«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ



1970թ. լույս տեսած այս հոդվածում արծարծված խնդիրները շարունակում են զբաղեցնել ծնողներին, մանկավարժներին, հոգեբաններին և այլոց։ ՙՄանկավարժական ակումբ՚ բաժնում վերահրատարակելով Սոլովեյչիկի խոհերն այն մասին, թե արժե երեխաներին երես տալ՝ ակնկալում եք ընթերցողի ակտիվ արձագանքը։

Սեմյոն Սոլովեյչիկ
ԵՐԵՍԱՌԱԾ ԵՐԵԽԱՆԵ՞Ր

Շատ դժվար է համարձակվել ու ասել մի բան, որն ընդհանուր կարծիքին հակառակ է: Բոլոր ծնողները բողոքում են, որ երեխաների հետ լեզու չեն գտնում. համարվում է, որ հանկարծ բոլոր երեխաները դարձել են երեսառած, փափկակյաց, և նույնիսկ տղաներին սպառնում է ՙֆեմինիզացիայի՚ վտանգը, դաստիարակության մեջ բացահայտ զգացվում է ՙտղամարդկայինի՚ պակասը: Եվ այս պայմաններում բարձրաձայն հայտարարվի, թե պետք է երեխաներին երես տա՞լ: Դրա համար նույնիսկ ծեծ է հասնում:
Եվ այնուամենայնիվ...
Երեխաներին երես տալն անհրաժեշտ է:

Ըստ Ուշակովի բառարանի՝ ՙերես առնել՚ նշանակում է ՙչարություն անել, թռչկոտել, խաղալ զվարճանալով և չարաճճիություն անելով՚: Հենց այս ՙխաղալ զվարճանալով և չարաճճիություն անելով՚-ը պետք է երեխաներն անեն իրենց կյանքի առաջին 5-6 տարիներին, եթե ցանկանում ենք, որ նրանք որպես խաղաղ, ինքնավստահ ու կամային մարդ մեծանան:
Ականջ դնենք ժողովրդական խոսքին:
- Վա՛յ, երեսառա՜ծ,- ասվում է սիրալիր նրբերանգով:
- Թոռնիկս չարաճճի է, երես տված,- քնքշանքով:
- Տեղում տիտիկ անողը չէ,- հիացմունքով։
Պսկովյան գյուղերից մեկում մի պառավ բողոքում էր հարսից.
- Բարի չէ, իր երեխաներին երբեք չի փաղաքշում, երես չի տալիս... Երեխաներին պետք է երես տալ:
Գեղջկական ընտանիքում, համենայն դեպս Պսկովի մարզում, որտեղ հեղինակը հատուկ ուսումնասիրել է այս փոքր խնդիրը, մինչև հինգ տարեկան երեխան անտանելի էակ է: Նրա հետ հնարավոր չէ հանգիստ ապրել. սլանում է տնով մեկ, կարող է կոպիտ պատասխանել մորը ու կատաղի դիմադրել, եթե մայրն ուզենա շպպացնել: Նա ամեն քայլափոխի չարաճճիություն է անում, և նրան ամեն ինչ ներվում է: Դեռ ավելին, նրա ամեն մի չարությունն առաջացնում է ծնողների հիացմունքը: Եթե չարաճճիություն է անում, ուրեմն խելացի է, եռանդուն, երջանիկ: Երբ մայրը հարևանուհուն բողոքում է, թե իր որդին անկարգ բաներ է անում, նա ձևական է բողոքում, իսկ իրականում հպարտանում է: Չլսող, երեսառած երեխան ավելի բնական, նորմալ է համարվում…

Թվում է, թե այդպիսի դաստիարակությունից բան դուրս չի գա: Եթե հինգ տարեկանում երեխային կառավարել չի լինում, ապա (ոմանց ձեռնտու է այսպիսի ՙտրամաբանությունը՚) տասը տարեկանում խուլիգան կդառնա, իսկ տասնհինգում՝ ավազակ: Բայց մանկավարժությունն իր տրամաբանությունն ունի՝ մանկավարժական: Իրականում ահա թե ինչպիսին է պատկերը. քիչ տեղերում կհանդիպես այնպիսի աշխատասեր, կատարող և մեծերի հետ հարաբերություններում համեստ դեռահասների, ինչպիսիք Պսկովի մարզում են: (Բավական է ասել, որ արդեն տասը-տասնմեկ տարեկանում երեխաներն ամռանը սկսում են աշխատել կոլտնտեսությունում ու աշխօր վաստակում): Քաղաքային, մոսկովյան կյանքից էլ կարող եմ ծանոթների գոնե հինգ երեխաների օրինակ բերել, որոնց փոքր հասակում հյուր տանելը տան համար փորձանք էր դառնում (հազիվ հասցնում էինք փրկել բաժակները, փորձում էին քաշել ու հատակին գցել սեղանի սփռոցը, մեկ էլ տեսար՝ արդեն հեռուստացույցի կոճոկներն էին քանդում). հիմա այդ երեխաները դարձել են պատանիներ և ինչպիսի՛ փայլուն պատանիներ:
Երեսառած երեխան լսող դեռահաս է: Մանկավարժական տրամաբանությունը կարող է և այսպիսի ձևակերպում ունենալ: Պետք է միայն ճշտել, թե ինչ է նշանակում ՙերեսառած՚: Ինչի՞ց երես առած: Ուշադրությունից, նախ և առաջ ծնողների ուշադրությունից: Ինքն իրեն թողնված մանչուկը, որն իր բակային աշխարհից հազվադեպ է տուն խուժում, երես տված երեխա չէ: Հակառակը, նրան բոլորը քշում են, նախատում ու սպասում, թե երբ է իր մի կտոր հացը վերցնելու և աչքից չքվելու: Երեսառածը նա է, ում համար տանը շատ լավ է, ում բոլորը սիրում են: Դրանից էլ նա այս աշխարհում իրեն բացարձակ վստահ է զգում, համարում է, որ իրեն ամեն ինչ կարելի է, ոչ մեկից չար բանի չի սպասում: Նա դյուրահավատ է, ուրախ ու միամիտ. խորամանկելու կարիք չունի, քանի որ առանց դրա էլ ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է: Հազվադեպ են երեսառած երեխաները ժլատ մարդ դառնում:

Մեծերի այդ սիրուց, այդ անապակ գոյությունից են կուտակվում ապագա մեծահասակի բարոյական ուժերը: Նույնիսկ ամենասովորական կյանքն ապրելու համար մեծ արիություն է անհրաժեշտ: Որտեղի՞ց դա վերցնես, եթե մանկության տարիներին չես պաշարել: Երես տված երեխաները երջանիկ երեխաներ են, իսկ երջանիկ երեխաները երջանիկ մեծահասակ են դառնում:

Երջանիկ, խնամված, ՙկերակրված՚ երեխան ամենևին էլ եսասեր չի դառնում, ինչպես երբեմն կարծում են: Եթե երեխային ՙամեն ինչ կարելի է՚, եթե նա ուրախ վերաբերմունք ունի կյանքի նկատմամբ, ապա խղճահարության առաջին զգացումը նա կունենա ոչ թե իր, այլ ուրիշի նկատմամբ: Երես չտված երեխան, որ դաստիարակվել է խիստ կանոններով, որ շրջապատված է ամենատարբեր ՙչի կարելի՚-ներով ու ՙչհամարձակվես՚-ներով, որ կյանքի առաջին տարիներից ծանոթ է պատիժներին, ամենից առաջ իրեն է խղճում, կենտրոնանում սեփական անախորժությունների ու դժբախտությունների, իր անձի վրա: Նա էգոիստ դառնալու ավելի մեծ հնարավորություն ունի:

ՙԵրեսառած երեխա՚ ամենևին չի նշանակում ՙկամակոր երեխա՚: Մանկական պարզունակ քմահաճությունը մեծերի ուռճացած քմահաճության արտացոլումն է: Մեկ բոլորը խաղում ու զվարճացնում են փոքրիկին, մեկ էլ հանկարծ հայրը խոժոռվեց. ՙժամը ինն է՝ քնելու ժամանակ՚: Ցանկանաս, թե չէ, լաց լինես, թե չլինես, պետք է քնես: Ինչո՞ւ: Ո՞վ է այդ ՙռեժիմը՚, որի պատճառով բոլորը նյարդայնանում ու զայրանում են: Փոքրիկին դա անհասկանալի է, նրան այդ ամենը թվում է մեծերի անհասկանալի քմահաճություն, որի դեմ կարելի է պայքարել միայն նույն միջոցով՝ կամակորությամբ:

Ծնողներին ուղղված բոլոր գրքերում գովերգվում է խիստ ռեժիմը: Իսկապես, ռեժիմով ապրելը հեշտ է, բայց ո՞ւմ համար: Ծնողների: Եվ ո՞վ է ուսումնասիրել, թե ինչպես են մեծանում խիստ ռեժիմով դաստիարակված երեխաները, և ինչպե՞ս՝ առանց դրա: Ավելի ուշադիր դիտարկելու դեպքում կարո՞ղ է հանկարծ պարզվել, որ ռեժիմը ոչ միայն օգտակար հայտնագործություն է, այլ ինչ-որ տեղ նաև վնասակար, մանկան հոգին ճնշող: Ազատության սովոր երեխայի համար դժվար կլինի հարմարվել դպրոցի կանոններին, նա շատ գլխացավանք կպատճառի իր ուսուցիչներին: Բայց ո՞վ է ասել, որ դաստիարակության իդեալը հոգսից հեռու դաստիարակությունն է: Եվ այդ չլսողների՞ց չեն մեծանում ամենաեռանդուն և հասարակությանը պիտանի մարդիկ: Երես առած, փոքր հասակում ոչ մեկից չվախեցող երեխաներն ավելի արագ են հասնում են բարոյական անկախության, ինչը հոգեբանները համարում են անձի ամենակարևոր որակներից մեկը: Այնպես ենք վախենում երեխաների հետագա չլսելուց, որ վարժեցնում ենք սանձել իրենց ցանկությունները նրանց կյանքի համարյա առաջին քայլերից, ավելի վաղ, քան երեխան կսովորի զգալ իր ցանկությունները և արտահայտել: Գուցե հենց դա է պատճառը, որ երբեմն մեծանում են ցանկությունների շատ աղքատ ցանկով երեխաներ. նրանց ամեն ինչ հենց սկզբից թվում է անհասանելի, անհնար: Դրանից են ծնվում կամազրկությունն ու անտարբերությունը: Մենք ագահորեն կարդում ենք գրքույկներ, թե ինչպես ամրացնենք երեխայի կամքը, բայց հենց այն ժամանակ, երբ այդ կամքն արմատ է տալիս, երբ դեռ մի թույլ ծիլ է, շտապում ենք պոկել՝ որպես մոլախոտ, հանուն ՙհնազանդ երեխա՚ անունով գեղեցիկ ծաղկի: Անցնում են տարիներ, հնազանդության ծաղիկն անխուսափելիորեն թոշնում է, ու մնում է անկամությունը:

Եթե երեխան չսովորի ծնողից իր ուզածն ստանալուն, հետո ե՞րբ և որտե՞ղ է սովորելու ինչ-որ մեկից ինչ-որ բանի հասնել: Արդյո՞ք շահավետ է, որ ծնողների հետ յուրաքանչյուր բախման դեպքում հաղթանակը հորը կամ մորն է հասնում: Օգտվելով տարիքի և ուժի առավելությունից՝ մենք երեխաներից անխղճորեն խլում ենք ամենաքաղցր զգացողությունը՝ հաղթանակի զգացումը: Յուրաքանչյուր մայր իր երեխային ուտելիքի ամենալավ կտորն է տալիս: Բայց բախումների ժամանակ հաղթանակը՝ ուրախության այդ քաղցր պատառը, նա ձգտում է խլել: Իսկ դաստիարակչական նկատառումներով գուցե երբեմն զիջե՞լը օգտակար լինի մեր երեխաներին: Եթե յուրաքանչյուր բախումից երեխան պարտված է դուրս գալիս, ե՞րբ է նա հաղթել սովորելու:

Վստահությունը, սերը, բարությունը այն հիմքերն են, որոնց վրա իրենք իրենց կառուցվում են ավելի բարդ զգացմունքները: Դաստիարակե՜ք երեխային բարությամբ, և նա կատի չարը, երբ իրականում հանդիպի դրան: Նա չարն ատելու և դրան չվարժվելու ուժ կունենա: Դաստիարակե՜ք երեխային ատելության մեջ և բացի ատելությունից ոչինչ չեք դաստիարակի: Ի դեպ, միայն երեսառած երեխան է կարողանում նեղացնողին պատասխանել, ընդ որում բացահայտ և ոչ թե ՙտականց՚: Երես տված երեխաները մեծանում են ավելի համարձակ, քանի որ չգիտեն, թե ինչ է վախը. մանկության տարիներին նրանք վախենալու բան չեն ունեցել:

Երեխային երես տալով դաստիարակելը դժվար է: Երեսառածը հսկողություն է պահանջում: Ինչքան երեխայի համար հեշտ լինի մանկության տարիներին, այնքան հեշտ կլինի նաև հետագա կյանքում, քանի որ ավելի լավ, ավելի ազատ կբացվեն նրա կենսական ուժերը: Եվ որքան դժվար լինի ծնողների համար, քանի դեռ երեխան փոքր է, ինչքան շատ նրանք հանդուրժեն երեխայի չարաճճիությունները, այնքան հեշտ կլինի նրանց համար հետո, քանի որ երեխան ինքուրույն կդառնա: Երբ երեսառած երեխաները մեծանում են, նրանք շատ բան են ցանկանում և ավելի շատ բանի են հասնում կյանքում:
Հինավուրց իմաստությունն ասում է. ՙՄինչև հինգ տարեկանը երեխան արքա է, մինչև 15-ը՝ ծառա, տասնհինգից հետո՝ ընկեր՚: Եթե ծնողները երեխային երես են տալիս վաղ հասակում, նրանք կկարողանան նրան խիստ վերաբերվել դեռահաս տարիքում, երբ նրան իսկապես պետք է ամուր կարգապահություն և ուղեցույց: Մանուկ հասակում երես տված երեխային 11-13 տարեկանում կարելի է շատ խիստ պահել՝ առանց վախենալու, թե նրա կամքը կկորտրվի: Բայց հաճախ հակառակն է լինում. մանուկ հասակում երեխային խստավարժության են սովորեցնում, ձգտում են բացարձակ հնազանդության, իսկ հետո, երբ այդ հնազանդությունն անհրաժեշտ է, չեն կարողանում հասնել դրան. և՜ ծնողներն են հոգնում այդ բազմամյա պայքարից, և՜ երեխաներն են շտապում ազատվել ծնողների՝ արդեն զզվելի դարձած բռնապետական իշխանությունից:
Ցավոք, ոչ բոլոր ծնողներն ունեն երես տալու հնարավորություն: Ամեն դեպքում դրան պետք է ձգտել՝ դրսևորելով համբերություն և վստահելով բնությանը: Համբերություն, ահա թե ինչը հաճախ չի բավարարում ծնողներին:
Մի մանկաբույժ, ում մի երիտասարդ մայր բողոքում էր, թե իր երեխայի ատամներն ուշանում են, հարցրեց.
- Իսկ շա՞տ եք տեսել մարդ, որն ատամ չի հանել:

Մեզ անընդհատ թվում է, թե մեր երեխայի ատամները չեն ծլի, թե նա չի սովորի խոսել, հետո կարդալ… Ա՜յ թե հնարավոր լիներ միանագամից ստանալ պատարաստի մեծահասակներ, գիտուն ու խելացի ծերուկներ, ինչքա՛ն հեշտ կլիներ ծնողների համար: Ու ի՛նչ ձանձրալի...

Երեխաները պետք է անցնեն, ապրեն երես առնելու, խելացի չլինելու, չլսելու ժամանակները. դա զարգացման անհրաժեշտ փուլ է: Ոչ մի հարց, նույնիսկ բարոյական ու կարգապահական կանոնների ներարկման հարցը, լուծելիս պետք չէ շտապել: Ամեն ինչ իր ժամանակն ունի, ատամներն անպայման դուրս կգան: Մեզ անհանգստացնում է դեռահասների ու պատանիների պարզունակությունը, բայց կաթից վառվելուց հետո արժե՞ ջուրը փչել: Երեխաների ժամանակից շուտ զարգանալը, նրանց անսահման արքայության ժամանակի կրճատումը նույնքան տագնապալի են, ինչքան դեռահասի ուշացած բարոյական զարգացումը: Իսկ գուցե այս երկու երևույթները փոխկապակցվա՞ծ են: Բնությունն իր գործն է անում, բնույթը չի կարող ավելի արագ զարգանալ միայն այն պատճառով, որ մարդու խելքին փչել է հեռուստացույց հորինել ու երեխային նստեցնել այդ նկարներով ապակե խողովակի առաջ:

Կարող են ասել, թե երեխաները մսուրներում ու մանկապարտեզներում են մեծանում, իսկ այնտեղ նրանց ոչ մեկը երես չի տալիս:
Այո՜, այնտեղ, որտեղ երկու-երեքից ավելի փոքր երեխա կա, երես տալը վտանգավոր է. երեխաները միմյանց հրահրելով բոլորովին անկառավարելի են դառնում: Այդ պատճառով մանկական հաստատություններում ստիպված են լինում պահպանել խիստ կարգապահություն, չնայած հաճախ խստությունն անցնում է անհրաժեշտության ու բանականության սահմանները:

Թերևս լավը կարելի է համարել ոչ թե այն մանկապարտեզը, որտեղ երեխաները հնազանդ են ու կազմակերպված, այլ այն, որտեղ երեխաներն աղմկում ու չարաճճիություն են անում, բայց միևնույն ժամանակ պահպանվում է կարգապահության որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Միայն մինիմումը:
Ի դեպ, երեխաների համար գոյություն չունի այդպիսի հարցը, թե կարելի՞ է երես առնել: Նրանք երես են առնում առանց մեր թույլտվությունը հայցելու և դառնում են առողջ մարդիկ:

«Նեդելյա», 1970թ., № 9
Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.