Յություբյան ձևաչափերը կրթական նախագծերի ակունքում

Ընտանեկան դպրոցի կարևորության մասին անվերջ կարելի է խոսել: Վերջին ամիսներին դա վկայող փաստերն էլ են աստիճանաբար մոտենում անսպառության սահմանին: Նկատի առնելով այդ ամենը` հոդվածս ցանկանում եմ նվիրել հեռավար-առցանց ուսուցման շրջանում դասավանդողիս համար կարևորագույն բացահայտումներից մեկին` յություբյան հարթակը` որպես կրթական նախագծերի ակունք օգտագործելու արդյունավետությանը: Դե ինչ, սկսեցինք:

Նախ ասածս ավելի հիմնավոր ներկայացնելու համար պետք է անդրադառնամ յություբյան գործունեության ամենատարածված ձևին` վլոգինգ կամ տեսաբլոգ կոչվող երևույթին: Տեսաբլոգը վեբ-հեռուստատեսության ձև է, որի դեպքում հաղորդվող տեղեկությունը ներկայացվում է տեսանյութի ձևով: Տեսաբլոգերների կամ վլոգերների թիվը վերջին շրջանում գնալով ավելանում է: Եվ եթե նախկինում նրանց շարքերում գերազանցապես մեծահասակներ էին, այսօր դաշտը սկսել են գրավել մեր նոր սերնդի ներկայացուցիչները` առավելապես դեռահասներ: Ո՞րն է վլոգինգային վարակի գաղտնիքը: Ասեմ: Այս ոլորտում հաջողությունները կարող են բերել հայտնիության և ապահով սոցիալական կարգավիճակի (հարթակի կոմերցիոն հնարավորությունների կիրառմամբ): Տեսաբլոգավարությունը կարող է լինել բազմաթեմա կամ թեմատիկ որևէ ուղղվածությամբ: Շատերն անգամ միայն սեփական կյանքը հանրայնացնելով` ձեռք են բերում մեծաթիվ առցանց հետևորդներ, իսկ դա այսօր շատ բան է որոշում:

Վլոգերների` գնալով զորեղացող մրցակցությունը սկսեց որակ պահանջել: Հաջողության կարող են հասնել հիմնականում նրանք, ովքեր ստեղծում են ուսուցողական տարրեր պարունակող, ինքնատիպ ու զվարճալի տեսանյութեր: Մրցակցությանը դիմանալու համար շատերը սկսեցին հետաքրքիր ու վարակիչ ձևաչափեր ստեղծել, որոնցով հիմա ողողված է հարթակը: Այդ ձևաչափերը ստեղծելիս վլոգերները միանշանակ կարևորում են հետևորդների հետաքրքրությունները, ինչպես նաև տարիքային-հոգեբանական առանձնահատկությունները: Մեզ` դասավանդողներիս, մնում է այդ անսպառ աղբյուրից պեղել-գտնել այն գաղափարները, որոնք կարող են վերաձևվել մինչև իսկ օրացուցային գրավիչ նախագծերի: Այդ ընթացքը ցույց կտամ իմ գործունեության օրինակով:

Միֆ և իրականություն: Այս ձևաչափով նկարներն ու տեսանյութերը հաճախադեպ են յություբյան հարթակում և ոչ միայն: Հավաքում են շրջող միֆերը ու «քանդում» դրանք իրականությամբ: Սա ուսուցողական է, հետաքրքիր ու նորանոր ուսումնասիրությունների դրդող: Այս ձևաչափն էի ընտրել իմ առաջին նախագծերից մեկի` «Տոնական միֆաքանդման» համար: Սովորողների հետ հավաքեցինք կրթահամալիրի շուրջ տարածվող միֆերը ու քանդեցինք մեր տեսանյութերում: Ես նոր դասավանդող էի, իմ ունեցած առաջին արդյունքներն էին, որոնք քանակապես ու որակապես անհամեմատելի են այսօրվա արդյունքների հետ, սակայն շատ կարևոր էին ինձ համար: Միֆերն այսօր հզոր գործիքներ են. կարող են ոչնչից փառք ստեղծել ու փորձել արատավորել մաքուրը: Ցավոք, դրանց արմատական վերացման համար ժամանակ է պետք:

Հեքիաթաշփոթ: Այս ձևաչափով գնալով շատ տեսանյութեր են ստեղծվում: Առանձին պատմություններ միախառնվում են` վերածվելով մեկ այլ պատմության: Սա իսկական նվեր է այդ գրքերի կամ ֆիլմերի սիրահարների համար: Իմ նախագծի ստեղծման համար հիմք էր դարձել տարիներ առաջ նույն գաղափարով հայտնի դարձած «Մի անգամ» (անգլերեն` «Once upon a time») հեքիաթային հեռուստասերիալը, որի սյուժեն տեղով հեքիաթաշփոթ էր: Մեր դեպքում սովորողները խառնում էին իրար իրենց իմացած հեքիաթները` մի նոր պատմություն ստանալով: Սա խթանեց ընթերցասիրությանը. ավելի հետաքրքիր պատմություն ստանալու համար ավելի շատ հետաքրքիր հերոսներ էին պետք, իսկ դրա համար պետք էին ավելի շատ ընթերցված հեքիաթներ: Ունեցանք մեկը մյուսից զվարճալի աշխատանքներ, որոնք հաճախ ընթերցում էինք դասերին ու միասին մի լավ ծիծաղում:

Բացահայտում: Սա հայկական յություբյան հարթակում տարածված ձևաչափ է, որով հետաքրքրված են հատկապես մեր այն դեռահասները, որոնք սարսափի ու հետաքրքիր ուսումնասիրությունների սիրահար են: «Ուսումնասիրում ենք խուճապը» նախագծի շրջանակներում սովորող Հրանտ Խաչատրյանը հենց այս ձևաչափն էր օգտագործել իր տեսանյութը պատրաստելիս: Նմանատիպ աշխատանքների հաճախ եմ հանդիպում: Սա արդեն նախագծի իրականացման իրենց ընտրությունն է:

Մարտահրավերներ: 2010-ական թվականներին այս ձևաչափը լայն տարածում գտավ տեսաբլոգների շարքում, որոշ հետազոտողներ առանձնացնում են նույնիսկ հատուկ տեսաբլոգի ձև` ամբողջովին նվիրված նրանց: Մարտահրավերների ուսուցողական նշանակությանն արդեն անդրադարձել եմ իմ նախորդ հոդվածում: Կավելացնեմ միայն, որ մարտահրավերային ֆլեշմոբներն այսօր ևս շարունակում ենք: Արդեն սովորողներն իրենք են ստեղծում ու տարածում դրանք:

Փաստերի ընտրություն: Այս ձևաչափով իրականացրինք ընտանեկան չարենցյան նախագիծը: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր ընտրելու համար պետք է նախ լավ ուսումնասիրել այն: Աշխատանքը թույլ է տալիս նաև թեմայի ուսումնասիրության ժամանակ կենտրոնանալ ու ավելի խորը ուսումնասիրել նախասիրած կողմերը:

Գիրքն ու ֆիլմը: Այս համեմատական ձևաչափը շատ տարածված է այսօր: Քանի որ գրքերի էկրանավորումներն անխուսափելիորեն այս կամ այն չափով տարբերվում են բնօրինակից, ստեղծվում են համեմատական աշխատանք-տեսանյութեր, որոնցում քննվում են նկատված փոփոխությունները: Մենք այս ձևաչափով նախագծերը սկսեցինք աղայանական օրերին ««Անահիտ» հեքիաթի և մուլտֆիլմի տարբերությունները» նախագծով, որից հետո սովորողներն իրենք սկսեցին համեմատել ծանոթ ստեղծագործությունները հանդիպած էկրանավորումների հետ: Մուլտֆիլմը սրանով չպրծավ մեր ձեռքից: Բառապաշարն էլ քննեցինք, եղած բանահյուսական տարրերն էլ գտանք: Ինչո՞վ են կարևոր նման նախագծերը: Տարբերությունները գտնելու համար պետք է մանրամասն ու խորին ուշադրությամբ ընթերցել գիրքն ու դիտել ֆիլմը: Այս աշխատանքը թույլ է տալիս կենտրոնանալ առաջին հայացքից պակաս կարևոր թվացող մանրուքների վրա:

Զվարճալի հարցեր: Վերջերս իրականացրինք մեր ամենազվարճալի ընտանեկան նախագծերից մեկը` հարցախեղդի ֆլեշմոբը: Սա յություբյան երկու ձևաչափերի` միայն ճիշտ է կամ սխալ է պատասխանելու և բլից հարցման համադրում էր` նվիրված մանկական գրականությանը: Առաջին հայացքից միայն զվարճալի թվացող այս աշխատանքը ենթադրում է մանկական գրականությունից ունեցած գիտելիքների ամփոփում ու դրանց վերաբերյալ խաբուսիկ հարցերի պատրաստում: Այն իր ձևաչափով թույլ էր տալիս մասնակցություն ունենալ նաև այն ծնողներին, որոնք այս կամ այն պատճառով կոմպլեքսավորվում են տեսախցիկի առջև հայտնվելուց: Ձևաչափը հետագայում կիրառելիս կփոփոխեմ`առաջին պլան բերելով ու հարցեր տվողի կարգավիճակում դնելով ծնողին, հարցերի ընտրության համար չտալով որևէ թեմա: Ընդ որում, սովորողներից ստացել էի նաև ազատ թեմայով հեռավար տարբերակ:

Գուշակի՛ր էմոջիներով: Սա հայտնի ձևաչափ է: Այսօր նոր սերնդի ներկայացուցիչների հաղորդակցության մեջ էմոջիների ու գիֆերի գրաֆիկական լեզուն ոչ միայն ուղեկցում է գրավոր խոսքին, այլև երբեմն մինչև իսկ փոխարինում նրան: Վեցերորդցի սովորող-յութուբեր Մարիա Շոկարյանը հեղինակեց նմանատիպ ընտանեկան նախագիծ, որը իմ առաջարկած նախագծերի հետ հայտնվեց ապրիլյան փաթեթում: Պետք էր ընտանիքի անդամներից մեկին սահմանափակ ժամանակում ցույց տալ էմոջիների որոշակի հաջորդականություն, որպեսզի գուշակեն, թե դրա տակ որ ստեղծագործությունը կամ ֆիլմն է թաքնված: Պետք էր նախնական աշխատանքի համար վերհիշել ծանոթ ստեղծագործությունները, որոնք կիմանար նաև ընտանիքի անդամը, դրա ամենակարևոր տարրերը կամ գաղափարները արտահայտող էմոջիներ գտնել ու տրամաբանական հաջորդականությամբ ներկայացնել:

Ինչպես հասկացանք, ակունքներում յություբյան ձևաչափեր ունեցող նախագծերը ունեն մի շարք յուրահատկություններ, որոնցից են քողարկված ուսուցողական տարրերը և հետաքրքրությունը:

Անդրադառնալով վլոգերությանը` նշեմ, որ զուտ որպես գործունեություն ևս այն արդյունավետ է բանավոր խոսքի շտկման, մշակման, ինքնակայացման և այլ առումներով: Այն թույլ է տալիս գտնել բովանդակության արտահայտման գեղեցիկ ու ինքնատիպ տարբերակներ: Իմ սովորողների մեջ ունեմ յություբեր-վլոգերներ (ինչպիսին հենց Մարիա Շոկարյանն է, որի հայտնի յություբյան ալիքն արդեն քսան հազարից ավել հետևորդ ունի), որոնց հետ հաճախ համագործակցում եմ նախագծեր ստեղծելիս. չէ՞ որ նրանք լավագույնս գիտեն սերնդի նախասիրությունները և նրանց «ծուղակը գցելու» հետաքրքիր ձևերը:

Մայիսյան 15-րդ բաց հավաքի շրջանակներում վլոգերության դպրոցը զարգացնելու համար մեր սովորողներ Մարիան և Սեդան շուտով տարեկիցների հետ փոքրիկ դասընթաց կունենան` օգնելով ու ուղղորդելով նրանց իրենց խորհուրդներով:

Նոր սերնդի հետ աշխատելու համար պետք է նրանց լեզվին տիրապետել: Իսկ դա պահանջում է սերտել նրանց նախասիրությունների այբուբենը:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский