Հեռավար ուսուցման համեստ հմայքը
Primary tabs
Ազգս (կարծում եմ՝ բոլոր ազգերն էլ այդպես են) հումորի անսպառ պաշար ունի, որ բացում է հատկապես արտակարգ իրավիճակներում։ Ու հիմա էլ՝ համացանցային հարթակ տեղափոխվելու հարկդրանքի այս օրերին, հումորային բանահյուսության «հատորներ» են ստեղծվել նաև հեռավար ուսուցման շուրջ։
Իսկ եթե լուրջ խոսենք, կասկած չկա, որ համացանցը, ինչպես գործընկերս է ասում, իր առցանց հաղորդակցման հնարավորություններով 21-րդ դարի նվերն է։ Դու կարող ես ցանկացած պայմաններում հանդիպում կազմակերպել, հավաքել սովորողներիդ էկրանի շուրջը, բացատրել այն, ինչ պիտի բացատրես կամ պարզապես զրուցել՝ քննարկել։ Եվ այս ամենի համար հարկ չունես տեղափոխվելու ուրիշ տարածք՝ դրա վրա ժամանակ ու նյարդեր ծախսելով։ Դու տանն ես, քո բնական միջավայրում։
Ու խնդիրները հենց էստեղից էլ սկսվում են։
Տանից ու սովորողի տանը ուսուցումը կազմակերպելիս երկու կողմի ընտանիքները ակամա հայտնվում են «դասասենյակում»։ Եթե լուռ հետևում են, լավ է։ Եթե մասնակցում են դասիդ, էլի հետաքրքիր է։ Բայց պատահում է՝ զբաղված են լինում իրենց գործով՝ խոսում են հեռախոսով, դիմում են սովորողիդ՝ կտրելով նրան այդ պահի անելիքից, շեղում են։ Էստեղ ոչինչ անել չես կարող. ոչ բոլորի բնակարանային պայմաններն են թույլ տալիս «կոկիկ անկյուն ունենալ»՝ կահավորված հատկապես հեռավար դասերի համար։ Սրա այլընտրանքը տան, նաև դասավանդողի տան անդամների շարժը սահմանափակելն է (բռնությո՞ւն է)։
Հեռավար զանգվածային ուսուցումը փորձություն է դասավանդողի համար մի այլ առումով ևս։ Առաջադրանքները, հասկանալի է, սովորողները կատարում են ոչ առցանց տարբերակով։ Դրանց կատարումը ժամանակ է պահանջում։ Ահա այսպես՝ կատարած առաջադրանքներն ստանում ես օրվա հատկապես երկրորդ կեսին, և որպեսզի աշխատանքը կանգ չառնի, կարդում ես, դիտարկումներ անում, երբեմն երկու-երեք նամակ փոխանակում՝ պարզաբանելու համար ուղղումներդ, դիտարկումներդ։ Իրոք որ, հարկավոր է սահմանել աշխատանքային ժամեր, մեծ մասամբ այդպես էլ անում ենք, բայց մնալ հենց աշխատանքային ժամերի սահմանում միշտ չէ, որ հաջողվում է։
Հանգամանքներիս պահանջով ու թելադրանքով առցանց ուսուցումը դարձել է համատարած ամբողջ աշխարհում։ Հայաստանը, պարզ է, բացառություն չէր լինելու։ Դրա համար ՏՏ ոլորտի մասնագետները սկսեցին առաջարկել ու տարածել մի շարք գործիքներ ու հարթակներ։ Բայց ամենաակտիվ ժամերին համացանցի արագությունն ընկնում է, ստացվում է՝ սահմանված ժամանակն ու համացանցային ռեսուրսը այնքան էլ արդյունավետ չես ծախսում։
Նշված խնդիրները իհարկե լուծելի են, բայց դրա համար կամային որոշակի հատկանիշներ ու հմտություններ են պետք։ Հենց դրանց մշակմամբ էլ հիմնականում զբաղված ենք հիմա, նաև այս փորձությունից ենք սովորած ու շահած դուրս գալու անկասկած։
Արտակարգ իրավիճակները, որքան էլ տհաճ, ունենում են նաև դրական ազդեցություն։ Ահա աստիճանաբար սովորում ենք, գտնում ուսուցման նոր տարբերակներ, նույնիսկ ավելի կարգապահ դառնում։ Այսպես՝ Եթե համատարած հեռավար ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում մտածում էինք, որ բաց թողած, չհասցրած, չհասկացած ինչ-որ բաներ կլրացնենք հենց որ հանդիպենք, երկրորդ շաբաթում, երբ պարզ դարձավ, որ դեռ երկար չենք հանդիպելու, այլևս անիմաստ դարձավ որևէ բան հետաձգելը։
Շաբաթվա աշախատանքը, ինչպես նախատեսված է ուսումնական օրացույցով, գրականությունից Չարենցի շուրջ էր։ Տարատարիք սովորողները, սովորականի պես, ստացան առաջադրանքների ամբողջ փաթեթը դասավանդողի բլոգում՝ տարբեր մակարդակներով։ Սովորողն ընտրում, կատարում է իրեն հարմար աշխատանքը կամ աշխատանքները։ Սովորողներից ամեն մեկն իր հնարավորությունների ու նախընտրության սահմանում կարդաց Չարենցի ստեղծագործություններից, նրա կենսագրական փաստերն ուսումնասիրեց, ասմունքեց-ձայնագրեց կամ պարզապես վերաբերմունքը գրառեց ընթերցած նյութի շուրջ։ Արդյունքները բավարար են (տե՛ս ներքևում)։ Կատարած գրավոր աշխատանքները ավագ դպրոցում հիմք են աշխատանքները նաև լեզվական տեսանկյունից դիտելու, բայց որոշեցի լեզվից նույնպես առաջադրանք կազմել։ Այս պայմաններում լրատվական կայքեր կարդալը, դրանցից լուր ընտրելը, հավաքած տեղեկությամբ նոր լուր կազմելը, թարգմանական հմտություններն օգտավործելով ու զարգացնելով տեղեկություն քաղելն ու ներկայացնելը լեզվական ակտիվ գործունեություն եմ համարում։ Քանի որ ընթերցանության հմտությունները միայն գեղարվեստական գրականության ընթերցմամբ չեն կարող սահմանափակվել, որպես լեզվական աշխատանք սովորողներիս առաջարկել եմ նաև հետաքրքիր նյութերի թարգմանություն. սա կրկնակի լեզվական աշխատանք է՝ կարդալ օտար լեզվով և հասկանալ, ապա վերարտադրել-թարգմանել հայերեն՝ պահպանելով հայերենի կանոնները։ Որպեսզի մոտիվացվեն, սովորողներն այս աշխատանքները կատարում են որպես լրագրական աշխատանք՝ հրապարակվելով մի դեպքում Ավագ դպրոցի «Օրագիր» շաբաթաթերթում, մյուս դեպքում՝ «Թարգմանիր» պարբերականում։ Սովորողները նաև հանձնարարություն են ստացել ինքնուրույն մեկնաբանություններ անելու որոշակի դրույթների շուրջ, ըստ էության՝ շարադրություն գրելու։ Դրանցից լավագույնները նույնպես հրապարակվել են դպրոցի պարբերականում։
Ուսուցման համատարած առցանց կազմակերպումը մի շարք մտքերի հակեց ինձ։ Առաջինը վերաբերում է ավագ դպրոցի սովորողի ընտրությանն ու պատասխանատվությանը։
Մեզանում առցանց ուսուցման ոչ քիչ փորձ կա։ Տարբեր պատճառներով հեռավար ուսուցման անցած սովորողը պայմանագրով պարտավոր է հետևել իր փոստին, պատասխանել իրեն հասցեագրված նամակներին, եթե ինտերակտիվ դաս պիտի լինի, ժամանակին միանալ համացանցին, համապատասխան հարթակում աշխատելու հմտությունները մշակել։ Սովորողն այս պայմաններում արդեն աճ է ապրում։ Որոշ դեպքերում նույնիսկ, քանի որ աշխատանքը անձամբ իրեն ուղղված է համարում, կատարում է ավելի եռանդով ու առանց հետաձգելու։ Իսկ ուսուցիչներս, այդ նույն եռանդից ոգևորված, ավելի շատ կամ ավելի բարդ աշխատանք ենք առաջարկում։ Այստեղ էլ է աճը ապահովվում։ Սովորողներ էլ կան, որ ընտրում են՝ հեռավար ինչ առարկա սովորեն և ինչքան սովորեն (սովորաբար այսպես վարվում են այլ երկրներում արդեն դպրոց գնացող սովորողները)։ Նրանք ձևավորում են իրենց կրթական պատվերը, և ըստ դրա էլ կազմվում է կրթական ծրագիրը։ Այսինքն՝ սովորողն ընտրում է՝ ինչքան սովորի, որ առարկայում ավելի խորանա։ Առցանց սովորողն իր վրա, այսպիսի պարագայում, պատասխանատվության ահագին բաժին է վերցնում։ ԻՆքն է որոշել, ինքն է պատասխանատուն։
Իսկ մի՞թե այդպես չեն վարվում առկա սովորողները։ Նրանք մի՞թե չեն ընտրում ու սովորում իրենց հետաքրքրած առարկան կամ առարկաների խումբը՝ մյուսներից կատարելով մինիմալը կամ կատարման պատրանք ստեղծելով։ Ավագ դպրոցի սովորողի համար մի՞թե ավելի արդյունավետ չի լինի ուսուցման կազմակերպման ցանկացած ձևի դեպքում էլ առաջարկել մակարդակի և բովանդակության ընտրություն։ Մի՞թե ավելի ճիշտ չի լինի սովորողից պահանջել այն, ինչ ինքն է ստանձնել։
Երկրորդ միտքը վերաբերում է անխոնջ ուսուցչին։
Հեռավար ուսուցումը համացանցով տարբեր ձևերով արդեն կար. բազմաթիվ կայքեր կան, որտեղ ամենատարբեր մակարդակով պատրաստ են սովորեցնելու քո ուզածը՝ առաջարկելով նկարահանած դասերից սկսած, մինչև ինտերակտիվ հաղորդակցություն ապահովող վարժանքներ։ Բայց այդ կայքերն իրենց դասերի միայն մի մասն են բաց՝ հանրամատչելի, անվճար տալիս։ Նյութը սովորելու համար հարկավոր է գնել դասընթացը կամ պարբերական վճարումներ անել ամեն մակարդակի համար։ Կարծում եմ՝ այդ դասընթացները կազմողները գիտեն՝ ինչ տիտանական աշխատանք է անհատական, թեկուզ և առցանց ուսուցումը, և մտածում են համապատասխան վարձատրության մասին։
Պարզ է, որ համաճարակային այս օրերին ինչպես բոլորը, ուսուցիչներն էլ աշխատում են արտակարգ ռեժիմով՝ առանց լրացուցիչ ակնկալիքների։ Բայց հեռավար ուսուցումն իր հեռանկարներով պահանջարկ ունի նաև այլ՝ ավելի ապահով պայմաններում, և արժե, որ այդպես դասավանդողը համապատասխանաբար վարձատրվի։
- 617 reads