Պարող դպրոց
Primary tabs
«Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով: Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին շարժումներու զարգացումը»: Կոմիտաս
«Պարը լեզու է. ինչպես խոսելու լեզուն, երաժշտական լեզուն, ճարտարապետական լեզուն, կերպարվեստի լեզուն և այլն: Լեզուն մի բան փոխանցելու միջոց է, ուրեմն կարևոր է նախ և առաջ ոչ թե ընդհանրապես պարը, այլ այն բովանդակությունը, ոգին, զգացումը և այլն, որը փոխանցում է մեր ազգային բնավորության, ոգու, արյան լավագույն և ազնվագույն մասը: Այդ պարը քչերն են տեսել, բայց, ի վերջո, մի օր հասնելու է մեր երեխաներին»: Արթուր Շահնազարյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 8 տարեկանից սովորել եմ հայկական ազգային երգերը, պարերը, խաղացել խաղերգերը, ծանոթացել և կատարել ծիսական գործողություններ, եղել եմ ճիշտ միջավայրում: Ինձ համարում եմ այն երջանիկ մարդկանցից, որ պատիվ է ունեցել լինելու Ռուդիկ Հարոյանի սանը։ Նա՝ որպես ազգայինի կրող, ապրում էր և մինչև վերջ ապրեց այդ ամենով: Եվ, զարմանալի չէ, որ ինչքան էլ լինեմ արդիական մշակութային դաշտում, մեկ է, գալիս եմ նորից դեպի ազգայինը: Եթե այն ամենա-ամենան է, ինչպե՞ս հեռանամ և ու՞ր: Արթուր Շահնազարյանն իր «Պարը դպրոցում» հոդվածում գրում է, որ Կոմիտասը հայ մանկան դաստիարակության առաջնային պայմանը համարում էր պարը: Հոդվածը կարդում ես անհագ ու յուրաքանչյուր տողը, միտքը անցկացնում մարմնիդ ու հոգուդ բոլոր բջիջներով, ներծծվում դրանով: Դա էլ է եզակի երջանկություն՝ հանդիպել ամենը կրողին, լինել նրա կողքին, վերցնել ազգային մշակութային հարստությունն ու այդ ամենով ապրել:
Բնական է, որ միշտ մեծ ոգևորությամբ եմ աշխատել սովորողների ու դասավանդողների հետ։ Ուսումնական տարեսկզբին որոշեցինք ստեղծել դասավանդողների պարային համույթ: Մինչ այդ մենք միասին մեկ պար պարել էինք, բայց, ավա՜ղ, գործը շարունակական չէր եղել: Չի կարող մեկ անգամ պարած պարը կատարել այն դերը, որի մասին ասում է տիար Շահնազարյանը: Դա անընդհատ աշխատանք է, ապրելակերպ, պետք է ցանկանալ և գտնել ժամանակ, պարել ոչ թե ներկայանալու, այլ ինքդ քեզ համար, ունենալ պարելու պահանջ:
Այսպես իմ շուրջ համախմբվեցին Նոր դպրոցի բոլոր այն դասավանդողները, ովքեր ունեին այդ պահանջը, ցանկությունը, կարևորում են պարը՝ գիտակցելով, որ այդ կերպ օրինակ են դառնում սովորողների համար։ Սկսեցինք Հայաստանում ամենատարածված «Գովնդ»-ով: Ես երգում էի, դասավանդողները՝ պարում, ոմանք «վերցնում» էին երգն ինձանից ու շարունակում: Ովքեր չգիտեն, պարզեմ՝ ինչպես է մեկից մյուսը փոխանցվում հայ երգը, պարերգը: Երբ մեկը երգում է, իսկ պարը շարունակվում է, պարողներից մեկը վերջին արտահայտությունը կամ բառը միաժամանակ երգում է և շարունակում, իսկ նախորդ երգողը լռում է: Այսպես մեկը մյուսի «ձեռքից վերցնում» է երգը և դրանով երգողին փոքր-ինչ «շունչ քաշելու» հնարավորություն տալիս:
Այսպես, սկսեցինք ուղղակի պարել, հետո որոշեցինք հերթով սովորել մյուս պարերը: Կարողանալ համախմբել կրթահամալիրի ծանրաբեռնված դասավանդողի հետ դասերից հետո․ ահա թե ո՛րն էր մեր գործի մեջ ամենադժվարը: Բայց, ինչպես ասում են՝ ցանկություն լինի: Չեմ ասի, որ հեշտ է եղել կամ հեշտ է, դժվար է, մեծ ջանքեր են պահանջվում: Շարժումը հեշտ է յուրացվում, բայց առանց պարային զգացողության մնում է դատարկ: Այնուամենայնիվ հաղթահարեցինք, պարեցինք մեր պարը՝ վերացած ամեն ինչից, էնպիսի զգացողությամբ, կարծես մի աշխարհ երջանկություն էին տվել յուրաքանչյուրիս, մենք էլ բաժանում էինք այն բոլորին: Կրթահամալիրի մեդիաուրբաթներին ներկայացրեցինք «Քերծի», «Իշխանապար», «Յարխոշտա» «Էջմիածնի» պարերը: Ու էլի ենք պարելու, կարևոր չի՝ որը կպարենք, կարևորն այն է, որ ուզում ենք ու կարող ենք:
Այս նույն սկզբունքով աշխատում եմ իմ սովորողների հետ: Նրանք շատ լավ գիտեն, որ պարը շարժում չէ, որ շարժումը ընդամենը արտահայտչամիջոց է, կարևոր է իմանալ՝ որն է ասելիքդ, որը ներկայացնում ես պարի լեզվով: Սկսում ենք հայկական պարային պարզ շարժումները պարերգերի ուղեկցությամբ կատարելուց: Պարերգերը կատարում են սովորողները։ Պարաքայլը պետք է «խոսի» պարերգի հետ, կատարվի համաչափ, ճոճքով, թեթև զսպանակներով, ոտքերը թեթև ծալված վիճակից մինչև վերջ չուղղելով, ձեռքերը լրացնում և ամբողջական են դարձնում մարմնի ու հոգու պարը:
Պարում ենք նախ դանդաղ, ապա՝ արագ պարերգերի ուղեկցությամբ: Բացի պարերգերից, պարում ենք նաև ավանդական պարեր: Մեդիաուրբաթներից մեկին սովորողները ներկայացրեցին «Թաշկինակներով պարը», որը սովորել եմ Ռուդիկ Հարոյանից: Դպրոցի ընդհանուր պարապմունքներին բոլորը պարտադիր պարում են հայկական ավանդական պարեր, որոնք ուսուցանվում են դասերի ընթացքում: Կրթահամալիրի բոլոր օղակներում էլ պարում են բոլորը՝ մեծով, փոքրով, ստեղծվել և գործում են դասավանդողների համույթներ: Իսկական ազգային դպրոց է՝ երգող-պարող դպրոց:
Վերջերս կրթահամալիրում էր Գագիկ Գինոսյանը, որին մեծ ուշադրությամբ ու սիրով ունկնդրեցինք, իսկ վերջում միասին պարեցինք մեր ազգային պարերից: Ոգևորությունը չավարտվեց մեկ անգամ հանդիպումով, և շատ շուտով մեզ հյուրնկալվեց «Կարին» ազգագրական համույթը, որի հիմնադիրն ու ղեկավարն է Գագիկ Գինոսյանը: Տպավորիչ հանդիպում էր, որտեղ պատահական մարդ կամ հանդիսատես չկար, բոլորը պարում էին, երգում, ուրախանում ու մանկացած հրճվում:
«Ես վստահ եմ, որ մեր հարազատ պարը, ի վերջո, մուտք կգործի դպրոց (հիմնովին) և կապրի իր հարազատ տանը՝ մեր մանուկների մտքում ու սրտում»: Արթուր Շահնազարյան
- Բացվել է 1644 անգամ