«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Գիտնականի ստեղծումը (1)

Հատված Ռիչարդ Ֆեյնմանի «Քեզ ի՞նչ, թե ուրիշներն ինչ են մտածում» գրքից

Ես մի նկարիչ ընկեր ունեմ, և նա երբեմն այնպիսի տեսակետ է արտահայտում, որի հետ ես համաձայն չեմ լինում: Նա վերցնում է ծաղիկը և ասում. «Նայի՛ր՝  ինչ հիասքանչ է»: Եվ անմիջապես ավելացնում է. «Նկարիչ լինելով՝ ես կարողանում եմ տեսնել ծաղկի գեղեցկությունը: Բայց դու, լինելով գիտնական, այն մասերի ես բաժանում և դարձնում անհետաքրքիր»: Ես կարծում եմ, որ նա մի քիչ աննորմալ է:

Նախ, նրա տեսած գեղեցկությունը հասանելի է նաև ուրիշներին, այդ թվում և ինձ, ինչում ես համոզված եմ: Չնայած որ ես, հնարավոր է, այնքան նրբաճաշակ չեմ գեղագիտական հարցերում, ինչպես նա, բայց ամեն դեպքում կարող եմ գնահատել ծաղկի գեղեցկությունը: Միևնույն ժամանակ ես ծաղկի մեջ ավելին եմ տեսնում, քան նա: Ես կարող եմ պատկերացնել այդ ծաղկի բջիջները, որոնք նույնպես օժտված են գեղեցկությամբ: Գեղեցկությունը գոյություն ունի ոչ միայն մեկ սանտիմետրի չափսերում, այլ նաև շատ ավելի փոքր չափսերում:

Գոյություն ունեն բջիջների բարդ գործունեությունը և ուրիշ բարդ պրոցեսներ: Հետաքրքիր է այն փաստը, որ ծաղիկների գույները բազմացել են էվոլյուցիայի ընթացքում, որպեսզի իրենց փոշոտման համար գրավեն միջատների ուշադրությունը, ինչը նշանակում է, որ միջատները կարողանում են տարբերել գույները: Այստեղից նոր հարց է առաջանում. գեղագիտական զգացողությունը, որով օժտված ենք, գոյություն ունի՞ արդյոք կյանքի ավելի ցածր ձևերում: Գիտության իմացությունը ծնում է բազմաթիվ հետաքրքիր հարցեր, այնպես որ այն միայն մեծացնում է հրճվանքը, գաղտնիքը և ակնածանքը, որը մենք զգում ենք ծաղիկը տեսնելիս: Միայն ավելացնում է: Չեմ հասկանում, թե ինչպես կարող է պակասեցնել:

Ես միշտ էլ շատ միակողմանի մարդ եմ եղել. ինձ միայն գիտությունն էր հետաքրքրում, և, երբ երիտասարդ էի, իմ բոլոր ջանքերը կենտրոնացնում էի դրա վրա: Այդ օրերին ես ո՛չ ժամանակ և ո՛չ էլ համբերություն ունեի, որպեսզի ուսումնասիրեի այն, ինչը կոչվում է հումանիտար գիտություններ: Նույնիսկ երբ համալսարանում դիպլոմ ստանալու համար մի քանի այդպիսի դասընթաց պիտի լսեի, ամեն հնարքով փորձում էի խուսափել դրանցից: Միայն տարիներ անց, երբ ավելի մեծացա և մի քիչ լիցքաթափվեցի, գիտությունից բացի ուշադրություն դարձրի նաև այլ բաների: Ես նկարել սովորեցի, սկսեցի գրքեր կարդալ, բայց առաջվա նման մնում եմ միանգամայն միակողմանի մարդ և շատ բան չգիտեմ: Իմ ինտելեկտը շատ սահմանափակ է, և ես այն օգտագործում եմ որոշակի ուղղությամբ:

Դեռ նախքան իմ ծնվելը հայրս մորս ասել էր. «Եթե տղա ծնվի, գիտնական է դառնալու»: Երբ ընդամենը մանչուկ էի, ով պետք է բարձր աթոռի նստեր  սեղանին հասնելու համար, հայրս մեծ քանակությամբ խոտանված, տարբեր գույների սալիկների կտորտանք բերեց տուն: Մենք դրանցով խաղում էինք. հայրս դրանք ուղղաձիգ դիրքով շարում էր իմ աթոռի վրա, ինչպես դոմինոյի քարերը, ես մի ծայրից հրում էի մեկին, և բոլոր սալիկները պառկում էին:

Շատ քիչ ժամանակ անցավ, և ես արդեն նրան օգնում էի սալիկները շարելիս: Շատ շուտով սկսեցինք դրանք ավելի բարդ ձևով դասավորել, երկու սպիտակ սալիկ, հետո մեկ կապույտ, և այդպես շարունակ: Երբ մայրս տեսավ դա, ասաց. «Երեխային հանգիստ թող: Եթե ցանկանում է կապույտ սալիկ դնել, թող դնի»:

Բայց հայրս ասաց. «Ոչ, ես ցանկանում եմ նրան ցույց տալ, թե ինչ են նախշերը, և դրանք ինչքան հետաքրքիր են: Դա կարծես տարրական մաթեմատիկա լինի»: Այսպիսով նա շատ շուտ սկսեց ինձ պատմել աշխարհի մասին և այն մասին, թե այն որքան հետաքրքիր է:

Մեր տանը «Բրիտանական հանրագիտարան» կար: Երբ ես փոքր էի, հայրս, սովորաբար, ինձ նստեցնում էր ծնկներին և այդ հանրագիտարանից հոդվածներ էր կարդում: Մենք կարդում էինք, ասենք, դինոզավրերի մասին: Գիրքը պատմում էր տրինոզավրի մասին և, ասենք, պնդում էր. «Այդ դինոզավրի բարձրությունը քսանհինգ ոտնաչափ էր, իսկ գլխի լայնությունը՝  վեց ոտնաչափ»:

Այստեղ հայրս դադարեցնում էր ընթերցանությունը և ասում. «Արի տենենք, թե ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ, եթե այդ դինոզավրը հայտնվեր մեր բակում, ապա գլուխը կարող էր պատուհանից ներս մտցնել»: (Մենք երկրորդ հարկում էինք): «Բայց նրա գլուխը շատ լայն է պատուհանից ներս մտցնելու համար»: Ամենը, ինչ նա կարդում էր, փորձում էր թարգմանել իրականության լեզվով:

Ես իսկական հրճվանք և անասելի հետաքրքրություն էի զգում, երբ մտածում էի, որ գոյություն են ունեցել այդ չափսի կենդանիներ, և, որ դրանք բոլորը ոչնչացել են. ընդ որում ոչ ոք չգիտի, թե ինչու: Արդյունքում չէի վախենում, թե դրանցից մեկը հանկարծ կարող է գլուխը իմ պատուհանից ներս մտցնել: Հորիցս սովորել եմ թարգմանել. ինչ որ կարդում եմ, փորձում եմ պարզել իսկական իմաստը, թե խոսքն իսկապես ինչի մասին է:

Մենք հաճախ էինք գնում Քեթսքիլ լեռները, ուր նյույորքցիները սովորաբար գնում էին ամռանը: Հայրերը շաբաթվա ընթացքում աշխատում էին Նյու-Յորքում և միայն հանգստյան օրերին էին գալիս: Հանգստյան օրերին հայրս ինձ տանում էր անտառ և պատմում այնտեղ տեղի ունեցող բազմաթիվ հետաքրքիր բաների մասին: Երբ դա տեսան մյուս մայրերը, նրանք մտածեցին, որ հարաշալի կլինի, եթե մյուս հայրերն էլ իրենց երեխաներին զբոսանքի տանեն: Նրանք փորձեցին «մշակել» իրենց ամուսիններին, բայց սկզբում ոչինչ չստացվեց: Հետո նրանք ցանկություն հայտնեցին, որ հայրս բոլոր երեխաներին տանի, բայց նա հրաժարվեց, քանի որ նրա հետ մեր հարաբերությունները հատուկ էին: Ի վերջո հաջորդ հանգստյան օրերին բոլոր հայրերը ստիպված էին իրենց երեխաներին զբոսանքի տանելու:

Հաջորդ երկուշաբթի, երբ մեր հայրերը գնացել էին աշխատանքի, մենք երեխաներով խաղում էինք բակում: Տղաներից մեկը մոտեցավ ինձ և ասաց. «Տեսնո՞ւմ ես այն թռչունը: Դա ի՞նչ թռչուն է»:

Ասացի. «Ամենևին պատկերացում չունեմ, թե դա ինչ թռչուն է»:

Նա ասաց. «Դա դարչնավիզ կեռնեխ է: Եվ ի՞նչ է հայրդ քեզ սովորեցնում»:

Բայց ամեն ինչ ճիշտ հակառակն էր: Նա ինձ արդեն սովորեցրել էր. «Տեսնո՞ւմ ես այն թռչունը,- ասում էր նա:- Դա Սպենսերի երգող թռչունն է»: (Գիտեի, որ նա իսկական անունը չգիտի:) «Իտալերեն դա կլինի Չուտտո Լապիտիդա, պորտուգալերեն՝  Բոմ դա Պեյդա, չինարեն՝  Չուն-լօն-տա, ճապոներեն՝  Կատանո Տեկադա: Դու կարող ես իմանալ այդ թռչունի անունը աշխարհի բոլոր լեզուներով, բայց, երբ այդ անունների թվարկումը վերջացնես, դու ոչինչ չես իմանա այդ թռչունի մասին: Դու կիմանաս միայն, որ աշխարհի տարբեր մասերում մարդիկ են ապրում և, թե ինչպես են նրանք կոչում այդ թռչունին: Դրա համար արի նայենք այդ թռչունին և տեսնենք, թե ինչ է անում՝  այ, թե ինչը նշանակություն ունի» (Ես վաղուց էի յուրացրել ինչ-որ բանի անունը իմանալու և դրա ինչ լինելը իմանալու միջև եղած տարբերությունը):

Նա ասաց. «Օրինակ՝  տես, թռչունը անընդհատ քչփորում է իր փետուրները: Տեսնո՞ւմ ես, նա քայլում է և քչփորում փետուրները»:

- Այո:

Նա ասում է. «Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են թռչունները քչփորում իրենց փետուրները»:

Ասացի. «Հնարավոր է, որ թռիչքի ժամանակ նրանց փետուրները կեղտոտվում են, դրա համար էլ նրանք քչփորում են, որ կարգի բերեն»:

- Լավ,- ասում է նա:- Եթե այդպես լիներ, ապա նրանք պետք է երկար քչփորեին թռիչքից անմիջապես հետո: Իսկ գետնի վրա որոշ ժամանակ անցկացնելուց հետո, նրանք արդեն չէին քչփորի իրենց փետուրները,- հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ասում:

- Ըհը:

Նա ասում է. «Արի նայենք, թե նրանք արդյո՞ք գետնին նստելուց անմիջապես հետո ավելի շատ են քչփորում իրենց փետուրները»:

Նկատելը դժվար չէր. գետնի վրա երկար ժամանակ ման եկող և հենց նոր իջած թռչունների միջև առանձնապես տարբերություն չկար: Այդ ժամանակ ասացի. «Դե լավ, հանձնվում եմ: Ինչո՞ւ են թռչունները քչփորում իրենց փետուրները»:

- Որովհետև նրանց անհագստացնում են ոջիլները,- ասում է նա:- Ոջիլները սնվում են այն սպիտակուցային շերտերով, որոնք հոսում են նրանց փետուրներից:

Նա շարունակեց. «Ոջիլի ոտիկներին մեղրամոմ կա, որոնցով սնվում են մանր տզերը: Նրանք ի վիճակի չեն ամբողջությամբ մարսել այդ նյութը, դրա համար էլ անջատում են շաքարի նման նյութ, որտեղ աճում են բակտերիաներ»:

Վերջապես նա ասում է. «Այսպիսով, տեսնում ես, որ ամենուրեք, որտեղ կա սննդի աղբյուր, գոյություն ունի կյանքի որևէ ձև, որը գտնում է այն»:

Հիմա գիտեմ, որ դրանք, հնարավոր է ոջիլ չէին, որ հնարավոր է, դրանց ոտիկներին տզրուկներ չեն ապրում: Այդ պատմությունը, հնարավոր է, ճշգրիտ չէր մանրուքներում, բայց այն, ինչ պատմում էր, ճիշտ էր սկզբունքորեն»:

Մի ուրիշ անգամ, երբ ավելի մեծ էի, նա ծառից մի տերև պոկեց: Տերևը արատ ուներ, բայց մենք դրա վրա սովորաբար ուշադրություն չենք դարձնում: Այն վնասված էր. դրա վրա «C» տառին նմանվող փոքր դարչնագույն գիծ կար, որը սկսվում էր տերևի մեջտեղում և ավարտվում տերևի եզրի մոտ:

- Նայիր այս դարչնագույն գծին,- ասաց հայրս:- Այն սկզբում նեղ է, բայց լայնանում է տերևի եզրի մոտ: Ի՞նչ է սա: Սա ճանճ է՝  կանաչ թևիկներով, դեղին աչքերով կապույտ ճանճ, որը եկել և այս տերևի վրա ձու է դրել: Հետո երբ այդ ձվից դուրս է գալիս թրթուրը, այն իր ողջ կյանքի ընթացքում ուտում է տերևը. հենց այստեղ է գտնում իր սնունդը: Տերևն ուտելով՝  նա իր ետևից թողնում է այս դարչնագույն հետքը: Թրթուրի մեծանալու հետ հետքն էլ լայնանում է, մինչև տերևի եզրին թրթուրը հասնում է իր վերջնական չափսին և ձևափոխվում է ճանճի՝ կանաչ թևիկներով, դեղին աչքերով կապույտ ճանճի, որը թռչում է և ձու է դնում մեկ ուրիշ տերևի վրա:

Ես էլի իմացա, որ այս պատմության մանրամասները չի կարելի բացարձակ ճիշտ համարել. դա կարող էր և բզեզ լինել, բայց բուն գաղափարը, որը փորձում էր հայրս ինձ բացատրել, կյանքի հետաքրքրական դերն էր՝ ամբողջ կյանքը միայն բազմացում է: Կարևոր չէ, թե որքան բարդ է այդ պրոցեսը, կարևորը այն կրկնելն է:

Ուրիշների հայրերի հետ շփվելու փորձ չունենալով՝ չէի գիտակցում, թե ինչ սքանչելի հայր ունեմ: Ինչպե՞ս էր նա իմացել գիտության խորը սկզբունքները, ինչպե՞ս էր սովորել դրանք սիրել: Հորս այդ մասին երբեք չեմ հարցրել, քանի որ կարծում էի, թե բոլոր հայրերը գիտեն այդ մասին:

Հայրս սովորեցնում էր ամեն ինչի ուշադրություն դարձնել: Մի անգամ խաղում էի «երկաթգծով»՝  փոքրիկ վագոն էր, որ կարող էր շարժվել ռելսերի վրայով: Վագոնի մեջ գնդիկ կար, և, վագոնը քաշելով, գնդիկի շարժման մի առանձնահատկություն նկատեցի: Գնացի հորս մետ և ասացի. «Լսիր, հայրի՛կ, տես, թե ինչ եմ նկատել: Երբ ես վագոնը քաշում եմ, գնդիկը գլորվում է դեպի վագոնի ետին պատը: Երբ վագոնը կտրուկ կանգնեցնում եմ, գնդիկը գլորվում է դեպի վագոնի դիմացի պատը: Ինչո՞ւ է այդպես լինում»:

- Դա ոչ մեկը չգիտի,- ասաց նա:- Հիմնական սկզբունքն այն է, որ շարժվող մարմինը ձգտում է պահպանել շարժման վիճակը, իսկ կանգնած մարմինը ձգտում է կանգնած մնալ, եթե իհարկե նրան ուժգին չես հրում: Այդ ձգտումը անվանում են «իներտություն», բայց ոչ մեկը չգիտի, թե ինչու այն կա:

Այ, սա է խորը ընկալումը: Նա ինձ այդ երևույթի միայն անունը չէր, որ ասաց:

Հետո նա շարունակեց. «Եթե կողքից նայես, ապա կտեսնես, որ դու գնդիկի նկատմամբ քաշում ես վագոնի ետին պատը, իսկ գնդիկը մնում է անշարժ: Բայց իրականում, շփման պատճառով, գնդիկը երկրի նկատմամբ սկսում է առաջ շարժվել: Բայց ետ չի գնում»:

Վազեցի փոքրիկ վագոնի մոտ, գնդիկը դրեցի դրա մեջ և նորից քաշեցի: Կողքից դիտելով, տեսա, որ իսկապես հայրս ճիշտ էր: Գնդիկը ճանապարհի նկատմամբ մի քիչ առաջ շարժվեց:

Այ, այսպես էր հայրս ինձ սովորեցնում՝ օգտագործելով այսպիսի օրինակները և զրույցները. ո՛չ մի հարկադրանք, ուղղակի հաճելի, հետաքրքիր զրույցներ: Այս ամենն ինձ համար խթան ապահովեցին մնացած ողջ կյանքի համար: Հենց այս պատճառով են ինձ հետաքրքրում բոլոր գիտությունները: (Ուղղակի այնպես եղավ, որ ֆիզիկայով զբաղվելն ավելի լավ է ստացվում):

Ես, կարելի է ասել, թակարդն ընկա մի մարդու նման, ում փոքր հասակում մի զարմանալի բան են տվել, և նա անընդհատ էլի դա է փնտրում: Երեխայի նման միշտ հրաշքներ եմ փնտրում, որոնք գիտեմ, որ կգտնեմ. և գտնում եմ՝  հնարավոր է ոչ միշտ, բայց երբեմն:

Մոտավորապես այդ շրջանում իմ զարմիկը, որ ինձանից երեք տարով մեծ էր, սովորում էր միջին դպրոցում: Նա դժվարանում էր հանրահաշվից, և նրա համար  հատուկ տնային ուսուցիչ էին վարձել: Ինձ թույլատրել էին նստել անկյունում, երբ ուսուցիչը փորձում էր նրան հանրահաշիվ սովորեցնել: Մի անգամ լսեցի, թե ինչպես է նա պատմում x-ի մասին:

Եղբորս հարցրի. «Ի՞նչ ես փորձում անել»:

- Փորձում եմ գտնել, թե 2x+7=15 հավասարման մեջ x-ն ինչի է հավասար:

Ասում եմ. «Նկատի ունես չո՞րսը»:

- Հա, բայց դու թվաբանություն կիրառեցիր: Այնինչ պետք է հանրահաշվի միջոցով գտնել:

Բարեբախտաբար հանրահաշիվը սովորեցի մինչև դպրոց գնալս: Կտուրում, հորաքրոջս հին դասագրքերի մեջ հանրահաշի մի դասագիրք գտա, և հասկացա, որ ամբողջ իմաստն այն էր, որ x-ը գտնես՝  կարևոր չէ, թե ինչպես: Ես տարբերություն չէի տեսնում՝ «թվաբանության» օգնությամբ, թե «հանրահաշվի օգնությամբ» այն կգտնես: «Հանրահաշվական եղանակով գտնել» նշանակում էր կուրորեն հետևել կանոնների որոշակի հաջորդականության, որոնք կհասցնեն պատասխանին. «հավասարման երկու մասերից հանիր 7, եթե գործակից կա, ապա երկու մասերն էլ բաժանիր այդ գործակցին».- և այդպես շարունակ,- քայլերի հաջորդականություն, որոնց միջոցով կարելի է գտնել պատասխանը, եթե չես հասկանում, թե ինչ ես ցանկանում անել: Այդ կանոնները հայտնագործել են, որպեսզի այն երեխաները, ովքեր հանրահաշիվ են սովորում, կարողանան քննություն հանձնել: Հենց այդ պատճառով էլ զարմիկս չէր կարողանում հանրահաշիվ սովորել: 

Մեր տեղական գրադարանում մաթեմատիկական գրքերի շարք կար, որն սկսվում էր «Գործնական թվաբանություն» գրքով: Հետո գալիս էր «Գործնական հանրահաշիվը», և դրանից հետո՝  «Գործնական եռանկյունաչափություն»: (Այդ գրքով սովորեցի եռանկյունաչափությունը, բայց շուտով ամեն ինչ մոռացա, քանի որ լավ չէի հասկացել): Երբ մոտավորապես տասներեք տարեկան էի, գրադարանը պետք է ստանար «Գործնական հաշիվ» (2): Մինչ այդ հանրագիտարանից իմացել էի, որ «Հաշիվը» շատ կարևոր և հետաքրքիր առարկա է, այնպես որ անպայման պետք է սովորեի:

Երբ վերջապես տեսա այդ գիրքը գրադարանում, շատ հուզվեցի: Մոտեցա գրադարանավարին, որպեսզի ձևակերպեմ և գիրքը վերցնեմ, բայց նա նայեց ինձ և ասաց. «Բայց դու շատ փոքր ես: Քո ինչի՞ն է պետք այս գիրքը»:

Դա իմ կյանքի քիչ դեպքերից էր, երբ անհարամար զգացի և ստեցի: Ասացի, որ գիրքը հորս համար եմ վերցնում:

Գիրքը տուն բերեցի և դրանով սկսեցի հաշիվ սովորել: Գիրքը ինձ շատ հասարակ թվաց: Հայրս էլ սկսեց կարդալ, բայց նրան գիրքը շատ բարդ ու խճճված թվաց: Այդ ժամանակ փորձեցի հաշիվը բացատրել նրան: Չգիտեի, որ նա այդքան սահմանափակ է, և դա ինձ մի քիչ անհանգստացրեց: Այդ ժամանակ առաջին անգամ գիտակցեցի, որ որոշ իմաստով ավելի շատ գիտեմ, քան նա:

Ֆիզիկայից բացի հայրս ինձ ուրիշ բաներ էլ էր սովորեցնում, օրինակ՝  անտեսել ինչ-ինչ բաներ, չգիտեմ՝ դա ճիշտ էր, թե ոչ: Օրինակ՝  երբ փոքր էի, ինձ նստեցնում էր ծնկին և ցույց տալիս «Նյու Յորք Թայմ» թերթում տպագրված լուսանկարներ. դրանք նոր էին սկսել թերթերում տպագրել:

Մի անգամ դիտում էինք Հռոմի պապի լուսանկարը, որի առաջ մյուս մարդիկ խոնարհվել էին: Հայրս ասաց. «Նայի՛ր այս մարդկանց: Ահա կանգնած է մի մարդ, և մյուսները խոնարհվել են նրա առաջ: Ի՞նչ տարբերություն կա նրանց միջև: Սա Հռոմի պապն է». նա, ի դեպ, հոգևորականներին տանել չէր կարողանում: Նա աաց. «Ամբողջ տարբերությունը նրա գլխին դրված գլխարկն է»: (Եթե գեներալ լիներ, տարբերությունը կլիներ ուսադիրները: Միշտ հարցը հագուստն է, համազգեստը, դիրքը): «Բայց,- ասաց նա,- այս մարդն էլ նույն խնդիրներն ունի, ինչը մյուսները. ուտում է, լողանում է: Նա ուղղակի մարդ է»: (Ի դեպ, հայրս համազգեստներ էր կարում, այդ պատճառով էլ լավ գիտեր համազգեստով և առանց դրա մարդկանց տարբերությունը. նրա համար դա նույն մարդն էր):

Կարծում եմ՝ հայրս ինձանից գոհ էր: Չնայած, մի անգամ, երբ տուն էի եկել ՄՏԻ-ից (3) (այնտեղ մի քանի տարի եղել եմ), ինձ ասաց. «Հիմա, երբ այս բոլոր հարցերի համար այսքան գրագետ ես դարձել, ցանկանում մի հարց տալ, որը ինձ միշտ հետաքրքրել է, և որին ոչ կերպ չեմ կարողացել պատասխանել»:

Հարցրեցի, թե ինչ հարց է:

Նա ասաց. «Հասկանում եմ, որ երբ ատոմը մի վիճակից անցնում է մյուսին, արձակում է լուսային մասնիկ, որին ֆոտոն են անվանում»:

- Ճիշտ է,- ասացի:

Նա ասաց. «Այդ ֆոտոնը նախօրոք կա՞ր ատոմի մեջ»:

- Ոչ, նախօրոք այնտեղ ֆոտոն չկար:

- Լավ,- ասաց նա,- բա որտեղի՞ց է հայտնվում: Ի՞նչ կերպով է դուրս գալիս:

Փորձեցի նրան բացատրել, որ ֆոտոնների քանակը հաստատուն չէ, որ դրանք ուղղակի առաջանում են էլեկտրոնների շարժման ժամանակ. բայց չէի կարողանում բավար չափով լավ բացատրել: Ասացի. «Դա նման այն ձայնին, որ հիմա արտաբերում եմ. առաջ այդ ձայնը իմ ներսում չկար»: (Լրիվ ուրիշ դեպք պատահից տղայիս հետ. երբ դեռ փոքր էր, մի անգամ հայտարարեց, որ այլևս չի կարող արտասանել «կատու» բառը, քանի որ իր բառերի պարկում այն սպառվել է: Գոյություն չունի բառերի պարկ, որտեղից պետք եղած դեպքում օգտվում ենք. նույն իմաստով էլ ատոմում չկա «ֆոտոնների պարկ»:)

Այս հարցում նա ինձանից գոհ չէր: Չէի կարողանում նրան բացատրել մի բան, որը ինքը չէր հասկանում: Այնպես, որ նրա բախտը չէր բերել. չէ՞ որ ինձ ուղարկել էր այդ բոլոր համալսարանները, որպեսզի դրանք իմանա, բայց այդպես էլ չիմացավ:
Չնայած մայրս ոչինչ չգիտեր գիտության մասին, բայց նա էլ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Օրինակ՝  նա օժտված էր հումորի հիանալի զգացողությամբ, և նրանից եմ իմացել, որ հասկանալու ամենաբարձր ձևերը, որոնց կարող ենք հասնել՝  ծիծաղն է և կարեկցումը:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյան

1) «Այս հոդվածը կարելի համարել մեթոդական ուղեցույց հայր և որդի փոխհարաբերություններում, ինչպես նաև դասվարների ու բնագիտության ուսուցիչների համար:
2) Հաշիվ - մաթեմատիկայի բաժին, որը մեզ մոտ ընդունված տերմինբանությամբ համապատասխանում է «Մաթեմատիկական անալիզի հիմունքներ»-ին:
3) ՄՏԻ - Մասսաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.