Քնի կազմակերպումը նախակրթարանում

Հեղինակ: 

Գաղտնիք չէ, որ երեխաները չեն սիրում ցերեկը քնել: Բայց դա կրթահամալիրի նախակրթարանի սաներին չի վերաբերում, եթե նա նոր չի ընդունվել: Մեզ մոտ չքնող սան սովորաբար չի լինում: Լարում էլ չի լինում, երբ սաները քնում են: Դա արարողության, ծեսի նման է, ամեն մեկը գիտի, որ ինքը ինչ-որ լուրջ բանի մասնակից է, որ հենց իրեն էլ է վերաբերում:
Քնում են ճաշից հետո: Ճաշում են, հավաքում են սեղանները, տեղավորում են ամանները:  Սա արարողություն է: Սաները այդ աշխատանքին լուրջ են վերաբերվում: Եթե հետևեք, կտեսնեք, թե որքան մեծավարի են անում:

Հետո սկսվում է քնի նախապատրաստությունը: Սաներն այնքան ինքնուրույն են անում դա, որ իսկապես ծիսականացրել են: Ամեն մեկը գիտի, թե ինչ է անելու, երբ է անելու, ինչպես է անելու: Սկսում են սանհանգույց գնալ: Սանհանգույցը կարծես զրուցարան լինի, մանավանդ վերջինը գնացողների համար: Գնում են խմբով՝ 3-4 հոգով, օգնում են իրար հագուստների հարցում: Մեծ ու փոքր չկա. ով ինչով կարողանում է`օգնում է ընկերոջը: Սարգիսը մի ժամանակ լավ խորհուրդներ էր տալիս՝ ինչպես անեն, որ հագուստը չթրջվի: Հետո, երբ իր կարծիքով բոլորը սովորեցին, էլ խորհուրդ չի տալիս: Սաները իրենք իրենց որոշել են, թե ով ումից հետո է գնում, ով ում ինչով պիտի օգնի: Սանհանգույցի տեսարանը ամենազվարճալի, բայց կազմակերպված հատվածն է:

Սանհանգույցից դուրս եկած սաները լվացվում են: Լվացարանի մոտ նույնիսկ հերթ է գոյանում:  Երեխաները հերթում կատակում են, պատմություններ պատմում: Մի խումբ կա, որ հետևում է, որ ճիշտ լվացվեն: Այդ պարտականությունն էլ կամավոր է: Մի զրուցարան էլ լվացարանի մոտ է  առաջանում: Ճարպիկներն արագ լվացվում են և սկսում են անկողինները գցել: Անկողին գցելը հեշտ չէ, ամեն մարդ չի կարող:

Սաների մեծ մասը լավ գիտի օրորոցայինների տեղը մեր համակարգչում. շատ արագ միացնում են: Երգերի մի մասը սաները արդեն սովորել են և լսելու հետ երգում են: Ոչ ոք չի զգուշացրել, որ ցածրաձայն երգեն, բայց նրանք ցածր են երգում: Ճիշտ է, հաճախ նրանց երգից բան չի հասկացվում...

Ով որ լվացվում վերջացնում է, կամ սկսում է շորերը հանել, կամ մի քիչ զբոսնում է սենյակում:  Երեխաները օգնում են իրար շորերը հանելիս, քնելու շորը հագնելիս: Հանվում են, շորերը կոկիկ դասավորում աթոռին, պառկում են, օրորոցային լսելով քնում: Մենք՝ դաստիարակներս, պառկում ենք նորեկների կողքին, այն երեխաների կողքին, ովքեր այդ օրը անհանգիստ են, ում համար ինչ-որ բան այնպես չէ: Հեքիաթ ենք պատմում, զրուցում ենք: Մենք գիտենք, թե ով ինչպես է քնում, ում ինչպես պետք է քնեցնել, եթե չի քնում:
Ամբողջ ընթացքում, մինչև սաների արթնանալը խմբասենյակում օրորոցային երաժշտություն է հնչում:

Կան երեխաներ, որոնք մինչև մի քիչ չզրուցեն, չեն քնի: Ոմանք էլ հենց պառկեցին, քնում են: Մի քանիսն  էլ սիրում են  երկար լսել երգերը կամ երաժշտությունը:

Կամաց-կամաց քնող երեխաները շատանում են: Իրենք էլ քնեցնում են իրար, գիտեն` ում ինչ ասեն, որ քնի:
Մի օր  Իրենը բարկացավ Շահանեի վրա: Ասացինք, որ չնեղացնի:
- Ես չեմ նեղացնում, ես քնացնում եմ, ինքն էդպես է քնում միշտ: Մամայի նման եմ նեղանում:  

Դրանից հետո ինչ-որ ժամանակ հետևեցինք, տեսանք, որ էլի երեխաներ կան, որոնք օգնում են, որ կողքինը քնի, ու ճիշտ ձևով են օգնում:
Սաները երաժշտության տակ ոչ միայն քնում են, այլև արթնանում են: Արթնանալուց հետո մի քիչ պառկում են: Քիչ-քիչ աշխուժանում են, սկսում են հագնվել: Այս անգամ էլ իրար օգնում են:

Ծրագրային օրորոցայիններն ուղարկել ենք նաև ծնողներին: Շատերն են դրանք տանը օգտագործում: Ասում են, որ դրանց տակ երեխաներն ավելի հեշտ են քնում, ավելի հանգիստ են դառնում: Հատկապես շաբաթ, կիրակի օրերին: Ծնողները պատմում են, որ տանը երբ ինչ-որ բան պարտեզի նման չեն  անում, երեխաները չեն համաձայնում, կամ էլ ուղղում են, ասելով՝ պարտեզում մենք այսպես ենք անում, կամ ընկեր Ինգան այդպես է քնեցնում, դու սխալ ես քնացնում:

Քնի կազմակերպման ծեսի մի մասն էլ երազները պատմելն է: Կան երեխաներ, որոնք կարող են անվերջ պատմել: Մեկ-մեկ էլ կռվում են, ասում են՝ սուտ է, կամ այդպիսի բան չի եղել: Իրականությունն ու երազը խառնում են իրար:
Քնի նախապատրաստության, քնելու, արթնանալու ընթացքը ամբողջական ծես է, ամեն մեկն իր անելիքը գիտի, ինքնուրույն են անում, ճիշտ են անում: Մեծի կարիք համարյա չի զգացվում: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский