Ուսուցչի պարտադիր վերապատրաստումը` ինքնազարգացման հարթակ

Ովքեր ծանոթ չեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, ասեմ, որ սա ոչ թե պարտադրանքի, այլ հավեսի դպրոց է: Այստեղ ամեն ինչն է ստեղծվել հավեսով և արվում է հավեսով: Ուսուցիչը հավեսով է աշխատանքի գալիս, հավեսով կազմում է իր ուզած «հավեսի» նախագծերը, նախագծերը հավեսով է փոխանցում սովորողին և այլն… Այս շարքը կարող եմ անվերջ թվարկել: Սակայն այդ «հավեսներից» ամենակարևորն ինձ համար սովորողի` հավեսով դպրոց գալն է: Եվ այս ամենի ֆոնին «պարտադիր վերապատրաստում» արտահայտությունը խորթ, կրթահամալիրի բնույթին օտար է թվում: Մյուս կողմից` դա նախարարության կողմից կարևորվող պարտադրանք է, որից երևի հրաժարվել հնարավոր չէ: Եվ, իհարկե, այս հարցում էլ կրթահամալիրն առաջարկում է իր այլընտրանքը:

Ասեմ, որ սիրով եմ վերապատրաստվողների ցանկում կարդացել իմ անուն-ազգանունը, ճիշտ չի լինի: Վերապատրաստումը լրացուցիչ աշխատանք է, լրացուցիչ ջանքեր և ժամանակ է պահանջում, իսկ այդ ժամանակը յուրաքանչյուր սեբաստացի դասավանդողի համար շատ դժվար է գտնել: Այնուամենայիվ, սպասում էի վերապատրաստման մեկնարկին, քանի որ անորոշություն չեմ սիրում, ուզում էի շուտ իմանալ գլխիս գալիքը:

Վերապատրաստմանը մասնակցելու եղանակների մասին

Վարջապես մոտեցավ այդ օրը: Մեզ ներկայացրին վերապատրաստման կարգը, ժամանակացույցը, վերապատրաստման իրականացման ձևերը: Վերապատրաստմանը կարող էիր երեք եղանակներից մեկի ընտրությամբ մասնակցել` առկա, համակցված և հեռավար: Սկզբում ինձ թվաց, որ համակցված տարբերակն ինձ հարմար է, բայց հետո հասկացա, որ ժամանակի մեջ չեմ տեղավորվում, ուստի ընտրեցի հեռավար տարբերակը: Ի դեպ, ժամանակի և դրա ճիշտ կազմակերպման մասին ասեմ, որ շատ եմ կարևորում այն, որ դասավանդողը կարող էր ընտրել, թե վերապատրաստմանն ինչ ձևաչափով կարող է մասնակցել։ Ինձ նման բազմազբաղ մարդու համար, ում՝ օրվա անգամ վայրկյաններն են հաշված, ով օրվա րոպեները դասդասում է ըստ կարևորի և անկարևորի, որպեսզի հասցնի բոլոր գործերը և չվրիպի կամ բաց չթողնի կարևորը, մեծ օգնություն էր հեռավար տարբերակով աշխատելու հնարավորությունը։ Տրված էր աշխատանքների վերջնաժամկետ, ամեն առաջադրանքի համար կատարման ժամանակահատվածներ չկային, ուստի աշխատանքները երբ կարող էիր, այդ ժամանակ էլ  ուղարկում  էիր՝ առանց լարվելու, որ ժամանակի մեջ չտեղավորվեցիր ու կարգ խախտեցիր։ Լավ էր, և լարում չկար։

Վերապատրաստման առաջադրանքների մասին

Վերապատրաստումն անցկացվում էր երկու փուլով։ Առաջին փուլում պետք էր հանձնել հետևյալ բաղադրիչները.

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում
  • Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումn ուսումնական գործընթացում կրթահամալիրում վաղուց է իրականացվում։ Արդեն մոտ տասը տարի է կրթահամալիրն անցել է բլոգային ուսուցման․ յուրաքանչյուր սովորող և դասավանդող ունի իր բլոգը։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները վաղուց են յուրաքանչյուր սովորողի և դասավանդողի ձեռքի գործիքը։ Մոնտաժային ծրագրերը, տեքստերի մշակման ամենատարբեր հարթակները, նկարների, տեսանյութերի, ձայնանյութերի հետ աշխատելու տարաբնույթ գործիքները վաղուց բոլորիս աշխատանքային գործիքների ամենագործածական ծրագրերն են։ Թվում էր՝ նոր ի՞նչ պետք է սովորեինք այս դասընթացի շրջանակում։ Այս հարցում, փաստորեն,  սխալվում էի, քանի որ սովորելու բան միշտ էլ կա։ Այն, որ դասընթացն իրականացվում էր առցանց-հեռավար՝ Teams հարթակի միջոցով, հնարավորություն էր տալիս առավել մանրամասն տեսնել և յուրացնել այն։ Եթե տեսադասերից ինչ-որ մեկին էլ այս կամ այն պատճառով չէիր մասնակցում, տեսադասի տեսագրումը հնարավորություն էր տալիս հետո այն դիտելու, հարկ եղած դեպքում՝ ետ ու առաջ տալու։ Ինչ վերաբերում է տեսադասերի բովանդակությանն, ասեմ, որ իհարկե, կային նյութեր, որոնց տիրապետում էի, բայց ինձ համար գտնված էր այն, որ կարողացա ծանոթանալ և սովորել բազմաթիվ այնպիսի ծրագրեր, որոնք օնլայն են աշխատում։ Ինչու էր սա ինձ համար այսքան կարևոր։ Մոնտաժային, ձայնային մշակման շատ ծրագրեր կան, սակայն դրանք պետք է ներբեռնել աշխատանքային գործիքի մեջ, ծանրացնել համակարգիչը, հեռախոսը։ Միշտ ուզել եմ իմանալ և սովորել աշխատել այնպիսի ծրագրերով, որոնք պետք չէ ներբեռնել, բայց քանի որ մասնագետ չեմ, դժվարացել եմ գտնել այդպիսի ծրագրեր, եթե գտել էլ եմ, դժվարացել եմ աշխատել դրանցով։ Այս առումով նմանատիպ ծրագրերի ուսուցումն ուղղակի գտնված էր ինձ համար։ Դրանց յուրացումն այժմ այնքանով է հեշտացրել իմ աշխատանքը, որ ունենալով մի քանի աշխատանքային գործիք և օրվա ընթացքում տարբեր գործիքներով աշխատելով՝ չեմ լարվում, թե որ գործիքում որ ծրագիրը կա կամ չկա, միանգամից օնլայն ռեժիով ցանկացած գործիքով միացնում եմ ուզածս ծրագիրը և աշխատում։

Հանրակարթական բնագավառի օրենսդրություն

Եթե ուզում ես լրջությամբ զբաղվել ուսուցչությամբ, պետք է անընդհատ աշխատես քեզ վրա։ Մտածես նոր մեթոդներ, անընդհատ կարդաս, զարգանաս, ծանոթանաս մանկավարժական ամենտարբեր հայացքների, դպրոցների։ Այս ամենի կարևորությունn զգում ես, որքան հնարավոր է աշխատում այս ուղղությամբ՝ հիմնականում մոռանալով օրենսդրական, վարչարարական ամենատարբեր հարցերի մասին՝ դրանք չկարևորելով, ոչ օգտակար համարելով։ Հենց այս ամենի մասին էլ ուզում եմ խոսել։ Ինչո՞ւ է կարևոր հանրակրթական բնագավառի օրենսդրությունը, ինչո՞ւ պետք է դասավանդողը տեղյակ լինի դրանից։ Ասեմ, որ օրենսդրությունը սովորողի և դասավանդողի աշխատանքին վերաբերող դրույթների մասին է, կան կետեր և հոդվածներ, որոնց տիրապետելը պարզապես պարտադիր է՝ դասավանդողի և սովորողի շահերից ելնելով։ Եթե չգիտես քո և սովորողիդ պարտականություններն ու իրավունքները, ինչպե՞ս կարող ես, հարկ եղած դեպքում, ճիշտ որոշումներ իրականացնել։ Հանրակրթական բնագավառի օրենսդրության ուսումնասիրությունը նաև օգնեց գործնական որոշ հմտություններ ձեռք բերել, օրինակ՝ օգտվել և նյութեր փնտրել-գտնել  EDU.amArlis.amIrtek.am կայքերից։

Վերապատրաստման երկրորդ փուլում պետք էր հանձնել մասնագիտական  բաղադրիչը, որը բաղկացած էր երկու մասից․

  • Մասնագիտական զարգացում․ ընդհանուր բաղադրիչ
  • Մասնագիտական զարգացում․ առարկայական բաղադրիչ

Մասնագիտական զարգացման բաղադրիչը ծավալով ամենամեծն էր։ Մասնագիտական զարգացման աշխատանքներում ամենաարդյունավետը Հանրակարթական պետական չափորոշչի ուսումնասիրությունն էր, դրանում առկա Հայոց լեզու և գրականություն ծրագրի մանրամասնումը և հատկապես այդ ամենի համեմատումը մեր՝ կրթահամալիրի ծրագրերի հետ։ Շատ արդյունավետ էր այդ ամենի միաժամանակյա քննությունը՝ զուգահեռ համեմատությունը, տարբերությունների ընդգծումը։ Ավելի տեսանելի էին երկու ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը։

Հաջորդ հետաքրքիր և ոչ պակաս արդյունավետ աշխատանքը դպիրյան հոդվածների ընթերցումն էր։ Օրվա ընթացքում շատ հաճախ ժամանակ չենք գտնում կարդալ «Դպիր» մանկավարժական ամսագրի բոլոր նյութերը, շատ հաճախ կարդում ենք այն, ինչ հետաքրքրում է, կամ՝ մեր ընկերների հոդվածները։ Սա շատ լավ հնարավորություն էր մի լավ ծանոթանալ դպիրյան հին և նոր հոդվածներին, մանավանդ, որ դրանք ըստ թեմաների էին առանձնացված։ Հոդվածներում կային այնպիսիք, որոնք վաղուց էին գրվել, և հենց դրանով էլ հետաքրքիր էին․ տեսանելի էր, թե տարիների ընթացքում այդ բնագավառում որքան բան էր փոխվել, որտեղից ուր էր հասել կրթահամալիրը։

Մասնագիտական զարգացման բաղադրիչը հնարավորություն տվեց շատ ավելի մանրամասն և բովանդակային ծանոթանալ այն ամենին, ինչ մասնագիտական առումով կատարվում է հանրակրթական դպրոցներում և մեր կրթահամալիրում։ Ամենատարբեր հեղինակների կողմից գրված նույն թեմային վերաբերող բազմատեսակ, բազմամեթոդ, տարատեսակ լուծումներով հոդվածների ընթերցումը հնարավորություն տվեց շատ ավելի հանգամանալից պատկերացնել այն, ինչ արվել  և արվում է կրթահամալիրում։ Հնարավորություն ստեղծվեց մտածել այս ամենի մասին, փորձել ավելի հեռուն նայել՝ կանխորոշելու այս ամենի զարգացումը․․․

Երբ սկսվում էր վերապատրաստումը, չէի մտածում, որ այն այսքան արդյունավետ կլինի, կամ դրա ավարտից հետո կցանկանամ խոսել դրա մասին։ Կարծում էի, որ պարտադրված մի բան է, արագ կաշխատենք, մի կողմ կդնենք։ Փաստորեն, «պարտադրանքն» էլ է հաճելի լինում, եթե հավեսով ես անում․․․

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский