Հավաքից հավաք. պարապմունքը վարում են սովորողները
«Չնայած լեզուն միտք չէ, բայց այն անհրաժեշտ է ինչպես մտածելու, այնպես էլ այն փոխանցելու համար»։
Ջոն Դուի
Ավանդական են դարձել ամեն տարի՝ մայիս ամսին, ուսումնական տարվա արածն ու չարածը ամփոփելը, ձեռքբերումներն ու բացթողումներն արձանագրելը: Կրկին մայիսյան հավաքն է, ասել է թե ևս մի հնարավորություն՝ ամփոփելու, արվածի վրա հետադարձ հայացք նետելու համար:
Այս ուսումնական տարվա ընթացքում իմ իրականացրած աշխատանքները բազմապլան ու բազմաբնույթ են եղել: Դրանք կրթական փոխանակումներ են ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, նախագծեր, որոնք միտված են եղել լրացուցիչ կրթության խթանմանը և, իհարկե, ամենատարբեր ուսումնական նախագծեր, որոնց իրականացումն ուղեկցվել է ուսուցման նոր մեթոդներով: Իբրև հետազոտող ուսուցիչ՝ հանդես եմ եկել տարաբնույթ հոդվածներով, շարունակել թարգմանական իմ գործունեությունը, կոմիտասյան անաղարտ երգի ու երաժշտության ջատագովն ու տարածողն եմ եղել ու մնում եմ այդպիսին «Սեբաստացիներ» երգչախմբում իմ գործունեությամբ:
Ուսումնական նախագծեր իրականացնելը մեր ամենօրյա աշխատանքի բաղկացուցիչն է: Դրանք կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծեր են՝ ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի: Նախագծեր, որոնց հիմնական մասը ամենամյա են և արդեն կայուն տեղ ունեն մեր օրացույցում:
Այս նախագծերից շատերի կազմակերպման, իրականացման, ընթացքի, մասին անդրադարձել եմ իմ նախորդ հոդվածներում: Այս հոդվածի շրջանակում ուզում եմ անդրադառնալ Ավ. Իսահակյանին, Մուշեղ Գալշոյանին նվիրված կարճաժամկետ նախագծերին և նախագիծն ավարտելուց հետո կազմակերպված պարապմունքներին: Բաց դասը հանրակրթական դպրոցներում նորություն չէ: Սակայն ուզում եմ ներկայացնել կազմակերպման այն ձևը, որն ընդունված է մեզանում: Հետաքրքիր է, երբ միևնույն նախագիծն իրականացվում է միաժամանակ մի քանի դասարանում, և իրականացնում են տարբեր ուսուցիչներ:
Յուրաքանչյուր դասարանում ստեղծագործությունը կարդալուց, ուսումնասիրելուց, առանձին քննարկելուց, հանձնարարված առաջադրանքները կատարելուց հետո ուսուցիչները համատեղ պարապմունքով ի մի են բերում արվածը՝ իբրև նախագծի ամփոփում: Որո՞նք են մեզանում իրականացվող բաց պարապմունքի ակնհայտ ձեռքբերումները: Նախ` որ պարապմունքը կազմակերպում և վարում են հենց իրենք՝ ուսումնասիրող-հետազոտող սովորողները. հետո`
- անկաշկանդ զրույց, հարցադրումներ անելու, ցուցադրելու, ցուցադրվելու հնարավորություն.
- լսելու-արձագանքելու, կողմնորոշվելու, ուսումնական այլ հմտությունների զարգացում։
Սրանք հատկանիշներ են, որ հնարավորություն է ունենում ձեռք բերելու ավագ դպրոցի 15-17 տարեկան մեր սովորողը, հատկանիշներ, որոնք նրան, իբրև անհատ, պիտի ուղեկցեն ողջ կյանքում:
Հատկապես երբ պարապմունքին տարբեր տարիքների և պաշտոնի, տարբեր կենսափորձով մարդիկ են ընդգրկվում քննարկումներին, քննարկվող ստեղծագործությունների փիլիսոփայական խորությունը, սովորողի համար դժվար ընկալվող ասելիքը ավելի լավ են բացվում: Սովորողը հասկանում է, որ եզրահանգումները միանշանակ լինել չեն կարող, և դա իրարամերժ կարծիքների ու անսպասելի ձևակերպումների առիթ է դառնում:
Պարապմունքը վարելը սովորողների խմբին է տրվում. այսպես մեկի ուսերին չի մնում դժվարությունը, ընկերներով սկսում են իրար օգնել, իրարից շատ բան ընդօրինակել: Յուրաքանչյուր սովորողի համար մեր՝ ուսուցիչներիս կողմից հստակեցված էր, թե ինչի մասին պիտի խոսի, ինչ հարցադրումներ պիտի անի, որը նախապես մշակում, նախապատրաստում է սովորողը, ինչպես սովորաբար դասին նախապատրստվում է ուսուցիչը: Սովորողն իրեն ուսուցիչ է զգում, և այդ աշխատանքների ժամանակ է, որ բացահայտվում, դրսևորվում է որոնող, հետազոտող աշակերտի հմտություններն ու կարողությունները: Չկա ավելի մեծ բերկրանք ուսուցչի համար, երբ գործ է ունենում պատրաստակամ, սեփական մտածելակերպ, մտահաղացումներ ու առաջարկություններ ունեցող սովորողի հետ: Դե, իսկ դասի ժամանակ, անշուշտ, անհրաժեշտ է լինում հաղթահարել վախը, շփոթմունքն ու անհանգստությունը, իսկ վերջնական արդյունքում՝ այդ տարիքում սովորողին այնքան հատուկ բարդույթները: Շատ կարևոր է, որ մեր բաց պարապմունքին մասնակցում են ոչ միայն մայրենի դասավանդող ուսուցիչները, այլև մյուս առարկաների մասնագետներ, տնօրեն, կազմակերպիչ ու գրադարանավար: Եվ նրանք ոչ թե պասիվ դիտորդ են, այլ ակտիվ մասնակից, ակտիվ այնքանով, որ չեն խանգարում սովորողին և իրենց խոսքով, հարցադրումներով հորդորում, զրույցի մեջ են ներքաշում պասիվ սովորողին: Ավագների ու կրտսերների մի մեծ խումբ քննարկում է, համաձայնում, կամ անհամաձայնություն արտահայտում, լսում ավագ կամ կրտսեր ընկերոջ կարծիքը, ազատ, անկաշկանդ ձևակերպում իր մտքերն ու դատողությունները առաջադրված թեմայի և հարցադրումների վերաբերյալ, իսկ ասելիքի, խոսքի լարվածությունը մի պահ թուլացնելու համար տեղին են թեմային առնչություն ունեցող երգային կամ երաժշտական կատարումները, ինչպես Իսահակյանի դասի ժամանակ մեր սովորող Սամվել Հովհաննիսյանի «Օտար ամայի… », «Սիրեցի յարս տարան..», երգերի կլարնետային կատարումներն էին կամ Գալշոյանի դասին՝ «Խորոտիկ» ազգագրական երգի կատարումը ներկաների մասնակցությամբ և Մերի Առաքելյանի նվագակցությամբ: Այսպիսի ձևաչափով կազմակերպումն իր մեջ ուսանելի շատ բան ունի: Անկասկած է, նաև, որ 2016-2017 ուսումնական տարում սովորողները ավելի հաճախ կդառնան այդպիսի ներկայացում-քննարկումների կազմակերպիչ, կազմակերպումը նոր ու հետաքրքիր որոնումների և լուծումների երկար ճանապարհ պիտի անցնի:
- 2936 reads