախ կրկնվում են նույն օրինաչափությամբ ու տրամաբանությամբ:
Սույն հոդվածը հրապարակվում է որպես շարունակություն «Քաղաքագիտություն» առարկայի այլընտրանքային մեդիափաթեթի:
«Ժողովրդավարություն» եզրույթը առաջին անգամ ի հայտ է եկել անտիկ հունական քաղաքական և փիլիսոփայական մտածողության մեջ: Անտիկ փիլիսոփա Պլատոնը, խոսելով պետության կառուցվածքի մասին, առանձնացնում էր կառավարման չորս ձև` թիմոկրատիա, օլիգարխիա, դեմոկրատիա և բռնապետություն: Թիմոկրատիան փառասերների իշխանությունն է, որի ժամանակ իշխողները ձգտում են իրենց համար հարստություն դիզել: Դրա հետևանքը լինում է այն, որ թիմոկրատիան վերածվում է օլիգարխիայի, այսինքն` հաստատվում է փոքրաթիվ մարդկանց տիրապետությունը մեծամասնության նկատմամբ: Բռնապետությունը ժողովրդի օգնությամբ իշխանության հասած անհատի կառավարությունն է: Սկզբնական շրջանում բռնակալը իրեն պահում է որպես «ժողովրդի հայր»: Բայց որպեսզի ժողովուրդը համոզվի, որ ունի իսկական առաջնորդ, բռնակալը պատրվակներ է փնտրում պատերազմներ հրահրելու համար: Քանի որ երկարատև պատերազմները դժգոհություն են առաջացնում նրա զինակիցների և ժողովրդի մեջ, բռնակալը սկսում է ֆիզիկապես ոչնչացնել այլախոհներին: Ժողովրդավարությունը դիտարկվում էր որպես ազատ քաղաքացիների տիրապետություն: Իդեալական է կառավարման այն ձևը, կարծում է Պլատոնը, որը մտածում է բոլորի բարիքի մասին: Այդպիսի պետությունը պետք է կարողանա, նախ և առաջ, ապահովել հասարակության կառավարումը և նոր մարդկանց դաստիարակությունը, երկրորդ` իրեն պաշտպանի թշնամական հարձակումներից, երրորդ` մարդկանց ապահովի նյութական բարիքներով, չորրորդ` դրա հիմքում պետք է ընկած լինի արդարության սկզբունքը, այսինքն`պետք է լինի աշխատանքի բաժանում և յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ նպաստի պետության առաջընթացին:
«Ծայրահեղ ազատության պայմաններում ժողովրդավարությունը կարող է վերաճել բռնապետության` դաժանության ու ստրկության ծայրահեղ դրսևորման»:
Պլատոն
Իրական ժողովրդավարության հիմքերը դրվեցին հունական պոլիս Աթենքում` Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի կառավարման տարիներին: Հենց նրանց բարեփոխումների շնորհիվ
էր, որ Աթենքի շարքային քաղաքացիները սկսեցին մասնակցել պետության կառավարմանը,
ժողովրդական ժողովը` էկլեսիան, լուրջ դերակատարություն ձեքռ բերեց պետության կառավարման մեջ, ձևավորվեց երդվյալ ատենակալների դատարանը, օստրակիզմի սկզբունքը:
Պետության կառավարման համակարգի կատարելագործման և ժողովրդավարության հիմքերի ամրապնդման նպատակով Աթենքի առաջին ստրատեգոս Պերիկլեսը անցկացրեց մի շարք լուրջ բարեփոխումներ: Նրա օրոք հաճախ պետության կառավարման տարբեր, նույնիսկ բարձրագույն մարմիններում ընտրվում էին ստորին խավերի ներկայացուցիչներ: Պերիկլեսը հաճախ քվեարկության փոխարեն պաշտոնի էր նշանակում վիճակահանությամբ: Պերիկլեսի օրոք էկլեսիան վերածվեց պետության իրական ղեկավար մարմնի: Էկլեսիան էր ընտրում ստրատեգոսներին և պետական պաշտոնյաներին, հայտարարում պատերազմ, կնքում պայմանագրեր, ընդունում պետական մարմինների և պաշտոնյաների հաշվետվությունները:
ժողովրդավարության տարաբանույթ ձևեր, որոնք դրսևորվում էին ընտրությունների և
տարբեր խավերի ներկայացուցիչնեից բաղկացած խոհրդարանի ձևավորման միջոցով, ի հայտ եկան միջնադարյան Եվրոպայի մի շարք երկրներում: Սակայն միջնադարյան պետություններում հասարակության միայն մի փոքր զանգվածն էր մասնակցում պետության կառավարմանը: Միջնադարյան Եվրոպայի իրական ու հիմնական իշխող խավերը եղել են հոգևորականներն ու ազնվականները:
Թոմաս Ջեֆերսոն
Հովհան Անհողինի կողմից 1215 թ. ստորագրված «Ազատությունների մեծ խարտիան»
(The Great Charter) դարձավ միջնադարյան Անգլիայի սահմանադրությունը: Այն առաջին հերթին կոչված էր սահմանափակելու թագավորի իշխանությունն ու կամայականությունները: 1265 թ. Լեստերի դուքս Սիմոն դե Մոնֆորի կողմից Լոնդոնում հրավիրվեց ժողով, որին բացի բարոններից, մասնակցում էին նաև ասպետներն ու հասարակ քաղաքացիներ: Այս ներկայացուցչական ժողովը ստացավ «խորհրդարան» անվանումը: Այդուամենայնիվ, հասարակության միայն մի փոքր հատվածն ուներ ընտրելու իրավունք, իսկ խորհրդարանն իրականում ծառայում էր միապետական շահերին: XVII դ. Անգլիական հեղափոխության և բացարձակ միապետության տապալումից հետո՝ 1689 թ. Անգլիայում ընդունվեց «Իրավունքների մասին օրենքը», որն իշխանության միակ աղբյուր ճանաչում էր ինքնիշխան ազգի կամքը, իսկ դրա օրինական արտահայտիչ` ընտրովի խորհրդարանը: Այլ խոսքով` Անգլիայում հաստատվեց սահմանադրական միապետություն: 1832 թ. ընդունվեց նոր ընտրական իրավունք, որը զգալի ընդլայնեց ընտրողների թիվը` ի հաշիվ անշարժ գույք ունեցող քաղաքացիների: Սակայն բանվորները չստացան ընտրական իրավունք:
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը և 1789 թ. օգոստոսի 26-ին ընդունված «Մարդու և
քաղաքացու իրավունքների հռչակագիրը» հանդիսանում են նոր դարաշրջանի պատմության կարևորագույն իրադարձությունները` ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին: Հռչակագիրը հաստատում էր քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ: Իշխանության գերագույն աղբյուր էր ճանաչվում ոչ թե արքայի աստվածային իշխանությունը, այլ ազգի հավաքական կամքը: Շեշտվում էին մարդու բանական իրավունքները, այսինքն` լինելու ազատ, ունենալու մասնավոր սեփականություն, դիմակայելու ցանկացած բռնաճնշման, ազատորեն արտահայտելու սեփական կարծիքը, անձամբ և ներկայացուցիչների միջոցով մասնակցելու պետության կառավարմանը:
Ք ա ղ վ ա ծք. «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրից »
Հոդված 1. Մարդիկ ծնվում և ապրում են հավասար իրավունքներով: Նրանց հասարակական տարբերություները կարող են կառուցվել միայն ընդհանուր օգուտի վրա:
Հոդված 2. Մարդկանց քաղաքական միավորման նպատակը նրանց բնական և անօտարելի
իրավունքների պաշտպանությունն է: Դրանք են ազատությունը, ունեցվացքը, ապահովությունը և դիմադրությունը ցանկացած բռնաճնշմանը:
Հոդված 3. Ազգն է ամբողջ իշխանության կրողը: Ո՛չ անհատները, ո՛չ առանձին խմբերը
իրավասու չեն իշխանություն գործառելու, եթե դա չի բխում ազգի շահերից:
1789 թ. օգոստոսի 26.
Անդրադառնանք ընկերավարության գաղափարին: Քաղաքական մտածողության մեջ
ընկերավարության առաջին բաղադրիչները ի հայտ եկան 19-րդ դարում, երբ արդյունաբերական հասարակության զարգացման հետ համատեղ ձևավորված բանվորական դասակարգը սկսեց վերածվել հզոր քաղաքական ուժի: «Ընկերավարություն» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 19-դարի սկզբներին, երբ բավական մեծ զարգացում էր ապրում արդյունաբերական հասարակությունը: Դրա հետ մեկտեղ, նոր ժամանակների ծնունդ հանդիսացող բանվոր դասակարգը սկսեց վերածվել իրական քաղաքական ուժի:
Ընկերավարության գաղափարը կենդանություն ստացավ բրիտանացի և ֆրանսիացի մտածողների աշխատություններում, որոնց թվին են դասվում Ռոբերտ Օուենը, Պիեռ-Ժոզեֆ Պրուդոն, Լուիզ Բլանկը, Սենտ-Սիմոնը և այլք: Այս մտածողները իրենց աշխատություններում սուր քննադատության էին ենթարկում արդյունաբերական հասարակության արատավոր երևույթները, մասնավորապես աղքատությունը, հասարակության շերտավորումը, սոցիալական անհավասարությունը, մասնավոր սեփականության առկայությունը, բանվոր դասակարգի կյանքի ու աշխատանքի համար ստեղծված անտանելի պայմանները: Նրանք առաջարկում էին այս ամենի վերացման համար կատարել արմատական ու համակարգային բարեփոխումներ, վերացնել մասնավոր սեփականությունը, բարելավել աշխատավոր դասի կյանքի պայմանները, կրճատել աշխատաժամերը, սահմանել անվճար բուժօգնություն և պարտադիր կրթական համակարգ: Ավելի հեռու գնալով՝ Սենտ-Սիմոնն ու Օուենը առաջ էին քաշում ուտոպիստական ընկերավարության գաղափարը՝ մատնանշելով, որ հասարակության վերափոխման և ընկերային հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է հասարակությունը բաժանել փոքր համայնքների, որտեղ հասարակական բարիքները հավասար կբախշվեն բոլորի մեջ, չի լինի մսանավոր սեփականություն, աշխատանքը պարտադիր կլինի բոլորի համար և այլն: Ավելի վաղ շրջանի ընկերավարական մտածողության մեջ առանձնանում էր այն հանգամանքը, որ ընկերային հասարակության, ընկերային պետություն կառուցելու գաղափարը շատ հաճախ դիտարկվում էր որպես անիրատեսական, ուտոպիստական մի երազանք:
19-րդ դարի կեսերին ընկերավարության գաղափարը վերածվեց քաղաքական գաղափարախոսության: Քաղաքական այս նոր հոսանքի զարգացման մեջ իրենց ներդրումն են ունեցել Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը: Նրանք համակարգեցին ընկերավարության գաղափարը՝ այն որակելով որպես պրոլետարիատի (բանվորներ) և բուրժուազիայի (արդյունաբերական դաս) ներկայացուցիչների միջև անխուսափելի հեղափոխական պայքարի արդյունք:
Սեփական գաղափարները հիմնավորելու համար նրանք օգտագործում էին Հեգելի
դիալեկտիկական փիլիսոփայության ցիտատները: Մարքսը և Էնգելսը լուրջ քայլեր կատարեցին ընկերավարության և համայնավարության գաղափարները գիտական հիմքերի վրա դնելու համար: Ի տարբերություն ավելի վաղ մտածողների, որոնք, կարելի է ասել, ընկերավարությունը դիտարկում էին որպես ուտոպիա, անիրականանալի մի երազանք, նրանք ընկերավարության կառուցումը դիտում էին որպես դասակարգային պայքարի տրամաբանական ավարտ: Այս ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ է կատարել Կ. Մարքսը: Շնորհիվ նրա կատարած ուսումնասիրությունների ու գրած գիտական աշխատությունների քաղաքագիտության մեջ ի հայտ եկավ մի նոր ուղղություն, որը հայտնի է «մարքսիզմ» անունով: Այն որպես մարդկային հասարակության զարգացման շարժիչ ուժ տեսնում էր հասարակության խավերի միջև առկա դասակարգային պայքարը: Հատկապես մեծ տեղ էր հատկացվում բանվոր դասակարգին, որը դիտարկվում էր մարդկային հասարակությանը առաջ մղող հիմնական շարժիչ ուժ: Մարդկային հասարակությունը, ըստ Մարքսի, անցել է զարգացման մի քանի փուլեր, որոնք էին` նախնադար, ստրկատիրության, ավատատիրության, կապիտալիզմ, սոցիալիզմ։ Կոմունիզը դիտարկվում է որպես մարդկության հասարակության ավելի զարգացման մի նոր, առավել կատարյալ աստիճան: Անցումը մի դասակարգից մյուսին, տեղի է ունենում միայն ու միայն դասակարգային պայքարի հետևանքով, համոզված է Կ. Մարքսը:
19-րդ դարում, «ընկերավարություն» և «ժողովրդավարություն» եզրույթները սկսեցին գործածվել միասնաբար: Ընկերավար-ժողովրդավար անվանում էին այն մարդկանց, որոնք հետևում էին ընկերավարության գիտական գաղափարին և հավատում էին ընկերային հասարակության գիտական տեսությանը՝ ի տարբերություն ուտոպիստ սոցիալիստների, որոնք ընկերային հասարակության կառուցումը անհնարին էին համարում արդյունաբերական արատավոր հասարակության հիման վրա:
Ժամանակակից ընկերավար-ժողովրդավարական շարժումը կյանքի կոչվեց 20-րդ դարի սկզբին, այն ժամանակ, երբ եվրոպական ընկերավարական շարժմաները ներքին հակասություններիի ու տարաձայնությունների արդյունքում պառակտվում էին: Միաժամանակ պետք է նշել, որ այս պառակտումը թուլացրեց ընկերավարական շարժումը ընդհանրապես, և որպես բացասական հետևանք՝ Եվրոպայում մեծ վերելք ապրեցին ազգայնամոլական (Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում, ֆաշիզմը Իտալիայում) շարժումները: Նույն ժամանակահատվածում առաջացան մի շարք շարժումներ, ինչպիսիք էին` խաղաղասերների շարժումը, անարխիստական շարժումը, տարատեսակ սինդիկատները: Նմանօրինակ շարժումներ ու միություններ շատ հաճախ հիմնվում էին այն անհատների կողմից, ովքեր հեռացել էին ընկերավարական շարժումից:
Ժամանակակից ընկերավար-ժողովրդավարական շարժման հիմնադիր իրավամբ
համարվում է Էդուարդ Բերնշտայնը: Նա կողմնակից էր ռեֆորմիստական ընկերավարության գաղափարին: Ի սկզբանե Բեռնշտայնը մարքսիստ էր և բավական լավ հարաբերությունների մեջ էր Կ. Մարքսի և Ֆ Էնգելսի հետ, սակայն նա մարքսիզմի մեջ տեսնում էր բազմաթիվ բացթողումներ ու վրիպումներ, և առավել խորը ուսումնասիրելով այն՝ սկսեց քննադատել Մարքսի պատմության մատերիալիստական տեսությունը: Բեռնշտայնը քննադատության էր ենթարկում դասակարգային անհաշտ պայքարի գաղափարը և մարքսիզմի թշնամանքը ազատականության հանդեպ: Քննադատության ենթարկելով Մարքսի բացասական մոտեցումը ազատականության հանդեպ՝ Բեռնշտայնը համարում էր, որ լիբերալ-ժողովրդավարությունը և ընկերավար-ժողովրդավարությունը ունեն համընդհանուր սկզբունքներ, և այս ընդհանրությունը կարելի է օգտագործել ի շահ ընկերավարական պետության կառուցման գաղափարի: Դասակարգային պայքարի հարցում Բեռնշտայնը հավատացած էր, որ դասակարգերի միջև առկա սոցիալական անհավասարությունը կարելի է վերացնել օրենսդրական բարեփոխումների և տնտեսական բարեփոխումների ճանապարհով: Միևնույն ժամանակ, նա մերժում էր Մարքսի՝ պրոլետարիատի դիկտատուրայի սկզբունքը՝ հավաստիացնելով, որ ժողովրդավարական բերփոխումների ու բարենորոգումների միջոցով կարելի է հասնել աշխատավոր դասի թե՛ սոցիալական և թե՛ իրավական վիճակի բարելավմանը: Ավելին, նա համոզված էր, որ դասակարգերի համագործակցությունը ավելի արդյունավետ ու նախընտրելի է ընկերավարության հասնելու համար, քան դասակարգային պայքարը:
«Ընկերավար-ժողովրդավարությունը նպատակ չի հետապնդում վերացնելու քաղաքացիական հասարակությունը և նրա բոլոր անդամներին դարձնել պրոլետարիատի անդամ: Այն նպատակ ունի աշխատավոր դասակարգը պրոլետարիատից բարձրացնելու մինչև քաղաքացիները և դրանով կառուցել քաղաքացիական հասարակություն: Այն չի փորձում քաղաքացիական հասարակությունը փոխարինել պրոլետարիատով, այն փորձում է կապիտալիստական տիպի հասարակությունը փոխարինել ընկերավարականով»:
Է. Բեռնշտայն
Բերնշտայնը կոչ էր անում ժողովրդավարներին լինել համախմբված ու վճռական` իրականացնելու համար կապիտալիստական հասարակությունը ընկերայինով վերափոխելու դժվարին խնդիրը: Այս գործընթացում նա ավելորդ էր համարում կապիտալիստական հասարակության ավելորդ ցնցումները, որոնք կարող էին բացասական հետևանդներ ունենալ հասարակության ու պետության հետագա առաջընթացի համար: Բեռնշտայնը համարում էր, որ ընկերավար-ժողովրդավարությունը չի կարող գնալ գոյություն ունեցող տնտեսական համակարգի կործանմաը: Այն պետք է կազմակերպի աշխատավոր դասակարգը քաղաքականապես, դաստիարակի ժողովրդավարության հոգուն ու պահանջներին համահունչ, և պայքարի երկրում լայնածավալ բարեփոխումներ անցկացնելու համար, որոնք ծառայում են աշխատավորական խավի իրավունքների ընդլայնման և ավելի ժողովրդավար պետություն ունենալու նպատակին:
Ընկերավար-ժողովրդավարները, որոնք այդ դարաշրջանում արդեն հասցրել էին ստեղծել
ընդարձակ ընկերային շարժում ամբողջ Եվրոպայի տարածքում, չէին ժխտում մարքսիզմի գաղափարները, սակայն մի շարք անվանի դեմքեր պահանջում էին անցկացնել բարեփոխումներ, այլ ոչ թե թշնամանք քարոզել կապիտալիզմի հանդեպ և մասսաներին մղել դասակարգային պայքարի: Որպես ընկերավարության հասնելու ավելի նախընտրելի ճանապարհ նրանք տեսնում էին բարեփոխումների, այլ ոչ թե հեղափոխության ուղին: Չնայած այն տարաձայնություններին, որոնք առկա էին ռեֆորմիստական ու հեղափոխական թևերի միջև, նրանք շարունակում էին մնալ միավորված Երկրորդ ինտերնացիոնալի միջոցով: Այս իրավիճակը շարունակվեց մինչև առաջին համաշխարհային պատերազմը: 1917 թ. Բոլշևիկյան հեղափոխությունից հետո, համաշխարհային ընկերավարական շարժումը վերջնականապես պառակտվեց: Բարենորոգումների ճանապարհով ընկերավարական պետություն կառուցելու գաղափարին կողմնակիցները պահպանեցին ընկերավար-ժողովրդավար անվանումը: Այս նույն ժամանակ հեղափոխության կողմնակից ընկերավարական կուսակցությունները սկսեցին իրենց անվանել համայնավարներ: Նրանք շուտով հիմնեցին ժամանակակից համայնավարական շարժումը: Հենց այս կուսակցություններն էլ ստեղծեցին Երրորդ ինտերնացիոնալը, որը հայտնի է «Կոմինտերն» անունով:
Երկրորդ աշխարհամարտից հետո ժողովրդավարական և ընկերավար-ժողովրդավարական կուսակցությունները հիմնեցին Ընկերավար Միջազգայնականը: Հիմնադիր ժողովը տեղի ունեցավ Ֆրանկֆուրտում 1951 թ.: Ֆրանկֆուրտում ընդունվեց հռչակագիր, որի մեջ մասնավորապես ասվում էր`
- Այն ժամանակ, երբ Ընկերավարական շարժումը շարունակում է կատարելագործել ու առաջ մղել ամբողջ աշխարհը, նոր ձևավորված շարժումները սպառնում են անկախության և ընկերային արդարության համամարդկային արժեքներին: Ռուսաստանում իրականացված բոլշևիկյան հեղափոխությունից հետո համայնավարները պառակտում են միջազգային աշխատավորական շարժումը և խոչընդոտում են ընկերավարության կայացմանը բազմաթիվ երկրներում:
- Համայնավարությունը փորձում է հանդես գալ որպես ընկերավարության գաղափարներին ու ավանդույթներին հավատարիմ մի շարժում: Սակայն իրողության մեջ նրանք ստեղծել են ավտորիտար կառավարման համակարգ, որը անհամատեղելի է ընկերավարության հետ:
- Այն ժամանակ, երբ ընկերավարները նպատակ են հետապնդում բարենորոգումների ճանապարհով հասնել ազատության և ընկերային արդարության, վերացնել աշխատավորության շահագործումը արդյունաբերողների կողմից՝ առանց սրելու դասակարգային հակասությունները, համայնավարները ջանում են առավել սրել այս դասակարգային բաժանումը, միակուսակցական բռնապետություն հաստատելու համար:
- Համայնավարությունը մի նոր գործիք է ծավալապաշտների ձեռքերում: Այն երկրներում,որտեղ նրանք հասնում են իշխանության, վերանում են անկախության և սոցիալական արդարության հասնելու բոլոր հնարավորությունները:
Ընկերավարների և համայնավարների պառակտումից հետո ընկերավարական շարժման մեջ նկատվեցին նոր բաժանումեր: Մի մասը կարծում էր, որ անհրաժեշտ է վերացնել կապիտալիզմը (առանց հեղափոխության) և փոխարինել այն նոր ընկերային համակարգով, որին կարելի է հասնել պառլամենտական բարենորոգումների միջոցով: Մյուս մասը համոզված էր, որ կապիտալիստական համակարգը կարող է պահպանվել՝ ենթարկվելով մի շարք լուրջ բարեփոխումների, ինչպիսիք են` խոշոր բիզնեսի ազգայնացումը, կրթության և առողջապահության անվճար համակարգի ձևավորումը և հարկային բարեփոխումների անցկացումը: Այնպիսի երկրներում, ինչպիսին են Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Գերմանիան, Ֆրանսիան, իշխանության գլուխ եկած ընկերավարական կուսակցությունները ընտրեցին զարգացման երկրորդ ուղղին: Ներկա փուլում ընկերավար-ժողովրդավար կառավարությունները նախընտրում են տնտեսության այնպիսի մոդել, որտեղ առկա են կապիտալիստական տնտեսությանը բնորոշ տարրեր, սակայն խոշոր կապիտալը գտնվում է պետության անվերապահ հսկողության ներքո և ծառայում է պետության շահերին:
Ներկա փուլում բազմաթիվ երկրներ, այդ թվում հետխորհրդային տարածքի վրա ձևավորված նորանկախ պետությունները, ընկերավարությունը և ժողովրդավարությունը դիտում են որպես իրենց զարգացման միակ ու անվիճարկելի ճանապարհ: Այդ նպատակին հասնելու համար, առկա են մի շարք լուրջ խոչընդոտներ: Նախ և առաջ, հետխորհրդային պետություններում բնակչության մեծամասնությունը ընկերավարությունը նույնացնում է համայնավարության հետ, առանց հասկանալու այս երկու շարժումների միջև գոյություն ունեցող լուրջ տարբերությունները: Բացի այդ, նորանկախ այս երկրներում իշխանության ղեկին շարունակում են մնալ խորհրդային ժամանակահատվածում կրթված ու այս վարչակարգի մեջ իրենց քաղաքական գործունեությունը սկսած պետական գործիչներ: Այսօր առավել քան անհրաժեշտ է իրականացնել լուրջ համակարգային բարեփոխումներ, որոնք պարարտ հող կնխապատրաստեն հետխորհրդային պետությունների` ժողովրդավարության ու ընկերավարության ճանապարհով զարգանալու և պետական համակարգ կառուցելու համար:
- Բացվել է 4520 անգամ