Ուսուցչությունը՝ մասնագիտություն, մուտքը դպրոց՝ ուսումնական նախագիծ

Երբեք չէի մտածի, որ ուսուցչությունն ինձ կարող է հետաքրքրել ու կարող է ինձ համար մասնագիտություն դառնալ։

Ընտանեկան-պատմական էքսկուրս-պատումից սկսեմ։

Հայրական կողմից պապս մաթեմատիկայի մասնագետ էր, դպրոցի տնօրեն, տատս՝ ռուսերենի ուսուցիչ։ Երկուսն էլ տարբեր էին՝ և՛ բնավորություններով, և՛ աշխատանքում-կյանքում։ Պապս տարածաշրջանի լավագույն պարողն էր, լավագույն պատմություններ պատմողը, ուրախ մարդ ու բոլորի սիրելին։ Ինձ դուր էր գալիս, որ իրեն բոլորը սիրում էին, ընդունում, որ ինքը միշտ կոկիկ էր, խնամված ու հանրային։ Տատս խիստ էր և՛ իր, և՛ աշխարհի հանդեպ․ մարդամոտ չէր, մեկուսացած էր, ուրախ հավաքներին չէր մասնակցում ու միշտ սովորում էր։ Ինձ դուր էր գալիս, որ տեսնում էի մարդու, որն անընդհատ սովորում է, որը պարտաճանաչ է և՛ իր, և՛ մարդկանց հետ կապված բոլոր հարցերում։

Ու կար մայրական կողմի տատս, ում ազդեցությունն ինձ վրա հսկայական էր, որը միշտ խնամված էր, գեղեցիկ, կոկետ, հաջողակ․ ես ուզում էի իր նման լինել։ Այս տատիկս երևացող էր և՛ աշխատանքում, և՛ տանը։ Ինձ միշտ ասում էր, որ դասատուները իր տեսած ամենապրիմիտիվ մարդիկ են (իր սկեսուրը՝ մեր մեծ տատն էլ էր ուսուցիչ)․ իրենց հավաքներին եղել եմ, լսել՝ ինչից են խոսում ու ինչպես։ Ասում էր, որ միայն մատյանից ու դասից են խոսում, որ աշխարհայացքը նեղ է ու սովորել չեն սիրում։ Միշտ հակադարձում էի՝ մյուս տատիս օրինակը բերում, որ ամբողջ օրը սովորում է, ինքն էլ թե՝ հա, բայց տատդ էլ մեկուսացած է ու գեր։ Այ, հենց այդ գիրությունն ու մեկուսացվածությունն էլ ինձ վախեցնում էին․ որոշել էի, որ ուսուցիչ հաստատ չեմ դառնա։ Հաստատ էի որոշել․ չէի ուզում ո՛չ գեր լինել, ո՛չ մեկուսացած։

Կարճ ասած, դպրոցի խնդիրներին, ուսուցիչների համայնքներին մանկուց էի ծանոթ։ Խնդիրները դեռ փոքրուց եմ տեսել, «ուսուցչի կերպար» ասվածի մասին մտածել։ Եզրակացրել՝ դպրոց չեմ մտնի, դպրոցում կյանք ու արժանապատիվ ապագա չկա, առաջընթաց չկա։

Էնպես ստացվեց, որ իմ դպրոցը՝ կրթահամալիրը, ինչ-որ փուլում նորից գրավեց ինձ․ մտածում էի՝ կարճաժամկետ մուտք է, պարզվեց՝ ոչ։ Կրթահամալիրը, իր խնդիրներով ու ջերմությամբ, ներքաշեց ինձ, սովորողների հետ կապը կարևոր դարձավ, ինձ նոր շունչ տվեց։ Կրթահամալիրն ինձ սովորեցրեց սովորել ու բացվել։

Հիմա անձնական կյանքի էքսկուրսից անցում կատարեմ դեպի այսօր շատ արդիական խնդիրներ, բայց անձնական-պատմական էքսկուրսս ինքնանպատակ չէր, հասկացաք։ Առանձնացնենք․

  • դպրոց մուտքն անհասկանալի ձևաչափով և հարցաշարերով է կարգավորվում
  • ուսուցչությունը չի ընկալվում որպես մասնագիտություն
  • ուսուցչությունը գրավիչ մասնագիտություն չէ։

Կարծում եմ, որ այս փուլում շատ կարևոր է անդրադարձն այս խնդիրներին, լուրջ վերլուծություններն ու հետևությունների արդյունքում ապագայի մարտավարության մշակումը։ Կրթությունն այսօր ամենակարևոր ռազմավարական ուղղություն է․ փոքր երկրի համար կրթությունը և՛ ազգապահպան, և՛ մշակութապահպան նշանակություն ունի։ Կրթությունը մեր ուժն է ու մեր արժանապատիվ գոյության երաշխավորը։

Մեր կրթական խնդիրներն ու այսօրվա անմխիթար վիճակը, մեր մտածելակերպի, մեր կյանքի արտացոլանքն են։

Կրթությունը չի կարող կտրված լինել կյանքից ու իրականությունից։ Ապրում ենք թափթփված ու անհեռանկար, կրթում՝ թափթփված ու անհեռանկար։ Ապրում՝ առանց արժեք ու գաղափար, կրթում՝ առանց արժեք ու գաղափար։

Ինչպես ու ինչ սկզբունքով է կազմվում ուսուցչի՝ դպրոց ընդունվելուն ուղղված հարցաշարը, դժվար է ասել։ Ովքեր են կազմում այդ հարցաշարը, ինչու ու ինչ սկզբունքներով, կազմում են, որ ինչը ստուգեն, ինչ կապ ունի այն ուսուցչի աշխատանքի, դրա հաջողության հետ։ Կյանքից ու մարդուց կտրված հերթական կեղծիքն է, հերթական անգիրը, որը լրացնել-հաղթահարելը ոչ մեկին ոչինչ չի տալիս։ Թե որքան կշարունակվի կյանք-կրթություն-դպրոց անջրպետի խորացումը, չեմ կարող ասել։

Հեղինակային կրթական ծրագիրը «Մուտք կրթահամալիր» ճամբարի վաղուց մշակած, փորձարկած, տարիների ընթացքում անընդհատ՝ ամեն ճամբարից առաջ, լրամշակվող գործունեության ձև է, որը կարելի է կիրառել հանրակրթական մյուս ուսումնական հաստատություններում։

Դպրոց մուտքը պետք է լինի բաց, թափանցիկ ու հասկանալի, գործող կարգը՝ տրամաբանված՝ դիմողին և կազմակերպող-անցկացնողին հասկանալի ու մարդուն ուղղված։ Ծանոթացե՛ք տարիներով փորձարկված, լրամշակված մեր կարգին։

Դպրոց Մուտքն առաջինը սովորելու, հասկանալու հնարավորություն է, ծանոթանալու իրական դպրոցի գործունեությանը, կարգերին, կրթական գործընթացը կարգավորող փաստաթղթերին։ Դպրոց մուտքը մարդու՝ ուսուցչի, մանկավարժական-ստեղծագործական հմտությունների ցուցադրումն է, մասնագետնի ձևակերպած-առաջարկած նախագծի տեսքով։ Մուտքը մասնագետի կոնկրետ աշխատանքն է, որ արտացոլվում է իր բլոգում։ Մասնագետի հետ աշխատող հավաքանում կարծիքների ամբողջությունը, որը ձևավորվում է կոնկրետ աշխատանքի արդյունքում, ձևավորվում է՝ միմյանցից անկախ․ մասնագետի մուտքը դպրոց տնօրենի միայնակ որոշումը չէ, դպրոցի՝ առաջատար մասնագետների որոշումն է։ Կրթահամալիր փորձը բաց է․ տե՛ս Գործատու բաժինը, պատրաստ ենք կիսվել, ներկայացնել։

Ուսուցչությունը պետք է դառնա գրավիչ մասնագիտություն: Գրավիչ ու հանրային։ Երիտասարդը պետք է այստեղ զարգացման, առաջընթացի հեռանկար տեսնի, արժանապատիվ աշխատավարձ։ Պարզ է, որ երիտասարդն ուզում է շատ վաստակել, լավ հագնվել՝ կյանքի այլ որակ ունենալ, հենց նյութական իմաստով ու սա պարզ և հասկանալի փաստ է, ընդհակառակը՝ խրախուսելի։ Դպրոցները տարիներ շարունակ վերածվել են գորշ միջավայրերի՝ փակ ու խղճուկ։ Ուսուցչի հանդեպ հարգանքը տարիներ շարունակ ու հետևողականորեն ոտնահարվել է, ասվել, որ ուսուցիչները վատն են ու անգետ։ Ի՞նչ է տվել մեզ նման վերաբերմունքը։ Փոխվե՞լ են այդ ուսուցիչները, իհարկե, ոչ։ Կփոխվե՞ն, իհարկե, ոչ։ Անընդհատ քննադատելով ու ուսուցչի կերպարը ոտնահարելով՝ մենք չեն ստեղծել, առաջ չեն մղել նոր կերպարով ուսուցիչներ, որոնք էլ կգային փոխելու իրականությունը։ Ազատենք բոլոր վատ ուսուցիչներին, ունե՞նք ավելի լավ ու հարմար թեկնածուներ, իհարկե չունենք։ Ես կողմ եմ քննադատությանը, խնդիրների բարձրաձայնմանը, բայց կառուցողական տարբերակով։ Մենք պետք է առաջ մղենք, ստեղծենք ուսուցիչ-գործիչների նոր սերունդ՝ տալով նոր հնարավորություններ, հանրայնություն, սոցիալական բարեկեցություն։ Արդեն գործող ու հմուտ հիանալի ուսուցիչներ ունենք, որոնց պետք է վստահել, առաջ մղել։

Արդեն գործող հետաքրքիր ու հմուտ ուսուցիչներն էլ իրենց հանրային գործունեությամբ հետաքրքրություն կառաջացնեն․ երիտասարդ մասնագետները կուզեն դպրոց մտնել։ Արդար չէ, հարգելինե՛ր, ուսուցիչ դառնալու համար հազար խոչընդոտ է պետք հաղթահարել՝ ուսուցչի ընտրության չաշխատող հարցաշարեր, քննություններ, ատեստավորումներ, տարակարգեր, իսկ, ասենք, լուրջ քաղաքական, պաշտոն զբաղեցնելու համար՝ ոչինչ։ Ու հոգ չէ, որ տվյալ մարդու ո՛չ գիտելիքը, ո՛չ կեցվածքը, ո՛չ աշխարհայացքը չեն համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, բայց մարդը հանրային է, ունի բարձր աշխատավարձ, ճամփորդելու ու սովորելու հնարավորություն։ Ուսուցչին պետք է հնարավորություն տալ՝ աշխատելով սովորելու ու զարգանալու, ճամփորդելու ու տեսնելու, աշխարհայացք լավացնելու։ Խեղճ ու անընդհատ վախեցած մարդը չի կարող ազատ ու մտածող սերունդ դաստիարակել։

Ուսուցչի մասնագիտությունը պետք է դառնա պահանջված, ընկալվի որպես մասնագիտություն հենց հանրայնացման, ուսուցչի գործունեության ընդլայնման ու նոր հնարավորությունների ստեղծման համատեքստում։ Կարևորը ոչ թե խոսքերն են, այլ հստակ քայլերը։ Ազատվենք ուսուցչի աշխատանքը որպես առաքելություն ներկայացնելու և դրա տակ թաքնվելու քարացած կարծրատիպից։ Ուսուցչությունը աշխատանք է․ սա պետք է գիտակցել ու պարտաճանաչ կատարել աշխատանքը։ Նույնպիսի աշխատանք, ինչպիսինն է դասախոսինը, երգչինը, բժշկինն ու շինարարինը, առաքելություն չէ, աշխատանք է, որի համար աշխատողն աշխատավարձ է ստանում-ակնկալում, որն իրականացնում է որոշակի ֆիքսված ժամանակահատվածում, որը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով։ Ոչինչ, որ չենք ունենա առաքյալներ, կունենանք ուսուցիչներ, որոնց աշխատանքն էլ կկարևորենք ու կարժևորենք։

Հռետորական հարց․ հանրային հարթակում քանի՞ ուսուցչի ենք ճանաչում, քանիսի՞ն կարդում, քանիսի՞ն փորձում նմանվել։ Հենց այս հռետորական հարցը կոնկրետ լուծումներ պահանջող պատասխաններ կստանա, մեր իրականությունը կփոխվի։ Չի ստանա, կփոխվեն միայն կաղապարները, սահմանումներն ու օրենքի կարգավորում ապահովող տարբեր կետերը առաջ ու հետ կտարվեն, կխմբագրվեն, բայց իրականությունն այլ կլինի։

Այլ կրթական իրականություն ստեղծած ու ստեղծող մարդիկ էլ անընդհատ կպայքարեն իրենց իրավունքների ու գոյության հնարավորության համար։

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский