Հեղինակային կրթական ծրագրում ի՞նչն են գնահատում ծրագրի սովորողները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներին խնդրում եմ գնահատել հեղինակային կրթական ծրագրերի 2013-2014 ուստարվա արդյունքները: Ի՞նչն եք համարում ձեռքբերում, կրթական ծրագրերի բովանդակության և կազմակերպման մեջ ի՞նչը պետք է պահպանել 2014-2015 ուսումնական տարում, զարգացնել:

Քննարկումն սկսելու համար առաջարկում եմ «Լուսաստղի» «Ավետիսի հաջողության բանալին» նյութը:

Շարունակեք Ավետիս Հարությունյանին, խնդրեմ: 

«Գնահատում եմ այն, ինչ ձեռք եմ բերել: Ու այս ամենն արդեն երազանք չէ. ամեն ինչ իրականացել ու իրականանում է: Հերթական անգամ ու հերթական քայլերով գնում ենք ու ամեն անգամ` մի նոր արահետով: Ինչո՞ւ էսպես սկսեցի նյութս, երևի սկսեցիք մտածել: Բացատրեմ՝ ինչու, սա արդեն իմ ուսումնական գործունեության մեջ հերթական նվաճումն է և հերթական փորձը: Առաջ կարծում էի, թե հեռուստացույցի այդ կոկիկ խցիկի մեջ միայն հատուկենտ մարդիկ են հայտնվում, խոսում, քննարկում և այլն: Բայց արի ու տես, որ մի օր էլ դու ես հայտնվում այդքան ցանկալի տուփում, որտեղից երևում է հանդիսատեսը: Երբ նոր էի որոշել լրագրող դառնալ, ցանկությունս մեծ էր մի օր էլ ինձ այդ խցիկից տեսնելու, ու այսօր արդեն դա երազանք կամ ուղղակի ցանկություն չէ, այլ իրականություն: Կրթահամալիրում ֆորմալ կրթությունից անցում կատարելով դեպի զուգընթաց կազմակերպվող  ոչ ֆորմալը` այլընտրանքայինն ու իրականը, հասկանում ես, որ կյանքդ 180 աստիճանով փոխում է: Դու սկսում ես հնից բացի տեսնել նորը, նորից բացի տեսնել ժամանակակիցը, իսկ դրանից այն կողմ լինել այդ նորի ու ժամանակակցի մեջ ու ստեղծել քոնը: Երբ այլընտրանքային կրթության հետևորդ ես, հասկանում ու գիտակցում ես առավելությունները և, դրանցից օգտվելով, դառնում գիտակից, կիրթ ու վստահ և ամենակարևորը՝ փորձառու: Փորձառությունը ամենակարևորն է: Երբ սովորում ես հասարակ՝ ավանդական համակարգով, մատյանի վերևից կարդալով հասնում են անվանդ, ու դու սկսում ես պատմել երեկ գիշերը սովորածդ դասը, որը մի երկու օրից մոռացության է մատնվելու, հասկանում ես, որ գիտելիքն ու օգուտը քիչ են, կամ չկան: Իսկ երբ ինքդ ես լինում այդ դասի մեջ, ինքդ ես փորփրում այն և ռեպորտաժի, նյութի, հոդվածի տեսքով յուրացնում, այն հետագայում էլ դժվար մոռանաս: Եվ հենց այս եռանկյունու անկյունների գումարից է ծնվում կարևորը` գիտելիքը: Հասարակից պետք է անցում կատարել, մի քայլ առաջ, գնալ, լինել ոչ ֆորմալ կրթության մեջ ու գիտելիքը կառուցել ամուր հիմքերի վրա: Իմ՝ կրթահամալիրում ընտրածս մասնագիտության մեջ, փորձ եմ ձեռք բերել և շարունակում եմ ձեռք բերել` հենց այլընտրանքային կրթության շնորհիվ: Երբ հասարակ դասը կարող է անցնել հեռուստաընկերությունում, ռադիոյում և այլն, երբ դասը վարում են տվյալ ոլորտի հայտնի մարդիկ` հաղորդավարներ, դերասաններ, գրողներ, հրապարակախոսներ, բլոգերներ ….: Հիմա, կարելի է ասել, ազատ ելումուտ եմ անում հեռուստաընկերություններում: Արդեն առաջարկներ եմ ստացել ու ստանում հաղորդաշարերին ոչ թե որպես հանդիսատես, այլ արդեն որպես բանախոս ներկայանալու: Մի քանի օր առաջ Արմենիա TV-ի «Մարդկային գործոն» հաղորդաշարի հյուրն էի: Նմանատիպ հաղորդաշարերն ու թոք շոուները սովորողներին հնարավորություններ են տալիս լայնամասշտաբ տեղեկանալու, պատկերացնելու, ուսումնասիրելու տարատեսակ երևույթներ, խնդիրներ և այսպիսին է առհասարակ այլընտրանքային ուսուցումը, երբ կրթությունը չի սահմանափակվում գրքով, դպրոցի շենքով: Հիմա ինձ մնում է շնորհակալություն հայտնել դպրոցիս` կրթահամալիրիս ինձ համար այսքան շատ դռներ բացելու համար, ես շնորհակալ եմ ինձ տված ազատության համար, որի շնորհիվ ես սովորել եմ ազատ ու անկաշկանդ ներկայանալ ամեն վայրում: Չեմ սիրում, երբ չեն գնահատում այն, ինչ ունեն՝ էդպես մի տեսակ ազնիվ չէ, իսկ հիմա՝ արդեն մեծի հայացքով, ամենայն ազնվությամբ գնահատում եմ ու շնորհակալություն ասում: Հաջողության ձգտող մարդուն միայն բանալիներ են պետք, որպիսի կարողանա իր առջև դրված դռների միջով անցնել: Շնորհակալ եմ այդ բանալիների համար, դրանք իմ կյանքում շատ բան են փոխել ու փոխում:

Լուսանկարը` Ավետիս Հարությունյանի ՖԲ էջից:

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский