Ընդհանուր ներառականությունը «Մուտքի» ճամբարում

Երեսնամյա  ուրույն պատմութուն կերտած ու կայացած կրթահամալիրն անվերապահորեն ապացուցել է՝ բոլոր ժամանակների սեբաստացիներին հատուկ են յուրատեսակ մտածելակերպը, մոբիլ ու ստեղծական-ներառական  կենսակերպը, անկաշկանդ  ու տարբերվող հետագիծը։ Իսկ ինչպես է դա կերտվել։ Շատ պարզ, թափանցիկ, բոլորի աչքի առաջ։ Պարզապես ամեն մեկն զբաղվել է իր գործով՝ առավոտ կանուխ բույսերի խնամք, ջրում, շրջակայի խնամք, ուսումնական գործի կազմակերպում այս ամենով, ուսուցում առօրյայով, տնական-բնական․․․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներից մեկը հեռավար-առցանց ուսուցումն է:  Ո՞վ կմտածեր, որ ուսուցման այս տարբերակն այսքան լայն տարածում կունենա, կլինի այսչափ ընդգրկուն ու բազմազան։ Բայց, արի ու տես, ունեցավ, ու հեռավար ուսուցումն այսօր արդեն սովորական ուսուցման ձև է դարձել ողջ արտակարգ տարվա համար՝  ներառվելով ամբողջ կրթական համակարգում։

Իսկ ինչպե՞ս է իրականացվել հեղինակային կրթական ծրագրի «մուտք»-ը նոր կրթական համայնք, ընտանեկան դպրոցներ։ Ինչպիսի՞ պարապմունքներ են կազմակերպվել՝ ճամբարականներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում առցանց և ֆիզիկական միջավայրերում։ Իհարկե՛, «Մուտքի»՝ այս տարվա համար արտակարգ ճամբարով՝ վեց տարեկանների համար նոր ծանոթության, նոր միջավայրի, նոր կարողությունների ու հմտությունների ձևավորման  ամենակարևոր հարթակով։ 

Հիմք ընդունելով «Մուտքի» ճամբարի հրամանը՝ սեբաստացիական կրթական համայնքով՝ ընտանեկան, թե դպրոցական, մայիսյան ուսումնական շրջանն ամփոփելուց հետո շարժվեցինք նոր ուժով, ստեղծագործելու նոր՝ մայիս-հունիսյան շնչով։ Միասին կազմակերպեցինք 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը՝ ազդարարելով նորեկ սեբաստացիների մուտքը կրթական բաց, հակաբացիլ միջավայր։

Դպրոցները՝ որպես կրթական ծրագրի ներկայացուցիչներ, կազմակերպեցին առցանց հանդիպումներ նոր ընտանեկան դպրոցների հետ։ Ուսումնական գարնան վերջում 2020-21 ուստարին արտակարգ դարձրած համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ վեց տարեկանների և նրանց ծնողների հետ մեր առաջին հանդիպումն իրականացրինք մայիսին Teams հարթակում։ Հանդիպման ընթացքում  դպրոցների  ղեկավարները ծնողներին ներկայացրին կրթահամալիրյան կարգերը, ծրագրերը, օրացույցը, նոր ուսումնական տարվա վեց տարեկանների դասվարներին: Հանդիպումներից հետո ձևավորվեցին առաջին դասարանների խմբերը: Թվային ուսուցման գործիքների՝ նոթբուք-նեթբուքի, հեռախոսների կիրառությամբ շարունակվեցին առցանց մուտք-հանդիպումներն առաջին դասարանի սովորողների հետ։ «Մուտքի» ճամբարներն ընթացան ըստ փուլերի՝ մայիս-հունիսհուլիսօգոստոս։

Առաջին անգամ կապը վեց տարեկանների նորաստեղծ ընտանեկան դպրոցների փոքրերի հետ իրական դարձավ մայիսի վերջին՝ ուսումնական չորրորդ շրջանի մեկնարկին զուգահեռ։ Ծանոթացանք, պատմեցին իրենց մասին, սկզբում քիչ կաշկանդված, ամոթխած, բայց աստիճանաբար՝ ավելի անկաշկանդ։ Աստիճանաբար մտնելով ուսումնական գործընթացի մեջ՝ ներկայացան պատում-տեսանյութերով։ Տպավորիչ էր հունիսմեկյան արտակարգ, առցանց «Մուտքի» ճամբարը սեբաստացի դարձած ընտանեկան դպրոցներում: Ճամբարի ընթացքում հեռավար աշխատանքներն իրականացվել են ոչ միայն սովորողների, այլև ծնողների հետ, որոնց ուսումնական աշխատանքներում արագ ներգրավելու նպատակով պատրաստեցի տեսադասեր՝ ինչպես օգտվել էլեկտրոնային փոստից, ինչպես գրանցվել Youtube-ում, տեսանյութը տեղադրել, հղումն ուղարկել և այլն։ Արդյունքում ընտանեկան դպրոց-ուսուցիչ-խորհրդատու կապն ավելի հեշտ ու պարզ դարձավ, ամրացավ։ Ընտանիքները զարմացած էին, տպավորված, ապրած հրճվանքի համար՝ շնորհակալ։ Աննախադեպ աշխատանքը ոգևորել էր բոլորին՝ «սահուն քայլերով, աննշմար» ընտանեկան դպրոցը ներառելով կրթահամալիր՝ այլընտրանքի աշխարհ։  Ընտանեկան դպրոցների հետ իրականացվեցին մի շարք հանդիպումներ առցանց միջավայրում, որոնք ապահովեցին բավարար չափով ներառականություն հետագա հանդիպումները ֆիզիկական միջավայրում սահուն ու հեշտ կազմակերպելու համար։ Հեռավար հանդիպում-մուտքի ճամբարները թե՛ ինձ, թե՛ նորեկ սեբաստացիների համար այս տարի այսպիսի ձևաչափով համարվեցին ընդհանուր ներառականության առաջին փորձերը, որոնք հետագայում տվեցին կարևոր արդյունքներ։ Հունիսյան հանդիպումներին հաջորդեցին հուլիս-օգոստոսի հանդիպումներն էլ ավելի հետաքրքիր և գրավիչ նախագծերով։

            Հուլիսյան և օգոստոսյան «Մուտքի» ճամբարներին սովորողները մասնակցեցին իսկական մրգատոն-չրատոնի՝ հաշվելով, համտեսելով, կորիզներով, միրգ-բանջարեղենով, ամենատարբեր եղանակներով գրելով անունը, կարդալով-«խաղալով» բառերով։ Ապա ընտանեկան բաղադրատոմսերով ներկայացան, մրգային աղցաններ պատրաստեցին, մարզվեցին առցանց, գնացին ընտանեկան ճամփորդության, երգեցին ընտանեկան ինքնաշեն նվագարաններով, բերմադրեցին ընտանեկան երաժշտական համարներընտանեկան ռադիոթատրոններ՝ այդ ընթացքում ակամայից հաղթահարելով մի շարք բարդույթներ՝ կապված տեսախցիկի առաջ երևալու, խոսելու, չհուզվելու, շփոթվելու հետ։ Այսպես սկսեցին ձևավորվել կամ աննկատ զարգանալ նոր հմտություններ ու կարողություններ՝ ստեղծագործական երևակայության զարգացում, բառուսուցման հմտությունների ձևավորում, մանր մոտորիկայի զարգացում, ազատ արտահայտվելու հմտությունների ձևավորում, խոսքի զարգացում, հաշվելու կարողությունների զարգացում և այլն։ Մեր միասնական աշխատանքներում մեծ դեր ունեցան ծնողները, որոնք գործուն մասնակիցն ու աջակիցը դարձան այս ամենի, ասել է թե՝ իրական ընտանեկան դպրոց՝ հեղինակային-նախագծային ուսուցմամբ։ Ահա՛ և ներառականության մի կարևոր ցուցիչ։ «Մուտքի» ընտանեկան ճամբարներում ներառվեցին ուսումնական տարատեսակ գործունեություններ, և նորեկ սեբաստացիները չզգացին՝ ինչպես քայլ-քայլ ներառվեցին հեղինակային կրթական միջավայր։ Ընտանեկան դպրոցները, արդեն հաջողությամբ  իրականացրած աշխատանքներից ոգևորված, սեփական նախաձեռնությամբ ճամբարների ավարտից հետո շարունակեցին իրենց աշխատանքները։ Նրանք հադես եկան նաև օրագրապատումներով՝ կիսվելով տպավորություններով (հատվածներ ծնողների օրագրերից):

Սարուխանյան Մերիի մայրիկ՝ Լուսինե

«Աղջիկս՝ Մերին, այս տարի պետք է հաճախի դպրոց: Դպրոցի ընտրության հարցում միանշանակ ընտրությունս կանգնել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա: Հիմքում ընկած է եղել կրթական ծրագիրը ու մոտեցումը, որը համապատասխանում է այս ժամանակների պահանջներին: Նոր ժամանակներ, նոր սերունդ և նոր պահանջներ: Այն ոչ ստիպողական, խաղային ճանապարհով դպրոցականներին կրթում, դաստիարակում է` հասցնելով համապատասխան մակարդակի: Նույնիսկ այս ճգնաժամային իրավիճակում պատրաստ է եղել առցանց կրթությանը, ինչը շատ գովելի է: Դա վկայում է, որ ժամանակին թե՛ հիմնադիրները և թե՛ անձնակազմը ճիշտ որոշումներ ու քայլեր են ձեռնարկել: Բավականին արդյունավետ է Teams -ի և Outlook -ի կիրառումը, որոնք ապահովում են շփումը, փոխադարձ կապն առցանց ճանապարհով: Այս կարճ ժամանակահատվածում աղջիկս հասցրել է որոշակի գիտելիքներ ստանալ․․․»։

Առաքելյան Մարիամի մայրիկ՝ Նարինե Համբարյան

«Իմ աղջիկն արդեն առաջին դասարանցի է:  Սկսվեց «Մուտքի» ճամբարը: Գիտեի, որ աղջկաս համար շատ դժվար չէր լինի, որովհետև սեբաստացի եղբոր հետ մասնակցել էր Առաքելյանների ընտանեկան դպրոցին:

 Այս «Մուտքի» ճամբարը այլ խնդիրներ լուծեց: Ամենակարևորը ծանոթանալն էր: Յուրաքանչյուր տեսակապի ընթացքում ավելի լավ ճանաչեց իր ընկեր Լիլիթին, մյուս ուսուցիչներից մի քանիսի հետ ծանոթացավ առցանց: Տեսակապերին մասնակցած ակտիվ սովորողներին արդեն հիշում է, մյուսներին էլ դասարանական բլոգի տեսանյութերով է հիշում։ Կարծում եմ` ավելի հեշտ կլինի, երբ տեղափոխվեն ֆիզիկական միջավայր, կամ առցանց դասերը սկսվեն: Այս հինգ առցանց դասերը ծանոթանալուց բացի մի շատ կարևոր բան տվեցին իմ աղջկան. սկսեց ավելի քիչ ամաչել: Վերջին դասի ժամանակ հեռախոսը երբեմն-երբեմն իր ձեռքն էր վերցնում, նույնիսկ ինքն է միացրել, խոսել, արդեն ավելի հանգիստ էր»:

Ընտանեկան դպրոց+խորհրդատու-մանկավարժ հեռավար-առցանց աշխատանքի շնորհիվ էլ է հնարավոր հասնել ակնկալվող արդյունքին՝ նկատի ունենալով ներառականության այն մեծ ներուժը, որը դրված է յուրաքանչյուր ճամբարի առանցքում, էլ ի՞նչ ճամբար, եթե չպիտի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները ու հասնել պահանջված արդյունքին, այն է՝ նոր միջավայրի ձևավորում, նոր ծանոթություններ, հետաքրքրություններ, բացահայտումներ՝ ներառական ու ստեղծագործական եղանակներով։

Առցանց հանդիպումներն օգոստոսի երկրորդ կեսից տեղափոխվեցին ֆիզիկական միջավայր: Սովորողների հետ (բացի առցանց աշխատանքներից) տեղի ունեցան հանդիպումներ փոքր խմբերով։

Ֆիզիկական միջավայրում հանդիպեցին արդեն ընկերներ դարձած վեց տարեկանները․ կարծես առաջին անգամ չէին տեսնում միմյանց ֆիզիկապես։ Ինչո՞ւ կարծես, հենց այդպե՛ս էլ կար։ Կրթական պարտեզը գրկաբաց ընդունեց իր նոր սովորողներին, որոնք զարմացած նայում էին շուրջբոլորը․ նոր միջավայր, նոր աշխարհ, ներգրավման յուրատեսակ-բնական մոտեցում-անցումներ․․․Միասին երգելը, պարելը, բերանացի բանաստեղծություն սովորելն ու ասելը, ընկերանալը լողավազանում, թե լողափին, միմյանց հետ ինքնամոռաց զրուցելը, տպավորություններով կիսվելը ցույց տվեցին, որ հեռավար ճամբարային հարթակը արել է իր գործը և լավ է արել։ Սովորողներն ուրախ էին, զվարթ, անհամբեր, ներգրավված ուսումնական գործունեությունների մեջ, չկար տարբերություն սովորողների միջև։ Մուտք էին գործել այնպիսի միջավայր, որտեղ ոչ մեկը մյուսից չի առանձնանում, կարևոր են բոլորը, իրար հետ, իրարով։ Ահա՛ ևս մեկ ցուցիչ, որն ընդգծում է վեց տարեկանների «Մուտքի» ճամբարի ներառականությունն ու միասնությունը: Անդրադառնալով ամառային հեռավար ճամբարամուտին, վերլուծելով՝ ուզում եմ ասել՝ առցանց «Մուտքի» ճամբարն ընտանեկան դպրոցներ և ընտանեկան դպրոցների «մուտք»-ը կրթահամալիր անցումներով հաջողվեցին, քանի որ «Մուտքի» ճամբարներն աշխատում են ոչ թե մեկ սովորողի, ընտանեկան դպրոցի հետ, այլ մի ամբողջ  կրթական համայնքի, որտեղ բոլորը հավասար են, յուրաքանչյուրը կարևոր է յուրովի։ «Մուտք կրթահամալիր» ճամբարի կարևոր հենասյուները՝ ընդհանուր ներառականությունը, միասնականությունը, ստեղծականությունը, այս տարում «ապահովեցին» արտակարգ, բայց արդեն սովորական դարձած ուսումնական գործընթացը՝ առցանցից ֆիզիկական գեղեցիկ, ներդաշնակ, սահուն ներանցումով։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский