«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

Որպեսզի խափանանարի դեր չկատարեմ, որպեսզի նպաստեմ, որ հանրակրթական դպրոցի վիճակի մասին  հայ հասարակության այս մտասևեռումը նրա բարելավմանը ծառայի, որպեսզի գոնե այս մեկ հարցով հասարակության մեջ քննարկում կայանա, փորձեմ մտավորականի պարկեշտությամբ, առանց կրքի ու նախապաշարմունքի, առանց համակրանքի ու հակակրանքի մասնավոր զգացումների, առանց որևէ հետին մտքի ու հաշիվների, միով բանիվ առանց պատեհապաշտության: Գրի ստեղծումով-գործածումով սկսած գրականության ու գրավոր մշակույթի, սրա հետ կապված` հայոց դպրոցի  զարգացումը երեք ինքնուրույն փուլերով է անցել: Առաջին փուլը ձեռագիրն է` իր սահակ–մաշտոցյան դպրոցով: Մաշտոցի աշակերտը, ինչպես Կորյունը,  որպես դպիր` գիտակցում է իր առաքելությունը հայրենիքի ու Աստծո առաջ, գործում է իր ուսուցչապետից փոխառած ոգեղենությամբ, թարգմանիչ է ու գրիչ: Ուսուցանման մեթոդն ու առարկան Սուրբ գրքի, Գործք առաքելոցի և ձևավորվող հայալեզու քրիստոնեական ծիսակարգի ջանասեր սերտումն է: Օտար լեզուն (ասորերեն և հունարեն), ամենահայտնի դպիրները գործուղումով սովորում են Եդեսիայում և Կապադովկիայում: Մայրենի լեզուն, հասկանալի է, գրաբարն է: Այսպես իր վայրիվերումներով  մինչև 16-րդ դար…  Գրատպությամբ  սկսվում է գրականության և դպրոցի գոյության երկրորդ փուլը: Ցավոք, գրահրատարակչությունը ընդամենը պահպանեց սահակ-մաշտոցյան դպրոցը, դրանով նաև հայոց մշակութային մաքառման կաևոր գործոն դարձավ, բայց զրկված լինելով եվրոպական ռեֆորմացիայի և լուսավորության ազդակներից, չդարձավ հայոց նոր դպրոցի տեխնոլոգիական հիմքը: Գրատպության շրջանում ինքնակրթությունը, գլխավորապես Մխիթարյան միաբանության հրատարակություններով, դարձավ ուսուցման նոր եղանակ, հնարավորություն տալով հատկապես ամենաընդունակներին (Խ. Աբովյան, Մ. Նալբանդյան, Ս. Նազարյան և այլք) նախապատրաստելու մեր մշակույթի աշխարհիկ զարթոնքը (19-20-րդ դարեր): Մինչև 19-րդ դարը չի փոխվում ուսուցման լեզուն` գրաբարը, ուսուցման մեթոդը (սերտումը) և ուսուցման բովանդակությունը:

Աշխարհաբար լեզուն 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսին կենդանություն հաղորդեց նաև դպրոցին: Նոր Ջուղայի, Զմյուռնիայի, Թիֆլիսի, Նոր Նախիջևանի և մի քանի այլ դպրոցներում, շնորհիվ Աբովյանի, Աղայանի, Մամուրյանի, Զորայանի, Լիսիցյանի և այլոց, սկսեց զարգանալ հայ մանկավարժությունը: Մեթոդի առումով, գաղափարների առաջադիմության առումով, մեր ամենամեծ մանկավարժը  Աղայանն է, ամենաերևելի դպրոցը` Ներսիսյան դպրոցը: Այս շրջանում ևս կրթությունը շարունակող հայ դպրոցի լավագույն սաները օտար լեզուն`ֆրանսերենը, անգլերենը, գերմաներենը, ռուսերենը, սովորում են արտասահմանում: Խորհրդահայ դպրոցը, որն իհարկե անուրանալի դեր կատարեց համատարած գրագիտության ապահովման առումով, մանկավարժական իր արժեքները չստեղծեց: Անզոր լինելով շարունակելու Ներսիսյան դպրոցի լավագույն փորձը` նա եղավ ու մնաց խորհրդային դպրոցի ամենավատ պատճեններից մեկը: Խորհրդային դոգման և ռեժիմի պարտադրած կեղծ արժեքները դպրոցը պահեցին մի տեսակ ձեռագրի փուլում: Խորհրդահայ դպրոցը ոչ միայն չկարողացավ օտար լեզու սովորեցնել, այլև մինչև մեր օրերը հետևողական եղավ իր ջանքերի մեջ` ցույց տալով, թե ինչպես չի կարելի օտար լեզու սովորեցնել: Ռուսաց լեզուն դարձավ երկրորդ մայրենին, խորհրդային բանակը` ռուսերենի ժողովրդականացման դպրոցը, իսկ ռուսաց լեզվի ուսուցմամբ հայ դպրոցը դարձավ խորհրդային հայտնի բարձրագույն մասնագիտական հաստատությունների կադրեր պատրաստող դարբնոցը: Խորհրդային դպրոցը անգիրի դպրոց էր: Կարևոր չէ` որն է ուսուցվող առարկան` մայրենի լեզվի քերականությունը, աշխարհագրությունը, բնագիտությունը, թե մաթեմատիկան: Անգիրի դպրոցում, որտեղ գլխավորը մտապահումն է ու վերարտադրումը, ընթերցանությունը չդարձավ մեթոդ, մտածող մարդու համար` քննարկման-ճանաչման միջոց: 1950-90-ական թվականներին գրատպությունը, շնորհիվ տնտեսության բուռն զարգացման, որը իր հետ բերեց սոցիալական որոշակի ապահովություն և դարձավ գիտելիքի պատվիրատու, ֆորմալ կրթության զարգացած ցանցով` պարտադիր հանրակրթության և մասնագիտական մատչելի կրթության բարձր ցենզ ապահովեց, կուլտուրականացրեց հայ հասարակությունը, ընտանեկան և հանրային գրադարանների կազմակերպած ընթերցանությունը ապահովեց ընդհանուր զարգացման մինչ այդ չտեսնված մակարդակ: Մենք 1991թ. անկախությամբ պիտի թևակոխեինք մեդիագրի և մեդիակրթության փուլ, որի մեթոդը ուսումնասիրությունը, ստեղծականությունն է և անհապաղ, անընդհատ ուսումը` ինքնակրթության (ոչ ֆորմալ կրթության) անսպառ հնարավորություններով, շնորհիվ ինտերնետի, կրթություն ողջ կյանքում ու առանց սահմանների: Հայաստանը պիտի վերածված լիներ ոչ թե խորհրդային շրջանի «թանգարանի` բաց երկնքի տակ», որը չգիտեմ` հնարավոր էր իրագործել, թե ոչ, այլ գրադարանի, որտեղ բոլորն են սովորում ու սովորեցնում, շնորհիվ մեդիայի: Ավաղ, արդեն քսան տարի իներցիայով շարունակվում է խորհրդային դպրոցը` անգիրի և կեղծիքի պատրանքազերծությունից ուժասպառ և ոգեղենությունից զրկված: Եվ ահա հերթական տեսարանը` կապված ուսուցման լեզվի փոփոխման այս նախագծի հետ: Ամեն ինչ շատ պարզ է: Չե՞ս պահել ինքնիշխան երկրի ազատ մարդու մայրենի դպրոցը, պահիր օտար լեզվի դպրոց: Մեր հասարակության մեջ օտար լեզվի ուսուցմամբ դպրոցը նոր կրթական տեխնոլոգիա չի դառնալու, ոչ միայն չի ուժեղացնելու հայերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական դպրոցը, այլև որպես ոչ իրավական միջամտություն` հայաստանցու գիտակցության մեջ այն հաստատելու է որպես խեղճուկրակների դպրոց:

Արձանագրենք: Ռուսաց լեզուն մեզանում համառորեն չի ընկալվում որպես օտար լեզու: Հայաստանում օտարալեզու (ռուսերեն) ուսուցում իրականացվում է հանրապետության 40 դպրոցներում: Դրանք խորհրդահայ շրջանի ռուսական դպրոցներն են, որոնք 1991-1993 թթ ոչ թե փակվեցին, այլ դարձան փաստացի երկլեզու` ունեն և´ հայերեն, և´ ռուսերեն լեզուներով ուսուցման դասարաններ: Վերջիններս կան և գործում են հակառակ Լեզվի մասին ՀՀ օրենքի: 2010-2011 ուսումնական տարվա` ՀՀ ԿԳ նախարարի հասատատած ուսումնական պլանով նախատեսված է ռուսաց լեզվի խորացված ուսուցում` սկսած 1-ին դասարանից: Հասկանալի կլիներ, եթե այս խորացված ուսուցումը կոչվեր «օտար լեզվի»` դպրոցի ընտրությամբ` անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի, արաբերենի, վրացերենի և այլն:  ԿԳ նախարարի հաստատած ուսումնական պլաններով նախատեսված է նաև ազգային փոքրամասնության լեզվով (դպրոցի) գործունեությունը` որպես պետական դպրոց: Այս դեպքում էլ ռուսերենը չի դիտվում որպես այդպիսին: Եվ ահա առաջանում է էլիտար օտարալեզու դպրոցը` որպես ուսուցման նոր տիպ: Այս ոչ իրավական իրականությունը համադրեք ՀՀ Սահմանադրությամբ հռչակված իրավական հանրապետության պահանջի հետ: Կա պետության դպրոցը, որը նկատի ունի և´ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունը, և´ ոչ պետականը: Լեզվի մասին օրենքի առաջ սրանք հավասար են` անկախ իրենց իրավակազմակերպական վիճակից: Հակառակ դեպքում ստացվում է, որ լեզվի մասին օրենքի պահանջները այլ են պետական կազմակերպության և այլ ոչ պետական (մասնավոր) կազմակերպության համար, որով խախտվում է անձերի իրավահավասարությունը: Այս անհավասարությունը կամ անարդարությունն է հայաստանյան հասարակության աքիլլեսյան գարշապարը:

Արձանագրենք: Հանրակրթական համակարգում (իր մանկապարտեզով, հիմնական ու ավագ դպրոցով) ուսուցման լեզուն որևէ աճպարարությամբ անհնար է փոխել` առանց դիպչելու 1991թ. սեպտեմբերին Անկախության հանրաքվեով հռչակված մեր քաղաքական անկախությանը, առանց պետական լեզվի գործածման և հանրակրթության կազմակերպման մեջ խտրության և անհավասարության: Ահա ինչու, ուսուցման լեզվին ուղղված օրենսդրական որևէ նախաձեռնություն պիտի խաղար այն դերը, որ խաղաց: Սրանից ավելին չարից է: Օր առաջ պիտի հանվի այս նախաձեռնությունը` լայն տեղ բացելով հասարակության բոլոր շերտերին ու խմբերին ուղղված և նրանց ամենագործուն մասնակցությամբ քննարկման համար: Նոր Հայաստան ու կրթության` մեդիակրթության, սկզբունքորեն նոր կազմակերպում, որտեղ արդյունավետ օտար լեզուն մեդիակրթության կարևոր գործիքներից է և դրա շոշափելի արդյունքը: Ահա, այս է մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի այլընտրանքը գործող պետական դպրոցին: Կրթահամալիրի փորձն ու ձեռբերումները մենք պարտավոր ենք փոխանցել և անհոգնել փոխանցում ենք: Համեցեք:

02.06.2010թ.

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.