«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 8

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հասմիկ Նալբանդյան
«Բնագիտություն և բնապահպանություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Հարությունյան, Մարիամ Սիմոնյան
«Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգի կիրառման իմ տարբերակը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Գնդիկներ և տուփեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ստեղծագործական դիդակտիկայի այբուբեն
ցանկացած առարկայի, դասի և թեմայի համար


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (յոթերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

5-6-րդ նամակներ

Յոթերորդ նամակ
Ի՞նչն է մարդկանց միավորում

Հոգատարության աստիճանները: Հոգատարությունն ամրացնում է մարդկանց հարաբերությունները: Ամրապնդում է ընտանիքը, ամրացնում է ընկերությունը, մերձեցում էհամագյուղացիներին, նույն քաղաքի, երկրի բնակիչներին:
Հետևե՛ք մարդու կյանքին:
Մարդը ծնվում է, և առաջինը նրա համար մայրն է հոգում. աստիճանաբար (արդեն մի քանի օրից) երեխայի հետ անմիջականորեն կապվում է հոր հոգածությունը նրա նկատմամբ (մինչև երեխաի ծնվելը նրա նկատմամբ հոգածությունն արդեն կար, բայց այն որոշ չափով «վերացական էր». մինչև երեխայի ծնվելը ծնողները երազում էին, պատրաստվում նրա ծնունդին):

Ուրիշի համար հոգալու զգացումը շատ վաղ է հայտնվում, հատկապես աղջիկների մեջ: Աղջնակը դեռ խոսել չգիտի, բայց արդեն փորձում է տիկնիկի համար հոգալ, խնամում է նրան: Տղաները, դեռ բոլորովին փոքրիկ, սիրում են սունկ հավաքել, ձուկ բռնել: Աղջիկներն էլ սիրում հատապտուղ, սունկ հավաքել: Եվ հավաքում են ոչ միայն իրենց համար, այլ ամբողջ ընտանիքի: Բերում են տուն, ձմռան համար պատրաստում:

Աստիճանաբար երեխաները դառնում են ավելի մեծ հոգածության առարկա, և նրանց հոգատարությունն էլ տարածվում է ոչ միայն ընտանիքի հանդեպ, այլ նաև դպրոցի, որտեղ նրան տեղավորել էր ծնողական հոգատարությունը, սեփական քաղաքի, երկրի…

Հոգատարությունն ընդարձակվում է և դառնում ավելի այլասիրական: Իրենց նկատմամբ հոգատարությանը երեխաները պատասխանում են ծեր ծնողների նկատամամբ հոգատարությամբ, երբ վերջիններս արդեն ոչնչով չեն կարող փոխհատուցել իրենց նկատմամբ հոգատարությանը: Այդ ծեր, իսկ հետագայում նաև հանգուցյալ ծնողների հիշատակի նկատմամբ հոգատարությունը կարծես միաձուլվում է ընտանիքի պատմական հիշողությանը և ամբողջ հայրենիքի հիշողությանը:

Եթե հոգատարությունն ուղղված է միայն իրեն, ապա եսասեր կմեծանա:

Հոգատարությունը միավորում է մարդկանց, ամրացնում է անցյալի մասին հիշողությունը և ամբողջովին միտված է ապագային:  Դա ինքնին զգացմունք չէ, դա սիրո, ընկերության, հայրենասիրության կոնկրետ դրսևորումն է: Մարդը պարտավոր է հոգատար լինել: Ոչ հոգատար, անհոգ մարդը սովորաբար ոչ մեկին չսիրող, ոչ բարի մարդ է լինում:

Բարոյականությանը վերին աստիճանի բնորոշ է կարեկցության զգացումը։ Կարեկցության մեջ մարդկության և աշխարհի հետ (ոչ միայն մարդկանց, ժողովուրդների, այլ նաև կենդանիների, բույսերի, բնության և այլն) միասնության գիտակցում կա: Կարեկցության զգացումը (կամ դրան մոտ մի բան) մեզ ստիպում է պայքարել մշակութային կոթողների, դրանց պահպանման, բնության, առանձին բնապատկերների, հիշողության նկատմամբ հարգանքի համար: Կարեկցության մեջ մարդկանց, ազգերի, ժողովուրդների, երկրի, տիեզերքի հետ մարդու միասնականության գիտակցումը կա: Հենց այդ պատճառով կարեկցության մոռացված հասկացությունն ամբողջական վերածննդի և զարգացման կարիք ունի:

Զարմանալիորեն ճիշտ միտք է. «Մարդու համար փոքր քայլը մարդկության համար մեծ քայլ է»:

Կարելի է հազարավոր օրինակներ բերել, որ մի մարդու բարի լինելը դժվար չէ, բայց անասելի դժվար է, որ մարդկությունը բարի դառնա: Մարդկությանը փոխել չի լինի, ինքդ քեզ շատ հեշտ կուղղես: Երեխային կերակրելը, ծերունուն փողոցն անցնելիս օգնելը, տրամվայում տեղը զիջելը, լավ աշխատելը, բարեհամբույր և սիրալիր լինելը...  և այլն և այլն... մի մարդու համար սրանք հասարակ բաներ են, բայց միաժամանակ բոլորի համար՝ անասելի դժվար: Ահա, թե ինչու հենց սեփական անձից պետք է սկսել:

Բարությունը չի կարող հիմարություն լինել: Բարի արարքը երբեք հիմար չէ, քանի որ անշահախնդիր է և օգուտի ու «խելացի արդյունքի» նպատակ չի հետապնդում: Բարի արաքը «հիմարություն» անվանել կարելի է միայն այն դեպքում, երբ այն ակնհայտորեն նպատակին չի հասել, կամ եթե «կեղծ բարիք» էր, սխալմամբ է բարի համարվել, այսինքն` բար չէ: Կրկնում եմ՝ իսկապես բարի արարքը չի կարող հիմար լինել, այն դուրս է խելքի կամ անխելքության տեսանկյունից գնահատվելուց։

Ութերորդ նամակ
Ուրախ լինել, բայց ոչ ծիծաղելի

Ասում են, որ բովանդակությունն է որոշում ձևը: Սա ճիշտ է, բայց ճիշտ է նաև հակառակը, որ բովանդակությունը ձևից է կախված: Այս դարասկզբի1 ամերիկացի հայտնի հոգեբան Դ. Ջեյմսը գրել է. «Այն պատճառով ենք լաց լինում, որ տխուր ենք, բայց և տխուր ենք այն պատճառով, որ լաց ենք լինում»։ Ուստի խոսենք մեր վարքի դրսևորման մասին, այն մասին, թե ինչը պետք է մեր սովորությունների մեջ մտնի, և ինչը մեր ներքին բովանդակությունը դառնա:

Մի ժամանակ անպարկեշտություն էր համարվում ամբողջ տեսքով բոլորին ցուցադրելը, որ ձեզ դժբախտություն է պատահել, որ վիշտ ունեք: Մարդն իր ճնշված վիճակը մյուսներին չպետք է պարտադրեր: Վշտի մեջ էլ արժանապատվությունը պետք էր պահպանել, բոլորին հավասար լինել, չամփոփվել  և հնարավորին չափ սիրալիր և նույնիսկ ուրախ մնալ: Արժանապատվությունը պահպանելու, սեփական դառնություններն ուրիշների վզին չփաթաթելու, ուրիշների տրամադրությունը չփչացնելու, մարդկանց հետ միշտ հավասար լինելու, միշտ սիրալիր և ուրախ լինելու կարողությունը մեծ և իսկական արվեստ է, որը հասարակության մեջ և հենց հասարակությանն օգնում է ապրելուն:

Բայց ինչպե՞ս պետք է ուրախ լինել: Աղմկոտ և կպչուն ուրախությունը մարդկանց համար հոգնեցուցիչ է: Անընդհատ սրամտություն «հեղող» երիտասարդը արժանապատիվ վարքով համարվելուց դադարում է: Նա ծաղրածուի է վերածվում: Աա ամենավատ բանն է, որ հասարակության մեջ մարդուն կարող է պատահել. սա վերջին հաշվով հումորի կորուստ է նշանակում:

Ծիծաղելի մի՛ լինեք:
Ծիծաղելի չլինելը ոչ միայն ինքնադրսևորման կարողություն է նշանակում, այլ նաև խելքի նշան է:
Ամեն ինչ կարող է ծիծաղելի լինել, նույնիսկ հագնվելու ձևը: Եթե տղամարդը բծախնդրորեն վերնաշապիկին հարմար փողկապ, կոստյումին հարմար վերնաշապիկ է ընտրում, նա ծիծաղելի է: Իր արտաքինի նկատմամբ չափազանց հոգածությունը միանգամից աչքի է զարնում: Պետք է ջանք թափենլ, որ պատշաճ հագնվենք, բայց այդ տղամարդու այդ ջանքը հայտնի սահմանները պետք է չանցնի:  Իր արտաքինի մասին չափից ավելի հոգ տանող մարդը համակրելի չէ: Կինը` ուրիշ: Տղամարդու հագուստի մեջ նորաձևության մասին միայն ակնարկ պիտի լինի։ Բացարձակ մաքուր վերնաշապիկը, մաքուր կոշիկները և նոր, բայց ոչ վառ գույնի փողկապը լրիվ բավարար են: Կոստյումը կարող է և հին լինել, բայց պետք է փնթի չլինի:

Խոսակցության ընթացքում լսե՛լ կարողացեք, լռե՛լ կարողացեք, կարողացե՛ք կատակել, բայց հազվադեպ և տեղին: Ձեզանով հնարավորին չափ քի՛չ տեղ զբաղեցրեք: Այդ պատճառով էլ ճաշի ժամանակ արմունկները սեղանին մի՛ դրեք՝ նեղելով հարևանին, նաև մի՛ ջանացեք «շրջապատի հոգին» լինել: Ամեն ինչի չափը պահպանե՛ք, նույնիսկ ձեր ընկերական զգացումները դրսևորելիս կպչուն մի՛ լինեք:

Մի՛ նեղվեք ձեր թերությունների պատճառով, եթե թերություն ունեք: Եթե կակազում եք, մի՛ մտածեք, որ դա արդեն շատ վատ է: Կակազները, յուրաքանչյուր բառը կշռելով, շատ լավ հռետոր են լինում: Իր պերճախոս պրոֆեսորներով հայտնի Մոսկվայի համալսարանի լավագույն դասախոսը` Վ. Յու. Կլյուչևսկին կակազում էր: Թեթև շլությունը դեմքին կարող է կարևորություն հաղորդել, կաղալը` քայլվածքին: Իսկ եթե ամաչկոտ եք, դրանից էլ մի՛ վախեցեք: Մի՛ ամաչեք ձեր ամաչկոտությունից. ամաչկոտությունը շատ դուրեկան է և ամենևին ծիծաղելի չէ: Դա ծիծաղելի է դառնում, երբ շատ եք ձգտում հաղթահարել և ամաչում եք դրանից: Հասարակ եղե՛ք և ձեր թերությունների նկատմամբ ներողամիտ: Դրանց պատճառով մի՛ տառապեք: Ավելի վատ բան չկա, քան որ մարդու մեջ «թերարժեքության բարդույթ» է զարգանում, և դրա հետ միասին՝ չարացածություն, ուրիշների նկատմամբ անբարյացակամություն, նախանձ: Մարդն իր մեջ եղած ամենալավ բանը` բարությունն է կորցնում:

Ավելի լավ երաժշտություն չկա, քան լռությունը, լռությունը լեռներում, լռությունը անտառում:  «Մարդու մեջ ավելի լավ երաժշտություն» չկա, քան համեստությունն ու լռելու կարողությունը, առաջինը լինելուն չձգտելը:  Մարդու կերպարի և պահվածքի մեջ ավելի տհաճ ու հիմար բան չկա, քան իրեն կարևորելը և աղմկելը, տղամարդու մեջ ավելի ծիծաղելի բան չկա, քան չափից ավելի հոգալը իր կոստյումի և սանրվածքի մասին, շարժումների կանխամտածվածությունը և անեկտոդների ու սրամտությունների «շատրվանը», հատկապես, եթե դրանք կրկնվում են:

Վարքով ծիծաղելի լինելուց վախեցե՛ք և ձգտե՛ք համեստ ու խաղաղ լինել:
Երբեք չափը մի՛ անցեք, մարդկանց հետ միշտ հանդա՛րտ եղեք, հարգե՛ք ձեզ շրջապատողներին:
Ահա մի քանի խորհուրդ, թվում է՝ երկրորդական բաների՝ ձեր պահվածքի, արտաքինի մասին, բայց և ձեր ներքին աշխարհի մասին. ձեր ֆիզիկական արատներից մի՛ վախեցեք:   Դրանց արժանապատվորեն վերաբերվե՛ք և պերճաշուք կլինեք:

Թեթևակի կուզով մի ծանոթ աղջիկ ունեմ: Ազնիվ խոսք, այն եզակի դեպքերում, երբ նրան հանդիպում եմ ցուցահանդեսներում և վերնիսաժներում (այնտեղ բոլորը հանդիպում են, այդ պատճառով էլ դրանք մշակույթի տոներ են), նրա նրբագեղությամբ հիանալուց չեմ դադարում: 

Էլի մի բան, և գուցե ամենակարևորը, ճշմարտախո՛ս եղեք: Ուրիշներին խաբելուն ձգտողը նախ և առաջ իրեն է խաբում: Նա միամտորեն կարծում է, թե իրեն հավատացել են, իսկ շրջապատողներն իրականում քաղաքավարի են եղել: Բայց սուտը միշտ իրեն մատնում է, սուտը միշտ «զգացվում է», և դուք ոչ միայն տհաճ, այլև ծիծաղելի եք դառնում:

Ծիծաղելի մի՛ լինեք: Իսկ ճշմարտախոսությունը գեղեցիկ է, նույնիսկ եթե խոստովանում եք, որ դրանից առաջ ինչ-որ առիթով խաբել եք և բացատրում եք, թե ինչու եք այդպես վարվել: Դրանով իրավիճակը շտկում եք: Ձեզ կհարգեն, և ձեր խելքը ցույց կտաք:

Մարդու պարզությունն ու «խաղաղությունը», ճշմարտախոսությունը, հագուստի և պահվածքի նկատմամբ հավակնոտության բացակայությունը. ահա մարդու ամենագրավիչ «ձևը», որը և դառնում է նրա ամենապերճաշուք «բովանդակությունը»: 

9-10-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

1Խոսքը քսաներորդ դարի մասին է (ծանոթ.՝ թարգմանչի)։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.