Ապառիկ գնահատում կամ գնահատման «վարկային» սկզբունքի ներդրում առանձին վերցրած դասարաններում

Դա կատարվեց X դասարանում Տնտեսագիտության դասին: Առաջ անցնելով ասեմ, որ այս առարկան սովորողները ավելի դյուրին ու հաճույքով են յուրացնում, քանի որ սա ավելի շատ է կապված մեր այսօրվա կյանքին ու առօրյային: Դասի թեման էր՝ «Բանկային համակարգը: Վարկեր»: Սովորողներից մեկը հարցրեց, թե հնարավոր չէ արդյոք ապառիկ գնահատական ստանալ, ինչպես գումար ենք ստանում բանկում վարկ վերցնելու դեպքում, հետագայում պատասխանելու պայմանով: Որոշեցինք տեղում փորձել այս նորահայտ մեթոդը: Բոլոր ցանկացողները ստացան իրենց ուզած գնահատականները հաջորդ դասին պատասխանելու պայմանով: Ես էլ իմ հերթին պայման դրեցի, որ չպատասխանելու դեպքում բոլոր չարդարացված գնահատականները կջնջվեն մատյանից, մանավանդ, որ էլեկտրոնային մատյանը լիուլի տալիս է այդ հնարավորությունը: Հիմա էլ իմ դասավանդած դասարանների դասամատյաններում Դուք կհանդիպեք գնահատականների, որոնց կողքին նշված է a տսռը: Դա նշանակում է, որ սովորողը այն ստացել է ապառիկ՝ նախօրոք, առանց դաս պատասխանելու: Հաջորդ դասին այն կփոխվի: Եթե գնահատականը հաստատվի, կջնջվի a տառը, իսկ եթե սովորողը վատ պատասխանի, կփոխվի գնահատականը: Կարևորն այն է, որ այս կանոնները մշակեցինք դասարանում, համատեղ, ժողովրդավարության լավագույն ձևերով ու ավանդույթներով: Ոգևորությունը մեծ էր: Նույնիսկ վատ սովորողները բարձր գնահատականներ պատվիրեցին: Այստեղ բացահայտվեց նաև որոշ սովորողների լրջությունը. վերջիններս կամ ապառիկ գնահատվել չցանկացան, կամ էլ պատվիրեցին իրենց հնարավորությանը մոտ գնահատականներ: Ամենահետաքրքիրը տեղի ունեցավ հաջորդ դասին: Բարձր գնահատվածներից շատերը չպաշտպանեցին իրենց գնահատականները և անբավարար ստացան: Նախօրոք գնահատվածների միայն երրորդ մասը հավաստեց նախապես ստացած գնահատականը, իսկ երկու սովորող ստացան ավելի բարձր, քան պատվիրել էին: Չնայած անբավարար գնահատականների առատությանը, բոլորն անխտիր լավ յուրացրին վարկային ու բանկային թեման: Հաջորդ դասին պայմանները խստացվեցին՝ անբավարար գնահատվածները չէին կարող ապառիկ գնահատական ստանալ առանց երաշխավարության: «Վարկային բացասական պատմություն», այսինքն՝ անբավարար գնահատական ունեցողին ապառիկ գնահատական ստանալու համար պիտի երաշխավորեր իր ընկերներից մեկը՝ ով ուներ բարձր գնահատական: Նրա այդ գնահատականը դրվում էր մեր կողմից ստեղծված բանկում, մինչև երաշխավորյալը կպատասխանի դասը: Եթե նա չարդարացնի իր պատվիրած գնահատականը, ընկերը կզրկվի բանկում պահ տրված իր գնահատականից, իսկ ինքը նորից կստանա անբավարար: Սկզբնական շրջանում ընկերասիրությունից դրդված լավ սովորողները հեշտությամբ էին համաձայնում երաշխավորել իրենց ընկերոջը, բայց երբ վերջիններիս անպատասխանատվության պատճառով զրկվեցին իրենց լավագույն գնահատականից, սկսեցին երկար մտածել կամ մերժել երաշխավորելու վատ սովորողներին: Սրանք էլ իրենց հերթին լրջացան և չէին ուզում հարվածի տակ դնել ընկերոջ գնահատականը: Տնտեսագիտության դասին ձևավորված այս սովորույթը, թե ավանդույթը որպես կայացած մեթոդ արագ տարածվեց նաև իմ դասավանդած մյուս առարկաների՝ Փիլիսոփայության, Քաղաքագիտության և Հայոց պատմության վրա: Ապառիկ գնահատականը ոչ միայն սովորողներին լավագույնս ծանոթացնում է մեր օրերին այնքան հանրահայտ ու հանրամատչելի դարձած ֆինանսա – վարկային ու բանկային գործառույթներին, այլ նաև նրանց մոտ լուրջ վերաբերմունք է ձևավորում այդ ամենի նկատմամբ և, որ ամենակարևորն է՝ նրանք սկսում են գնահատել իրենց ժամանակն ու հնարավորությունները, հասկանալով, որ հույս պիտի դնեն միայն սեփական ուժերի վրա: Մենք երբեմն մոռանում ենք, որ մեր սովորողները դեռևս երեխաներ են և նրանց ձգում են խաղերը: Խաղարկային դասերը, ինչպես տվյալ դեպքում, անցնում են ավելի հետաքրքիր և արդյունավետ: Որքանով է այս մեթոդը մանկավարժական, թողնում եմ Ձեզ դատելու, իսկ, որ այն սովորողների համար ցանկալի է ու արդյունավետ՝ ակնհայտ է:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский