Արևելքի ջերմոց-լաբորատորիայի նորամուտը

Սեբաստացիական իմ ճանապարհի սկիզբը դրվել է 2021 թվականի փետրվարին:  Քոլեջ այցելություն-ծանոթությունից հետո ընկեր Տաթևը խորհուրդ տվեց անցնել քառօրյա վերապատրաստման փուլը: Զրույցից հետո որոշեցի, որ պետք է միանամ սեբաստացիական մեծ ու լուսավոր ընտանիքին: Հետևելով գլխավոր կայքին՝ իմացա, որ փետրվարի 16-19-ը սկսվում է վերապատրաստումը, և կրթահամալիրում մեզ սպասելու էր Լուսինե Գասպարյանը: Ամեն ինչ ուրիշ էր. այդ ընթացքում կամ զարմանում էի, կամ հիանում: Զարմանում էի, թե ինչպես էին դիմում՝ տիար, տիկին, օրիորդ․․․
Վերապատրաստումից հետո սկսվեց կամավոր աշխատանքի փուլը: Աշխատանքի առաջարկ ստացա ընկեր Տաթևի կողմից՝ աշխատել 5-6 տարեկանների խմբում: Առաջին նախագիծն իրականացրի Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում: Ոգևորությունս մեծ էր, սերս՝ անչափելի: Մարտ ամսից եղա կրթական բոլոր հաստատություններում: Անցա մուտքի ճամբարովԱրևելյան դպրոց- պարտեզում առաջին հանդիպումս եղավ պարտեզի սաների հետ: Արևելյան դպրոցի ամառային ճամբարի ընթացքում իրականացրեցի մի շարք նախագծեր, օրինակ՝ պատրաստում ենք օգտակար թուրմեր, հյութեր, թեյեր:

2021 թվականի սեպտեմբերի 1-ից սկսեցի աշխատել Արևելյան դպրոց-պարտեզում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ, ունեցա պարտիզապուրակային գործունեությամբ սովորողների խումբ և բնագիտության, տեխնոլոգիայի դասաժամեր: Ուսումնական տարին սկսեցինք ճանաչողական, հայրենագիտական ճամփորդություններով, որն իր մեջ ներառում էր «Բարձունքի հաղթահարում» նախագիծը:
Կրթահամալիրն անցումների, աճի, ինքնահաղթահարումի, անվերջ տրվող հնարավորությունների լայն ու անսահմանափակ հարթակ է: Հասցրել եմ աշխատել կրթահամալիրի տարբեր օղակներում, իսկ այսօր Արևելքում եմ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի նկուղներից մեկում փորձեցինք ստեղծել լաբորատոր պայմաններ և կիրառել բույսերի բազմացման արդյունավետ տարբերակներ: Արդյունքն եղավ այն, որ ունեցանք համագործակցային նախագծեր Արևելյան դպրոցի տարբեր դասարանների, ընտրությամբ գործունեության բնագիտության խմբի և Քոլեջի ջերմոց-լաբորատորիայի հետ, ինչպես նաև համագործակցային նախագիծ Քոլեջի բնագիտության լաբորատորիայի հետ, որին ակտիվորեն մասնակցում էին սովորողները: Առաջինը հետազոտեցինք սերմից սածիլի ստացումը։ Տիկին Շողիկի օգնությամբ ընտրեցինք համապատասխան բույսերի սերմեր, առանձնացրեցինք ցանկարկղերը, ցանեցինք և հետևեցինք ընթացքին: Որոշ ժամանակ անց երևացին առաջին ծիլերը: Քոլեջի բնագիտության լաբորատորիայում Արևելյան դպրոցի սովորողների ձեռք բերած տեխնոլոգիական իմացությունը, հմտություններն ու կարողությունները (սերմնահավաք, սերմնացան, սածիլի տեղափոխում թաղարների մեջ, ծաղկոցի ստացում), իմացության ամրապնդումը իրականացրինք գործնական աշխատանքի միջոցով, որի արդյունքում բույսերը տեղափոխվեցին Արևելյան դպրոց-պարտեզի լաբորատորիա, լաբորատորիայից՝ ծաղկոցներ:

Ինչպես նկուղը դարձրինք ջերմոց-լաբորատորիա

Արևելյան դպրոցում ջերմոց-լաբորատորիայի ստեղծմանը (տես գծապատկերը) մասնակցել են դպրոցի տարատարիք սովորողների խմբեր։
Լաբորատորիայի ստեղծման ընթացքում իրականացված նախագծերն ունեն հետևյալ ուղղությունները․

  • Դասարանական խմբերում իրկանացված գործունեություն
  • Բնագիտական խմբում իրականացված գործունեություն
  • Ընտրությամբ գործունեության խմբի աշխատանք
  • Երկարացված օրվա ճամբարային խմբում իրականացված գործունեություն

Դասարանական խմբերում իրականացված գործունեություն

Մայրիկատոնին ընդառաջ ՝ համագործակցել եմ Արևելյան դպրոցի գրեթե բոլոր դասավանդողների հետ: Առաջին դասարանի սովորողներն ընկեր Մարիամի և իմ ուղեկցությամբ  այցելեցին Քոլեջի ջերմոց-լաբորատորիա՝ այնտեղից բերելով տարբեր բույսերի կտրոններ։  Որոշ ժամանակ անց մեր բույսերն արմատներ ունեին և պատրաստ էին իրենց տեղը գտնելու ծաղկամաններում: 
Արևելյան դպրոցի ջերմոց-լաբորատորիայում կան բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքների և բույսերի բազմացման համար, օրինակ՝ «Ծաղկաձոն» նախագծի շրջանակում կտրոնով բազմացման եղանակով ծաղկի նոր տեսակ ստացանք, որոնք սովորողները այլընտրանքային թաղարներով նվիրեցին իրենց մայրիկներին՝ «Ձոն» նախագծի ամփոփմամբ: 
Որոշակի հաջողություններ ենք գրանցել չորս ամիսների ընթացքում՝ աճեցնելով տարբեր տեսակի բույսեր: Հասցրել ենք փորձել բազմացման գրեթե բոլոր եղանակները, արդյունքում ստացել ենք տարբեր ծաղիկներ, որոնք այսօր գեղեցկացնում են Արևելյան դպրոցի Վերնատան կից պատշգամբը:
Այսպիսով՝ ավելանում է տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռքբերման շարքը, «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում Արևելյան դպրոց-պարտեզում իրականացրինք դասարանական մի շարք նախագծեր:

Ընտրությամբ գործունեության խմբի աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առանձնահատկություններից մեկը նախ և առաջ սովորողի ընտրությունն է: Իր նախասիրություններին համապատասխան՝ սովորողը որոշում է, թե տվյալ օրը, տվյալ ժամին որ գործունեությանը մասնակցի: Ըստ այդմ, ձևավորվում են ընտրությամբ գործունեության խմբերը: Ընտրությամբ գործունեության խմբի աշխատանքը մեծ կարևորություն ունեցավ ջերմոց-լաբորատորիայի ստեղծման համար: 4-5-րդ դասարանների այն սովորողները, ովքեր ընտրել էին Պարտիզապուրակային աշխատանքներ գործունեությունը, մեծ աշխատանք կատարեցին ջերմոց-լաբորատորիայի ստեղծման և զարգացման համար: Մեծ ոգևորությամբ սովորողները մաքրեցին ջերմոց-լաբորատորիայի տարածքը, այնուհետև մեկ այլ նկուղից պլաստիկե տարաներ բերելով ջերմոց՝ ստացանք փոքրիկ ջերմոցներ, որոնց մեջ ցանեցինք աշնանը հավաքած ծաղիկների սերմերը, և սովորողները տեսան իրենց աշխատանքի արդյունքը: Ամիսներ հետո սածիլները սովորողների ձեռքով տեղափոխվեցին ծաղկոցներ: Հաջորդ փուլում ընտրությամբ գործունեության խմբի հետ թափոններից այլընտրանքային աշխատանքներ պատրաստեցինք: Այս նախագծի նպատակն էր սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը, շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը: Արևելյան դպրոցի պարտիզապուրակային խմբի գործունեության խմբի սովորողների հետ մասնակցեցինք «Համագործակցային նախագծին»։ Եղանք բնագիտության լաբորատորիայում, ցանեցինք սերմերը, որոնք աշնանը հավաքել էինք ծաղկոցներից:

Բնագիտական խմբում իրականացված գործունեություն

Արևելյան դպրոց-պարտեզում դասավանդում եմ նաև բնագիտություն, ուստի առիթը բաց չթողեցի, որ սովորողների հետ գործունեությունը կազմակերպենք այնպես, որ այն նույնպես ուղղված լինի լաբորատորիայի ստեղծմանն ու զարգացմանը: Սովորողները մասնակցեցին վարդատունկին՝ օրն սկսելով վարդերի էտման նախապատրաստական աշխատանքով: Այս նախագիծն իրականացվում է ամեն օր, որովհետև ամեն օր տնկում ենք բույսեր, ցանում սերմեր, և այդ ամենն արվում է կրթահամալիրի թե՛ շենքային տարածքներում, թե՛ շրջակա միջավայրում: Բույսերով հարստացնելու, փչացածները նորերով փոխարինելու ու անընդհատ կանաչն ու ծաղկունքը ավելացնելու համար սովորողները ջանք չեն խնայում:

Երկարացված օրվա ճամբարային խմբում իրականացված գործունեություն

Բացի ընտրությամբ գործունեության խմբերի՝ բնագիտության խմբում իրականացված գործունեությունից՝ գործունեություն ենք իրականացնում նաև երկարացված օրվա ճամբարային խմբում: Երկարացված օրվա ճամբարին մասնակցում են 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ: Երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրել ենք «Կանաչ ծառ» նախագիծը: Ընտրել ենք կտրոններ, որոնք ամիսներ առաջ բերել էինք Հրազդանի կիրճից: Արմատակալելուց հետո երկարացված օրվա սովորողների հետ տեղափոխեցինք Արևելյան դպրոցի բակ, որպեսզի կանաչապատենք չոր ծառը: Երկարացված օրվա ճամբարի սովորողները նաև մասնակցեցին համապետական շաբաթօրյակին, և արդյունքը եղավ այն, որ ջերմոց-լաբորատորիայում ցանված սերմերի սածիլները տեղափոխվեցին Արևելյան դպրոցի բաց հարթակ, տեղադրեցինք լիաններ՝ ծառերի հատվածում, Քոլեջից բերված ծաղիկները տեղադրեցինք դպրոցի հյուսիսային հատվածի «Նոր ծաղկոց»-ում:

Առաջիկա նախագծեր

Առաջին նախագիծը, որը ցանկանում եմ ներկայացնել, Արևելյան դպրոցի հյուսիսային հատվածի Նոր ծաղկոցների ստեղծումն է։ Նախագիծը ծնվեց ընկեր Նառայի առաջարկով:
Նախատեսում եմ   կրթահամալիրում իրականացնել «Բուժիչ խոտաբույսեր» նախագիծը։ Այն կարող ենք իրականացնել կրթահամալիրի ծաղկոցներում: Նախագծի  համաձայն`  յուրաքանչյուր սովորող, ընտանիք կներկայացնի դեղաբույսեր, որոնք բնորոշ են իրենց բնակության վայրին, դրանց կիրառությունը, օգտակարությունը և չորացման ժամանակն ու եղանակը: Մի նախագիծ էլ «Կանաչ պատ»-ն է՝ կանաչ և հետաքրքիր լուծումներով։
Իմ նախագծերում փորձել եմ սովորողներին  սովորեցնել այն,  ինչն իրենց կարող է օգտակար լինել առօրյա կյանքում: Կարծում եմ` տեսական գիտելիքները կարևոր են, սակայն, եթե չկա այդ գիտելիքների գործնական կիրառության դաշտ, ապա դրանց ձեռքբերումը կարող է դառնալ ժամանակի անիմաստ վատնում: Երեխաներից ստանում եմ մեծ էներգիա, և ինքս կարողանում եմ փոխադարձ էներգիա ու վստահություն փոխանցել թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский