Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց

Հայ ձա՜յն, հայ հնչյո՜ւն, հայ տա՜ռ, հայ գի՜ր…

Տեսնես ո՞վ է հորինել:
Կար կամ եղել է ժամանակ, երբ տառաճանաչ մարդուն գրագետ են համարել, հարգել- ակնածել են: Էն ե՜րբ էր:

Թվում է՝ շատ բան փոխվել է: Մտեք Երևանի ցանկացած դպրոցի առաջին դասարան և կտեսնեք, որ այնքան էլ շատ բան չի փոխվել:
5-6 տարեկանը «դպրոց է գնում»: Բոլոր մեծերը նրան մի լա՜վ «նախապատրաստել» են: Հարցրեք ցանկացած 5-6 տարեկանի, թե ինչու է դպրոց գնում: «Որ տառերը սովորեմ ու գերազանցիկ լինեմ»: Մի քանի բան էլ գիտի՝ պետք է լուռ նստել, լսել ուսուցչին, չվազվզել, չաղմկել, դասի ժամանակ չխոսել, մինչև անգամ զուգարան չգնալ...

Խե՜ղճ վեց տարեկան: Պատկերացրեք նրա վիճակը՝ «բանտից էլ խիստ է այս դպրոցը»: Բա որ ուսուցիչն էլ խիստ եղա՞վ: Վե´րջ, կատարվեց շատ ծնողների երազանքը:
Դրած մի ամբողջ տարի տառ են սովորեցնում, կարծես ուրիշ բան ու գործ չունեն, դասավանդողի, ծնողի, տատ ու պապի, դպրոցի տնօրենի նպատակը իրենց սան-զավակներին այդ 39 նշանները հիշել տալն է: Իրականում այդ տառերը սովորողի համար մնում են անկենդան նշաններ: Բա որ մի տառ մոռանալու համար մի դմփոց էլ գլխին է ուտում, կամ տառը ծուռտիկ գրելու համար մի հատ էլ մայրը թաթիկին է խփում, էլ ի՞նչ է լինելու 5 կամ 6 տարեկանի վերաբերմունքը գրած տառի նկատմամբ, որն իրեն օտար է, նշան է, էլի:
Մի կողմ թողնենք վերամբարձ խոսքերը և նայենք իրականությանը: Ինչպես շատ բան, տառաճանաչությունն էլ կիսատ-պռատ, անհավես ենք անում:

Ի՜նչ մի դժվար բան է 39 նշան հիշելը՝ դրանք անընդհատ գործածելով: Կարելի է պարզապես ձեռի հետ անել: Խոսք, բառ, վանկ, ձայն, հնչյուն… Եթե անգամ դրեցինք հենց սանի հետ խոսքը բաժանեցինք հատվածների, հատվածը բառերի… մինչև հնչյուն: Ի՞նչ է տալու դա սանին, ո՞նց է այդ ամենը 5 տարեկանը յուրացնելու, զգալու: Զգալու:

Լեզվազգացողություն

Մենք տառուսուցումը բաժանել ենք առանձին մաս-ժամանակահատվածների իրենց խնդիրներով՝ նախայբբենական, այբբենական, ետայբբենական: Մի տեսակ արհեստական չի՞ ստացվում, դրանով տառուսուցումը նպատակ չե՞նք դարձրել. սկսած «տառուսուցում» անվանումից:

5 տարեկանում համարյա ամեն ինչ յուրացվում է զգացողության մակարդակում: Իսկ լեզվազգացողութունը լեզվին տիրապետելու, պատկերավոր մտածելու, բառն ու բանը տեղին, դիպուկ գործածելու, խոսքը հստակ, գրագետ կազմակերպելու գրավականն է: Այդ զգացողությունը ձևավորվում է ծնված օրից՝ լսած խոսքով, ձևավորված խոսքով, յուրացված խոսքով: Նշանակում է` երեխան ծանոթանում է, ճանաչում, յուրացնում է լեզվական բոլոր «միավորները», խաղալով զգում դրանք՝ խոսք, բառ, ձայն (հնչյուն): Իսկ տառը ո՞նց կբաժանես այս ամենից, եթե դրա կարիքը եղավ, ի՞նչ ես անելու, ասելու ես՝ սպասե՞ք: Ինչու տանն այդպես ենք անո՞ւմ: Ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք դպրոցում արհեստական աստիճաններ ստեղծում-հորինում:

Սանը գործունեության ընթացքում խաղում է ձայնով՝ առավոտյան ծեսի «Ձայնախաղը», «Աղմուկից երաժշտություն» նախագիծը, «Շրխկան» համույթ-խումբ նախագիծը, «Ձայներ» ունկնդրման նախագիծը (կենդանիների, բնության, տիեզերքի, մարդկային հույզերի, տեխնածին):

Ամեն առավոտ, որպես ծիսական արարողություն, խաղում են ձայներով: Այսօր քամին է եկել դասարան: Ի՞նչ ձայներ է հանում քամին, երբ թույլ է փչում: Մի քիչ ուժեղացավ: Իսկ երբ քամին փոթորի՞կ է (իբր փոթորիկը գիտե՞ն):

Խաղում են «ա՜» կամ «սը՜ս»... ցածրից բարձր, բարձրից ցածր, ձայնը պահում են նույն բարձրության վրա, իջնում են մինչև շշուկ, մտքում են ասում… Առավոտյան ուրախ խաղ, որ առիթ է հնչյունն արտասանելու, լսելու, գցել-բռնելու, տալ ու առնելու, ուղղել-հստակելու: Հնչյունը դարձավ իրենցը, որտեղ ուզում են՝ թող դնեն:

Խաղում է վանկերով: Օրվա ոտանավորն է սովորում` ռիթմով խաղալով՝ ծափերով, ոտքերը դոփելով, ծնկներին խփելով, այս ու այն կողմ ձգվելով, շրխկաններ շրխկացնելով ու հստակ վանկատելով.

Մի ա -քա- ղաղ կար-մրա-պե-ծիկ,
Իր ոտ-քե-րը եր-կար ու ձիգ

Ներկա-բացակայի թերթիկին իր նկարն է, կողքին իր անունն է մուտքագրված, ինքն էլ նշանով, գույնով, տառով, բառով, ինչով կուզեք, ամեն օր իր ներկան է նշում այդ թերթիկին, ամեն օր տեսնում է իր անվան տառերը, ամեն օր «ծանոթանում» է դրանց:

Եթե ամեն ինչ արվում է հետևողականորեն, տեղը տեղին, մի օր պարզվելու է` սանը բոլոր տառերը ճանաչում է: Իհարկե, կլինի սովորող, որը զուգահեռ կսկսի կարդալ, մեկն էլ քիչ ուշ կկարդա: Բայց բոլորը պատրաստ կլինեն ընթերցանությանը, որովհետև սանը այս գործունեությամբ ոչ միայն տառերը կճանաչի, այլև ձեռք կբերի ընթերցանության համար անհրաժեշտ հմտություններ:

Խաղում է բառով: Առավոտյան պարապմունքի բառախաղը՝ բառհորինուկ, պարզ բառի բառիմաստի մեկնաբանում, բարդ բառի բառիմաստի մեկնաբանում, բառերի միացում, նոր բառերի հորինում: Նկարում է ցանկացած բառ՝ ծառ կամ ծիծաղ. տարբերություն չկա. ծ տառն է նկարում է կողքին: Տառակերպարներ է նկարում, տառթխիկ անում: Ամանորյա ծեսի բառաքսակը լցնում են բարի, ուրախ և կարևոր բառերով, այն բառերով, որոնք պիտի դառնան 2015թ բառերը. օրը` մի բառ: Եթե արտահայտություն, բառակապակցություն՝ ավելի լավ:

Եթե միտք-ցանկություն-մաղթանք՝ հրաշալի է: Բացում են էլեկտրոնային թղթապանակ և մինչև ամանոր լցնում: Հետո կկարդան այդ բառերը՝ որպես նվեր-մաղթանք:

Խաղում է մտքով: Միտք, վերաբերմունք ընտրած առարկայի, երևույթի, իրադարձության վերաբերյալ, տարբեր դատողություններ, կարծիքներ…

TV5-ն ու Ռադիո5-ն էլ խոսքը կառուցելու, անգամ տարբեր ոճեր գործածելու միջոց:
Տոներ, ծեսեր, տարբեր ծրագրեր:
Ոչ թե արհեստական բաժանումներ է անում, այլ արտասանում է, արտահայտվում, լսում, արտաբերում, երգում, ռիթմի մեջ է դնում:

Ծուղրուղո՜ւ,
Աքլորը զիլ կանչեց թառին

Հրաշալի է, որ կա «Պարտեզ» ամսագիր, որը Մեդիաընթերցարան, Ձայնադարան (երգարան. Հեքաիթասաց, բանահավա), Խաղադարան բաժիններ ունի: Ինչպես են սաները խաղում գրական ստեղծագործություններով, պատմելը դժվար է, դիտելը՝ հեշտ: Մանավանդ որ այդ ստեղծագործությունների բնագրերը ևս տեղադրված են ընթերցարանում՝ Թումանյան, Աղայան, Խնկոյան, Կոմիտաս, Ռոդարի, Բիսեթ, անգլիական մանկագրություն, բանահյուսություն:

Պատմում են, շատ են պատմում իրենց արածի ու չարածի մասին: Ինֆորմացիա է հավաքում, հարցազրույց է վարում:

Գործունեության ընթացքում, գործունեության արդյունքում սանը կենդանացնում է իր գործածած լեզուն: Կենդանացնում է, շունչ է տալիս:

Միայն թե հերթական անգամ ասվածը չտանք վերամբարձ եթերին ու շարունակենք տառուսուցումը: Այսպես, կամաց-կամաց ձևավորվում է սաների լեզվացգացողությունը: Ոչ թե չոր ու ցամաք տերմին հասկացություններով և ձևակերպումներով, ոչ թե պարտադրված տառուսուցմամբ, այլ՝ գործածելով, զարգացնելով մտածողությունն ու պատկերացումները: Տառաճանաչությունն էլ այդ միջոցներից մեկն է, որ իրականանում է լեզվական նույն օրենքներով:

Տառաճանաչումը ինքնաբուխ, գործնական-կիրառական գործընթաց է: Շատ երեխաներ մինչև դպրոց գնալն արդեն տառաճանաչ են լինում: Ինչպե՞ս: Ճանապարհին մշտապես հանդիպող ցուցանակները մեծերի հետ կարդալով, խաղալիքներով, ծանոթ ոտանավորները անընդհատ «կարդալով». իր հետաքրքրություններն ու պահանջները բավարարելով: Ուրեմն՝ տառաճանաչության դյուրին ձևը սովորողի համար հետաքրքրությունները բավարարելով, անհրաժեշտության դեպքում իմացածը կիրառելով սովորելն է

Լիքը ուրախ այբբենարան

Կարմրաթուշ լավաշ է թխում՝ ուրախ մռութով, որ հյուրասիրի ընկերներին, հարազատներին, հյուրերին: Ուզում է լավաշ բառն էլ գրի, չգրի՞: Թող մուտքագրի, նկարի, ուրախ այբբենարանի էջ ստեղծի: Կհավաքվեն էջերը և կդառնա ուրախ այբբենարան, իր՝ սանի ստեղծած-հորինած այբբենարան: Ով է ասել, որ այբբենարանը մեկը պիտի լինի: Պատկերացնում եք՝ քանի այբբենարան, քանի գույն, բառ, միտք: Գումարեք երգն ու երաժշտությունն էլ, և կստացվի համերգ-այբբենարան:

Մարդը սովորաբար ինչ- որ բան սովորում է, եթե դրա կարիքն ունի և սովորում է գործածելով: Համակարգիչ, տառաբառապարան, որին կախված են սաների ստեղծած տառէջերն ու բառէջերը, տառանկարներն ու տառադիմակները: Այ քեզ ուրախ տառաճանաչություն: «Աշուն», «լավաշ», «թթու» ու էլի էջեր: Բա իրենց, ընկերների, հարազատների անունները, բա մայրիկի անո՜ւնը… Չգրի՞, ինչ է թե մի կամ երկու տառ դեռ չի անցել: Է, թող հենց այդ պահին հենց այդ սանն էլ ինքնուրույն «անցնի»: Ծանոթանում են, ճանաչում, զգում: Մեկ է, հետո պետք է գալու:

Դե, ասեք՝ հեգում կա, խոսք կա, թվաբանություն կա, ստեղծագործում կա, մեր ասած մտքով խաղը կա, չորս իսկական այբբենաթվաբանադարան:

Դե, հիմա համեմատեք այս հրաշալի, իրոք մանկական, իրոք ուրախ, իրոք զվարճալի, երաժշտական այբբենարանները այն միակ-անկրկնելիի հետ՝ տխուր, ծերացած, հաստափոր, անկենդան… այբբենարանի հետ. Ինչ կապ ունի հեղինակը տառաճանաչության հետ, երեխաների հետ, մանկական երևակայության, ստեղծականության հետ: Գույն չկա, խաղ չկա, զգացողություն չկա: Մտածում ես՝ բա ի՞նչ կա:

Շարունակելի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский