Նախադպրոցական կրթության ծրագիր

Կառուցվածքը

  • Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները, արժեքային համակարգը
  • Միջավայր-գործունեության կազմակերպումը այդ միջավայրում և մեթոդական կարճ մեկնաբանություններ
  • Դաստիարակին ներկայացվող պահանջներ
  • Գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներ
  • Գործունեության տեսակները ինտեգրացված գործունեության պայմաններում
  • Ամառային, ձմեռային, գարնանային, աշնանային պարտեզներ. գործունեության կազմակերպաման  բովանդակություն

Նախադպրոցական կրթության նպատակը

Նախադպրոցականների խնամքի և զարգացման կազմակերպում նրանց տարիքային, անձնային, անհատական և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան միջավայրում:

Նախադպրոցական կրթության խնդիրները

  • Նախադպրոցականների մտավոր, հոգևոր, ֆիզիկական զարգացում
  • Սաների ինքնուրույնության, ինքնասպասարկման, ինքնակազմակերպաման կարողությունների ձևավորում և զարգացում սոցիալական և ֆիզիկական համապատասխան միջավայրում:

Նախադպրոցական կրթության արժեքային համակարգը

  • Ոչ թե պասիվ լսող,  դաստիարակի թելադրանքները կատարող երեխա,  այլ ազատ ապրող, խաղացող, կառուցող, ստեղծող, ստեղծագործող,   զննող, ինքնուրույն հայտնաբերող անհատականություն, որի կողքին դաստիարակը  վստահելի ընկեր է,  խորհրդատու, լավ բարեկամ:
  • Ոչ թե միադեմ սաների խումբ, այլ բնազդների բավարարման ընթացքում ակտիվություն դրսևորելով զարգացող, կազմակերպվող, սոցիալական  հարուստ ո հետաքրքիր կյանքով ապրող, հետաքրքրասեր, պրպտող հավաքանի:
  • Ոչ թե պատրաստի գիտելիքներ յուրացնող,  այլ ազատ գործունեությամբ զարգացող,  գործունեության և փորձի միջոցով ինֆորմացիա ձեռք բերելու ունակ սաներ:
  • Ոչ թե սպառող, այլ ստեղծող, ստեղծագործող անհատներ:
  • Սանը  նախակրթարանում ոչ թե պատրաստվում է դպրոցին, այլ ապրում է և պիտի վարժվի իր առջև կյանքի դրած խնդիրներն ինքնուրույն լուծելուն:

Նախակրթարանի սանը՝

  • ինքնուրույն, ինքնակազմակերպվող, ինքնաբավ, իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող
  • թվային տեխնիկային սովոր, դրանցից օգտվող (ինքնուրույն կամ մեծի օգնությամբ)
  • սոցիալապես ակտիվ, շփվող, հետաքրքրասեր, զննելու, եզրակացություններ անելու  ունակ, ստեղծագործող
  • առողջ, շարժուն, ճարպիկ, լողացող, հեծանիվ վարող
  • հիգիենայի պայմաններին ծանոթ, դրանք պահպանող անձ է:

Սաների գործունեության կազմակերումը  նախակրթարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանային խմբերը գործում են կրթահամալիրի դպրոց-պարտեզների կազմում:

Նախակրթարանի ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող   «Ստեղծողի մոբիլ դպրոց» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն  է:

Նախակրթարանում գործում են՝

  • Խնամքի խմբեր՝ 2-3 տարեկաններ
  • Զարգացման խմբեր՝ 3-4 տարեկաններ

Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան այն երեխաները, որոնց ծնողները ընտրում են կրթահամալիրի ծրագիրը և կնքում համապատասխան պայմանագիր:
Նախակրթարանային խմբերի գործունեությունը իրականացվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով:
Սաների զարգացումն իրականացվում է ամենօրյա գործունեության միջոցով` շաբաթական  5 օր:
Սաների գործունեության կազմակերպման և Ծրագրի իրականացման  պատասխանատուն դաստիարակն ու դաստիարակի օգնականն են:
Ամենաուշը մի օր առաջ դաստիարակը կայքի իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը, որտեղ նշվում են օրվա խնդիրները և դրանց իրականացման ձևերը, օրվա գործունեության նկարագրությունը, նշում է անհրաժեշտ ուսումնական և տեխնիկական միջոցները, օգտագործվելիք ուսումնական միջոցները:
Օրվա վերջում, ամենաուշը հաջորդ օրը, դաստիարակն ամփոփում է օրվա աշխատանքը՝ մանրամասն փաստացի տեղեկություններ օրվա գործունեության մասին՝ ինչ գործունեությամբ են զբաղվել, ինչն ինչպես են արել, ով է մասնակցել, դիտարկում, եզրահանգումներ է կատարում, դրանք հաշվի առնելով՝ կազմում է կամ լրամշակում է հաջորդ օրվա աշխատանքային նախագիծը:
Ամեն օր կայքում  տեղադրվում է սաների գործունեությանը վերաբերող հաշվետվություն-պատումներ:
Դաստիարակը ամեն օր Skydrive-ում կամ բլոգում էլեկտրոնային օրագիր է լրացնում, որտեղ մինչև ժամը 9.30 գրանցում է սաների հաճախումը, նշում բացակայությունների պատճառները:
Գրասենյակի ղեկավարը, բուժքույրը, խոհարարը ուսումնասիրում են օրագրի տվյալները և Բուժքույրը պատասխանատու է հիգիենիկ միջավայրի, սաների առողջական վիճակի հսկողության, կարգավորման պատասխանատուն   է:  Սաների առողջական վիճակի հետ կապված արտակարգ պատահարների դեպքում ըստ կարգի իրականացնում անհրաժեշտ գործողություններ, ձեռնարկում է համապատասխան միջոցներ:
Բուժքույրը դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում տեղադրում է  խոհարարի ներկայացրած և իր  հաստատած մեկշաբաթյա  կերակրացանկը:

Օրվա ռեժիմի կազմակերպումը

Նախակրթարանում սաների գործունեությունն սկսվում է 9.00, ավարտվում է 17.00:
Սաների գործունեությունը կազմակերպվում է սաների ազատ գործունեությամբ:  Օրվա ռեժիմում  գրանցված են քնի՝ ժ. 13.30-15.00 և սնվելու 10.00, 12.00, 16.00 ժամերը:

  • Օրվա սկիզբը՝ միջավայրի խնամք՝ հիգիենա-օդափոխություն-մաքրություն, բույսերի խնամք, կենդանիների կերակում
  • Առավոտյան վարժանք՝ ուրախ մարմնամարզություն, երգ-պար-խաղ
  • Նախագծի իրականացում - ընդհանուր գործունեություն (լուծվում են օրվա նախագծում դրված ուսումնական, սաների զարգացման խնդիրը կամ խնդիրները)
  • Ճաշ
  • Քուն
  • Միջավայրի խնամք
  • Ճաշ
  • Ազատ գործունեություն:

Դաստիարակը նկարագրում է գործունեության ձևերը, կազմակերպումը, ներկայացնում արդյունքները։

Սաների զարգացման գրանցում
Տարվա ընթացքում երեք անգամ լրացնում է սանի թերթիկը, որտեղ գրանցվում են սանի ֆիզիկական և առողջական (ֆիզիոլոգիական) տվյալները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, ընտանեկան վիճակը, ընտանիքի անդամների տվյալները:
Տարվա ընթացքում 2 անգամ լրացնում է սանի զարգացման սանդղակը, որտեղ նշվում է սանի հմտությունների ու կարողությունների զարգացումը, կազմվում է սանի անհատական զարգացման պլան:
Սաների ստեղծած նյութերով կազմակերպվում են մեդիացուցադրություններ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, խաղեր, ֆոտոլուսաբանում, տեսանյութեր:
Ստեղծվում է սանի անհատական էլեկտրոնային   փաթեթ, որտեղ հավաքվում են սանի գործունեության արդյունքում ստեղծված  նյութերը:

Նախադպրոցական կրթության միջավայրը
Երեխայի զարգացումը ամբողջական շարունակական ընթացք է: Միջավայրը խթանում է   զարգացման գործընթացը:
2-5 տարեկան երեխայի  զարգացման կազմակերպման կարևոր նախապայմանը զարգացնող միջավայրի ապահովումն է:
Այն   բավարարում է երեխայի հետաքրքրությունները, ապահովում է նրա անվտանգ գործունեությունը, առողջ կենսագործունեությունը: Քանի որ երեխան էլ, նրա զարգացման ընթացքն էլ, հետևապես` միջավայրն էլ մեկն են,  ուրեմն նախակրթարանը տան, ընտանիքի, բակի հետ  ամբողջություն  է, նախակրթարանում փոխվում են միայն գործունեության կազմակերպման ձևերը:
Միջավայրը խնամողը, զարգացնողը սանն է, դաստիարակը, ծնողը, հաստատության ղեկավարը:
Ճիշտ կազմակերպվող գործընթացի դեպքում սաների գործունեության արդյունքում զարգանում է միջավայրը: Ստեղծվում են նյութեր, որոնք կարող են օգտագործվել հետագա գործընթացում՝ սաների ստեղծածը միջոց կամ նյութ է դառնում իրենց՝ սաների համար: Երեխայի զարգացման կազմակերպման լավագույն մոդել է նոր տիպի դպրոց-պարտեզը, որտեղ գործում են

  • 2-3 տարեկանների խնամքի խմբեր
  • 4-5 տարեկանների զարգացման խմբեր
  • 5 տարեկանների նախապատրաստական ուսուցման խումբ
  • 1-3-րդ դասարաններ
  • 4-5-րդ դասարաններ

Միջավայրի այս  սկզբունքով կազմակերպումը   ֆիզիկական միջավայրն ավելի հարուստ, ամբողջական, ավելի ֆունկցիոնալ և նպատակային է դարձնում:
Նույնը կարելի է ասել սոցիալական միջավայրի մասին: Սաները նաև արհեստականորեն չեն կտրվում իրենց շրջապատող տարատարիք երեխաներից, շփման ծավալն ու հնարավորություններն  ավելի  են մեծանում, զարգանում է սաների սոցիալական ակտիվությունը:
Ապահովվում է երեխայի կրթության ամբողջականությունը, շարունակականությունը, անընդհատությունը:

Նախակրթարանային  միջավայրի  կազմակերպում
Միջավայրի կազմակերպաման պատասխանատուները հաստատության ղեկավարն է, դաստիարակը: Ծնողը դրան մասնակիցն է որպես պատվիարտու և գործընկեր:
Նախակրթարանի նյութական միջավայրը բոլորի համար բաց, լուսավոր, ազատ, հասանելի տարածք է,  որտեղ միասին ապրում և զարգանում են, կրթվում են մեծերն ու փոքրերը միասին:

Միջավայրը կազմակերպելիս.

  • ցանկացած իր, առարկա, նյութ նպատակային-ֆունկցիոնալ-գործածելի է, զարգացնող
  • կարևորվում է սաների հետաքրքրությունների  բավարարումը
  • ապահովվում է սաների ազատ շարժման հնարավորությունը
  • կարևորվում է երեխայի ամբողջական գործունեությունը, կապը ընտանիքի, բնակարանի, բնակավայրի հետ. դրանք լրացնում են միմյանց:

Շենքում ամեն ինչ  ծառայում է սաների  ընդհանուր և անհատական գործունեությանը.  միջանցքներն ու սրահները նույնքան ծրագրային են, զարգացնող և ուսուցողական, որքան՝ խմբասենյակները:
Այն, ինչ չի նպաստում, չի ծառայում սաների զարգացմանը, նրա գործունեությանը, չի հետաքրքրում նրան, նախակրթարանում չպիտի լինի:
Խմբասենյակ-լաբորատորիայում ապահովվում է սաների գործունեության բազմաձևությունը, հմտությունների և կարողությունների ձևավորումը և զարգացումը դրանց գործնական կիրառման միջոցով:
Կարևորվում է խմբասենյակի տեխնիկական հագեցվածությունը:

Գործունեության տեսակները

Լեզվագործունեություն

  • հեքիաթի ունկնդրում
  • խոսքի զարգացում
  • թատրոն

Բնագիտական  գործունեություն

  • բույսերի, կենդանիների, միջավայրի խնամք, փորձեր, դիտարկումներ
  • չափումներ, համեմատություններ, հաշիվ, խմբավորում
  • ուսումնական ճամփորդություններ

Խոհանոցային գործունեություն
Գեղարվեստական գործունեություն

  • երաժշտական
  • կերպարվեստ-տեխնոլոգիա  (նկարչություն, ծեփ-քանդակ, ապլիկացիա, կոլաժ)
  • թատրոն   (մնջախաղ, տիկնիկային, ստվերային ներկայացումներ, մատնաթատրոն, իրերի թատրոն)

Ֆիզիկական գործունեություն
Շարժական խաղեր
Մարմնամարզություն

  • Ֆիզիկական վարժություններ
  • Հեծանիվ, ինքնագլոր վարել
  • լող
  • պար
  • մնջախաղ

Սոցիալական գործունեություն

  • միջանձնային հարաբերություններ հասակակիցների և մեծերի  հետ
  • սեփական անհատականության դրսևորում

Բաժանումը պայմանական է, որովհետև սաները զբաղվում են ամբողջական, ինտեգրացված գործունեությամբ:

Սաների գործունեության  կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • Գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով
  • Սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկաման, ինքնաբավության ապահովում
  • Գործունեության տարբեր ձևերի ինտեգրում
  • Ստեղծագործության խթանում
  • Համագործակցային աշխատանքի կազմակերպում
  • Սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում
  • Բացօթյա գործունեության կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների ամենօրյա  նպատակային կիրառում

Նախադպրոցականի խնամքի  և զարգացման միջավայրին ներկայացվող պահանջներ

Ընդարձակ, ճիշտ կահավորված միջավայրը թատրոնի նման է, ամեն ինչ միջոց է, հեշտ տեղաշարժվող: Գործունեության մասնակիցներն ամեն անգամ իրերի  դասավորությունը հարմարեցնում են իրենց նպատակներին, զարգացնում, հարստացնում են այդ միջավայրը իրենց գործունեությամբ:

Երեխան նման միջավայրում կգտնի իր զբաղմունքը, կգտնի իր հետաքրքրությունները բավարարելու ձևերն ու միջոցները, կլինի ինքնուրույն և ինքնաբավ:

Հիգիենիկ և անվտանգ միջավայր

  • Լուսավոր, ջերմային համապատասխան ռեժիմով՝ 18 աստիճանից ոչ ցածր, տեխնիկական միջոցներով  ապահովված։
  • Ավելորդ պատերից, իրերից ազատ շենք, որտեղ ամեն ինչ  հարմար է սաների և մեծերի  ընդհանուր և անհատական գործունեության  համար։
  • 2-5 տարեկանների համար ազատ շարժվելու հնարավորությունը ֆիզիոլոգիական պահանջ է և կարևոր պայման՝ նրա ֆիզիկական և մտավոր զարգացման համար:
  • Խմբասենյակը 140 քառ. մետրից ոչ պակաս, լուսավոր, հեշտ օդափոխվող տարածք է պատերը, հատակը` մաքուր:
  • Հոսող և ոռոգման ջուր, տեսակավորված աղբի   աղբամաններ, մաքրելու,  հիգիենայի, խնամքի պարագաներ
  • Կենդանիներ  և բույսեր խնամելու հիգիենիկ  պայմաններով:
  • Կահույքը և մնացած պարագաները չափսերով և գործառույթներով համապատասխանում են սաների տարիքին, ֆիզիոլոգիային, հետաքրքրություններին:
  • Ամառային և փակ լողավազանները մաքուր են, ապահովված են ախտահանելու միջոցներով և հարմարանքներով, կան լոգանքի և արևից պաշտպանվելու հարմարություններ:
  • Խոհանոց ային տարածքը մաքուր է, հասանելի, անվտանգ, ապահովված է անվտանգ տեխնիկայով և սպասքով:
  • ՏՏ միջոցներ, որոնց շահագործումը բոլոր առումներով անվտանգ է սաների համար:
  • Անվտանգության ապահովումը նախակրթարանում առաջնահերթ խնդիր է:Այդ նպատակով երեխայի գործունեությունը պետք է այնպես կազմակերպել, որ նա կարողանա միջավայրում ճիշտ կողմնորոշվել և կառավարել իր գործողությունները, ճանաչել շրջապատի իրերն ու առարկաները, նյութերը և ճիշտ օգտվել դրանցից,  գործիքներից և սարքերից, գործունեության ընթացքում զգույշ լինել օգտագործվող նյութերի և առարկաների նկատմամբ, չօգտագործել անծանոթ նյութեր:    Բացառվում է վտանգավոր նյութերի առկայությունը:

Սանհանգույց
Խոսքը պարզապես զուգարանի մասին չէ: Համեմատաբար ընդարձակ՝ մոտ 6 քառ/մ , լուսավոր, հարմար  կահավորված՝սաների չափերին համապատասխան, մշտական ջրով, լվացարանով, հայելիով, հարդարվելու, խնամքի, հիգիենայի,  պարագաներով  (թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչ- անձեռոցիկ,  լվացվելու պարագաներ, մաքրելու, ախտահանելու միջոցներ, բաժակներ, աղբաման) առաջին բուժօգնության արկղիկ  կամ դարակ:  Կահավորանքի չափերը   համապատասխան են սաների ֆիզիկական տվյալներին:
Սանհանգույցն  այնպես է տեղավորված,  որ խմբասենյակի հետ մի ամբողջություն է ընկալվում, երեխան կարողանում է ինքնուրույն օգտվել` առանց մեծի օգնության: Սա նպաստում է երեխայի ապահովությանը, վերջինս սովորում է ճիշտ օգտվել սանհանգույցից` պահպանելով հիգիենայի կանոնները, կարողանում է ինքնուրույն զբաղվել իր հիգիենայով:
Սանհանգույցը   միջավայրի ամենամաքուր, ամենագեղեցիկ, կահավորված, հարմարավետ տարածքն է,  ինչպես լավ   տանը:
Սա էլ է կրթություն, որովհետև կենցաղային միջավայրի մշակումն ու կենցաղային կուլտուրան կրթական մյուս խնդիրներից պակաս կարևոր չեն:

Խմբասենյակ-խաղասենյակ-տեխնոլոգիական լաբորատորիա

Պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելին են, քան անպետք գիտելիքներով ծանրաբեռնված միտքը:
Անհրաժեշտ է վերացնել հնարավոր բոլոր վտանգները և նյութ նախապատրաստել, որ երեխան, հաջողությամբ օգտգործելով, ստանա ոչ թե սխոլաստիկ, այլ կենդանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
 Ս. Ֆրենե

Նախադպրոցականի զարգացման միջավայրի կաղապարված պատկերացումը՝ պիտանի և անպետք խաղալիքներով լցված խաղասենյակ,  հին ու նոր անկողիններով ծածկված ծանր ու մեծ մահճակալներով ու ամուր փակվող դռներով ննջասենյակ, չգիտես ում համար անհասկանալի կահավորված զուգարան..., վաղուց արդեն հնացել է և կապ չունի 2-5  տարեկանի  ֆիզիկական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների, ազատ գործունեության իրականացման հարմարավետության հետ:
Լուսավոր, ընդարձակ, առանց ավելորդ պատերի և տարածքային սահմանափակումների, դինամիկ,  փոփոխելի տարածք, որտեղ  երեխան ու դաստիարակը անկաշկանդ են, ազատ՝ իրենց գործողություններում:
Կան փափուկ, թեթև, դյուրաշարժ ներքնակներ, որոնց վրա կարելի պառկել և էլեկտրանային գրատախտակին ինչ-որ բան դիտել, ներքնակներին կարելի է գլուխկոնծի տալ, թավալվել, դրանցով լաբիրինթոս «կառուցելե, վրան անկողնային սպիտակեղեն փռել և քնել:
Խմբասենյակը պայմանականորեն կամ  փոքրիկ ցածր միջնորմներով (լուծումները կարող են տարբեր լինել, կարևորը տարածքի ամբողջականությունն է) բաժանված է   տարածքների՚:  Դա կարելի է անել նաև կահույքի և մնացած գույքի դասավորությամբ և ըստ անհրաժեշտության փոփոխել:
Սաները  յուրացնում են միջավայրը, սովորում են ազդել միջավայրի վրա, այն հարմարեցնել իրենց գործողություններին : Նրանց մտածողությունը  ավելի ճկուն , նպատակային է դառնում:
Նախակրթարանում բոլոր պայմանները կան սաների հետաքրքրությունները բավարարելու, նրանց ինքնաբավ գործունեության, աշխատանքի համար: Ոչ թե կամ ոչ միայն խաղալիք, այլև՝ իրական  ուսումնական-աշխատանքային գործիքներ,  պարագաներ և միջոցներ ՝ տարբեր չափի տարաներ, թասիկներ,  խոշորացույց, մանրադիտակ, մետաղադրամներ, տարբեր մեծություններ չափող պարզագույն գործիքներ, կշռաքարեր, ավազի ժամացույց, ջերմաչափներ, թաթավոր կշեռքներ, մագնիսներ, հասակաչափ, անհատական թաղարներ, տարբեր չափերի գյուղատնտեսական և այլ գործիքներ, պտուտակներ, լարեր,   աշխատանքային  այլ նյութեր,  կառուցողական խաղեր: «Դասական» պարապմունքի փոխարեն սաները զարգանում են կյանքով, խաղը աշխատանքի, աշխատանքը խաղի վերածելով:

2-3 տարեկանների խմբում 

2-3 տարեկանները  խաղում են գործիքներով, բահերով ու փոցխերով փորում են, խոշորոցույցը  մոտեցնում է ամեն ինչի, դիտում են, հասկանում, որ իր դիտածը մեծանում է,  այդ ընթացքում  տեսնում է բաներ, որոնք մինչ այդ  չէր տեսել կամ նկատել: Գործիքը   դիտարկման առիթ ու միջոց է դառնում, երեխան՝  ավելի դիտողունակ, ուշադիր:  Այս ՙխաղալիքը՚ 2-3 տարեկանի համար բնությունը տեսնելու միջոց է՝ մրջյունից սկսած մինչև իր ափի գծերը: Ձևավորվում է դիտելու, դիտարկելու սովորություն:
Թաթավոր կշեռքը առարկաները համեմատելու միջոց է: Ոչ թե կշռաքար, այլ 2 համարժեք առարկա՝ մեծ ու փոքր քարեր, լոլիկներ, խաղալիքներ… ամեն ինչ,  որ կարող է տեղավորվել կշեռքի թաթերին՝ կշեռք-կշեռք են խաղում:
Հետո «կշռումե են հավասար զանգված ունեցող նույնատիպ  առարկաներ, նյութեր: Տարբեր զանգված ունեցող նույնատիպ առարկաներ: Լոլիկով աղցան պատրաստելուց  առաջ ՙլոլիկ կշռոցի են խաղում՚:
Թաթավոր կշեռքով խաղերը հետագայում  թվերի հավասարությունը հասկանալու   գործիքներից է՝ ամեն թաթին 2 նույնատիպ գնդակ են դնում, հետո պարզապես ավելացնում և պակասեցնում են: Խաղ է, խաղում են ու  դիտում:
Տարբեր չափի տարաների մեջ ջուր ու ավազ, բրիձ ու  լոբի են լցնում-դատարկում,    մի ամանից   մյուսի մեջ են լցնում: Թե ինչ կհասկանան կամ գլխի կընկնեն, իրենք կասեն կամ չեն ասի: Դաստիարակն այդ ընթացքում զրուցում է սաների հետ՝ ինչ են անում,  ինչ եղավ, նկարահանում է ընթացքը, հետո էլեկտրոնային գրատախտակին դիտում են իրենց գործողությունների, «արած գործի» ընթացքը, ինքնուրույն «դատողություններ» անում: Երեխաները հարյուր անգամ կարող են լցնել- դատարկել, թափել-հավաքել,    հարյուր անգամ կարող են իրենց արածը դիտել էկրանին, դիտելիս նոր բաներ նկատել, նոր փորձ ու ինֆորմացիա  ձեռք բերել   և չձանձրանալ: Դաստիարակի համար էլ այդ նյութերը   դիտարկման, ուսումնասիրության, ուսումնական նյութեր ստեղծելու   միջոցներ են: Նա  դիտարկում, ուսումնասիրում է, պարզում սաների հետաքրքրությունները և աշխատանքը կազմակերպում է այդ հետաքրքրությունները հաշվի առնելով:
Ծնողը այդ նյութերի միջոցով ոչ միայն հետևում է իր երեխայի կյանքին նախակրթարանում, այլև՝ կրթվում է, հասկանում իրականացվող ծրագիրը, կրթահամալիրն էլ ավելի հասկանալի է դառնում:

4-5 տարեկանների զարգացման խմբում գործիքի գործածումը ավելի գործնական է և նպատակային ՝ հաշիվ, չափումներ, համեմատում, խմբավորում, միջավայրի խնամք, բնագիտական-գյուղատնտեսական  աշխատանք, փորձեր:
Խոշորացույցով և մանրադիտակով ոչ միայն դիտում են, այլև պատմում են տեսածի մասին, փորձում են դատողություններ անել տեսածի շուրջ, մեկնաբանել, համեմատություններ կատարել:
Կշեռքն ու տարաները համեմատելու, խմբավորելու-տեսակավորելու, չափելու  միջոցներ են: Դարձյալ աշխատում են առանց կշռաքարի, բայց դիտելուց բացի, համեմատում են, եզրակացություն անում, հաշվում են:
Մկրատներ, ասեղներ, թելեր, ժապավեններ, կտորներ, կոճակներ, ուլունքներ, թղթեր և էլի մանր-մունր իրեր,  և խմբում կծնվեն տիկնիկներ, խաղալիքներ, այլ միջոցներ,  որոնցով երեխան թատրոն, տունտունիկ և այլ խաղեր կխաղա:  Տեխնոլոգիական մյուս գործիքները և նյութերը ՝ մկրատներ, սոսինձներ, ներկեր, վրձիններ, ֆլոմաստերներ, անհատական են:
Սրանց լրացնում են խաղերն ու խաղային պարագաները՝ շախմատ, սեղանի այլ խաղեր, կառուցողական խաղեր, երկրաչափական պատկերների հավաքածուներ, դոմինոներ, էլեկտրոնային-ուսուցողական խաղեր, լոտոներ, խաղաթղթերի կապուկներ, տարբեր չափերի գնդակներ, ցատկապարաններ, բուլավաներ:
Խմբասենյակում կան թատերական-երաժշտական գործունեության  միջոցներ ՝  շիրմա, դասվարի ու սովորողների ձեռքով պատրաստած տիկնիկներ, դիմակներ, ծիսական պարագաներ, փոքրիկ հանդերձապահարան, պարզ-խաղային երաժշտական գործիքներ (շրխկաններ, մետալաֆոն, շվիներ, դափեր, զանգեր…), համապատասխան ընթերցարան:    Պատին փակցված հայելիները թատրոն-խաղի   միջոց   են:   Թատերական հանդերձարան. այստեղ պահվում են զանազան հագուստներ, տիկնիկներ, հին և հնաոճ իրեր, կոշիկներ, հողաթափեր տարբեր խաղերի, խաղ-ներկայացումների համար:
Սովորողների ֆիզիկական զարգացումն ապահովող պայմանները խմբասենյակում՝ շվեյցարական պատ, մարզական ներքնակներ կամ գորգեր՝ փափուկ հատակ կամ այն հավաքելու հնարավորություն, գնդակներ, պարաններ, օղակներ, խաղային այլ պարագաներ. ազգային և մարզական խաղերի պարագաների առատություն. Ամեն ինչ, որ սանին անվտանգ  մագլցելու, թռչելու, ձգվելու, սողալու, խաղալու  և այլ հնարավորություններ կտա:
Բաց հանդերձարանը խմբասենյակի մասն է:      Սանը   նստում է, ինքնուրույն փոխում կոշիկները,    անձնական կախիչին ինքնուրույն «հագցնումե է  հագուստը, եթե դրա անհրաժեշտությունը կա, և կախում հարմար տեղում:
Խմբասենյակում և ամենուր ամեն ինչ հասանելի է սանին, նա ցանկացած պահի կարող է այդ միջոցներով կազմակերպել իր և ընկերների գործունեոթյունը:
Զարգացման  միջավայր է նաև խմբասենյակին կից սրահը՝ միջանցքը, որտեղ սաները կենդանիներ և բույսեր են խնամում, նկարում են, խաղում:
Հարուստ, բազմազան, ֆունկցիոնալ միջավայրը սանի համար  երևակայության, տրամաբանության, գործունակ մտածողության զարգացման, ինքնաբավ  գործելու,  միջավայրը յուրացնելու, ստեղծականության գործիք է: Այստեղ սանն անհատապես զարգանալու հնարավորություն ունի:
Բաց, ազատ, հասանելի միջավայր բոլորի՝ սանի, ծնողի, հյուրի, աշխատողների համար, հասարակության համար:

Սաների տեխնոլոգիական զարգացման կազմակերպումը խմբասենյակ-լաբորատորիայում ՏՏ միջոցները   ուսումնական գործիքներ
Խմբասենյակում կան
համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ
անհրաժեշտ ծրագրերով ապահովված համակարգիչ՝ հայերեն ստեղնաշարով
թվային  տեսախցիկ-ֆոտոխցիկ
ականջակալներ
թվային ձայանագրիչ
սքաներ
վեբ- կամերա:
ՏՀՏ միջոցները վաղուց մտել են մեր կյանք,  և  սաներից շատերն արդեն անհրաժեշտ չափով տիրապետում են դրանց: Իրական զարգացման պարագայում նախակրթանից սկսած երեխան   գործածում է թվային միջոցները  որպես գործիք-խաղալիք:  Խմբասենյակը տեխնոլոգիական լաբորատորիա է:   Տեխնիկական   պայմանները ոչ միայն դաստիարակի աշխատանքն ու կրթությունն են արդյունավետ դարձնում, այլև սաների գործունեության կազմակերպումը:

Թվային  միջոցները
·զարգացնումենսաներիինքնուրույնությունը, մտածողությունը, դիտելու, դիտարկելու, ուսումնասիրելու, ազատմտածելուևգործելու, մեծերիհետաշխատելուկարողություններնուհմտությունները:
·ապահովվում են նրանց գործունեության բազմաձևությունը, ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու, ընտրություն կատարելու, ստեղծելու, ստեղծագործելու, ինքն իրեն, ուրիշներին, շրջակա միջավայրը ուսումնասիրելու հնարավորություն են ընձեռում
·փոքր տարիքից տեխնիկական մտածողության, ժամանակակից նորագույն  տեխնոլոգիաներին տիրապետելու և կիրառելու մշակույթ են  ձևավորում:
2-3 տարեկանների խնամքի խմբում
սաները  սովորում են դիտելով և լսելով
2-3 տարեկանների համար լսելը  կարևոր կարողություն է: Այդ տարիքում նրանք ինֆորմացիա են հավաքում, հաճախ վերարտադրում են լսածը՝ ավելացնելով ունեցածը:
Խումբն ունի  ընտրված մեդիանյութեր՝ մուլտեր, ֆիլմեր, կարաոկեներ, ձայնագրված հեքիաթներ, որոնք երեխաները լսում և դիտում են օրվա ընթացքում տարբեր նպատակներով:

Լսում ու դիտում են ուսուցանվողերգերի կարաոկեները,   խաղիկներ, խաղերգեր, հաշվերեգեր, հեքիաթներ  և այլ պատումներ. գեղարվեստական մաքուր, հստակ խոսք, երգ ու բան, որ  փոխանցվում է երեխաներին նրանց համար հետաքրքիր միջոցներով, օրվա ընթացքում մի քանի անգամ լսելով, լսածը մտքում և բարձրաձայն երգելով, դնդնալով, պատմելով, ասելով:
Քնելիս լսած օրորոցայինն են սովորում՝ առանց ավելորդ ջանքերի:
Նկարահանվում, ձայնագրվում է սաների խոսքը՝ խաղիկ, հաշվերգ, երգ, ոտանավոր, պատում, խաղեր, բլբլոց…
Սա ոչ միայն խոսքն է զարգացնում, այլև արտասանական ապարատը:
Փոքր տարիքից մտածողություն, հետագայում՝  մշակույթ է ձևավորվում:

Զարգանում են էլեկտրոնային խաղեր խաղալով 
Գույներին, առարկաների ձևերին, չափերին, տարվա եղանակներին վերաբերող և այլ թեմաներով   պարզագույն խաղերն ու խնդիրները զարգացման միջոցներ են:   Ինքնարտահայտվում են, ուսումնասիրում, դիտում-դիտարկում են, ճանաչում  իրենք իրենց և միմյանց:
Դաստիարակն անընդհատ  նկարահանում է սաների գործողությունները, խոսքը, գործունեությունը՝  ծեսերը, տոները, այլ միջոցառումներ, ծնողների աջակցությամբ ծրագրային տարբեր նյութեր է ստեղծում:
Սաները իրենց գործողություններին, կատարած աշխատանքներին, առօրյային հետևում են էկրանին, դիտում են,  ուսումնասիրում են իրենք իրենց և ընկերներին: Սովորում են դիտել: Ոչ թե լուռ ու անհաղորդ, այլ իրենց ունակություններին և աշխարհընկալմանը համապատասխան վերաբերմունք արտահայտելով.  այս բուռն, ինքնաբուխ գործողությունները  դիտարկելու առաջին փորձեր են, որոնք զարգանալու են հետագայում:

Տեխնիկան ապահովում է ծնողի մասնակցությունըերեխայի գործունեությանը, փոքրիկ ֆիլմերով, այլ մեդիանյութերով իրենց առօրյայի, հետաքրքիր իրադարձությունների, հետաքրքիր մարդկանց մասին  միմյանց պատմելու միջոց է: Այս միջոցով ստեղծվում է ընդհանուր հետաքրքրություններով միավորված ակտիվ համայնք, որը ոչ միայն պատվիրատու է, այլև միջավայրի բարելավման,    սաների  գործունեության կազմակերպիչն է  և պատասխանատուն:
Ծնողի, դաստիարակի և երեխայի համատեղ աշխատանքը  (երեխան՝ նկարահանվող, դիտող, դիտարկող), նպաստում է ոչ միայն երեխայի կրթությանը, այլև՝ ծնողի և դաստիարակի:

4-5 տարեկանների զարգացման խմբում
Զարգացնող խաղերը, խաղ-խնդիրները ոչ միայն հմտություններ և կարողություն են զարգացնում, այլև գործունեության արդյունքում գիտելիք ձևավորում:
Համակարգչից ինքնուրույն օգտվելու կարողությունը զարգացնում է սաների մտածողությունը, ինքնուրույնությունը, տարբեր իրավիճակներում խնդրների տարբեր   լուծումներ փնտրելու, դրանք լուծելու ունակություն է ձևավորվում և զարգանում:
Տեխնիկայից ինքնուրույն օգտվելու հմտությունների ձևավորում  Սաներն արդեն սովորում են ինքնուրույն  օգտվել տեխնիկայից՝ միացնել, անջատել, գտնել անհրաժեշտ նյութը էկրանին, բացել և դիտել այն, օգտվել համակարգչի որոշ գործիքներից, խաղեր խաղալ, նկարել, բացիկներ ստեղծել  Paint ծրագրով և դաստիարակի կամ ծնողի օգնությամբ ուղարկել հարազատներին, ընկերներին:
Ամեն առավոտ սաները ինքնուրույն միացնում են համակարգիչը, գտնում  իրենց ուզած նյութը՝ մուլտֆիլմ, կարաոկե, իրենց մասին հոլովակներ, իրենց պատրաստած հոլովակները և դիտում:
Հետո սկսվում է առավոտյան ուրախ մարմնամարզությունը՝ էկրանին համապատասխան հոլովակն է՝ երաժշտությամբ, համապատասխան վարժություններով կամ պարային շարժումներով:
Նկարում է առանձին ստեղծագործության թեմաներով   և այդ նկարների հիման վրա կարաոկեներ, հեքիաթի մեդիապատում է ստեղծում մեծերի հետ:
Դաստիարակի  կամ ծնողի օգնությամբ սաները կարող է իրենց  էլեկտրոնային ստեղծագործություններով  մեդիացուցադրություն կազմակերպել:
Հայերեն ստեղնաշարի առկայությունը նպաստւմ է նաև տառաճանաչությանը, այն էլ բոլորովին աննկատ, սանի անհրաժեշտ գործողությունների արդյունքում:  Նախադպրոցական  տարիքում տառաճանաչությունն   ուսումնական խնդիր չէ, բայց սաները ձեռք են բերում մի շարք հմտություններ ևկարողություններ, որոնք հետագայում  ավելի դյուրին է դարձնում սաների և դասվարի    աշխատանքը:
Զարգացնող խաղերը, խաղ-խնդիրները ոչ միայն հմտություններ և կարողություն են զարգացնում, այլև գործունեության արդյունքում գիտելիք ձևավորում:
Համակարգչից ինքնուրույն օգտվելու կարողությունը զարգացնում է սաների մտածողությունը, ինքնուրույնությունը, տարբեր իրավիճակներում խնդրների տարբեր   լուծումներ փնտրելու, դրանք լուծելու ունակություն է ձևավորվում:

Տեսնել, դիտել, ճանաչել ու   պատմել  նկարով, ձայնով, խոսքով
Պետք չէ վախենալ 4-5 տարեկանի ձեռքը ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, ձայնագրիչ տալ: Նա կարող է սկսել ֆոտոխցիկով նկարել, մեծերի հետ  նկարները գցել համակարգչի մեջ կամ համացանցում տեղադրել,  դիտել, պատմել   իր նկարած պահերի, դեպքերի, նկարի մարդկանց, միաջավայրի մասին: Անիմաստ, իր կայնքի հետ կապ չունեցող նկարները փոխարինվում են իրական, իրեն ծանոթ, իր կամ ուրիշների ապրած պահերով, իր տեսած և ապրած իրականությամբ:
Դաստիարակը նախապատրաստում է տեխնիկան անհրաժեշտ գործողության, կարող է ուղղորդել սաներին, նրանց ուշադրությունը հրավիրել անհրաժեշտ երևույթների, տեղանքի, խնդրի վրա, նկարում է նրանց հետ, օգնում նյութը տեղադրել համացանցում կամ ինքն է տեղադրում:
Սանը մեծերի հետ  նկարում է  քաղաքը, գյուղը, բնությունը, ինչ որ աչքը կտեսնի, կնկատի:
Նա այդ ամենի մասին մասին հեշտ ու ճիշտ կպատմի, կսովորի տեսնել ու տեսածի մասին պատմել:
Զարգանում է սանի ուշադրությունը, դիտողականությունը, շրջակա միջավայրի նկատմամբ նա ուշադիր է  դառնում:
Խոսքի, դիտողականության, սոցիալական շփման արդյունավետ միջոց է թվային ձայնագրիչը:
Երեխայի ձեռքին այն հետաքրքիր, զվարժալի խաղաիլք է: Տալիս եք նրան և սովորեցնում միացնել:  Մնացածն ինքն է անում՝ ձայնագրում է ընկերների ձայնային էմոցիոնալ դրսևորումները, խոսքը, բնության և կենդանիների ձայները… Իր շրջապատի բոլոր ձայները, իր և ուրիշների խոսքը. ամեն ինչ նրան հետաքրքիր է:  Ձայնագրությունները հետաքրիր են բոլորին, հատկապես իր տարեկիցներին. Լսելու, զվարճանալու, հասկանալու, ճանաչելու մտածելու, հետազոտելու լավ նյութ է ստացվում, քանի որ աշխատել-խաղալիս, ինչպես միշտ,  գործում են երեխայի ներքին ազդակները, նա բավարարում է իր հետաքրքրությունները, ուսումնասիրում է ընկերներին և շրջակա միջավայրի ձայները, այդ միաջավայրը ճանաչում է նաև ձայներով:
4-5 տարեկանը կարող է փոքրիկ հարցազրույցները վարել իրեն հետաքրքրող հարցերի շուրջ: Դրան պետք է նախապատրաստվել նախնական զրույցով, ինչ-որ հարց կամ երևույթ քննարկելով: Դաստիարակը հետևում է սաների զրույներին, գործողություններին, սաների հետ քննարկում է, թե ինչի մասին կուզեն խոսել, զրուցել, ինչն է իրենց հետաքրքրում, ինչ հարցերի պատասխան կուզեին իմանալ: Գրանցում է թեմաները և իր սաների հետ աշխատում: Սաների հարցազրույցի թեմա են նաև ստուգատեսները, ծեսերը:
4-5 տարեկանի վարած հարցազրույցը երկար չի կարող լինել: Դաստիարակը կամ ծնողները դրանք խմբավորում են և տեղադրում համացանցում: Հետո խմբում լսում են, խոսում լսածի մասին:

Ծնողի մասնակցությունը երեխայի գործունեությանը ՏՀՏ միջոցներով
Ծնողը տանն ունի համացանցին միացված համակարգիչ: Դաստիարակը ծնողին է ուղարում խմբում ուսուցանվող նյութերը՝ հեքիաթներ, խաղեր, խաղիկներ, երգեր, ոտանավորներ, ծիսական ծրագրեր և այլն:
երեխայի, խմբի գործունեության  մասին տեղեկություններ,  օնլայն քննարկումներ, խորհրդատվություն, տեղեկատվություն, առաջարկներ, առաջադրանքներ

Ծնողը ծրագրի իրականացնող  Ծնողը մասնակցում է խմբի գործուեությանը, ծրագրի իրականացմանը՝ երեխայի համար տանը ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, շարունակելով լուծել նույն խնդիրները, կիրառելով նույն մեթոդները, ՏՀՏ միջոցներով  ներկայացնելով իր երեխայի կյանքը նախակրթարանում և նախակրթարանից դուրս:
Ծեսերի, ծիսակատարությունների, օլիմպիադաների ժամանակ իր երեխայի հետ  ակտիվորեն մասնակցում է  դրանց աշխատանքներին՝ ստեղծելով տեղեկատվական հոլովակներ, պատմելով ծեսի հետ կապված մանրամասներ և այլն:
Ծնողը իր և մյուս ծնողների նման պատրաստած նյութերի միոջցով ոչ միայն հետևում է իր երեխայի գործունեությանը, ծանոթանւմ ծրագրին և ծրագրային նյութերին, այլև դառնում է այդ ծրագիրն իրականացնողներից մեկը:

Ծնողական կրթություն ծնողի միջոցով՝ կազմակերպված, ինքնակազմակերպվող համայնք    ՏՀՏ միջոցների ակտիվ կիրառությունը նպաստում է ծնողական համայնքի ակտիվացմանը: Ծնողը մյուսներին է փոխանցում իր ունեցած  ՏՀՏ հմտությունները, տեղեկատվությունը: Զբաղված ծնողի համար համացանցային կապը միջոց է մասնակցելու խմբային քննարկումներին,  տեղյակ լինել իրադարձություններին, որքան հնարավոր է մասնակից լինել դրանց:

Մանկան խոհանոց
Մանկան խոհանոց հարուստ, բազմազան  լաբորատորիա է՝ բնագիտական, տեխնիկական, ստեղծական, սոցիալական, հայրենագիտական, զարգացման անփոխարինելի միջավայր:
Խոհանոցը  խմբասենյակի   կարևոր հատվածն է,  սաները  խոհանոցային լիարժեք գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունեն:
Խոհանոցային գործունեությունն իր մեջ ներառում է գործունեության բոլոր ձևերը, այն խաղից աշխատանքին անցնելու գործընթաց է, վերջնական նպատակն այս գործունեության դեպքում հստակ է ու տեսանելի:
Կահավորանքը   սաների հասակին հարմար է,  խոհանոցային իրերը, սպասքը, սարքերը` անվտանգ են, յուրաքանչյուր պարագա  (փայտե և մետաղյա գդալներ, շերեփներ,  պատառաքաղներ, դանակներ, սկուտեղներ, քամիչներ, մաղեր, գրտնակներ,  հարիչ, հյութաքամիչ )  իր տեղն ունի: Խոհանոցում գազօջախ, ջեռոց, լվացարան, մշտական տաք ու սառը ջուր:  Ջեռոցն ու գազօջախը   հարմար  տեղում են  և հարմար են տեղադրված:
Սաները  խոհանոցում աշխատում են միայն խոհանոցային հագուստով` գոգնոց, գլխարկ կամ գլխաշոր: Բոլոր սաները  գրտնակ, սննդամթերք կտրատելու փայտ, փայտե գդալներ, շերեփ ունեն:
Խոհանոցային գործունեությունն իր մեջ ներառում է գործունեության բոլոր ձևերը, այն խաղից աշխատանքին անցնելու գործընթաց է, վերջնական նպատակն այս գործունեության դեպքում հստակ է ու տեսանելի:

Մեդիախոհանոցային  համագործակցություն   Սովորույթն ու  ավանդույթը ոչ թե ուսուցանվում են, այլ փոխանցվում:  Ազգային խոհաոցն իր առանձնահատկություններն ունի ոչ միայն պատրաստման եղանակով, օգտագործվող սննդամթերքով: Այն ազգային մշակույթի մի մասն է, որի փոխանցումը, պահպանումը, շարունակումն ու զարգացումը ամբողջական ծրագիր է: Ազգային խոհանոցը ծեսի առանձին բաղադրիչ կամ հենց  կերակուրի պատրաստման ծիսականացում՝ նախապատրաստական շրջանով, երգ ու պարով, ասույթներով, խաղերով ու խաղիկներով ուղեկցվող  ,,Ծիսադարան,,:
Մեդիան դառնում է տարբեր խմբերի միացնող-միավորող, գիտելիք և փորձ փոխանցելու, դրանք իրականացնելու  և զարգացնելու միջոց:
,,Մեդիախոհանոցամիջոցներով,, մոռացված կերակուրները խոհանոց են վերադառնում՝   սաների ծնողները, հարազատները ներկայացնում են իրենց բաղադրատոմսերը, ցուցադրում են կերակուրի  պատրաստման ընթացքը, բացատրություններ տալիս: Խոհանոցը կապում է ընտանիքին ու նախակրթարանը, կապում է տարբեր ընտանիքիեր, տարբեր սերունդներ, բնակավայրեր: Գյուղի տատիկն ու պապիկը հետաքրքիր կերակուրներ կեփեն, սանն ու  ծնողները   կնկարահանեն, մեդիայով կցուցադրեն, խոհանոցում էլ այդ կերակուրը կպատրաստեն: Ստացվում է ուսումնական գործունեության ամբողջական շղթա՝ բազմաձև և բազմաբովանդակ, որն ավարտվում է խոհանոցում և շարունակվում խոհանոցում:  Ստացվում է մեդիախոհանոցային կապ, մեդիախոհանոցային համագործակցություն, հաճախ ընտանեկան և դպրոց-պարտեզի խոհանոցները միանում-միախառնվում են: Նախակրթարանի համայնքն էլ՝ սանով, դաստիարակով, հարազատներով, դառնում է ավելի կազմակերպված, սոցիալապես ավելի ակտիվ և գործունյա, ավելի ընդունակ:   Գիտելիք և հմտություն փոխանցող են կրթության բոլոր կողմերը, կրթվում և զարգանում են բոլորը:    Խոհանոցային գործունեությունը նաև պատումի   նյութ է: Աշխատում են և մեդիամիջոցներով նկարում աշխատանքի ընթացքը, պատմում իրենց արածի, համ ու հոտի, տրամադրությունների մասին, խնդիրներ են կազմում:   Սա այն դեպքերից է, երբ  վերանում են տարիքային  և այլ տարբերությունները, ամեն մեկն իր անելիքն է անում:
Խոհանոցային տարածք կարող են դառնալ միջանցքները, սրահները: Երբ   դպրոց-պարտեզն իր դպրոցական մասով,  նախակրթարանով, մեծով ու փոքրով զբաղված է թթու դնելով, հարիսա կամ ղափամա եփելով (հարիսայի կամ ղափամայի ծես),   միջանցքներն ու սրահները վերածվում են յուրատեսական ծիսական-տոնական-ազգային խոհանոցների
( թթուդրիկի ծես ,,Ծիսադարան,,):
Խոհանոցային գործունեության ընթացքում սաներն ակտիվ գործունեությամբ նոր  հմտություններ են ձեռք բերում, ունեցած հմտությունները և ինֆորմացիան  կիրառելու հնարավորություն են ունենում, ուրիշների փորձն է յուրացնում, սեփական փորձն են փոխանցում ուրիշներին, ձևավորվում և զարգանում է  սոցիալական ակտիվ միջավայր, հավաքանի
համագործակցային  գործունեության, իրար աջակցելու  կուլտուրա է  ձևավորվում
մեդիամիջոցները դառնում են բանահավաքության գործիքներ, որոնք առցանց   գիտելիք, հմտություն, սովորույթ փոխանվելու  հնարավորություն են  տալիս
զարգանում է սաների դիտողականությունն ու ուշադրությունը
հարստանում է բառապաշարը
զարգանում է սաների  ստեղծագործական երևակայությունը
Պասիվ դիտողի փոխարեն ձևավորվում է ակտիվ գործունեությամբ զարգացող,  իր գործունեությունը կարգավորող, նախաձեռնող, գործնական անհատ:
Միասին աշխատելով, իրար աջակցելով, առաջացած խնդիրների լուծումները գտնելով` սաները միասնական արդյունք են ստանում. դա նպաստում է սաների՝    հաղորդակցվելու, համագործակցելու ունակությունների զարգացմանը:
Զարգանում են մի շարք հմտություններ
·      նպատակաուղղված աշխատելու
·      կենտրոնանալու, կենտրոնացած աշխատելու
·      գործողությունները կարգավորելու, շարժումները կոորդինացնելու
·      աշխատանքի վերջնական արդյունքին հասնելու համար անհրաժեշտ քայլեր մշակելու և ձեռնարկելու
·      ուշադարության կենտրոնացման ,    զգույշ և անվտանգ աշխատելու հմտության  ձևավորման և զարգացում:
Տարված լինելով իր համար հետաքրքիր գործով` երեխան ավելի ազատ ու անկաշկանդ է մտածում ու ստեղծագործում. մրգերը, բանջարեղենը, ամանները, մթերքը կենդանանում են, ձեռք են բերում մարդկային հատկանիշներ ու ծնվում են հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ,  խաղեր: Խոհանոցային պարագաներով, խմորից պատրաստած տիկնիկներով տիկնիկային ներկայացումներ են ծնվում:  Մի քիչ երևակայություն, և դդումն ու ձմերուկը, սմբուկն ու կիտրոնը, կաղամբն ու ծաղկակաղամբը հետաքրքիր կերպարներ են դառնում` բեղ-մորուքով կամ երկար ծամերով,  զարմացած աչքերով, կարճ կամ երկար ոտքերով, ժապավենով կամ փողկապով…

2-3 տարեկանները ավելի հաճախ խմոր են պատրաստում:  Գրտնակով փոքրիկ լավաշիկներ են բացում և միասին թխում-ուտում, հյուրասիրում ուրիշներին: Ծնողների և աշխատողների հետ կարող են   աղցաններ պատրաստել:

4-5 տարեկանները խոհանոցումավելի ինքնուրույն և ակտիվ են՝ խմոր, աղցաններ, ծիսական   կերակուրներ, խմորից մարդահացիկներ:
Այս բաժանումը վերաբերոմ է սաների  առօրյա գործունեությանը: Իրականում    դպրոց-պարտեզում խոհանոցային գործունեությունը շատ բազմազան է, տարբեր կազմակերպամամբ և տարբեր նպատակներով:
Ծիասակատարություններ, ազգայն խոհանոցի ծեսեր, ստուգատեսներ, ձմեռվա նախապատրաստություն՝ մուաբաներ , հյութեր , մրգալավաշներ և այլ պատրաստուկներ և եփուկներ:

Բակ-պարտեզ
Դպրոց-պարտեզի  շենքը,  որի կազմում նաև նախակրթարանն  է, փարթամ պարտեզում է տեղակայված:  Բակ-պարտեզը մշակում և խնամում են սաները, սովորողները, աշխատողները, ծնողներըՙ նրանք այդ միջավայրի պարտիզպաններն են:
Բակ-պարտեզում կան սովորողի ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններ՝  մարզահրապարակ-հեծանվահրապարակ-խաղահրապարակ, որը ձմռանը որպես սահադաշտ կծառայի, ճեմուղի-վազքուղիներ, ամռանը՝ ամառային լողափ՝ բաց լողավազանով, ցնցուղով, հիգիենիկ պարագաներով, հովանոցներով, ամառային գործունեության տարբեր միջոցներով՝ տարբեր չափերի պլաստիկ ամաններ, գործիքներ, մանր ավազ,   գլաքարեր, հեծանիվներ, գնդակներ, ձգելու պարան, ցատկապարաններ, մարզական թունելներ, բուլավաներ, վազարգելքներ, ճոճքեր, ճոճանակներ, սահարաններ:

Բակի հարմար, հասանելի տեղում դրված կամ կախված են գյուղատնտեսկանմեծ ու փոքրգործիքներ՝ բահեր, փոցխեր, դույլեր, ցնցուղներ,  հետազոտական գործիքներ՝ խոշորոցույց, մագնիս, ավազի ժամացույց:
Բակ-պարտեզն ապահովված է ոռոգման ջրով և խմելու ջրով, փակ աղբամաններով:
Բակ-պարտեզի գրավիչ աշխատանքնային մասը տնկարանն է, որտեղ տարբեր բույսեր են աճեցնում, թաղարներ ստեղծում, հետո օգտագործում են տարբեր հասարակական նախագծեր իրականացնելիս, շրջակա միջավայրը ավելի կանաչ ու գրավիչ դարձնելու, իրենց ստեղծածը տարածելու, նվիրելու և այլ նպատակներով: Տնկարանն էլ, որպես ամողջական կրթական միջավայրի բաղկացուցիչ, կենդանի լաբորատորիա է, սաների բնագիտական գործունեության տարածք:
Խմբասենյակում, բակում սանն ունի իր թաղարը: Ծեսերին, օլիմպիադաներին, այլ առիթներով  նա նոր տնկիներ է տնկում, նոր թաղարներ ստեղծում, հետևում դրանց  արմատակալմանը ջրում, աճի ընթացքին՝ հողում:
Բակ-պարտեզում սանը դիտարկումներ է կատարում, հետազոտական աշխատանքներ՝ սկսած բույսի աճի դիտարկումից, ծառ տնկելու և պատվաստելու աշխատանքներից մինչև տերևի ու բողբոջի մանրադիտակային ուսումնասիրություն, էկոլոգիական, բնապահպանական, կանաչապատման նախագծերի իրականացում:
Սաներն ամեն առավոտ  օրն սկսում են ծառ ու ծաղիկ ջրելով, խնամելով, միջավայրը մաքրելով:   Օրվա ցանկացած պահի՝ իր ընտրությամբ,   մեկը  կուզի մի ծառից մյուսը փոքրիկ առու բացել, որ ջուրը անարգել անցնի,  բակում թափված տերևները հավաքել, հողը փորել, փխրեցնել…

Ամառային պարտեզ-լողափ
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն մասնաճյուղի ղեկավարն է:
Լողափի հիգիենիկ վիճակի վերահսկողը բուժքույրն է:
Կայքն ունի համապատասխան բաժին, որը վարում են դաստիարակն ու բուժքույրը:
Բուժքույրն այդ բաժնում ամեն օր տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին.
Ջուր՝  օրվա սկզբում և վերջում
ջրի թափանցիկությունը
հոտը
օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում
օդի ջերմաստիճանը՝առավոտյան, ցերեկը, երեկոյան ժ. 16.30
լողացող սաների թիվը
չլողացող սաների անունները, չլողալու պատճառը
տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին
խորհրդատվություն:

Դաստիարակը
լողափին համապատասխան հագուստով է
ոչ միայն սաների գործունեության կազմակերպիչն է, այլև ակտիվ մասնակիցը
ամեն օր ներկայացնում է  օրվա նախագիծը, մեդիանյութ օրվա գործունեության մասին, հաշվետվություն՝ սահմանված բովանդակությամբ:

Լողափ
Ամառային պարտեզը կազմակերպված լողափ է՝ ուրախ մանկական ճչոցներով,   հրճվանքով ու հաճույքով լցված հիգիենիկ միջավայր, որտեղ երեխաները պատսպարվում են ամռան տապից, լողում են, խաղում, նկարում, ծեփում, պատրաստում…
Սաներն ու աշխատողները, ծնողները՝ ամառային լողափում լողազգեստով, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով են:
Դաստիարակն ու մնացած աշխատողները լողալ գիտեն:
Սաների գործունեությունը լողափում ավելի ակտիվ է, հետաքրքիր, առողջարար:
Լողափը՝  ամառային փչովի կամ հավաքովի   լողավազանով՝ մաքուր, զուլալ, արևոտ, ջերմ, զով, ընկերովի,    մշտական  ցնցուղով, որի ջուրն արևով է տաքանում:
Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական միջոցներով:
Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է,    Սաները լողավազան մտնում են փչովի օղակներով: Ամեն ինչ արված է սաների անվտանգության համար: Լողափին՝ դաստիարակի, դայակի հետ լողի մասնագետն է, որը սովորեցնում է, թե ինչպես պահեն  լողավազանում,   լողալ է սովորեցնում,հետևում է սաների անվտանգությանը ջրում, կազմակերպում է ամառային պարտեզի առօրյայի մարզական մասը՝ լողում են, ջրի մեջ ուրախ մարմանամարզություն են անում,  ջրային խաղեր են խաղում:Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում է ամառային լողափը:
լողափնյա հովանոցներ, արևից պատսպարվելու այլ հարմարություններ:
սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր` հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ
գետնին պառկելու հարմարավետ միջոցներ
տարբեր չափերի տաշտեր, թափանցիկ բաժակներ, տարաներ, դույլեր, փոցխեր, բահեր ավազ, խճաքար, գլաքարեր, կավ, ալյուր, բարձրորակ ներկեր (գուաշ) ու վրձիններ, հոսող ջուր, օճառ: Պետք է   շենքից դուրս հանել այն ամենը, ինչ հնարավոր է հանել և օգտակար կլինի սաների ամառային գործունեության համար: Գետինը ծածկված է գլաքարով:
ուրը   սաների համար ոչ միայն  հրճվանք է,  այլև   ամեն տեսակ  բարդույթներից, վախերից ազատվելու, առողջ ապրելու,   մարմինը կոփելու, զարգանալու միջոց:
Բոլորը` փոքրից մեծ, լողում են, խաղում են ջրով, խմորով, կավով, ավազով, ցեխով: Լողավազանից դուրս գալուց հետո անպայման ցնցուցի տակ են մտնում: Մարմանամարզություն են անում ջրում:
Ջրային «խաղերըե ոչ միայն առողջական են:    Դրանք երեխայի  զգացողական առաջին փորձերից են:  Շարունակվում է  նրա աշխարհաճանաչողությունը:

Ամառային պարտեզի գոծունեության կազմակերպում
Թուղթը, ներկն ու ջուրը… ամառային լողափնյա նկարներ  
Լողափին նկարելու բոլոր հարմարուությունները կան: Սաները նկարում են երբ ուզում են, ինչքան ուզում են և , ինչով ուզում են:   Իսկ նկարելու միջոցը միայն վրձինը չէ:

Ամառային սպունգանկար  
Փոքրիկ (5սմx5սմ) կամ    ավելի  մեծ  սպունգով ինչ պատկեր ասես կարելի ստանալ թղթի վրա:  Իրենք՝ տարբեր գույներով թաթախված սպունգներն էլ   չեն զարգացնում սաների երևակայությունը:   Նախ իրենք արդեն պատկերներ ու կերպարներ են: Բացի այդ՝ դրանցով ինչ ուզես կնկարես` ծիծաղ ու լաց, հեքիաթ ու քամի…
Նկարում են հենց սպունգի վրա՝ հարթ, մի քիչ մեծ՝ սկսած 60սմx60սմ:
2-3 տարեկանները պատմում են իրենց աշխատանքի ընթացքի մասին, դաստիարակը նկարահանւմ է ամբողջ ընթացքը: Սաները դիտում են, եթե ինքաբուխ խոսակցություն է կսկսվում, դաստիարակը միանում է:
4-5 տարեկանները մեկնաբանում են նկարները, կերպարների շարք են պատրաստում, մեդիացուցադրություն: Նկարների շուրջ պատմություններ են հորինում՝ 3-4 նախադասությամբ, նկարներով մեդիապատմություններ են ստեղծում մեծերի հետ:

Նկարներ ծալած թղթով
Թղթի մի կեսը գույներով են  լցնում (ներկերի մեջ ջուրը մի քիչ շատ են  անում), թուղթը ծալում են  Դարձյալ հետաքրքիր երևակայական նկարներ են ստացվում, որոնք սաները մեկնաբանում են, ներկայացնում են որպես կերպար:
_ Իմ նկարը պարող դելֆին է: Նա հիմա քնած է:
_Իմ նկարում մազերով սոխ է: Սոխը գնացել է խանութ, բայց այնտեղ շոկոլադ չկար:

_Ես մամայիս եմ նկարել, տեսեք, ինքը ծիծաղում ա:
_Ես չգիտեմ ինչ ա եղել: Կարողա լողավազան ա:

Խաղ գույներով.  գույն, ջուր, գունավոր ջուր
Գույներն ամռանը շատ են և  լավ են ընկալվում, ամառային պարտեզն իր ընդարձակ տարածքով, հնարավորություններով, արևոտ  եղանակով գույներն ավելի   հետաքրքիր է  դարձնում: Գույն տեսնելու,  զգալու ժամանակ է  ամառը:
Գունավոր ջրերն էլ աննկարագրելի գունավոր հրճվանք են` կարմիր, դեղին, մանուշակագույն, ինչ գույն ուզես: Բավական է փոքրիկների հետ թափանցիկ բաժակում կարմիր կամ այլ գույնի ջուր ստանալ, ու նրանց թողնել ներկերի ու բաժակների հետ: Ոչինչ, որ ներկոտվում են: Սովորում են նաև ներկոտվելուց հետո լվացվել-մաքրվել կամ այնպես աշխատել, որ չներկոտվեն:
Սովորում են  ջուրը գունավոր դարձնել:
Փոքրիկ դույլերում կամ թափանցիկ ամաններում ջրի մեջ ներկ են լուծում քիչ-քիչ, հետո ներկն ավելացնում են:
2-3 տարեկանները  տեսնում են, որ ջուրն ու ներկը խառնվում են:
4-5 տարեկանները  տեսնում են, որ ներկն ավելացնելիս ջրի ստացած գույնը մգանում է, որ տարբեր գույներ խառնելիս նոր գույն է ստացվում:
«Գիտականե բացատրություններ պետք չեն:
Սպիտակ թուղթն  ընկղմում են  որևէ գույնով «թանձր ներկվածե ջրի մեջ, հետո թուղթը   կախում են  չորանալու:

Գունավոր ծով՝ տաշտակում
Տաշտակի մեջ կարմիր կամ մանուշակագույն ծով կստանաք, որի վրա ինչ գույնի նավ ուզի, կլողա. միայն պետք է տաշտակը մի~ քիչ շարժել, որ ալիքների վրա նավը «պարիե: Նավերն էլ  կարող են պարող, գունավոր ութոտնուկներ լինել:Նաև կհաշվեն,  երկուոտնուկից (դա մենք ենք ու մյուս երկոտնուկները) ութոտնուկ: Կարևորը հաշվելու, համեմատելու, շատ ու քիչ անելու բան լինի: Իսկ ամառային լողափին ամեն ինչ  հաշվելի է, չափելի, համեմատելի:

Պղպջակներ, որոնք ոչ միայն տրամադրությո՛ւն են ստեղծում…
Պղպջակներ ստանալու համար՝ փոքրիկ տաշտ կամ հարմար աման, գունավոր հոտավետ հեղուկ օճառներ, ջուր ու հյութ խմելու կամ այլ  ձողիկներ: Դրա համար առանձին հարմարանք-խաղալիքներ  էլ կան, բայց  ավելի լավ է միասին պատրաստել: Պղպջակներով փոքրիկի օրը տոնական է դառնում:   Սաները հետո նկարագրում են պղպջակները, նկարում են, համեմատությում իրենց ծանոթ առարկաների, երևույթների, անձանց հետ: 4-5 տարեկանները փորձում են պարզել՝ ինչպես առաջացավ պղպջակը, ինչով լցվեց   Պղպջակներով խաղալիս փոքրիկի կյանքը մի հրաշքով, մի գույնով էլ կավելանա, աշխարհն ավելի հարուստ կդառնա, փոքրիկը ինֆորմացիա  ձեռք կբերի, որն հետո գիտելիք է դառնալու: Երկու-երեք տարեկանն իրեն հրաշագործ է զգալու:

Շատախոս գլաքարեր կամ գլաքարային թատրոն 
Հետաքրքիր աշխատանյութ են գլաքարերը: Դրանցով կարելի է տարբեր կենդանիներ, անսովոր կերպարներ, պստիկ ու  մեծ դեմքեր պատրաստել:  Գլաքարերը մարդ են դառնում, օձ կամ մողես, ծաղիկ կամ ծիտ:   Գլաքարերը սիլիկոնե սոսնձով լավ   կպչում են իրար:  Ստացված կերպարները զարդարում են բակը, խաղալիք են դառնում, տիկնիկներ: Գլաքարային տիկնիկները շարարում են մի տեղ, և ծնվում է գլաքարային թատրոն կամ քարաթատրոն:     Տիկնիկների հետ խաղում են, զրուցում կամ էլ՝  պարզապես մի կողմ են դնում: Ինչպես Ռոդարին կասեր՝  կարևորն ընթացքն է:     Ամռան շոգին ինչի են պետք ծանր ու մեծ տիկնիկները: Քարերը պակաս տիկնիկ չեն դառնում, մանավանդ որ դրանցից ոչ խանութում կա, ոչ էլ, ցավոք սրտի, տիկնիկային թատրոնում:
Մյուս քարերն էլ պակաս  աշխատանքային հումք չեն:
Իսկ գունավոր քաղաք տեսե՞լ ես Պարտեզում 3-4 տարեկանների հետ շատ հեշտ է այդպիսի քաղաք կառուցել: Ամառային լողափի քարերը (գլաքարերը) ներկում ես, դասավորում` ինչպես ուզում ես, կառուցում ես` ինչ ուզում ես: Ահա և գունավոր քաղաք: Փոքրիրկի համար ավազաքարը ինչ ուզես կարող է դառնալ` փող, մահճակալ, բազմոց, արև, կենդանի, հեքիաթի հերոս :

Իմ մարմինը իմ տիկիկն է 
Լողափին սեփական կիսամերկ մարմնով խաղալու, մարմինն իրենից դուրս տեսնելու համար ընդամենը մի գիծ է պետք փորիկին՝ որպես բերան,  երկու կլորիկ աչք, կամ էլ մի այլ ավելի հետաքրքիր բան, և երեխայի մարմինը   տիկնիկ է դառնում: Մարմնի ներկերը (բոդիներկեր) անվնաս են, օգտագործում են միայն էկոներկեր:  Հենց երեխան ձանձրացավ,  կարող է լվալ մարմինը  ջուր՝ կողքին է և շատ:
Օրը կարող «ձուկե լինել,  «փուչիկե կամ «երիցուկե, ինչ ուզում են: Կարևորն այն է, որ փորիկին կամ թևին մի բան նկարած կամ խզբզած լինի, մի խաղ լինի, որտեղ իր մարմինը իր տիկնիկը դառնա, ինքը խաղա կամ պարզապես ուրախանա իր «տիկնիկ-մարմնովե: Նկարված մարմիններով ներկայացումները, խաղերը ոչ միայն հետաքրքիր են, զվարճալի, այլև զարգացնում են սաների երևակայությունը, նրանց տրամադրում-մղում է վիճակից բխող տարբեր գործողությունների, առաջանում է կենդանի, իրական, ստեղծական, «իրեն կպածե թատրոն՝ մարմնաթատրոն, որտեղ սաները և՛ ռեժիսոր են, և՛ դերասան, և՛ նկարիչ… նրանք դառնում են ինքնուրույն,  ինքնաբավ, ինքնակազմակերպվող:

Մեր պատկերացրած ծանր ու մեծ ներկայացմանը, որին ամիսներով են  պատրաստվում, որը զրկում է սաներին ինքնաբուխ ստեղծականությունից և էլի ուրիշ շատ կարևոր բաներից,  փոխարինվում է թեթև, ստեղծագործական երևակայական ազատ ինքնուրույն տեղծվող ներկայացում-խաղերով:

Սանրվածքը մի քիչ փոխում են,   կոշիկները թարս հագնում, մատները տարբեր գույնի ներկումր,  դեմքը՝ դարչնագույն…
Թատրոնը մանկան խաղն է: Լողափնյա թատրոնը՝ ամենաուրախն ու անկանխատսելին:
Կարելի է անվերջ երևակայել:
Թասիկներն ու բաժակները, դույլերն ու «թավաներնե էլ կարող են կերպավորվել կամ դեկորներ լինել կամ էլ՝ գլխարկ, գավազան, ձեռնափայտ…:
Կարևոր է դաստիարակի ստեղծականությունը, նրա մասնակցությունը  խաղին: Ինքը՝ դաստիարակը ստեղծագործական միտք ու երևակայություն պիտի ունենա. Ամեն ինչ մի մասով նաև փոխանցովի է: Նախակրթարանում կարևոր փոխանցողը դաստիարակն է:

Մի կոտ ոսկի՞…ՉԷ, մի թաս ավազ կամ մի դույլ ջուր 
Չափում, չափման միավորների: Դրանց ուսուցումը կարևոր է: Բայց մինչ այդ երեխան  նախ խաղալով կամ աշխատելով չափում-չափչփում է,  համեմատում, շատն ու քիչը իր աչքով տեսնում, իր փորձով փորձում, իր մտքով ընկալում:    Դրանից հետո միայն  նրա  փորձը չափի մեջ են դնում:
Օրվա ընթացքում   ջուրը մի թասիկից մյուսի մեջ են լցնում ու  դատարկում, բաժակից բաժակ… Երկար ժամանակ   ինքնամոռաց   խաղաում են, չեն էլ մտածում, որ դրանով փորձ, հմտություններ, աչքաչափ են ձեռք բերում:   Ստեղծված է միջավայր, կան  միջոցներ,    որ   խաղան, զարգանան,  խաղալով մտածենւ կենսափորձ ձեռք բերեն ու առողջ լինեն :

Կավ, ցեխ, ավազ Ցեխը վախենալու չէ
Ցեխը, մանր ավազը, կավը հրաշալի նյութեր են: Կարելի է շատ երկար գրել դրանց օգտակարության մասին՝ մոտորիկայի զարգացում, ստրեսների, բարդույթների վերացում, ստեղծագործական երևակաության զարգացում, տրամաբանական, տարածական մտածողության,  զգացողությունների զարգացում, անձնային փոխհարաբերությունների ձևավորում-կարգավորում, ապրումակցում:…
Ցեխով ու  կավով գաթաներ են պատրաստում, կլորիկներ, ինչ որ ստացվում է կամ չի ստացվում, պալատներ ու կամուրջներ` ավազից: Կամ ոչինչ էլ չեն պատրաստում, պարզապես խաղում են դրանցով: Սաների  պատրաստած ավազե ամրոցները, պարիսպները, կամուրջները, սարերն ու ձորերը հեքիաթային, բայց իսկական-իրական են:
Փոսեր փորելով, սարեր պատրաստելով, «ճանապարհներ կառուցելովե` սաները յուրացնում են անհարթ տարածությունը: Այնուհետև  անպայման լվացվում են:
Խնդիրը կարևորել է պետք, ճիշտ ձևակերպել, իրականացնել: Անօգուտ և թանկարժեք վարագույրների, ծանր ու փոշոտ գորգերի, դահլիճների ծանր ու մեծ կահավորանքն ավելի ծանրացնելու, տարբեր անկյուններում անօգուտ ընկած տարբեր արձանիկների ու չգիտես ինչերի փոխարեն լողավազան,  ունեցած գույքի և միջոցների նպատակային օգտագործում:
Այս պայմաններում սաները կոփվում են, ֆիզիկապես ավելի ճկուն և ամուր են դառնում
ազատվում են մի շարք բարդույթներից, ավելի ինքնուրույն, ինքնակազմակերպվող, ինքնաբավ են դառնում
ամրանում է սաների առողջությունը
փորձ և մի շարք հմտություններ և  կարողություններ են ձեռք բերում
լողալ սովորի, կենսափորձ ձեռք բերի, առողջ մարմին ու առողջ միտք ունենա, երջանիկ լինի, ազատ, ինքնուրույն, ստեղծող,…

Դաստիարակը
իր խմբի միջավայրի և խմբում ծրագրի իրականացման պատասխանատուն է
սաների  ապահովության, անվտանգ գործունեության երաշխավորն է
ապահովում է ֆիզիկական և սոցիալական  զարգացնող միջավայր`
անընդհատ հարստացնում, ավելի բազմազան է դարձնում այդ միջավայրը`   դիտարկելով սաների գործունեությունը, ճշտելով նրանց հետաքրքրությունները` նպաստում է դրանց բավարարմանը:

Դաստիարակին ներկայացվող պահանջներ  
ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին
տեխնիկապես գրագետ է՝  տիրապետում է թվային գործիքներին, դրանք կիրառում է իր աշխատանքում
տիրապետում է կրթահամալիրում կիրառվող համակարգչային ծրագրերին,   օգտվում է  ինտերնետից
ամեն օր լրացնում է  էլեկտրոնային օրագիր, ունի բլոգ և ամեն օր օգտվում է դրանից
համացանցի, բլոգի, skydrive-ի,  hօtmail –ի   միջոցով  կազմակերպում է ծնողական կրթություն, տեղեկատվություն, ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում
Գիտի կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային ծրագրերը:
Կատարում է հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ:
Կարողանում է արդյունավետ կազմակերպել իր և սաների գործունեությունը.
տարբեր ծրագրերով ուսումնական նյութեր, խաղեր,  է ստեղծում սաների զարգացման, սեփական ինքնակրթության  համար:
Մասնակցում է կրթահամալիրյան բոլոր ուսումնահետազոտական –ծրագրային միջոցառումներին՝ ստուգատես, փառատոն, մրցույթներ, օլիմպիադաներ:
Սպասարկում է կրթահամալիրի կայքը:

Անգիր գիտի նախակրթարանում ուսուցանվող ողջ նյութը` գրական և բանահյուսական ստեղծագործությունները, երգերը, խաղերը

մասնակցում է     մասնագիտական     որակավորման     բարձրացման              սեմինար- պարապմունքների, զբաղվում է հետազոտական աշխատանքով
զբաղվում է  ինքնակրթությամբ
մասնակցում է տարբեր մրցույթների,  ստուգատեսների, ստեղծում է ուսումնական նյութեր, ֆիլմեր, ծնողի և սաների հետ ստեղծում է խմբի, սաների, ծնողների, իր գործունեությունը լուսաբանող նյութեր, ամեն օր սպասարկում է կայքը
լողում է, զբաղվում մարմնակրթությամբ:
Դաստիարակը տեխնոլոգիապես գրագետ, լողացող, երգող-պարող, նկարող, հետազոտող, ուսումնասիրող, ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործող, ֆիզիկապես և մտավոր զարգացող, անընդհատ կրթվող անհատ է:
Ուղղորդում է երեխայի գործունեությունը` նպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը:
Երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն է, դիտարկողը:
Հետաքրքրում է, շահագրգռում,  ոգևորում,  խրախուսում է երեխային, մղում ավելին անելու. օգնում է երեխային` բացահայտելու իր ողջ ներուժը : Խրախուսում է գնալ այնքան հեռու, որքան թույլ են տալիս նրա  անհատական հնարավորություններն ու ճանաչողական զարգացումը` դրանով նպաստելով նրա առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա կայացմանը. երեխան պիտի հավատա իր ուժերին:
Հարգում է երեխայի ազատությունը և արժանապատվությունը. երեխայի հետ վարվում է մեծի նման, նրան վերաբերող հարցերը քննարկում է նրա հետ:

Ծրագրի դաստիարակը
Դաստիարակին ներկայացվող պահանջներ

Ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին։

Ունի մանկավարժական, երաժշտական կրթություն։

Տեխնիկապես գրագետ է՝ տիրապետում է թվային գործիքներին, դրանք կիրառում է իր աշխատանքում։

Տիրապետում է Ծրագրով որոշված անհրաժեշտ համակարգչային ծրագրերին։

Ունի ուսումնական բլոգ, ամեն օր լրացնում է դա։

Բլոգի, skydrive-ի, hօtmail–ի, սոցցանցի միջոցով կազմակերպում է ծնողական կրթություն, ծնողների, սաների հետ նախագիծ է իրականացնում։

Գիտի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը։

Կատարում է հետազոտական աշխատանք, ուսումնասիրություն, հրապարակում է տարեկան առնվազն երեք մեթոդական մշակում (հոդված)։

Կարողանում է արդյունավետ կազմակերպել իր և սաների գործունեությունը։

Տարբեր ծրագրերով ուսումնական նյութեր, խաղեր է ստեղծում սաների զարգացման, սեփական ինքնակրթության համար։

Անձամբ լողում է, մարզվում, կազմակերպում սաների լողը, մարզանքը։

Երգում է, պարում, խաղում, սնվում սաների հետ։

Մասնակցում է կրթահամալիրյան բոլոր ուսումնահետազոտական –ծրագրային միջոցառումներին՝ ստուգատես, փառատոն, մրցույթներ, օլիմպիադաներ:

Անգիր գիտի նախակրթարանում ուսուցանվող նյութը` գրական և բանահյուսական ստեղծագործությունները, երգերը, խաղերը։

Ուղղորդում է երեխայի գործունեությունը` նպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը:

Մասնակցում է մասնագիտական որակավորման բարձրացման ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներին:

Կրթական ծրագիրը տարածում է անձամբ, գործընկերների, սաների և նրնց ծնողների հետ, սոցցանցերում։

Դաստիարակը երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն է, դիտարկողը։ Նա հետաքրքրում է, շահագրգռում, ոգևորում, խրախուսում է երեխային, մղում ավելին անելու. օգնում է երեխային` բացահայտելու իր ողջ ներուժը: Խրախուսում է իր սաներին, ոգևորում, ամբողջովին ինքնադրսևորվելու հնարավորություն է ստեղծում, նպաստում է նրա անհատական հնարավորությունների ու ճանաչողական զարգացմանը, նպաստելով առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա կայացմանը:

Հարգում է երեխայի ազատությունը և արժանապատվությունը. երեխային վերաբերող հարցերը քննարկում է նրա հետ:

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский