Հրաժարում անգլերենի դասավանդման շտեմարանային-դասագրքային սահմանափակվածությունից

Տարիներ շարունակ հրաժարվել եմ Ավագ դպրոց-վարժարանում գործածելուց Հայաստանի պետական հանրակրթական դպրոցների համար նախատեսված անգլերենի առարկայական դասագրքերը, քանի որ դրանք չեն նպաստում լեզվական հաղորդակցական կարողությունների զարգացմանը, իսկ 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում սկսեցի աստիճանաբար հրաժարվել նաև որևէ արտասահմանյան դասագրքից՝ ապավինելով միայն մանկավարժության կառուցողական սկզբունքին, համացանցում առկա անսպառ բովանդակության ազատ ընտրությանը և լեզվի ուսուցման նախագծային ձևին: Ամբողջ տարվա ընթացքում աշխատել եմ պահպանել «Ավագ դպրոցի անգլերենի ընդհանուր և ընտրությամբ դասընթացների ծրագրում» նշված մանկավարժական մոտեցումները:

Նախագծային աշակերտակենտրոն ուսուցում

Ըստ կրթելու և կրթվելու, ուսուցման և ուսանելու, սովորեցնելու և սովորելու ավանդական գործընթացի սովորողին տրվում էր, բացատրվում էր, փոխանցվում էր պատրաստի գիտելիքը և սպասվում էր, որ սովորողը այն «վերադարձներ» գիտելիքների ստուգման ժամանակ: Եթե նա վերադարձնում էր իր ստացածը, համարվում էր, որ գիտելիքն արդեն ձեռք է բերված և այն հիշվելու է իր ամբողջ կյանքի ընթացքում:

Պարտաճանաչ աշակերտն իհարկե սովորում է դասագրքում տպված մի ինչ-որ վեպից հատվածը, ինչքան էլ լինի, որպեսզի կարողանա վերապատմել դասի ընթացքում և ստանալ իր հերթական բարձր գնահատականը, բայց ընդամենը մի քանի օր հետո այդ տեքստն իր բովանդակությամբ ու չօգտագործվող բառապաշարով մոռացվում է: Արդյունքը միայն «սրբության սրբոց» մատյանում նշված բաղձալի գնահատականն է, որը շատ աղոտ ձևով է գնահատում սովորողի գիտելիքներն ու կարողությունները: Կրթական բարեփոխումների հիմնական առանցքը կազմում է անցումը դեպի կառուցողական կրթությանը`աշակերտակենտրոն կրթությանը` ուսուցման խնդիրների և գործընթացի անհատականացմանը: Այս սկզբունքին համապատասխան դասագրքեր դեռ չեն ստեղծվել: Իսկ միգուցե պետք էլ չէ ստեղծել դասագրքեր և բավարարվել միայն ուսուցման գործընթացի կազմակերպմանը վերաբերող դասավանդողների համար ստեղծված ուղեցեւյցներո՞վ: Ուսումը շատ ավելի հետաքրքիր է դառնում, իմաստ է ստանում, երբ սովորողն ինքն է կռահում, ստեղծում և շարադրում այն, ինչը արժանի է իմանալու և անելու: Նախագծային աշակերտակենտրոն ուսուցումը հիմնվում է հենց այս նպատակաուղղվածությանը:

Ինչի՞ց սկսեցի և ինչպե՞ս կազմակերպեցի անգլերենի անդասագիրք նախագծային ուսուցումը Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանում 2014-2015 ուստարում: Նախ պետք է խոստովանեմ, որ նախագծային ուսուցումը կարող է արդյունավետ լինել միայն նոթբուք/նեթբուքով ուսուցման «1+1» ուսումնական միջավայրում, երբ դասասենյակն ապահովված է անխափան ինտերնետային կապով: Սկզբում շատ դժվար էր: Նույնիսկ որոնեցի և համացանցում գտա նման կրթական միջավայրի մարտահրավերները լուսաբանող հոդված, թարգմանեցի այն հայերեն և շատ ուրախացա, որ դրանով հիմնավորվեց իմ առջև ծառացած դժվարությունները: Բայց այդ հոդվածում նահանջ ու հրաժարում կար, ինչը մեր կրթահամալիրում հակացուցված է: Շարունակելով որոնումները` գտա ուսումնական գործընթացի մի արդյունավետ մեթոդ, որը կարող էր զգալիորեն հաղթահարել այդ դժվարությունները: Դա «շրջված դասարանի-flipped class» մեթոդն էր: Շատ հնարավոր է, որ իմ այս հոդվածի ընթերցողները նորից չկարդան այդ թարգմանությունը, ու այդ պատճառով էլ վերահրապարակում եմ դրա վերաբերյալ իմ հետևությունը, որն ավելի ամբողջական է դարձնում իմ այժմյան ասելիքըը:

Ինչու՞ թարգմանեցի Սինֆիա Ջ.Բրեյմի «Շրջելով դասարանը» հոդվածը, որը հրապարակվել է Վանդերբիլթի (Թեննեսիի նահանգ ԱՄՆ) համալսարանի ուսուցման կենտրոնի մեդիա գրադարանի կայքում 2014թ.։

Գր​եթե մեկ ուսումնական տարի աշխատելով 1-1 նեթբուքով ուսուցմամբ դասարաններում վերջնակնապես եկա այն եզրակացության, որ պետք է բոլորովին հրաժարվել մեզ այնքան ծանոթ ու հարազատ դարձած և ժամանակի ընթացքում քննություն բռնած մեթոդներից: Օրինակ, հասկացա, որ անօգուտ և ծայրահեղ անարդյունավետ է որևէ նոր նյութ դասարանում բացատրելը, սովորեցնելը, ուսուցողական վարժանքներով ու ֆրոնտալ հարցերով ամրապնդելը և տնային աշխատանք հանձնարարելը: Դասավանդման այս ուսուցչակենտրոն ձևը պահանջում է սովորողների համակ ուշադրություն, ու հենց այդ պատճառով էլ բոլորովին չի արդարացնում իրեն: Ինչպես իշխան Համլետը կասեր, «ավելի ձգող մետաղ կա»` համացանցին միացված նոթբուքերն ու նեթբուքերը. ու այդ դժվար իրավիճակից ելքեր փնտրելու ճանապարհին առաջին անգամ փորձեցի նոր նյութը ներկայացնել իմ բլոգում` առցանց դասերով: Սովորողը նոր նյութի բացատրությունը կարդում է տանը`տրամադրելով դրան իր կարողություններին համապատասխան ժամանակ: Փաստորեն յուրաքանչյուր սովորող ծախսում է այնքան ժամանակ, որքան իրեն անհրաժեշտ է նյութը հասկանալու և յուրացնելու համար: Լեզվական նվազ իրազեկությամբ ու կարողություններով օժտված սովորողն ավելի շատ ժամանակ է ծախսում դրա վրա, քան ավելի մեծ կարողություններ ունեցող սովորողը, և ցանկալի արդյունքը լինում է այն, որ բոլորն են յուրացնում: Հաջորդ օրն արդեն սովորողներն աշխատում են լեզվական նոր կառուցվածքների ամրապնդման վրա յուրաքանչյուրն իր նոթբուքով`նյութի յուրացման իր արագությամբ: Մոտենում եմ սովորողներին, դիտում եմկատարվող աշխատանքը, հարցեր եմ տալիս: Ուսուցումը լրիվ դարձել է աշակերտակենտրոն ու անհատական: Մի քանի օր առաջ պարզեցի, որ դասավանդման այս ձևը անուն ունի` «Flipped-շրջված»: Շրջված է կոչվում, որովհետև այն, ինչը նախկինում արվում էր դասարանում, հիմա արվում է տանը, և այն, ինչը արվում էրտանը, հիմա արվում է դասարանում:

Այս ձևով սկսեցի հաղթահարել լեզվական գիտելիքների ուսուցման դժվարությունները: Նախագծային ուսուցման անցնելու հաջորդ քայլը թեմաների ընտրությունն է:

Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ընտրվեցին և իրականացվեցին հետևյալ թեմաները՝

Առաջին կիսամյակ

  1. Մարդկության պատմության ընթացքում եղած ամենակարևոր 10 հայտնագործությունները
  2. Մեր ձայնը ընդդեմ պատերազմի. Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին կամուրջի մոտ» պատմվածքը կարդալուց հետո
  3. Զանգվածային լրատվական միջոցներ
  4. Արդյո՞ք ծնողները լավագույն ուսուցիչներն են
  5. Ոճիր և պատիժ
  6. Հանդուրժողականություն

Երկրորդ կիսամյակ

  1. Երկխոսություն բժշկի հետ
  2. Կրթական համակարգերը ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում և Հայաստանում
  3. Հայաստանի քաղաքական համակարգը
  4. Ազգային և կրթահամալիրային տոները Հայաստանում
  5. Արդյո՞ք միջնակարգ 12-ամյա կրթությունը պետք է պարտադիր լինի:
  6. Շրջակա միջավայրը և նրա պահպանումը
  7. Ինչպե՞ս եմ հասկանում ՀՀ Սահմանադրության երկրորդ գլուխը մարդու հիմնարար իրավունքների մասին

Թեմաների այս ցանկից երևում է, որ մի փոքր շեղում է արվել 2014-2015 ուստարվա առարկայական ծրագրում նախանշվածից: Պատճառն այն է, որ լեզվի նախագծային ուսուցումը միշտ էլ կապվում է մեր կյանքում, մեր երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Օրինակ, «հանդուրժողականություն» թեմային անդրադարձանք Ֆրանսիայի հայտնի դեպքերից հետո, իսկ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին կամուրջի մոտ» պատմվածքը մեզ համար շատ արդիական դարձավ սահմանային գծում լարվածությունը մեծանալու պատճառով: Կրթության մասին նոր օրենքը պատճառ դարձավ, որ արագ իրականացնենք «Արդյո՞ք միջնակարգ 12-ամյա կրթությունը պետք է պարտադիր լինի» կարճաժամկետ նախագիծը:

Առաջնային գաղափար

Յուրաքանչյուր թեմայով կարճաժամկետ նախագիծ սկսելուց առաջ միասին վեր ենք հանում այդ թեմային առընչվող առաջնային գաղափարը: Կարևորում ու արժևորում եմ մեր անելիք աշխատանքը: Հարկ է որ սովորողը գիտակցի, թե որքան կարևոր է տվյալ թեմայով խոսելը, կարծիքներ հայտնելը, համապատասխան ու ճշգրիտ (ադեկվատ) գործելը: Օրինակ, «ՀՀ Սահմանադրության երկրորդ գլուխը մարդու հիմնարար իրավունքների մասին» նախագիծը սկսելուց առաջ մեծապես կարևորեցի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքների մասին իմանալը: Իրավունքները չիմանալու հակառակ փաստարկներով այնպես արեցի, որ սովորողների մոտ մեծ ցանկություն առաջացավ նորից և ուշադիր կարդալու մեր Սահմանադրության անգլերեն տարբերակը:

Դասավանդող–սովորող, սովորող–սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում

Առաջնային գաղափարը պարզելուց հետո ստեղծում ենք տվյալ թեմայի վերաբերյալ տարբեր իրավիճակային երկխոսություններ՝ սկզբում դասավանդող-սովորող, իսկ հետո՝ սովորող-սովորող կողմերով: Այդ երկխոսություններն ուղղորդող դեր են խաղում սովորողների հետագա նախագծային հետազոտական, որոնողական աշխատանքի ուղղվածության համար: Բանավոր երկխոսությունները, քննարկումները մեծացնում են թեմայի նկատմամբ հետաքրքրությունը: Երբ արդեն սովորողները բավականին հետաքրքրված են տվյալ թեմայով, առաջարկում եմ համացանցում որոնել և գտնել թեմային համապատասխան նյութեր, հոդվածներ: Այստեղ արդեն ցանկացած դասագիրք անմրցունակ է, եթե համեմատենք այն համացանցի հնարավորությունների հետ: Կարճ ժամանակում սովորողները գտնում են տվյալ թեմայի վերաբերյալ բազմաթիվ նյութեր, որոնցից ընտրում ենք ոչ շատ բարդ բառապաշարովներն ու համեմատաբար ամփոփ գրվածները: Նյութը կարդալուց հետո սկսվում է թեմատիկ բառապաշարի առանձնացումը և հայերեն համարժեքների գրառումը: Այս աշխատանքն անելուց հետո սկսվում է ինքնուրույն մտքերի շարադրումը, սեփական կարծիքի գրառումը:

Սովորողներն իրենք են եզրահանգում անում. կարևորը նրա կարծիքն է` արտահայտված անգլերեն։

Յուրաքանչյուր թեմա ամփոփվում է սեփական կարծիքի հրապարակմամբ, որը սովորողը պաշտպանում է բանավոր հարցումի ժամանակ: Լավագույն ձևով արտահայտված կարծիքները հրապարակվում են mskh.am-ի անգլերեն էջում:

Եզրակացություն

Ավագ դպրոցում անգլերենի ուսուցման նախագծային ձևն ու ուսուցման անհատականացումն օգնում են իմաստավորել ու ավելի հետաքրքիր դարձնել ուսումնական պարապմունքները, կրթահամալիրի առօրյային, իրադարձություններին մասնակցել` որպես ուսումնական աշխատանք: Սովորողը ձեռք է բերում օտարալեզու աղբյուրներից օգտվելու, բանավոր և գրավոր կերպով սեփական կարծիքը արտահայտելու կարողություն, մտահորիզոնի ընդլայնման անսահման հնարավորություն: Ուսուցումն ու ուսուցման արդյունքը անհատականացվում են: Յուրաքանչյուր սովորող աշխատում է ըստ իր ընդունակությունների և նյութի յուրացման իր արագությամբ՝ չխանգարելով մյուսներին: Միևնույն պարապմունքի ընթացքում մի սովորող բանավոր ներկայացնում և պաշտպանում է իր տեսակետը, երկրորդն այդ ժամանակ զբաղված է իր կարծիքը շարադրելով, իսկ երրորդը դեռ չի էլ վերջացրել նյութի, իմաստի որոնման աշխատանքները: Չորրորդը յուրաքանչյուր րոպեն մեկ մոտենում է ինձ ու հարց տալիս, որպեսզի վստահ լինի, որ ճիշտ ուղու վրա է, իսկ հինգերորդին ամեն պահ լռեցնել է պետք, որովհետև ամեն ինչի մասին ունի պատմականորեն հիմնավորված իր կարծիքը, որը մեծ մասամբ հայերեն է ասում ու բարձրաձայն: Ավանդական ուսուցչի աչքերով եթե կողքից դիտենք մեր այս պարապմունքը, կթվա, որ սա դաս չէ: Այո, սա սովորական դաս չէ: Սա ուսումնական նախագիծ իրականացնող սովորողների ուսումնական աշխատանք է:

Համար: 
Բաժին: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский