Անհատական/ընդհանուր նախագիծը՝ որպես գծանկարչություն առարկայի ուսուցումը կազմակերպելու մեթոդ

Հեղինակ: 

Կերպարվեստի որևէ ճյուղ յուրացնելու ամենակարևոր գործոնը «Գծանկարչություն» առարկայի խորքային իմացությունն է: Գեղարվեստի ավագ դպրոցում գծանկարչություն առաարկայի դասվանդման նպատակն է նախագծային/գործնական աշխատանքների միջոցով սովորողների փորձառությունը համալրել կերպարվեստում կարևոր համարվող այնպիսի հիմնարար գիտելիքներով, ինչպիսիք են հեռանկարը, հարթության վրա ծավալի գծակոնստրուկտիվ կառուցումը, ըստ առարկայի կառուցվածքի նրա ծավալի վրա լուսաստվերի բաշխվածության օրենքները: Համաժամանակյա գործնական աշխատանքների միջոցով զարգացնել կատարողական վարպետության և տեսողական վերլուծության որակներ: Կիրառել գրաֆիկական տարբեր նյութեր և տեխնիկական միջոցներ:
Նախագծային աշխատանքներն իրականացնելու հիմնական հարթակ է հանդիսանում գծանկարի արվեստանոցը, որը լուսավոր է և կահավորված անհրաժեշտ մասնագիտական գույքով (նկարակալներ, տախտակներ, աթոռներ) գիպսե զանազան երկրաչափական մարմիններով, օռնամենտներով և արձաններով, նատյուրմորտների համար անհրաժեշտ տարատեսակ կենցաղային և այլ առարկաներով ու տարբեր տոնայնության դրապիրովկաներով, ինչպես նաև ինտերնետին միացած համակարգչով, մասնագիտական գրքերով, տեսանյութերով և ֆիլմերով:
Ըստ անհրաժշտության կիրառվում են արվեստանոցի ղեկավարի պատրաստած, կամ մասնագիտական գրքերից ու համացանցից վերցրած դիդակտիկ նյութեր, որոնք օժանդակ նշանակություն ունեն հղացքները նախագծային տեսքի բերելու համար: Սովորողները դասերին հաճախում են գծանկարչության համար անհրաժեշտ նյութերով ու գործիքներով (թուղթ, մատիտներ, ռետին, կոճգամներ և այլն), ինչպես նաև իրենց հետ ունենում են նկարչական թղթապանակներ՝ աշխատանքների և ճեպանկարի թղթերի համար:
Նախագծային աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով սովորողների պատրաստվածության մակարդակների տարբերությունը, ֆիզիկական և առողջական խնդիրները, պահպանելով նախապատրաստական պարզ գործունեությունից դեպի բարդ ու խորացված ուսուցման անցնելու փուլերը:
Գծանկարի արվեստանոց են հաճախում տարբեր պատրաստվածություն, գիտելիքների մակարդակ ու նախասիրություն ունեցող սովորողներ, որոնց հետ աշխատանքը պահանջում է թե՛ անհատական և թե՛ ընդհանուր մոտեցում: Ընդհանուր մոտեցման հիմքում ընկած են գծանկարչությանը վերաբերող հիմնարար գիտելիքները, գծանկարչության համար անհրաժեշտ կամ առաջնային նյութերով (գրաֆիտային մատիտներ, ածուխ, սեպիա, ռետին և այլն) աշխատելու կարողությունը, որոնք փորձարկվում են ինչպես առանձին վարժությունների, այնպես էլ բնօրինակից առաջադրանքներ կատարելու ժամանակ:
Տեսական և տեխնիկական բաժինների որոշ թեմաներ փորձարկվում են առանձին վարժություններում:
Բնօրինակից նկարելու համար բավարար չէ առարկայի մասին ունեցած ընդհանուր տպավորությունը: Անհրաժեշտ է նկարչական գրագիտության կանոնների և օրենքների իմացություն ու դրանց գործնական կիրառում: Բազմապլան առաջադրանքները տարածական խնդիրներ լուծելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում: Տարատեսակ առաջադրանքներ կատարելիս սովորողները բացի վերլուծական-հետազոտական խնդիրներից, հմտանում են նաև գծանկարչական հնարքներում, տիրապետում տարբեր նյութերով աշխատելու եղանակներին: Սովորողներն այցելում են ցուցահանդեսներ և թանգարաններ՝ որպես ուսումնահետազոտական և կրթական նշանակության միջավայրեր:
Սովորողներին ներկայացվում են հետևյալ պահանջները`

  •  Նվազագույն՝ գծանկարչության համար առաջնային նշանակություն ունեցող նյութերի և գործիքների զանազանում և կիրառում, առարկայի ծավալի կառուցման սկզբունքների յուրացում, տոնի միջոցով տարածական և պլանային խնդիրների լուծում:
  • Միջին պահանջներ, որը ներառում է նաև նվազագույնը՝ տեսողական վերլուծության և կատարողական հնարքների միջոցով տարատեսակ առարկաների նյութականության և ֆակտուրայի ստացում, նկարչական տեխնիկական մեթոդներից անցում դեպի նուրբ նկարչական խնդիրների լուծման:
  • Առավելագույն պահանջները`հիմնվելով նախորդ երկու պահանջների վրա՝ պլաստիկ անատոմիայի իմացություն, գիպսից և բնորդից գլուխներ նկարելու համար:

Գծանկարի արվեստանոցում ձեռք բերված գիտելիքները հիմնարար նշանակություն ունեն որևէ գաղափար նկարչության միջոցով արտահայտելու համար: Առավել պատրաստված սովորողների հետ երբեմն իրականացվում են անհատական նախագծեր, սակայն համակարգված և ընդհանուր աշխատանք ենթադրող նախագծերում, ինչպիսին օրինակ «Բարև պարոն Պիկասո» նախագիծն էր, հնարավորություն է ստեղծվում արծարծվող նյութը դարձնել համընդանուր ուսումնասիրության և ստեղծագործական ոգևորության առարկա կրթահամալիրում, մասնավորապես գեղարվեստի դպրոցում:
Առաջադիմող սովորողները մասնակցում են ինչպես ներկրթական, այնպես էլ հանրապետական կամ միջազգային զանազան ցուցահանդեսների և նախագծերի: Կատարված աշխատանքներն առավել ամփոփիչ և ներկայացուցչական դարձնելու նպատակով թվայնացվում և տեղադրվում են համացանցում գտնվող անհատական թղթապանակների մեջ:

Գագիկ Չարչյան
Գծանկարի արվեստանոցի ղեկավար

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский