Հարցեր տալու ու պատասխաններ լսելու հմտությունը

Ուսուցչի օրագիր կամ իմ մտորումներից

Մանկավարժությունն իմ կարծիքով հարցեր տալու և պատասխաններ լսելու նուրբ հմտություն է: Հմտություն, որը ձևավորվում է տարիների ընթացքում: Այս դեպքում կարևորվում է յուրաքանչյուր մանրուք, որովհետև նուրբ ու արագընթաց է այն գործընթացը, որը քեզ ուսուցիչ-ընկերոջից կարող է դատավոր դարձնել: Դու կամ վաստակում ես հարցեր տալու ու պատասխաններ լսելու իրավունքը, կամ դատապարտվում ինքդ քեզ, լավագույն դեպքում ՝ քո ուզածը լսելուն: Ինքդ քեզ լսելու, քո ուզածը լսելու ճանապարհը հեշտ է ու հարթ. այդ ճանապարհը շատերն են, ընտրում, որովհետև հարթ է, բայց իրականում այն ոչ մի տեղ չի տանում՝ փակուղի է, որը չի թողնում ուսուցչին զարգանալ, սովորողին՝ սովորել:

Էստեղ կանգ առնենք, մտածենք, առանձնացնենք մի քանի կետ:

Դու հարց ես տալիս, ոչ նրա համար, որ ուզում ես դիմացինին լսել, դիմացինին սովորեցնել մտածել, միտք շարադրել ու հիմնավորել, խոսքը գրագետ կազմել… Դու հարց ես տալիս, որ լսես այն պատասխանը, որն ինքդ ես ակնկալում, որը դու սովորել ես, գիտես, որն ընդունելի է քեզ համար: Հենց այստեղ էլ ամեն ինչ վերջանում է. ընդհատվում ուսուցման գործընթացը և դու դառնում ես միայն հարցնող ու ոչ՝ սովորեցնող, ուղղորդող: Սովորողը տեսնում է քո թուլությունը, քո վախերը, հասկանում, որ դու ի վիճակի չես իրեն լսել, որովհետև սովոր ես միայն ինքդ քեզ լսել, որովհետև վախենում ես մտածելուց, զարգանալուց, չիմացած բան լսելուց. սովորողը կորցնում է քո հանդեպ իր հետաքրքրությունը, հասկանում, որ դու ի վիճակի չես իրեն լսել: Դառնում՝ կրկնող կամ լռում: Մանկավարժական կոնկրետ ու կարևոր հմտություններ են պահանջվում սովորողին չբարդույթավորելու, խրախուսելու համար, նաև՝ համբերություն:

Դու գիտես ինչ ես հարցնում, բայց չգիտես, թե ինչ պատասխան ես լսելու, դու գիտես՝ ինչ ես հարցնում, բայց չգիտես, թե խոսակցությունը քեզ ուր կտանի: Հենց էստեղ է մանկավարժությունը՝ անսպասելիության, իմպրովիզի, լսելու ու հարգելու հմտությունների մեջ: Ոչինչ, որ պատասխանը կարող է քեզ համար ակնահաճո չլինել, ոչինչ, եթե մի բան չիմանաս, հրաշալի է, նոր հնարավորություն է՝ կկարդաս, կիմանաս: Կարևորը դու սովորողին ասելու, կարծիք արտահայտելու հնարավորություն կտաս:

Ազատ կարծիք:

Իրականում մենք չենք ուզում, որ մեր սովորողներն ազատ լինեն, իրականում ուզում ենք, որ հնազանդ լինեն: Ինչու, որովհետև հնազանդներին հեշտ է կառավարելը: Իսկ ազատ մտածող անհատները կարող են վտանգավոր ու անկառավարելի դառնալ: Հաճախ ենք ասում՝ կարծիք արտահայտիր, եզրահանգում արա, բայց իրականում ուզում ենք, որ այդ կարծիքն ու եզրահանգումը մեր գծած կամ ընդունված կաղապարների շրջանակում լինեն: Մեզ ազատ կարծիքը չի հետաքրքրում, որովհետև այն կարող է վախեցնելու աստիճան տարբերվող կամ նոր լինել, իսկ մենք սովոր չենք նորը լսել-ընկալելուն. ուսուցիչները հաճախ չեն սիրում մտածել, սիրում են ապրել ընդունվածի շրջանակում ու լսել այն, ինչ արդեն գիտեն: Ազատ մտածող սովորողի ուսուցիչը պետք է ուսումնասիրող ու զարգացող լինի. խնդիրը հենց այստեղ է. մենք՝ ուսուցիչներս չպետք է վախենանք սովորելուց: Եթե մարդը սովորելուց վախենում է, չի կարող սովորեցնել: Սա հստակ է:

Լսելու հմտություն:

Կարևոր է հարցիդ պատասխանը լսելը: Ոչինչ, որ այդ պատասխանը թերի լինի՝ հենց այստեղ է ուսուցումը, ոչինչ, որ պատասխանը քո սրտով չլինի, հենց սա է մանկավարժությունն առաջ մղող ուժը, ոչինչ, որ պատասխանն անսպասելի լինի, հենց այսպես են ծնվում նոր մտքերը: Կարևորը հարգանքով լսելն է՝ ոչ թե լսելու դատապարտված մարդու դեմքով, այլ՝ լսելուց հաճույք ստացող մարդու դեմքով, որովհետև լավ է, որ ունես լսելու հնարավորություն, որովհետև լավ է, որ սովորողները խոսում են ու վստահում քեզ:

Հիմա այն մասին, թե ինչպես ու ինչ հարցնել, ինչ տոնայնությամբ ու դիրքով:

Թվում է, թե վերը նշված կետերը չեն կարող կապվել դասապրոցեսի՝ այս դեպքում հարցադրում անելու, տեքստի շուրջ աշխատելու հմտությունների հետ, բայց իրականում՝ կապվում են ու կարևոր են:

*Ուսուցչի կանգնելու-նստելու դիրքը պետք է վստահություն ներշնչի. կարևորում եմ, երբ ուսուցիչը նստած է սովորողների հետ՝ ոչ առանձին՝ իր բարձունքում: Եթե բոլորը նստած են, ինքն էլ է նստած: Այս ամենը լրացուցիչ վստահություն է տալիս, հավասար ու վստահելի մթնոլորտ ստեղծում: Ուսուցիչը ընկերոջ դեր է ստանձնում, ոչ՝ դատավորի:

*Կարևոր է այն տոնայնությունը, որով տրվում է հարցը: Խաղաղ ու չպարտադրող տոնայնությունը, մարդուն լրացուցիչ վստահություն հաղորդում: Կարևոր է չպարտադրելը: Սովորողը պետք է վստահ լինի, որ կարող է չպատասխանել, պատասխանել ավելի ուշ, գրավոր պատասխանել կամ փոխել հարցը:

*Կարևոր է, թե ինչ ես հարցնում ու ինչպես, կարևոր է հասկանալ, որ հարցը ինքնանպատակ չի կարող լինել, չի կարելի հարցնել, հարցնելու համար: Հարցերը ուսուցման կազմակերպման ամենահետաքրքիր հնարքներից են, կարևոր են բանալի հարցերը. այս հարցերը կամաց-կամաց մի դուռ են բացում, ամեն հարց օգնում է, որ սովորողը մտածի, ուսումնասիր, ներկայացնի:

Հարցերն օգնում են սովորել՝ սովորեցնում սովորել, առաջ շարժում սովորելու գործընթացը. սրանք հենց մանկավարժական հարցերն են: Հենց գործընթացը կանգնեց, ուրեմն ինչ-որ մի տեղում վրիպել ես ու հարցերդ այլևս բանալի հարցեր չեն, կամ դու վախենում ես պատասխաններ լսել:

Հարց տալու հմտությունն ու պատասխան լսելու հմտությունը մանկավարժության կարևոր հմտություններից են․ այս հմտությունները պետք է կարևորվեն, առաջնային դառնան։ Պարզ է, որ ուսուցչի համար դժվար է լսելը, որովհետև հեշտ է երբ քեզ են լսում՝ հատկապես, երբ դու չես ստեղծագործում՝ անգիր ես ասում։ Կարծում եմ, որ մանկավարժությունը ստեղծագործական աշխատանք է․ անընդհատ ստեղծագործելը զարգանալու ու հետաքրքիր մնալու բանալին է։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский