«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 10

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անահիտ Արնաուդյան
«Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա»

Աշոտ Տիգրանյան
«Նոր դասագիրք՝ հին արատներով և բարելավման հեռանկարով»

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
«Ինչպես դիագրամներ կառուցեցինք»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Գևորգ Հակոբյան
«Բերիի կանոնը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XI ընթերցումներից
«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական կրտսեր աստիճանի կառուցման փորձ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
(ներածություն)


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

9-10-րդ նամակներ

Տասնմեկերորդ նամակ
Կարիերիզմի մասին

Մարդն իր ծննդյան առաջին օրվանից զարգանում է: Նա միտված է դեպի ապագան: Նա սովորում է, նույնիսկ գլխի չընկնելով՝ վարժվում իր առջև նոր խնդիրներ դնելու: Եվ ի՜նչ արագ է նա կյանքում իր դիրքին տիրապետում: Արդեն և՛ գդալն է կարողանում բռնել, և՛ առաջին բառերն է արտասանում:

Հետո՝ դեռահաս ու պատանի, նա էլի սովորում է:

Հետո գալիս է գիտելիքները կիրառելու, ինչին ձգտում էիր, դրան հասնելու ժամանակը: Հասունությունը: Ներկայով պետք է ապրել... Բայց թափը պահպանվում է, և ահա, շատերի համար  սովորելու փոխարեն գալիս է կյանքում իր տեղը գրավելու ժամանակը: Շարժումն իներցիայով շարունակվում է: Մարդը միշտ միտված էր ապագային, իսկ ապագան արդեն ո՛չ իրական գիտելիքներն են, ո՛չ վարպետությունը, այլ կյանքում հարմար դիրք գրավելը: Բովանդակությունը, իսկական բովանդակությունը կորսված է: Ներկան չի հասնում, ապագայի դատարկ ձգտումն է դեռևս առկա: Հենց սա էլ կարիերիզմն է: Մարդուն անձնապես դժբախտ և շրջապատի համար անտանելի դարձնող ներքին անհանգստությունը:

Տասներկուերորդ նամակ
Մարդը պետք է մտավորական լինի

Մարդը պե՛տք է մտավորական լինի: Իսկ եթե նրա մասնագիտությունը մտավորականություն չի պահանջո՞ւմ: Իսկ եթե կրթություն չի կարողացել ստանա՞լ. հանգամանքներն են այդպես դասավորվել: Իսկ եթե շրջապատը չի թույլատրո՞ւմ։ Իսկ եթե մտավորականությունը նրան գործընկերների, ընկերների, բարեկամների շրջանում «սպիտակ ագռավ» կդարձնի, պարզապես ուրիշներին մոտանալուն կխանգարի՞:

Ո՛չ, ո՛չ և կրկին ոչ: Մտավորականությունը ցանկացած պարագայում է պետք: Այն և՛ շրջապատողների, և՛ հենց իր՝ մարդու համար է անհրաժեշտ:

Սա շատ, շատ կարևոր է, և հատկապես նրա համար, որ երջանիկ ու երկար, այո՛, երկար ապրեք: Քանի որ մտավորականությունը բարոյական առողջությանն է հավասարազոր, իսկ առողջությունը պետք է երկար ապրելու համար՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր երկարակեցության: Մի հին գրքում ասված է. «Պատվիր քո հորը և քո մորը, և երկարակյաց կլինես երկրի վրա»: Սա վերաբերում է և՛ ամբողջ ժողովրդին, և՛ առանձին մարդուն: Իմաստուն խոսք է:

Բայց նախ որոշենք, թե ինչ է մտավորականությունը, իսկ հետո`ինչո՞ւ է կապված երկարակեցության պատգամի հետ:

Շատերը կարծում են, թե մտավորականը նա է, ով շատ է կարդացել, լավ կրթություն է ստացել (և նույնիսկ հիմնականում հումանիտար), շատ է ճանապարհորդել, մի քանի լեզու գիտե:

Այնուամենայնիվ կարելի է այս ամենն ունենալ ու մտավորական չլինել, և մեծ հաշվով դրանք չունենալ, սակայն ներքուստ մտավորական լինել:

Կրթվածությունը մտավորականության հետ շփոթել չի կարելի: Կրթվածությունն ապրում է հին բովանդակությամբ, իսկ մտավորականությունը` նորի ստեղծմամբ և հնի նորովի ըմբռնմամբ:

Ավելին... Իսկապես մտավորական մարդուն զրկեք իր բոլոր գիտելիքներից, կրթությունից, զրկեք հիշողությունից: Թող նա աշխարհում ամեն ինչ մոռացած լինի, գրականության դասականներին չիմանա, մշակութային գլուխգործոցները չհիշի, պատմական կարևորագույն դեպքերը մոռացած լինի, բայց այնուամենայնիվ պահպանի ինտելեկտուալ արժեքների նկատմամբ ընկալունակությունը, գիտելիքների ձեռքբերման նկատմամբ սերը, հետաքրքրությունը պատմության նկատմամբ, գեղագիտական զգացողությունը, արվեստի իսկական գործը միայն զարմացնելու համար արած կոպիտ «աճպարարությունից» կարողանա տարբերել, եթե բնության գեղեցկությամբ զմայլվել, ուրիշի բնավորությունը և անհատականությունը հասկանալ, նրա դրության մեջ մտնել, և ուրիշին հասկանալով՝ նրան օգնել կարողանա, կոպտություն, անտարբերություն, չարություն, նախանձ չցուցաբերի, այլ ուրիշին գնահատի ըստ արժանիքների, եթե անցյալի մշակույթի նկատմամբ հարգանք, դաստիարակված մարդու հմտություններ, բարոյական խնդիրներ լուծելիս պատասխանատվություն, սեփական լեզվի (գրավոր և բանավոր) ճշգրտություն և հարստություն ցուցաբերի, հենց նա էլ կլինի մտավորականը:

Մտավորականությունը ոչ միայն գիտելիքներով, այլ ուրիշին հասկանալու կարողությամբ է արտահայտվում: Այն հազար ու մի մանրուքում է արտահայտվում՝ հարգալից վիճելու, սեղանի շուրջը համեստ դրսևորվելու, ուրիշին աննկատ (հատկապես աննկատ) օգնելու, բնությունը պահպանելու, շրջապատը ծխախոտի մնացորդով կամ հայհոյանքով, վատ մտքերով (դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի) չկեղտոտելու կարողություններում:  

Ռուսաստանի հյուսիսում գյուղացիների էի ճանաչում, ովքեր իսկապես մտավորական էին: Նրանք իրենց տներում զարմանալի մաքրություն էին պահապանում, կարողանում էին լավ երգերը գնահատել,  «եղելություններ» (այսինքն՝ այն, ինչ պատահել էր իրենց կամ ուրիշների հետ) կարողանում էին պատմել, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր ու բարեհամբույր էին, և՛ ուրիշի տխրությանը, և՛ ուրիշի ուրախությանը ըմբռնումով էին վերաբերվում:

Մտավորականությունը հասկանալու, ընկալելու կարողություն է, աշխարհի և ուրիշների նկատմամբ համբերատար վերաբերմունք:

 

Մտավորականությունը պետք է զարգացնել, մարզել. մարզել հոգեկան ուժերը, ինչպես ֆիզիկականն են մարզում: Իսկ մարզումը հնարավոր  և անհրաժեշտ է ցանկացած պայմաններում:
Այն, որ ֆիզիկական ուժերի մարզումը նպաստում է երկարակեցությանը, հասկանալի է: Ավելի քիչ են հասկանում, որ երկարակեցության համար անհրաժեշտ է նաև հոգևոր և ոգեղեն ուժերի մարզումը:

Բանն այն է, որ շրջապատի նկատմամբ չարակամ ու չարամիտ վերաբերմունքը հոգևոր և ոգեղեն ուժերի թուլության, մարդկայնորեն ապրել չկարողանալու նշան է... Լիքը ավտոբուսում հրմշտվողը թույլ, նյարդային, տանջահար մարդ է`ամեն ինչին ոչ ճիշտ արձագանքող:  Հարևանների հետ նույնպես վիճում է ապրել չկարողացող, հոգեպես խուլ մարդը: Գեղագիտորեն չդաստիարակված մարդն էլ դժբախտ է: Ուրիշին հասկանալ չկարողացողը, ուրիշին միայն չար մտադրություններ վերագրողը, ուրիշներից միշտ նեղացողը նույնպես իր կյանքն աղքատացնող և մյուսների ապրելուն խանգարող մարդ է: Հոգևոր թուլությունը ֆիզիկական թուլության է հանգեցնում: Ես բժիշկ չեմ, բայց համոզված եմ, որ այդպես է: Երկարամյա փորձն է ինձ համոզել:

Բարեհամբուրությունն ու բարությունը մարդուն ոչ միայն ֆիզիկապես առողջ, այլ նաև գեղեցիկ են դարձնում: Այո, հենց գեղեցիկ:

Չարությունից այլայլված մարդու դեմքն այլանդակվում է, իսկ չար մարդու շարժումները ոչ շինծու, այլ բնական (որ շատ ավելի արժեքավոր է) նրբագեղությունից զուրկ են:

Մարդու հասարակական պարտքը մտավորական լինելն է: Դա յուրաքանչյուրի պարտքն է հենց իր առաջ: Դա նրա անձնական երջանկության, իր շուրջն ու իր նկատմամբ «բարյացակամության աուրայի» գրավական է:

Ամենը, ինչի մասին այս գրքում երիտասարդ ընթերցողների հետ զրուցում եմ, մտավորականության, ֆիզիկական և հոգևոր առողջության, առողջության գեղեցկության կոչ է: Որպես մարդ և ժողովուրդ՝ երկարակյաց լինենք: Հորը և մորը պատվելն էլ պետք է ավելի լայն իմաստով հասկանալ՝ որպես անցյալում մեր ունեցած ամեն լավի պատվում, անցյալի, որը մեր ժամանակների, վեհ ժամանակների հայրն ու մայրն է, որում ապրելու մեծ երջանկությունն ունենք: 

13-14-րդ նամակ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.