Հետազոտական աշխատանքները սովորողների ինքնակրթության նոր հարթակ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2022-23 ուսումնական տարում Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչ դարձավ հետազոտական աշխատանքը։
Հետազոտական աշխատանքներն Ավագ դպրոցում սովորողի ուսումնական գործընթացի մաս են կազմել տարբեր դասընթացների շրջանակում, բայց որպես պարտադիր բաղադրիչ` նոր մշակված կարգով և պահանջներով, փորձարկվում է 2022-23 ուսումնական տարում։

Փորձարկումը  անցնել և անցնում է փուլերով, և ամեն փուլի արդյունքը յուրաքանչյուր ամիս ներկայացվում է մասնաժողովի նիստին։

Առաջին փուլ

  • Կրթահամալիրի դասավանդող Աշոտ Տիգրանյանի կողմից մշակվեց հետազոտական աշխատանքի կատարման կարգը
  • Կարգը ներկայացվեց քննարկման Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդում
  • Լրամշակվեց Ավագ դպրոցի ղեկավարի և կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի համատեղ քննարկումներով
  • Ներկայացվեց սովորողներին

Երկրորդ փուլում դասավանդողներn աշխատեցին թեմաների ընտրության վրա և  իրենց թեմային համապատասխան պահանջներ մշակեցին։

Երրորդ փուլ

  • Նախագծային շաբաթվա ընթացքում դասավանդողները սովորողներին ֆիզիկական միջավայրում ներկայացրեցին հետազոտական աշխատանքների իրենց թեմաները, աշխատանքների կատարման ձևաչափը
  • Սովորողները ևս 5 օր առցանց ծանոթացան հետազոտական աշխատանքների թեմաներին և կատարեցին էլեկտրոնային հայտագրում։ Էլեկտորնային հայտագրմանը մասնակցել է 10-12 դասարանների 301 սովորող։

Թեմաների առումով մեծ է բազմազանությունը։ Կարևոր է, որ սովորողներն իրենք են առաջարկում թեմաներ։

Ուզում եմ շեշտել, որ բացի գիտական հետազոտություններից, սովորողներն ընտրել են նաև արվեստը, ինչն ուժեղացնում է նրանց կապն ընտրությամբ դասընթացի հետ։ Օրինակ՝ քանդակի դասընթացն ընտրած սովորողների աշխատանքներից ներկայացնեմ Արշակ Սերոբյանի «Մարդ և արվեստ» աշխատանքը։ Սովորողը հետազոտություն է կատարել՝ ինչպես  քանդակել գանգ և արդյունքում ստեղծել է  քանդակը։ Եվ ինչպես նա է նշում՝ այդ աշխատանքն օգնեց հետագայում գանգի մոդելը այլ քանդակների մեջ էլ կիրառել։

Կուզեի անդրադառնալ ևս մեկ աշխատանքի՝  «Թատրոն, թատրոնի դերը, այլընտրանքը»։ Այս աշխատանքի համար սովորողն օրեր շարունակ անց էր կացրել թատրոնում, մասնակցել փորձերի, ներկայացումների, շփվել դերասանների հետ, ինչը նրա համար մասնագիտական կարևոր շփում էր ու հարմարեցում միջավայրին։ Լավ էր մտածված նաև պաշտպանության ժամանակ փոքրիկ ներկայացումը, որը կոտրեց մթնոլորտի լրջությունը և հետաքրքիր երանգ հաղորդեց օրվան։

Ըստ կարգի նախատեսված էր պաշտպանության երկու ժամկետ՝ հունվար և մայիս։ Սակայն աշխատանքների կատարման ընթացքը բերեց նրան, որ փորձարկվող կարգում փոփոխության առաջարկ ներկայացնենք, և պաշտպանությունները սկսվեն հունվարին, ու ամեն ամիս ներկայանան պատրաստ սովորողները։

Ուսուցիչը հետազոտական աշխատանքի ղեկավար

Ավագ դպրոցի դասավանդողների համար հետազոտական աշխատանքների ղեկավարումը դարձավ հետաքրքիր նորարություն․ թեմաների ընտրություն, աղբյուրների ցանկի կազմում, սովորողների համար գիտական ղեկավարի և խորհրդատուի, գրախոսի հետ աշխատանք։

Դասավանդողները կազմել են աշխատանքային պլան, սովորողների հետ հանդիպումների ժամանակացույց, որի համաձայն սկսել են աշխատել։ Կարևոր է, որ ամեն ամիս հաշվետվությունների միջոցով դպրոցի ղեկավարը ստացել է տեղեկություն հետազոտական աշխատանքների ընթացքի մասին։ Այդ ընթացքում կազմակերպիչներն աշխատել են այն սովորողների հետ, ովքեր չեն կատարել թեմայի ընտրություն կամ ունեն դժվարություններ։ Արդյունքում կատարել ենք փոփոխություններ՝ ղեկավարի, թեմայի։

Հետազոտական աշխատանքների պաշտպանության փուլ

Դասավանդողները դպրոցի ղեկավարին տվյալ ամսվա մինչև 15-ը ներկայացնում են սովորողի պաշտպանության հայտ։ Ենթակայքում նախապես հրապարակվում է պաշտպանության հայտարարությունը՝

Պաշտպանություններին մասնակցում են ոլորտի մասնագետներ, շրջանավարտներ, ծնողներ։

Օտար լեզվով ներկայացված աշխատանքները նախապես գրախոսվում են կրթահամալիրի դասավանդող անգլերենի լեզվի մասնագետ Յուրա Գանջալյանի կողմից․

Կարևոր եմ համարում, որ հետազոտական աշխատանքները տարածվում են, դրանք կարդում են գրականագետներ, դասախոսներ, տվյալ ոլորտի մասնագետներ։ Ամրապնդվում է կապը շրջանավարտների հետ, ովքեր սիրով են մասնակցում պաշտպանություններին։

Փորձելով ամփոփել այս ամիսների կատարված աշխատանքը՝ ներկայացնեմ ձեռքբերումներ, խնդիրներ և առաջարկներ, որոնք ուղենիշում ունենալով՝ կշարունակենք առաջ շարժվել։

Ձեռքբերումներ

  • Հետազոտական աշխատանքները դառնում են սովորողների նախասիրությունների բացահայտման նոր հարթակ։ Սովորողի նախասիրությունը առավել ընդգծվում է, երբ ինքն է առաջարկում թեման։
  • Հնարավորություն է ընդլայնելու սովորողի սոցիալական միջավայրը և  մասնագիտական միջավայր ձևավորել։
  • Նպաստում է մայրենի լեզվի գրավոր և բանավոր խոսքի կատարելագործմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը, հռետորական որոշ գործիքների կիրառմանն ու բացահայտմանը։
  • Օտար լեզվով աշխատանքը ներկայացնողները կատարելագործում են տվյալ լեզվի իմացությունը։
  • Նոր տեխնոլոգիաների կիրառումը ցուցադրությունների ժամանակ, որոնք սովորել են հենց հետազոտականի աշխատանքի պաշտպանության համար։
  • Կան աշխատանքներ, որոնք զարգացել են սովորող-սովորեցնող նախագծի հիման վրա։

Խնդիրներ

  • Վերնագրի և բովանդակության անհամապատասխանություն, ինչպես նաև բաժինների վերնագրերի և բովանդակության։
  • Աղբյուրների կոնկրետության պակաս։
  • Թեմաների ձևակերպումների թեթևացում և համապատասխանեցում առարկայական ծրագրերի բովանդակությանը։
  • Ուսուցչի միջամտության աստիճանը։

Առաջարկ

  • Ձևավորել նաև ընդդիմախոսի ինստիտուտ, ով նախապես ծանոթանում է նյութին, խնդիրների մասին տեղեկացնում է սովորողին և աշխատանքի ղեկավարին և մինչև պաշտպանությունը նյութերը խմբագրելու հնարավորություն են ունենում։ Այս փուլում այդ աշխատանքը շատ լավ կատարում է Աշոտ Տիգրանյանը և Յուրա Գանջալյանը։
  • Կարող են լինել խմբային աշխատանքներ, ընդ որում կարող են ուսուցիչն ու սովորողը միասին պաշտպանել։
  • 12-րդ դասարանի սովորողների պաշտպանության թեման լինի իրենց միասնական քննության առարկայի շրջանակում, որ լրացուցիչ օգնություն կլինի սովորողին։
  • Հետազոտական աշխատանք գրելու կարգը մտնի մուտքի ճամբարի բովանդակության մեջ։
  • 10-րդ դասարանների համար հետազոտական աշխատանքի մեկնակի գործընթացը սկսվի ուսումնական երկրորդ շրջանից։

Ուզում եմ հոդվածի վերջում շնորհակալություն հայտնել Աշոտ Տիգրանյանին, քանի որ հետազոտական աշխատանքների կարգի մշակումից սկսած նա իր ներդրումն ունի կայացման հարցում։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский