Ընտանիք աշխատանոցն իր տարբեր հավելվածներով

Երեխաները միանգամից և հեշտությամբ են համակերպվում երջանկության հետ, քանի որ իրենք ուրախություն և երջանկություն են։

Վիկտոր Հյուգո

Ի՞նչ է ընտանեկան առցանց դպրոցը, եթե ոչ անկեղծության, երջանկության, սիրո դրսևորումներից ամենատպավորիչն ու ամուրը, ամենավառ արտահայտվածն ու ամենօրյա զարգացում ապրողը: Ընտանեկան առցանց դպրոցը ընտանիքի սիրո զարկերակն է կարանտինային օրերին՝ իր ողջ դժվար ու հեշտ օրերով, ստացված ու «չստացված» նախագծերով:
Անհատական ուսումնական պլան, օրակարգ. այս բաղադրիչներով ընտանեկան դպրոցը դարձավ առավել կանոնակարգված ու սպասված։ Օրակարգի մեջ չեմ կարող չնշել քնի ռեժիմի կարգավորումը, որը հատկապես մասնագետները առաջնային պլան են բերում, որպես առողջության պահպանման գլխավոր նախապայմաններից։
Արտակարգ վիճակում տարբեր գործոններ են ազդում քնի խանգարման վրա՝ սթրես, լարվածություն, ոչ բավարար չափով ֆիզիկական ծանրաբեռնվածություն, մտածզբաղություն… Ինքս ընտանեկան դպրոցի մասնակից-կազմակերպիչ-խորհրդատու, օրվա կազմակերպումս ժամային գրաֆիկի բերեցի, որն ավելի հեշտացրեց աշխատանքի, օրվա ազատ ժամերի պլանավորումը։ Նույնը եղավ և սովորողների օրը։ Երբ ընդհանուր տեսքի բերեցինք անհատական պլանը, ապա սկսեցինք հաշվի նստել ընտանեկան դպրոցի ժամային բաժանման հետ։ Մարդու կյանքում կանոնակարգումը սկսում է հենց իր ներսից՝մտքերը դասավորելուց, օրը կազմակերպելուց։ Ահա այսպես էլ շատ բան սկսում ես հասցնել ու դրանից կյանքիդ որակը իսկապես փոխվում է:

Ընտանեկան դպրոցը ասես հավելվածների մեծ ընտրագոտի է՝ երգի, խոհանոցի, պարտեզ-այգու, մարզական, ֆլեշմոբների, նոր ծրագրերի ուսուցման-յուրացման, ընթերցանության-թատերախաղերի…։ Հրաշալի է, երբ տեսնում ես սովորողիդ բոլոր այդ հավելվածները ընտանեկան դպրոցում կարգավորած, իրենց հատուկ անհատական տարբերակով, տան որևէ սենյակում (սենյակներում) տեղավորած՝հարմարեցված «տաղավարներով»։ Հետաքրքիր է հետևել տունը դպրոց-աշխատանոց դարձրած սեբաստացի սովորողին, ընտանեկան դպրոցի ուսուցչին։ Հավանում եմ սովորողների ամենօրյա պարտաճանաչությամբ տեսակապերին միանալը։ Հաճախ համացանցի որակը թույլ չի տալիս լավ տեսնել բոլորին, բայց հաճելի է, երբ տեսնում եմ հարդարված, կոկիկ սովորողի՝ իր աշխատասենյակ-սեղանը հավաքած, ողջույնի խոսքը շուրթերին առած, հանդիպմանը սպասողի կարոտած անհամբերությամբ:

Ֆեյսբուքը դարձել է օգնող տարածք-գործիք։ Համաձայն եմ իմ շատ գործընկերների հետ.​ այն անձնական տարածք է, բայց նաև վաղուց դարձել է անանձնական: Ինձ այս օրերին շատ է օգնում ընտանեկան ուսուցիչների հետ արագ կապ հաստատելու, աշխատանքները տարածելու, նոր մասնակից ընտանիքների ներգրավման հարցում։ Չեմ կարող չասել, որ առաջին պլան եկած ֆեյսբուքը դարձել է մարդկանց սոցիալիզացիայի, ինքնաիրացման հարթակ, առավել քան առաջ էր։ Երբ սովորողների աշխատանքները հրապարակվում են, հետաքրքիր աշխույժ է էջում՝ ծնողները, նրանց ընկերները սկսում են ակտիվանալ։ Մեկ նկար, որպես հետաքրքիր խտացում ասածներիս՝

Screenshot_20200407-101204

Անընդհատ վազող ու իր հետևից մեզ վազացնող կյանքը դադարի մեջ մտավ: Այստեղ, ինչպես պնդում են շատ հոգեվերլուծաբաններ՝ մեր երրորդ աչքը բացվեց ու սկսեցինք ավելի լավ տեսնել՝ մինչ այս չտեսածն ու չնկատածը։ Սկսեցինք նորովի բացահայտել ինքներս մեզ, մեր կարողությունները, մեր երխաներին ու ընտանիքներին։

Խոհանոց, համեղություն, որ միայն ընտանիքում, տանն ենք համտեսում: Ամեն ընտանիքն իր բույրն ունի։ Ինձ համար՝ դարչնաբույր է, շոկոլադի թանձր քաղցրությամբ։ Այս մտքին հետևելով սկսեցի գարնանային համեղ խոհանոց ֆլեշմոբը: Դե, իզուր չեն ասում, շատերդ էլ կհամաձայնեք, որ մայրիկի պատրաստածն ամենահամեղն է, իսկ մենք էլ, իհարկե, առաջին համտեսողները՝ տաք-տաք «պատառ թռցնողներս»: Չեմ դադարում սիրել այս կարևոր ծեսը՝ տաք պատառից բերանիդ հաճելի այրոցը։ Համն էլ գուցե այդ պահին մի կարգին չենք հասկանում, բայց առաջինը համտես անելու միտքը հատուկ նշանակություն ունի։
Այս օրերին, առանց հրավերի կյանք ներխուժած-պարտադրված կալանքի տակ ենք բոլորս, հաստատ շատ գործեր տնային տնտեսության մեջ, սկսեցինք մայրիկների հետ կիսել, դե, նախ իրենց օգնելու համար, չձանձրանալու համար, համ էլ նոր հմտություններ զարգացնելու լավ առիթ է: Խոհանոցը՝ ամենահամեղ անկյունը տան, հաստատ դարձել է այս օրերի ամենաշատ այցելվող վայրերից մեկը, չասեք՝ չէ, չեմ հավատա: Լավ առիթ է միասին որոշելու օրվա ուտեստը՝ աղցան, ապուր, նրբաբլիթ: Այս շրջանում հատկապես գերկաշռում են գարնանային կանաչիներով ուտեստները: Սովորողների աշխատանքները մեկը մեկից համեղ են, մայրիկներն էլ այս օրերին հանդես եկան երկրորդ պլանում՝ առաջինում սովորողն է: Հետաքրքիր է դիտել սովորողներին խոհանոցային հմտություններ ցուցադրելիս, մայրիկների քաղցրահունչ, շշունջ-հուշումները՝ ամեն ինչ ճիշտ անելու, հնարավորինս քիչ կորստով խոհանոցից դուրս գալու: Ես հաճույք եմ ստանում ընտանեկան դպրոցի խոհանոց հավելվածից՝ եթերում սեբաստացի ընտանիքն է իր խոհանոցում:

Ասացի սեբաստացի ընտանիք ու անմիջապես վերհիշեցի կրթահամալիրի՝ արդեն լավ բարեկամ դարձած, Գուգարք աշխարհի, ինչպես տիար Բլեյանն է սիրում ասել, հիմնական դպրոցի երկրորդ դասարանի սովորողների ու իրենց դասվարի ոգևորությունը: Լուսինեն՝ երկրորդ դասարանի դասվարը, իրեն հատուկ թեթևությամբ էր նոր նախագիծը ընդունում, ֆիլտրում ու ուղակում իր սովորողներին: Լոռի աշխարհն իր ընտանեկան դպրոցով իր դռները բացեց իմ ու ձեր առաջ: Խոհանոցում տեսա Գուգարքի դպրոցի սովորողներին՝ լուսավոր, ժպիտ տարածող, մեծ պատասխանատվությամբ իրենց գործն անող: Գուգարքի դպրոցը առաջիններից էր, որ արձագանքեց ընտանեկան առցանց ուսուցման նախագծերին:

Ընտանեկան դպրոցի բլոգային կյանքը հեշտացնելու համար հրապարակեցի ուսուցողական նյութերի մեդիափաթեթ, մինչ այդ, իհարկե, ուղարկելով Նվարդ Սարգսյանի և Հերմինե Անտոնյանի առաջարկած տեսադասերը:
Ինչպես փաստում են ընտանեկան դպրոցի ուսուցիչները՝ տեսադասերը իսկապես օգտակար էին:

Մայիսյան հավաքի ընթացքում ընտանեկան դպրոցի ուսուցիչներին առաջարկեցի հանդես գալ հոդվածներով՝ ընտանեկան դպրոցի ուսուցչի իրենց փորձը պատմելով: Խոհրդատուհի իմ տեսանկյունից կարող եմ ասել, որ ամեն հոդված խմբագրելիս հուզվել եմ, ակնառու էր ընտանեկան լաբորատորիայի հսկայական աշխատանքը:

Ծնողների հոդվածները «Դպիրում».

  1. Սաթենիկ Գրիգորյան՝ Արևտմյան դպրոցի 5.1 դասարանի Պալյան Արսենի մայրիկ, «Անելիք դեռ շատ ունենք, բայց այսօրվա արդյունքն ինձ հիացնում է»
  2. Աշխեն Քեշիշյան՝ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի Քեշիշյան Արեգի մայրիկ, «Երեխան պետք է խաղա, երգի, նկարի…»
  3. Արմինե Մուրադյան՝ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի Տիգրան և Արմեն Գալստյանների մայրիկ, «Լույսերն անջատեցին, բայց միացան երաժշտական գործիք դարձած բաժակները»
  4. Արմինե Սարգսյան՝ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի Դավիթ Մուրադյանի մայրիկ, «Ինքնամեկուսացում սեբաստացիական ձևով կամ մեկ դպրոց, մեկ ընտանիք»
  5. Գոհար Սարգսյան՝ Արևմտյան դպրոցի 5.2 դասարանի Արման Մխեյանի մայրիկ, «Մխեյանների ընտանեկան դպրոցի ձեռքբերումները հեռավար ուսուցման ընթացքում»
  6. Լիլիթ Բուլղադարյան՝ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի Վիլյամ Չիլինգարյանի մայրիկ, «Ընտանեկան մեր դպրոցը. Չիլինգարյանների ընտանիք»
  7. Անի Մեջլումյան՝ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի Արման Աբրահամյանի մայրիկ, «Ուսումնական կարանտին կամ թագավարակի հակառակ կողմը»։

Այս շրջանում հատկապես՝ մեր բլոգները առաջին պլանում են, և որպես հասունության ստուգատես, 5-րդ դասարանցի սովորողները իրենց կրտսեր ընկերների բլոգների ուսումնասիրությամբ էին զբաղված, ես նույնպես՝ իմ անհատական հետախուզական-որոնողական աշխատանքն եմ սկսել 4-րդ դասարան տեղափոխվող 3-րդցիների բլոգներում: Ֆանտաստիկ ճամփորդություն եմ սկսել բլոգաշխարհում: Ընտանի կենդանիներից սկսած՝ ծանոթանում եմ սովորողների ամենատարբեր կարողություններին, հետաքրքրություններին: Բլոգը այս առումով գտնված գործիք է մեդիաճանաչում կատարելու հարցում:
Ու ահա, ուսումնասիրության ընթացքում նամակ եմ ստանում Արգիշտիից, որ սովորում է 3-րդ դասարանում:

Այսօր ես ու մայրիկս այցելեցինք ընկեր Սոնայի բլոգը։ Ես մի քիչ տխուր եմ, որ ընկեր Վարսիկը մեր դասվարը այլևս չի լինելու, բայց գիտեմ, որ ընկեր Սոնայի հետ լավ կանցնի։ Ընկեր Սոնան ասում է, որ մենք լավ ընկերներ կդառնանք, իսկ ես նրան հավատում եմ։ Ընկեր Սոնան մեզ ցույց տվեց մեր 4-5 ուսումնական պլաները, փաթեթով, տեսադասով, պայմանագիրը և իր մեյլը։Ես ընկեր Սոնայի հետ չեմ պարապել, բայց ես շատ լավ եմ սովորելու և շատ ուրախ եմ, որ չորրորդ դասարան եմ փոխադրվելու։ Իսկ ընկեր Սոնային ճանաչում եմ ճամբարներից, և նա շատ լավն է։ Այն ամեն դասերը, որոնց մասին մեզ պատմեց ընկեր Սոնան իր տեսադասով, ինձ դուր եկան, և ես շատ եմ ուզում սովորել այդ նոր առարկաները։ Ընկեր Սոնան ասել է, որ այցելելու է իմ բոլոր ընկերների բլոգերը։ Հույս ունեմ, որ երբ այցելի իմ բլոգը, այն շատ դուրը կգա, քանի որ ընկեր Սոնայի բլոգը իմ դուրը եկավ։ Այն շատ գունավոր է։

Ո՜վ զարմանք, ո՜վ հրճվանք: Այո՛, մեր բլոգները մեզ ներկայացնող ամենալավ հարթակներից մեկն են:

Բլոգիս ինքնակրթության բաժնում փորձում եմ ընտանեկան հեռավար դպրոցի խորհդրատուի առօրյան ներկայացնել՝ ընթերցանություն, մարզական հատված, այգում աշխատանքներ, երաժշտություն…:

 

Առիթ ունեցա նաև Հանրային ռադիոյի «Իմ ռադիո» ալիքով խոսել կրթահամալիրում կազմակերպվող հեռավար ուսուցման և ընտանեկան դպրոց-լաբորատորիայի ձեռքներումներից:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский