«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
«Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Գոհար Բադալյան
«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի անցկացման տարբերակներ»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Լիանա Հակոբյան
Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նինել Պախոմովա
«Խնդիր առանց պատրաստի պատասխանի»

Իսկրա Շեստակովա
«Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ներկայանում են Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի դասավանդողները

Զաբելա Աբելյան
Անահիտ Դումանյան
«Մաթեմատիկա + հայոց լեզու»

Զաբելա Աբելյան
«Խնդիրներ ժամանցի համար»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

«Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են»
(դեռահասների քնի խնդրի պատճառների և հետևանքների մասին)

ԱՐՁԱԳԱՆՔ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

11-12-րդ նամակներ

Տասներեքերորդ նամակ
Դաստիարակվածության մասին

Մարդը լավ դաստիարակություն կարող է ստանալ ոչ միայն ընտանիքից  կամ դպրոցից, այլ նաև... հենց ինքն իրենից:

Միայն պետք է իմանալ, թե որն է լավ դաստիարակությունը:

Չեմ պատրաստվում դաստիարակվածության պատրաստի «դեղատոմսեր» առաջարկել, քանի որ ինքս ինձ օրինակելի դաստիարակված չեմ համարում: Բայց որոշ մտքեր կցանկանայի հաղորդել ընթերցողին:

Հավատացած եմ, օրինակ, որ իսկական դաստիարակվածությունը նախ և առաջ սեփական տանը, սեփական ընտանիքում, հարազատների հետ հարաբերությունների մեջ է դրսևորվում:

Եթե տղամարդը փողոցում (նույնիսկ ավտոբոսում) անծանոթ կնոջը զիջում է ճանապարհը և նրա առջև դուռ է բացում, իսկ տանը հոգնած կնոջը չի օգնում ափսեները լվանալիս, ապա նա չդաստիարակված մարդ է:

Եթե ծանոթների նկատմամբ բարեհամբույր է, իսկ տնեցիների հետ բորբոքվում է ամեն մանրուքից, ապա չդաստիարակված մարդ է:

Եթե մարդ իր մտերիմների բնավորությունը, հոգեբանությունը, սովորույթները և ցանկությունները հաշվի չի առնում, ապա չդաստիարակված է: Եթե արդեն հասուն տարիքում մարդն ընդունում է ծնողների օգնությունը և չի նկատում, որ նրանք իրենք օգնության կարիք ունեն, չդաստիարակված է:

Եթե մարդը ռադիոյի կամ հեռուստացույցի ձայնը բարձրացնում կամ բարձրաձայն խոսում է, երբ տանեցիներից մեկը (եթե նույնիսկ տան փոքրիկներից է) դաս է սովորում կամ կարդում է, ապա նա չդաստիարակված է:

Եթե մարդը սիրում է ծաղրել (ձեռք առնել) կնոջը կամ երեխաներին՝ չխնայելով նրանց ինքնասիրությունը, հատկապես ուրիշների ներկայությամբ, ապա նա (ներողություն եմ խնդրում) ուղղակի հիմար է:

Դաստիարակված մարդը նա է, ով ցանկանում և կարողանում է հաշվի առնել մյուսներին, նա է, ում համար իր քաղաքավարի լինելը  ոչ միայն սովորական ու հեշտ է, այլ նաև` հաճելի: Նա է, ով հավասարապես քաղաքավարի է և´ մեծերի, և´ փոքրերի հետ (տարիքով և դիրքով):

Դաստիարակված մարդը «բարձրաձայն» չի դրսևորվում, խնայում է ուրիշի ժամանակը (ասացվածքն ասում է. «Ճշգրտությունը թագավորների քաղաքավարությունն է»), հստակորեն կատարում է ուրիշներին տված խոստումները, իրեն չի կարևորում, «քիթը չի տնկում» և միշտ նույնն է` տանը, դպրոցում, ինստիտուտում, աշխատանքի վայրում, խանութում, ավտոբուսում:

Հավանաբար ընթերցողը նկատեց, որ հիմնականում դիմում եմ տղամարդկանց` ընտանիքի ղեկավարներին: Դա այն պատճառով, որ կնոջը ընդհանրապես պետք է զիջել ճանապարհը... և  ոչ միայն մտնելիս:

Սակայն խելացի կինն արագ կհասկանա, թե հատկապես ինչ պետք է անի, որ միշտ և երախտագիտությամբ տղամարդուց ընդունելով բնությունից իրեն տրված իրավունքը՝ ինչքան հնարավոր է քիչ ստիպի տղամարդուն, որ  ճանապարհը զիջի: Իսկ դա շատ ավելի դժվար է: Այդ պատճառով էլ բնությունը հոգ է տարել, որ կանայք հիմնականում (չհաշված որոշ բացառություններ) օժտված լինեն տակտի ավելի մեծ զգացումով և բնատուր քաղաքավարությամբ, քան տղամարդիկ:

Շատ գրքեր կան «լավ վարք ու բարքի» մասին: Այդ գրքերը բացատրում են, թե մարդ իրեն ինչպես դրսևորի հասարակության մեջ, հյուր  գնալիս և տանը, թատրոնում, աշխատավայրում, մեծերի ու փոքրերի հետ, ինչպես խոսի՝ առանց ուրիշի լսողությունը վիրավորելու, ինչպես հագնվի՝ առանց վիրավորելու ուրիշի տեսողությունը:

Բայց, ցավոք, մարդիկ շատ քիչ օգուտ են ստանում այդ գրքերից: Իմ կարծիքով, այդպես է լինում, քանի որ այդ գրքերում հազվադեպ է բացատրվում, թե ինչի համար է լավ վարվեցողությունը: Թվում է, թե լավ վարվելաձև ունենալը կեղծ է, ձանձրալի, ոչ պետքական: Լավ վարվելաձևով մարդն իրականում իր վատ արարքները կարող է թաքցնել:

Այո, լավ վարվելաձևը կարող է միայն արտաքին լինել, բայց ընդհանուր առմամբ լավ վարվելաձևը շատ սերունդների փորձով է ստեղծվել և մարդկանց՝ ավելի լավը լինելու, ավելի հարմար ու գեղեցիկ ապրելու բազմադարյան փորձն իմաստավորում է:

Ո՞րն է խնդիրը: Ի՞նչն է ընկած լավ վարվելաձև սովորեցնող ուղեցույցի հիմքում: Արդյո՞ք դա վարքի դժվար հիշվող կանոնների, «դեղատոմսերի», հանձնարարությունների հասարակ ժողովածու է։ Լավ վարվելաձևի հիմքում հոգատարությունն է՝ հոգատարություն, որ  մարդ ուրիշին չխանգարի, որ բոլորը միասին իրենց լավ զգան: Պետք է մեկ մեկու չխանգարել կարողանանք: Այդ պատճառով չի կարելի աղմկել: Աղմուկից պաշտպանվելու համար ականջներդ չես փակի, և դժվար թե դա միշտ հնարավոր լինի: Օրինակ՝ սեղանի մոտ՝ ճաշի ժամանակ: Այդ պատճառով պետք չէ ճպճպացնել, պատառաքաղն աղմուկով դնել ափսեի մեջ, ֆռթացնել արգանակը, բարձրաձայն խոսել ճաշի ժամանակ կամ լիքը բերանով խոսել, որպեսզի հարևաններին չանհանգստացնես: Արմունկերը սեղանին պետք չէ դնել նորից ուրիշներին չխանգարելու համար: Խնամքով հագնվելը պետք է, քանի որ դրանով հարգանք եք արտահայտում ուրիշների նկատմամբ` հյուրերի, տանտերերի կամ ուղղակի անցորդների. ձեզ նայելը պետք է զզվանք չառաջացնի: Հարևաններին անընդհատ կատակներով, սրամտություններով ու անեկդոտներով պետք չէ հոգնեցնել, հատկապես եթե մասնակիցներից մեկն արդեն դրանք պատմել է: Դրանով ունկնդիրներին անհարմար վիճակի մեջ եք դնում: Ջանացեք, որ ոչ միայն զբաղեցնեք ուրիշներին, այլ նաև նրանց խոսելու հնարավորություն տաք: Մարդու շարժուձևը, հագուստը, քայլվածքը, ամբողջ պահվածքը պետք է զուսպ լինի և… գեղեցիկ: Քանի որ  գեղեցկությունը երբեք չի հոգնեցնում:  Գեղեցկությունը «հասարակական» է: Եվ այսպես կոչված լավ վարքագծում միշտ խորը իմաստ կա:

Մի կարծեք, որ լավ վարվելաձևը միայն վարվելաձև է, այսինքն՝ մակերեսային մի բան: Ձեր վարքով բացահայտում եք ձեր բնույթը: Մարդը ոչ այնքան իր վարվելաձևը պետք է մշակի, որքան այն, ինչն արտահատվում է վարվելաձևով՝ խնայող վերաբերմունք աշխարհի նկատմամբ՝ հասարակության, կենդանիների ու թռչունների, բուսականության, շրջապատի գեղեցկության, այն տեղի անցյալի, որտեղ ապրում է, և այլն: Պետք է ոչ թե հարյուրավոր կանոններ հիշել, այլ միայն մեկը՝ ուրիշի նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը: Եթե դա լինի և մի քիչ էլ հնարամտություն, ապա վարվելաձևն ինքն իրեն կհայտնվի, ավելի ճիշտ՝ կհիշեք լավ վարվելաձևի կանոնները և դրանք կիրառելու ցանկություն ու կարողություն կունենաք:

Տասնչորսերորդ նամակ
Վատ և լավ ազդեցությունների մասին

Յուրաքանչյուր մարդու կյանքում հետաքրքիր տարիքային մի երևույթ կա`կողմնակի ազդեցությունը: Այդ կողմնակի ազդեցությունները սովորաբար չափազանց ուժեղ են լինում, երբ պատանին կամ աղջիկը սկսում են չափահաս դառնալ` բեկման շրջանում: Հետո այդ ազդեցությունների ուժն անցնում է: Բայց պատանիներն ու աղջիկները միշտ պետք է հիշեն ազդեցությունների, դրանց «շեղումների» և երբեմն նորմալ ընթացքի մասին:

Գուցե այստեղ ոչ մի շեղում էլ չկա. ուղղակի աճող մարդը` աղջիկը կամ պատանին, ցանկանում է արագ մեծանալ, ինքնուրույն դառնալ: Բայց ինքնուրույն դառնալով՝ նրանք ամենից առաջ ընտանիքի ազդեցությունից են ձգտում ազատվել:  Իրենց «երեխայության» մասին պատկերացումները սեփական ընտանիքի հետ են կապվում: Այդտեղ մասամբ էլ  ընտանիքն է մեղավոր լինում, որը չի նկատում, որ իր «երեխան» եթե նույնիսկ չի դարձել, ապա ցանկանում է հասուն լինել: Բայց լսող լինելու սովորությունը դեռ անցած չի լինում, և նա «լսում» է նրան, ով իրեն հասուն է համարում. հաճախ այդ մարդն ինքը դեռ հասուն և իսկապես ինքնուրույն չի լինում:

Ազդեցությունները լինում են և՛ լավ, և՛ վատ: Դա հիշե՛ք: Բայց վատ ազդեցություններից պետք է զգուշանալ: Քանի որ կամք ունեցող մարդը չի տրվում վատ ազդեցությունների, ինքն է իր ճանապարհն ընտրում: Իսկ կամազուրկ մարդը տրվում է վատ ազդեցությունների: Վախեցե՛ք չգիտակցված ազդեցություններից, հատկապես քանի դեռ հստակ չեք կարող տարբերել լավը վատից, եթե ձեզ դուր է գալիս ընկերների գովասանքը և քաջալերանքը. թող անպայման լինեն այդ գովասանքն ու քաջալերանքը, ինչպիսին էլ լինեն:

15-17-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.