«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Ա. Խինչին

Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն (1)

Հայտնի է, թե միջնակարգ դպրոցի վրա ինչպիսի բազմակողմանի, մեծ և պտասխանատու խնդիրներ է դնում ՀԿԿ(բ)–ի XVIII համագումարը: Երրորդ հնգամյակը բարձր պահանջներ է ներկայացնում, մասնավորապես, երիտասարդ սերնդի մաթեմատիկական կրթությանը: Նրանց մակարդակը պետք է համապատասխանի սոցիալիզմի կառուցման բարձր փուլի նոր պահանջներին:

Ներկա պահին ընդհանուր մաթմատիկական կրթությունը այնպիսի մակարդակի է, որը շատ հեռու է ցանկալիից: Եվ սա առաջին հերթին վերաբերում է կրտսեր և միջնակարգ դպրոցներում դասավանդվող մաթեմատիկայի բոլոր բաժինների ծրագրերի թերություններին:

Վերջերս «Պրավդան» (3) առաջնորդող հոդվածում գրել էր. «Գլուխ չհանելով պոլիտեխնիկական կրթությունից  լուսժողկոմները (4) ստիպված էին դադարեցնել «աշխատանքային ուսուցումը» Բայց փոխարենը ոչինչ չառաջարկեցին: Մեր դպրոցների ծրագրերը շարունակում են կտրված մնալ կյանքից: Խորհրդային երիտասարդությանը պետք է բազմակողմանի, բայց իրական կրթություն, քանի որ դպրոցը երիտասարդներին պետք է պատրաստի աշխատանքի և խորհրդային պետության պաշտպանությանը»:

Այս խորը գնահատականը ճիշտ է հատկապես մաթեմատիկայի ծրագրերի վերաբերյալ: Եթե «Պրավդայի» հոդվածում բերված էր աշակերտի օրինակ, ով ծանոթ է էլեկտրոնների տեսությանը, բայց բնակարանում առաջացած էլեկտրական հասարակ անսարքությունը չի կարողանում վերացնել, ապա մաթեմատիկայի դեպքում վիճակն ավելի վատ է: Այստեղ ոչ միայն սովորողը չի տիրապետում բավարար գործնական հմտությունների, նաև ծրագրերը չեն ընդգրկում վերջին երեք դարերի գիտական մեծագույն հայտնագործությունները: Մեր  ծրագրերը ներկայացնում են նախահեղափոխական ծրագրերի անհաջող պատճենումը, և քիչ բացառություններով, աշակերտի գիտական զարգացումը պահում են XVII դարի մակարդակում: Մյուս գիտությունների դեպքում` ֆիզկայի, քիմիայի, կենսաբանության, դա անընդունելի է. միայն մաթեմատիկայի դեպքում, չգիտես ինչու, հաշտվում ենք:
Ամենակարևոր անհրաժեշտությունը դպրոցական ծրագրերում անվերջ փոքրերի անալիզի հիմունքների ներառելն է: Դրա օգտին է խոսում ամեն ինչ: Անվերջ փոքրերի մասին տեսությունը, անվիճելիորեն, դասվում է մարդկային մշակույթի մեծագույն ձեռքբերումների շարքում, ինչպես էվոլյուցիոն տեսությունը կենսաբանությունում  և մոլեկուլյար տեսությունները ֆիզիկայում ու քիմիայում: Դրա գործնական կիրառությունները անհաշվելի են: Եթե ցանկանում ենք բանվորի և կոլտնտեսականի գիտա-մշակությին մակարդակը հասցնել ինժեներա-տեխնիկական աշխատողի մակարդակի, ապա ինչպե՞ս կարող ենք հանգիստ նայել այն փաստին, որ դպրոցական մաթեմատիկական ծրագրերում բացակայում է այն, ինչը ժամանակակից տեխնիկայի մաթեմատիկական հիմքն է: Մանավանդ որ, անվերջ փոքրերի անալիզիը շատ կարևոր դերակատարում ունի սովորողների գիտական, դիալետիկա-մատերիալիստական աշխարհայացքի ձևավորման գործում: Էնգելսը բազմիցս ասել է, որ դիալեկտիկան մաթեմատիկա է մուտք գործում դիֆերեցիալ և ինտեգրալ հաշիվների հետ, և մենք` մաթեմատիկոսներս շատ լավ գիտենք, թե որքան ճիշտ են այդ խոսքերը:

Դպրոցական ծրագրերում անվերջ փոքրերի անալիզի ներառման դեմ հնչող առարկությունները կա´մ սխալական են, կա´մ նշում են դժվարություններ, որոնք հաղթահարելի են` առանց դպրոցին վնասելու: Ճիշտ չէ, երբ պնդում են, թե մաթեմատիկայի այս բաժնի յուրացումը սովորողների համար դժվար կլինի. ովքեր ժամանակին սովորել են ռեալական դպրոցում, հիշում են, որ անալիզի հիմունքների յուրացումը ավելի հեշտ էր ընթանում, քան տարածաչափության շատ գլուխներինը, էլ չեմ խոսում երկրաչափության գլուխկոտրուկային խնդիրների մասին: Ճիշտ չէ, որ անալիզի դասավանդումը անհաղթահարելի կլինի ուսուցիչների համար. և´ երտասարդ, և´ տարիքով ուսուցիչները, լավ դասագրքի ու բարի կամքի առակայությամբ, հեշտությամբ կհաղթահարեն այդ խնդիրը: Վերջապես, ճիշտ չէ նաև այն, որ դպրոցական, առանց այդ էլ ծանրաբեռնված ծրագրերում հնարավոր չէ ընդգրկել անալիզի հիմունքները: Իսկապես, այդ ծրագրերը ծանրաբեռնված են, բայց պետք է ուշադիր նայենք, թե ինչով են ծանրաբեռնված. դրանցում շատ են այնպիսի նյութերը, որոնք չունեն ո´չ գործնական կիրառություն, ո´չ աշխարհայացքային նշանակություն և ծրագրերում պահպանվում են միայն սովորույթի ուժով:  ինչպիսի՞ գաղափարա-դաստիարակչական նշանակություն ունեն անկանոն եռանկյունների լուծման տարբեր տեսակի «մասնավոր դեպքերը», «հակադարձելի» և «եռանդամ» ամեն տեսակի այլ հավասարումները, տարածաչափական գլուխկոտրուկային խնդիրները և այլն, և այլն: Ի՞նչ համեմատություն կարող է լինել անվերջ փոքրերի անալիզի հետ, ինչը արդեն մոտ երեք հարյուր տարի հանդիսանում է մաթեմատիկական գիտության հիմնական գաղափարական հիմքը և բնագիտության ու տեխնիկայի հիմնական զենքը: Առանց ափսոսանքի և առանց տատանվելու պետք է դպրոցական ծրագրերից դեն գցել այն բոլոր հնությունները, որոնք պահպանվում են, քանի որ այդպես են սովորել մեր «հայրերն ու պապերը»: Եթե մենք «յատ» (5) տառը հանել ենք ուղղագրությունից, չի կարելի թույլ տալ, որ այն բույն դնի դպրոցական մաթեմատիկայում:

Իհարկե, դպրոցական դասընթացում անվերջ փոքրերի անալիզի ներառումը չի ենթադրում, որ պետք է պատճենենք ռեալական դպրոցի ծրագիրը, որտեղ մաթեմատիկայի ամբողջ դասավանդումը տարվում էր տարրական մաթեմատիկայի ոգով և ոճով, ու միայն վերջին դասարանում, մեխանիկական կցորդի ձևով, անցնում էին անալիտիկ երկրաչափության և դիֆերենցիալ ու ինտեգրալ հաշվի տարրերը: Հասկանալի է, որ մենք ցանկանում ու պահանջում ենք ավելին: Ծրագրերը պետք այնպես կառուցված լինեն, որ փոփոխական մեծությունների և ֆունկցիոնալ կախվածության գաղափարները, ինչը դիալեկտիկական աշխարհընկալման հիմնական առնձնահատկության մաթեմատիկական արտահայտությունն է, հնարավորին չափ շուտ յուրացվեն աշակերտների կողմից և դառնան  մաթեմատիկայի դպրոցական դասընթացի հիմնական առանցքը: Անալիզի տարրերը ծրագրի «հավելվածը» չպետք է լինեն, այլ պետք է լինեն ծրագրի հիմնական հունում, կազմեն դրա անբաժանելի օրգանական մասը, պետք է անքակտելի թելերով կապված լինեն ծրագրի ամբողջ հիմնական թեմատիկայի հետ:
Պարզ է, որ այդպիսի ծրագրի ստեղծումը չափազանց բարդ և պատասխանատու խնդիր է, և անհնար է լուծել առանց ամբողջ գիտական հասարակության գործուն մասնակցության: Մի քանի տարի առաջ մեր մաթեմատիկական հասարակությունը միջոցառումներ ձեռնարկեց, որպեսզի դպրոցական մաթեմատիկայի ծրագրում հատուկ ուշադրություն դարձվեն այնպիսի հարցերի, ինչպիսին է գիտական մտածողության ինտենսիվության և ակտիվության զարգացումը: Խոսքն այն ժամանակ խնդիրների մակարդակի բարձրացման մասին էր: Հիմա այդ պայքարը զգալի հաջողությունների է հասել: Տարբեր օլիմպիադաների կազմակերպումը, հին խնդրագրքերը նոր բովանդակությամբ լրացնելը, ավելի դժվար խնդիրների ժողովածուների կազմումը, դրանց նկատմամբ ուսուցիչների ուշադրության հրավիրումը. այս ամենը հանգեցրեց նրան, որ հիմա դպրոցն ավարտողները խնդիր ավելի լավ են լուծում, քան մի քանի տարի առաջ: Հիմա գլխավոր խնդիրն այլ է: Մենք` բարձրագույն դպրոցում դասավանդողներս, լավ գիտենք, որ միջնակարգ դպրոցից մեզ մոտ եկող ուսանողների հիմնական թերությունը ոչ թե մաթեմատիկական տեխնիկային վատ տիրապետելն է, այլ գաղափարական մակարդակի անթույլատրելի ցածր և անկայուն լինելը: Նույնիսկ մեր լավագույն ուսուցիչները, որ իրենց սաների խնդիր լուծելու կարողությունը հասցնում են վարպետության, բավարար ուշադրություն չեն դարձնում նրանց գաղափարական զարգացմանը: Զրոյի և անվերջության հետ սովորողների վարմունքն այնպիսին է, որ բարձրագույն դպրոցն ստիպված է լինում իր սաների մեջ արմատախիլ անել այն հակագիտական պատկերացումները, որոնք ներարկել է միջնակարգ դպրոցը: Լոգարիթմական հաշվարկները վարպետորեն կատարող աշակերտը հաճախ չի կարողանում հաշվել 10lg7-ը և փորձում է օգտվել աղյուսակներից. փաստորեն չի հասկացել, թե ինչ է լոգարիթմը: Վերջերս հին ուսուցիչներից  մեկը մի խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ «դպրոցում գաղափարների ետևից ընկնելու ժամանակ չունենք, մենք հազիվ հասցնենք սովորեցնել գործնականում հաշվարկներ կատարել և խնդիր լուծել»: Արժե՞ ասել, որ այդպիսի մոտեցումը խորհրդային դպրոցի համար անընդունելի է: Մեր երկրում, որտեղ յուրաքանչյուր բանվորը արտադրության գիտակից մասնակիցն է, չի կարող տեղ գտնել դպրոցական մաթեմատիկայի խնդիրների նկատմամբ բուրժուական մոտեցումը` սահմանափակելով դրանք մերկ, անգաղափար դեղատոմսերով, գործնական հմտություններվ, որոնք ոչ մի գիտական հորիզոն չեն բացում: Կարծում ենք, որ նոր ծրագրի հիմնական հոգսերից մեկը պետք է լինի սովորողների գաղափարական մակարդակի բարձրացումը, նրանց աշխարհայացքի ընդարձակումը, և որ դասավանդումը լինի ժամանակակից գիտությանը համահունչ, ոչ թե հարյուրամյակների հեռավորությունից:
Եթե այդպիսի ծրագրի ստեղծումը դժվար խնդիր է, ապա, անշուշտ, դրա իրագործումն ավելի դժվար խնդիր է: Այստեղ անհրաժեշտ է բացառիկ զգուշություն և աստիճականություն: Նոր դասագրքերի և մեթոդական ուղեցույցների ստեղծում, ընդհանուր և մասնագիտական մամուլում նոր ծրագրերի ներկայացում և լուսաբանում, ուսուցիչների մեծ մասի մեթոդական և գիտական վերապատրաստում, մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններում մանկավարժական փորձառության վերակազմակերպում. ահա միջոցառումների ոչ լրիվ ցանկ, որ անհրաժեշտ է ծրագրված իրականացնել` մի մասը նախքան ծրագրի ներմուծումը, մյուսները` ծրագրի ներդրմանը զուգահեռ: Այս միջոցառումների իրականացման գործում մեր գիտական հասարակությունը պետք է իր վրա վերցնի ղեկավարման դերը` դա համարելով իր ամենակարևոր և պատասխանատու խնդիրներից մեկը Խորհրդային պետության հանդեպ:
Հարկ կլինի մանրամասն կանգ առնել ուսուցիչների պատրաստման վրա, լայն առումով` համալսարաններ, մանկավարժական ինստիտուտներ և ուսումնարաններ, առանձին դասընթացներ, այդ թվում` նաև հեռակա ուսուցմամբ:
Ինչպիսի ծրագրեր էլ որ հորինենք, ինչպիսի լավ դասագրքեր ու մեթոդական ուղեցույցներ էլ ստեղծենք, վերջին հաշվով դասավանդման գործում հաջողությունը որոշվում է ուսուցիչների մակարդակով: Այս հարցում վիճակն այնքան էլ լավ չէ, և հստակ կարելի է նշել, որ դրա պատճառը ուսուցիչների մեծ մասի գիտական անբավարար մակարդակն է: Չի կարելի ուսուցչից պահանջել, որ նրա դասավանդումը լինի համահունչ ժամանակակից գիտական հայացքներին և դրույթներին, եթե ինքը վստահ չի տիրապետում այդ դրույթներին: Երբ տեսնում ենք ուսուցչի կազմակերպված անօգնականությունը, առարկան պարզ, հետաքրքիր, գործնականում կիրառելի դարձնելու նրա անկարողությունը, համարյա միշտ, դա հետևանք  է ուսուցչի գիտական անբավարար մակարդակի, նրա գիտական անհասունության և ոչ ինքնուրույնության: Եթե, ենթադրենք, երկու ինչ-որ գլխի հաջորդականությունը դասագրքում այնպես չէ, ինչպես ծրագրում, ապա մեզանում դրան վերաբերվում են որպես աղետի, որպես կազմակերպական խզման. վթարային պայմաններում կազմում են հրահանգներ, մեթոդական ցուցումներ, հաճախ անորակ` շտապողականության պատճառով, մեղադրանքներ են հնչում դասագրքերը և ծրագիրը կազմողների հասցեին: Մինչդեռ ցանկացած ուսուցիչ, ով կարողանում է ոչ միայն դասավանդել ըստ պատրաստի հրահանգների, այլ նաև մի քիչ մտածել գիտականորեն, այս փոքրիկ դժվարությունը կարող է ինքնուրույն հաղթահարել` առանց կողմնակի մեթոդական որևէ օգնության:

Պետք է շիտակ ասել. մենք ապագա ուսուցիչներին շատ բան ենք սովորեցնում, այդ թվում շատ ավելորդ բան, բայց չենք սովորեցնում ամենգլխավորը, ինչն անհրաժեշտ է ուսուցչին` մանկավարժական պրոցեսի գիտական կազմակերպիչը և գիտա-կոմպետենտ տերը լինելու կարողությունը: Վերջին ժամանակներս մամուլը և հատկապես «Ոսուցչական թերթը» (6) մեծ ուշադրություն են դարձնում մանկավարժական կրթությանը. դրա էջերում բարձրագույն դպրոցի (7) կոմիտեի և լուսժողկոմի պատասխանատու աշխատողները օգտակար և կարևոր միջոցառումների ամբողջ շարք են առաջարկում մանկավարժական կրթությունը կանոնավորելու համար: Բայց, չգիտես ինչու, այդ բոլոր հոդվածները շրջանցում են հիմնական թերությունը:

Կարդացեք բարձրագույն դպրոցի կոմիտեի կամ լուսժողկոմի` մանկավարժական բարձրագույն դպրոցին ուղղված ցանկացած հրաման, որում տրվում է դրանց աշխատանքի գնահատականը և առաջարկվում են աշխատանքների բարելավվմանն ուղղված միջոցառումներ: Դուք կկարդաք տնօրենի(8), դեկանների, ամբիոնների վարիչների սխալները մատնանշող տեղեկություններ, տնօրենի կարգադրություններ` դեկաններին և ամբիոնների վարիչներին, բայց համարյա չեք գտնի սովորողի թերությունները մատնանշող տեղեկություն կամ ուսանողին ուղղված կարգադրություն: Հաճախ այդ փաստաթղթերից չի էլ երևում, որ բուհերում տնօրենից, դեկաններից, ամբիոնների վարիչներից բացի կան նաև ուսանողներ:

Սա շատ բնորոշ է մեր բոլոր բարձրագույն դպրոցների աշխատաոճին: Ուսանողին համարում են ոչ թե որպես հասուն և պատասխանատու մասնակցի, այլ որպես աշխատանքի օբյեկտի, ում հաջողությունների համար պատասխանատու են տնօրենը, դեկանը, պրոֆեսորը: Եթե ուսանողը վատ է սովորում, բարի եղեք մեղավորին փնտրել տնօրենի կաբինետում, դեկանատում, պրոֆեսորական սենյակում. ուսանողներին վերապահված է արտադրական նյութի դերը, ումից, իհարկե, ոչինչ չես կարող պահանջել:

Ուսանողն իր ուսումնական պրոցեում ոչ մի բան չի կազմակերպում: Ուսումնառության առաջին օրվանից սկսած մինչև վերջինը` պետական քննության օրը, նրա փոխարեն ամեն ինչի մասին մտածում են տնօրենը, դեկանը, պրոֆեսորները: Օրական վեց ժամ ուսանողը նստում է դասավանդողի ղեկավարությամբ անցկացվող դասախություններին կամ այլ պարտադիր պարապմունքներին: Հետո նա պետք է «վերամշակի», այսինքն անցածը կրկնի արած նշումներով կամ որոշակի դասագրքով: Հետո նա պետք է քննություն հանձնի, ընդ որում այստեղ էլ է նա զրկված գոնե արտաքին կազմակերպչական որևէ մասնակցությունից: Մանկավարժական բուհի ղեկավարության միջոցառումները` ուղղված ուսանողների «աշխատանքի ինքնուրույնության խթանմանը» ծիծաղելի են: Խթանելու փոխարեն նրանք ամեն ինչ անում են դրանք արմատում խեղդելու համար:

Երբ խոսք է լինում «ինքնուրույն աշխատանքի» մասին, ապա անմիջապես նշում են խորհրդատվությունները: Թո´ղ շատանան խորհրդատվությունները: Իսկ իրականում ի՞նչ է դա նշանակում: Իրականում դա նշանակում է, որ ինչ-որ մանրուք չհասկացած ուսանողը ինքնուրույն դրա պատասխանը փնտրելու փոխարեն, ինչը նրանից կխլեր երևի տասը րոպե, վարժվում է անմիջապես դիմելու դասախոսին` պատրաստի պատասխանը ստանալու համար: Իրականում դա նշանակում է, որ ուսանողը որևէ թեորեմի ապացույցը մի քանի տարբեր գրքերում փնտրելու փոխարեն (բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են դաստիարակում փնտրելու կարողությունը), գնում է դասախոսի մոտ և ստանում սպառիչ հղում, թե որ գրքի, որ էջում կա այդ ապացույցը: Եվ սրանք կոչվում են ինքնուրույն աշխատանքը խթանող միջոցառումներ:

Ենթադրենք ուսանողները գիտական խմբակ են կազմակերպում. իսկապես հիանալի նախաձեռնություն է: Բայց որպեսզի «խթանեն ինքնուրույնությունը», դասավանդողները պետք է կազմեն բոլոր թեմաների ցուցակները և դրանց հաջորդականությունը, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մինչև էջի ճշտությամբ նշեն գրականությունը, հետո ուսանողներին զեկուցումներին նախապատրաստելու համար կազմակերպեն խորհրդատվություններ: Մի խոսքով, ուսանողների կողմից նախաձեռնած գաղափարը վեր է ածվում սովորական պասիվ ուսուցման պրոցեսի: Մանկավարժական բուհի ղեկավարությունը խմբակների գործունեության մասին տեղեկություններ տրամադրելը համարում է ոչ թե ուսանողների պարտականությունը, այլ ամբիոնների վարիչներինը, համարելով, որ խմբակների գործունեությունը նույնքան սովորական և կանոնակարգված պետք է լինի, ինչպես սովորական պարապմունքները:

Դեռ ավելի հեռուն են գնում: Ուսանողներին «ինքնուրույն աշխատանքում» օգնելու համար յուրաքանչյուրին կցում են մի դասավանդողի, ինչը ամենաբացահայտ կրկնուսուցում է նշանակում: Հայտնի են դեպքեր, երբ պետական քննություններից առաջ ցանկացել են բոլոր ուսանողներին նման ձևով կցել մի դասավանդողի և միայն գիտական աշխատողների համառ դիմադրությունն է խափանել այդ վնասակար ձեռնարկումը:
Միևնույն ժամանակ ֆակուլտատիվ դասընթացները և սեմինարները, այսինքն այն, ինչը իսկապես նպաստում է ինքնուրույն աշխատանքին, մեր մակավարժական բուհերում հանված են: Պատահում է, որ պրոֆեսորը սիրով կստանձներ այդպիսի դասընթացի դասավանդումը, և ուսանողններն էլ ցանկանում են նրան լսել, բայց տնօրենը և դեկանը ամեն ինչ անում են, որ այդ դասընթացը չկայանա: Այս տարօրինակ և առաջին հայացքից անհասկանալի միտումի հիմքում  ընկած է այն անմիտ անհանգստությունը, որ ուսանողները կարող են տարվել այդ գիտությամբ, ինչը կվնասի օրինականացված անգիրին:

Այս և նման շատ «միջոցառումների» արդյունքում մանկավարժական բուհի ուսանողը շատ արագ վեր է ածվում մեզ լավ ծանոթ էակի, ով ամբողջությամբ, ընդհուպ մինչև պետական քննությունը, կլանված է այն հոգսով, որ ձևականորեն անգիր անի հանձնարարաված նյութը այս էջից մինչև այն էջը և անգիր արածը թմբկահարի քննության ժամանակ: Բոլորս լավ ծանոթ ենք պետական քննություններից առաջ այդ չարաբաստիկ «խորհրդատվություններին», որտեղ ոչ մի գիտական հարց չես լսի, բայց փոխարենը համառորեն խնդրում են հեղինակավոր կարծիք հայտնել այս կամ այն թեորեմի մասին`«պետք է, թե պետք չէ այն իմանալ»: Պե՞տք է իմանալ ֆունկցիայի անընդհատության երկու սահմանումները, թե բավական է մեկը անգիր անել: Պետական քննությանը նման նախապատրաստվողների հետ հանդիպման ժամանակ կրթական գործով շահագրգիռ մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում:

Ի՞նչ կարելի է սպասել նման կերպով դաստիարակված ուսուցչից: Ինչպե՞ս կարող է ամբողջ դասարանի գործունեությունը կազմակերպել մի մարդ, ումից ուսման չորս տարիների ընթացքում ամեն միջոցներով խլել են նույնիսկ սեփական ուսուցումը կազմակերպելու բոլոր հնարավորությունները: Արդյո՞ք սա նման չէ լողի հրահանգիչներ պատրաստող այն դպրոցին, որը իր սաներին մինչև պետական քննությունը թույլ է տալիս ջուրը մտնել միայն փրկարար օղակով:

Շարունակությունը

1) Հոդվածը գրվել է 1939թ., բայց դրանում քննարկված հարցերի մեծ մասը մինչև հիմա էլ չլուծված են մնում: (թարգմ.)
2) ՀԿԿ(բ)- Համամիութենական կոմունիստական կուսակցություն(բոլշևիկյան) (թարգմ.)
3) ՀԿԿ(բ)-ի թերթը (թարգմ.)
4) Լուսժողկոմը-այն ժամանակվա նախարարությունը
5) Ռուսական այբուբենի տառ, որը 1918թ. ռեֆորմով կիրառությունից հանված է (թարգմ.):
6) «Учительская газета»- Սովետական Միության ուսուցիչների թերթը: Ռուսաստանում մինչև հիմա էլ թերթը հրատարակվում է: (թարգմ.)
7) Այն ժամանակ այդպես էին անվանվում հիմիկվա ինստիտուտները: (թարգմ.)
8) Հիմա` ինստիտուտի ռեկտոր (թարգմ.)

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.