Բնագիտության ուսուցում նախագծերի և ճամփորդությունների միջոցով

Համաձայն 5-6-րդ դասարանների »Բնագիտություն» առարկայի ծրագրի  «Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը 5-6 դասարաններում բնության մեջ մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը: Այս նպատակին հասնելու ամենաարդյունավետ եղանակները թերևս նախագծերն ու ճամփորդություններն են։ Նախագծերը կարող են ծնվել ելնելով կրթահամալիրյան ուսումնական օրացույցից, սովորողների առաջարկներից, տվյալ շրջանում արդիական բնագիտական թեմաներից և այլն։ Այս մեթոդով բնագիտության դասավանդումն առանձնանում է նրանով, որ կարելի է միաժամանակ սովորողներին տալ համակարգված գիտելիքներ տարբեր առարկաներից՝  ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն, պատմություն, գրականություն, էկոլոգիա, մեդիատեխնոլոգիա և այլն։ Բացի այդ՝ օտարալեզու նյութերը թարգմանելու համար համագործակցում ենք նաև ռուսերենի և անգլերենի դասավանդողների հետ, ուստի՝ զարգանում են նաև սովորողների գիտելիքները օտար լեզուներից։ Իսկ ճամփորդության ընթացքում սովորողները ձեռք են  բերում գործնական գիտելիքներ և կյանքի հմտություններ։

2013-2014 ուսումնական տարին սկսեցի «Բարձունքի նվաճում։ Հայրենագիտական ճամփորդություն դեպի Գոշավանք, Գոշի լիճ» նախագծով։ Նախագիծի իրականացման ընթացքում համագործակցում էի մայրենիի դասավանդող Մարինե Ամիրջանյանի և անգլերենի դասավանդող Աստղիկ Պողոսյանի հետ։ Սովորողներն ըստ իրենց նախասիրությունների բաժանվեցին մի քանի խմբերի և սկսեցին ուսումնասիրել Տավուշի մարզի աշխարհագրությունը, բնությունը, պատմամշակութային հուշարձանները, Մխիթար Գոշի կենսագրությունը և այլն։ Աշխատանքի բաժանման մեթոդը շատ արդյունավետ է, քանի որ սովորողները շատ չեն ծանրաբեռնվում, ամեն մեկն աշխատում է իրեն դուր եկած թեմայով, նյութեր պատրաստում և ներկայացնում դասընկերներին։ Իսկ երբ հանձնարարվում է ծավալուն նյութ տարբեր թեմաներով, սովորողների մի մասը խուսափում են անգամ սկսել աշխատել։

Սեպտեմբերի 21-ին 5-րդ դասարանցիների  հետ միասին նվաճեցինք Գոշ լճի բարձունքը՝ մոտ 1200մ։ Այս ճամփորդության ընթացքում ոչ ֆորմալ մթնոլորտում կարողացա ավելի լավ ճանաչել սովորողներին, նրանց նախասիրությունները։ Սովորողներն էլ ձեռք բերեցին կյանքի նոր հմտություններ օրինակ՝ սովորեցին անտառում ճիշտ վայրում ճիշտ ձևով կրակ վառել։

Արդյունքում ծնվեցին բազմաթիվ հետաքրքիր նյութերանգլերեն և հայերեն ֆիլմեր։

Հաջորդը  »Քարանձավային բնակավայրերը Հայաստանում»  ճամփորդական նախագիծն էր։ Ճամփորդության համար ընտրեցի Սյունիքի մարզը՝ Խնձորեսկի և Գորիսի քարանձավային բնակավայրերը։ Մինչ այդ բազմիցս բախտ էր վիճակվել լինել այդ վայրերում և ամեն անգամ վերադառնալ նորանոր բացահայտումներով։ Դրանք հիանալի «դիդակտիկ նյութեր» են սովորողներին քարանձավաբնակ մարդկանց կենցաղը, ապրելակերպը բացատրելու համար, քանզի բավականին լավ պահպանվել են մի քանի տասնյակ քարանձավային տներ, Հին Գորիսի քարանձավային թատրոնը։ Զրուցեցինք մի մարդու հետ, ով մինչև 3 տարեկանն ապրել էր քարանձավ-տնակում և հասկացանք, որ ոչ մի գիրք այդպես պատկերավոր նրանց կենցաղը չէր բացատրի։
Նախագծի և դեպի Սյունիք եռօրյա հագեցած գրաֆիկով ճամփորդության ընթացքում սովորողներն իրենց աչքով տեսան և ուսումնասիրեցին Սյունիքի մարզի աշխարհագրությունը, բնությունը, պատմամշակութային ժառանգությունը, Քարահունջի պատմությունը, Մխիթար Սպարապետի կենսագրությունը և այլն։  Ունեցանք հյուր անձավագիտական կենտրոնից, ով մանրամասն ներկայացրեց ՀՀ քարանձավների տեսակները, դրանց ծագումը, ինչպես նաև անվտանգության կանոնները քարանձավերում։

Ուսումնական ճամփորդությունները` մի տեսանյութում.

Բնագիտության դասավանդման ընթացքում նկատեցի, որ սովորողները դժվարությամբ են սովորում և հիշում աշխարհագրական որոշ տերմիններ, որոնք հանդիպում են իրենց։ Ինչպես նաև շատ պարզունակ և թյուր  բացատրություն էին տալիս այնպիսի տերմինների, ինչպիսիք են լեռ, լիճ, ծով, գետ և այլն։ «Աշխարհագրական տերմինների բառարան» նախագիծը դարձավ իմ լավ «օգնականը», որի միջոցով սովորողները ստեղծեցին հետաքրքիր ուսումնական նյութ և սովորեցին ավելի քան ութսուն աշխարհագրական տերմիննների բացատրություն։ Նախագծի ընթացքում բավականին զարգացան նաև սովորողների մեդիահմտությունները։

Ձմեռային ճամբարային գործունեության ընթացքում սովորողների առաջարկությամբ իրականացվեցին միանգամից երկու նախագծեր՝ «Americano դասարան-ռեստորան» և «Էկոլոգիա ամենափոքրերի համար»։  Չնայած նրան, որ նախագծերը կարճաժամկետ էին, դրանք բավականին արդյունավետ եղան։ Սովորողները ծանոթացան համաշխարհային և հայկական էկոլոգիական հիմնախնդիրներին, կազմակերպվեցին սեմինար-քննարկումներ, իսկ նախագծի ավարտին ներկայացան արդեն իրենց նյութերով։

Դպրոցում հաճախ նկատում էի, որ սովորողները հաճախ օգտագործում են արագ, ոչ առողջ և կոնսերվանտներով հարուտ սնունդ (չիփսեր, կոլա, չորահաց և այլն)։ Այդ սննդի վնասակարության մասին տեղեկացնելու նպատակով սկսեցի «Առողջ սնունդ, առողջ ապրելակերպ» նախագիծը, որը հիմա ընթացքի մեջ է։ Նախագծի ընթացքում սովորողների հետ քննարկում ենք նաև ծխելու վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա (ելնելով այն հանգամանքից, որ տղաները սկսում են ծխել հիմնականում 10-15 տարեկանում և անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել)։ Ուրախալի է, որ որոշ սովորողներ արդեն սկսել են հրաժարվել արագ սննդի որոշ տեսակներից, ուշադրություն են դարձնում թե ինչ են ուտում, փորձում են վարել առողջ ապրելակերպ։

2014թ-ը նույնպես ճամփորդական կլինի։ Արդեն պատրաստ է «Ճամփորդություն դեպի Լաստիվեր» նախագիծը։ Նախատեսում եմ նաև ճամփորդություն դեպի Վայոց Ձորի մարզ և մե˜ծ ցանկություն ունեմ կազմակերպելու եռօրյա կամ հնգօրյա ճամփորդություն դեպի Արցախ։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский